ինձ համար շատ կարեւոր հարց ա՝ ինչի՞ եմ ես էնպիսին, ինչպիսին կամ։
զի դա կապ ունի նրա հետ, թէ ո՞վ եմ ես։
բազմաթիւ գիտաֆանտաստիկ եւ փիլիսոփայական նիւթեր էդ հարցին անդրադառնում են՝ ինչ կարեւոր ա մեր յիշողութիւնը նրա մէջ թէ ով ենք մենք։ ու նաեւ, ինչ կարեւոր ա պատմութիւնը՝ մեր, մեր նախնիների ու մեր շրջապատի։
օրինակ, արդէն բաւական վաղուց, ես աստիճանաբար գիտակցել եմ, որ ես՝ սովէտական մեքենայի ստացած արդիւնք եմ։ ես դառնում էի այն, ինչ սովէտական մեքենան ուզում էր, որ ես դառնամ։ դա իմ ծնուելով էլ չի սկսուել։ դա սկսուել ա իմ ծնուելուց շուտ։ իմ ծնողները, լինելով հակակոմունիստ, դարձել էին, մասամբ էն, ինչին սովէտական մեքենան ուզում էր հասնել։ ամենապարզ օրինակն ա՝ նրանք շփուել են իրար հետ կայսրութեան լեզուով։ նրանք կարող են բացատրել դա այլ կերպ, բայց ես կարծում եմ, որ նրանց բերած պատճառաբանումների արմատում էլ ա սովէտական մեքենան։
եւ երբ գիտակցեցի՝ կարողացայ փոխուել։ ես իմացայ ինչ էին ուզում ես լինեմ։ եւ ինչի համար։ ու կարողանում եմ՝ յուսամ, լինել ոչ էն ինչ պէտք ա լինէի։
էսօր մէկն ասել էր՝ java֊ն կայ, որովհետեւ կայ։ որովհետեւ էսօր շատ են գրում դրանով, այդպէս էլ շարունակում են շատ գրել։
բայց նա չգիտէր, որ էդպէս չի եղել որովհետեւ java֊ն՝ հիասքանչ լեզու էր։ այդպէս ա, որովհետեւ սարսափելի հզօր եւ հարուստ կորպորացիաները ուժ են կիրառել, փող են տուել, ճնշել են, ուր պէտք ա, եւ առաջ են տարել իրենց օրակարգը։
յետոյ առաջանում են մարդիկ, ում համար դա առաջին լեզունն ա։ ով «մտածում» ա դրանով։ ով ինքնութիւնն ա կապում դրա հետ։
ասում ա՝ համալսարաններում են առաջին լեզու որպէս սովորել։ իսկ համալսարանները ինչի՞ են դա օգտագործել որպէս առաջին լեզու։ արդե՞օք խոշոր կապիտալի ազդեցութիւն չկար համալսարանների վրայ։ արդե՞օք համալսարանները հարուստ եւ անկախ են, կամ կարող են աշխատաշուկան անտեսել։
նաեւ, ես անձամբ գիտեմ շատ մարդ, ում առաջին լեզուն համալսարանում modula-2֊ն էր։ եւ ի՞նչ։ արդե՞օք modula-2֊ն ա java֊ի պէս տարածուած։ արդե՞օք էդ սովորած մարդիկ են որոշել, թէ որն ա օգտագործուելու։
թէ՞ իրենց փոխարէն են որոշել։
հետաքրքիր ա, որ համալսարանն այդ մարդը օգտագործել ա որպէս փաստարկ։ համալսարանն էն տեղն ա ուր գիտնականներ են, էն տեղն ա ուր հետազօտութիւններն են, ու էն տեղն ա, որ ձգտում ա գիտելիքը բացայայտել, ճշմարտութիւններին մօտենալ։
եւ իսկապէս։ համալսարաններում շատ հետաքրքիր լեզուներ են առաջացել, շատ հետաքրքիր եւ հեռանկարային օպերացիոն համակարգեր։ ո՞ւր են դրանք։ ինչի՞ լայն տարածում չեն գտել։ արդե՞օք ոչ էն պատճառով՝ ուր են ծնուել։ արդե՞օք ոչ էն պատճառով որ կորպորացիայի մէջ չեն ծնուել, եւ շահ չկայ դրան աջակցելու, էդ հետազօտութիւնը «մէջք» չունի։
java֊ին անդրադառնալով, պէտք ա տալ երախտիք դրա ստեղծողներին։ ի սզբանէ նոյնիսկ համալսարանները շատ սարսափելի բան չպիտի դրա մէջ տեսնէին։ այն լաւիկ, կոկիկ լեզու էր։
(ճիշտ ա, վիճելի ա, արդեօք նոյնիսկ էդ պարագայում պէտք ա լինէր առաջին լեզու։ արդե՞օք hello world գրելու համար օբյեկտներ օգտագործելը լաւ կրթական պրակտիկա ա)։
բայց էսօր այն լրիւ այլ լեզու ա։ ինչի՞։
որովհետեւ այն գոյութիւն ունի որոշակի տնտեսական միջավայրում։ դա գիտնականների կողմից զարգացուող լեզու չի։ կամ այլ կերպ ձեւակերպեմ՝ դա լեզու ա որ զարգանում ա կորպորատիւ շահից ելնելով եւ կորպորատիւ շահ բերելու ձեւով։
եթէ շատ կարճ՝ կապիտալին պէտք ա աճ։ այդ համար պէտք ա նաեւ լեզուն աճի եւ բարդանայ։ պէտք ա նոր վարկածում հաշուի առնել օգտագործողների ցանկութիւնները։ նոյնիսկ փոքր մասի։ եթէ նոյնիսկ մեծ մասը ցանկութիւն չի արտայայտել, եւ փոփոխութիւն չի պահանջել, ապա դէմ չի լինի փոքր մասի պահանջածը աւելացնելուն։
եւ այսպէս, աւելացնելով սրա֊նրա ուզածները, java֊ն այլեւս էն փոքր կոկիկ լեզուն չի։
վերադառնամ հիմնական մտքին՝ եթէ դու գրում ես պայմանական java֊ով, ապա դու առաջ ես տանում ինչ֊որ խոշոր ուժի օրակարգը։ եւ անվճար, զի արդէն էդպէս հեշտ ա՝ այլ կերպ՝ դժուար ա, ժամանակատար, եւ գուցէ ժամանակատար նաեւ նշանակում ա՝ թանկ։
ես պատրաստ եմ վճարել էդ գինը։ ինձ համար կարեւոր ա անձնական նախագիծ անելիս չնպաստել խոշոր ուժի շահերին։ չմասնակցել այդ արատաւոր շրջանի մէջ, երբ ես էլ եմ օգտագործելու մի բան, որովհետեւ էնպէս յաջողուեց անել, որ շատերն օգտագործեն, իսկ երբ շատերն օգտագործում են, դա աւելի ա դրդում աւելի շատ օգտագործել։
ինձ համար կարեւոր ա գիտակցել, որ կան լաւ նախագծուած տեխնոլոգիաներ։ չմոռանալ դա։ եւ անձնական նախագիծ անելով, անել, օրինակ չգնահատուած, բայց շատ սիրուն լեզուով։
եւ նպաստել նրան, թէկուզ իմ ամենափոքր, չնչին լումայով, որ այն լինի։ զի այն կայ, որովհետեւ կայ։ որովհետեւ դա կարդացող, եւ դրանով գրողներ կան։
այդ պատճառով նաեւ ես չեմ հասկանում, ինչպէս են մարդիկ ընդունելով ասում՝ «rss֊ը մեռաւ», կամ՝ «irc֊ն մեռաւ»։ ես եւ առաջինն եւ երկրորդն ամէն օր օգտագործում եմ։ էն որ google֊ն ու twitter֊ը ու facebook֊ը ամէն ինչ արին, որ լաւ նախագիծ՝ rss/atom/xml/xslt֊ն հանեն օրակարգից՝ չի նշանակում, որ դրանք օրակարգում չկան։ քանի կան մարդիկ, որ դրանք օգտագործում են՝ դրանք կան։
ինչ վերաբերում ա հայերէնին՝ այ դա իսկապէս էդպէս ա ստացուել։ sun֊ն ու oracle֊ը չեն որոշել որ մարդիկ խօսեն հայերէն։ եւ պուտինը չի որոշել դա։ եթէ ինչ֊որ բան որոշել են՝ դա այն ա, ինչպէս անել, որ էդ մարդիկ հայերէն չխօսեն, եւ ինչպէս անել, որ էդ մարդիկ աւելի կարեւորեն իրենց՝ գաղութացնողի, տուեալ դէպքում՝ ռուսաստանի շահը, քան հէնց իրենք իրենցը։
եւ ես էդպիսի դեբիլ լակոտ մեծացել էի։ ի՞նչ հայերէն։ ի՞նչ տառեր։ ամբողջովին ռուսական մշակոյթի մէջ էի։ հայերէն մի քիչ հասկանում էի, բայց արտայայտուել չէի կարողանում։
եւ ինձ նաեւ կարեւոր ա դասական ուղղագրութիւնը։ հա, մաշտոցը քաղաքական պատուէր էր կատարում։
բայց ի՞նչ պատուէր էր դա։ ես կասէի՝ ստիպուած։ նոյնիսկ եթէ արշակիդները հայերէն չէին խօսում՝ գիտակցում էին, որ մարդկանց չի լինի քարոզել այլ լեզուով։ պէտք էր քարոզել՝ իրենց լեզուով։ այսպէս մարդիկ, ժողովուրդը վճռորոշ յանգամանք էին։ բայց եւ, ըստ երեւոյթին արշակիդներն առնուազն երկու լեզու գիտէին, որոնցից մէկը հայերէնն էր։ վաղուց ասիմիլացուել էին հայերի մէջ ապրելով, եւ իրենց լեզուն էլ էր դարձել։
իսկ մաշտոցը լաւ գիտնական էր։ եւ լուրջ հետազօտութիւն ա արուել գրեր եւ ուղղագրութիւն ստեղծելիս, մարդիկ ջանացել են հնարաւորինս լաւ դիզայն ստանալ։
իսկ ես յարգում եւ գնահատում եմ էդպիսի գիտահետազօտական աշխատանքը։
ես գիտեմ, գիտեմ, որ միայն երկաթագիր էր, որ փոքրատառ չկար, որ լեզուն փոխուել ա։
բայց ես նաեւ տեսնում եմ ինչպէս ա, երբ էդ գիտահետազօտական աշխատանքը ամենասկզբից չի արուել՝ շատ եւրոպական լեզուներում։ երբ անմիտ սկսել են օգտագործել էն ինչ կայ, մի կերպ յարմարացնելով լեզուին։ երբ քաղաքական պատուէր չի եղել, եւ բաւական ռեսուրս չի դրուել հետազօտական աշխատանք անելու։
այդ պատճառով ա որ գերմաներէնում մի հնչիւնի համար չորս տառ ա գրւում։ որ ֆրանսերէն սովորելը շատ բարդ ա, զի գրածի եւ լսածի մէջ տարբերութիւնը անհամեմատ աւելի մեծ ա, քան շատ այլ լեզուներում։
ամէն փաստարկը հաշուի առած՝ էսօր պլիւս֊մինուս էն, ինչն անուանում ենք դասական ուղղագրութիւն՝ վատ տեսք չունի տարիքն առած, շատ աւելի լաւ ա իր գործառոյթը կատարում, քան շատ այլ լեզուների ուղղագրութիւնը։ զի սկզբնական գիտահետազօտական աշխատանքը կար եւ լուրջ էր։
եւ նոյնիսկ բոլշեւիկեանը, օկէյ, էշը ցեխից հանում ա։ բարդ ա հայերէն տառերով հայերէն ուղղագրութիւնը փոխել էնպէս, որ դառնայ, չեմ ուզում անուններ տալ, չնայած արդէն ինչ֊որ անուններ նշել եմ, էս կամ էն լեզուի ուղղագրութեան պէս ոչ հետեւողական։ հնարաւոր ա էդպէս լինէր՝ եթէ մեզ յաջողուէր պարտադրել կիւրեղատառ գրել, ինչպէս պարտադրեցին շատ ռուսաստանի փոքրամասնութիւններին։
եւ ապա, մի լեզւում պիտի ըստ ենթատեքստի իմանաս, այդ Г ֊ն ինչ հնչիւն ա։ իսկ որոշ լեզուներում՝ Г֊ն մի հնչիւն ա, ГГ֊ն՝ այլ, ГГГ֊ն՝ այլ, ГГГГ֊ն այլ, եւ վերջապէս՝ ГГГГГГ֊ն այլ։
էս տեքստի շրջանակներում չեմ ուզում մէջբերել կովկասեան ժողովուրդների գրականութիւնից դրուագներ, որ տեսնէք ինչ անընթերնելի տեսք ունեն։ բայց կարող էք ինդքներդ փնտրել։
հիմա էն մասին, արդեօք մեր էսօրուայ գրական հայերէնն էլ պարտադրանք չի։ եւ ես շատ սիրում եմ բարբառները, եւ երեւանեան բարբառը նոյնպէս։ շատ ճկուն, սիրուն խօսք ա։ եւ պէտք չի մեզ պարտադրել «է» բայը։ «է» բայը ոչնչով աւելի լաւը չի, քան «ա» բայը։ գրական լեզուին էլ վատ չեմ վերաբերւում, զի չեմ ընկալում որպէս պետական պարտադրանք։ այն կիրթ մարդկանց՝ որոշ տարածքի ու ժամանակաշրջանի համայնքի, աշխարհաբառը՝ գրի բերելու ջանքերի արդիւնք ա։ դա էլ ա հետազօտութեան արդիւնք։
այսպիսով, ուղերձս այն ա՝ մտածէք, ինչի՞ էք սիրում էն ինչ սիրում էք։ արդե՞օք էդ նրանից ա, որ էդպէս ստացուել ա, թէ արդե՞օք էդ նրանից ա, որ խոշոր ուժերին էր էդպէս պէտք։ եւ խորհէ՛ք, ո՞ւմ օրակարգն էք առաջ տանում էս կամ էն տեխնոլոգիան օգտագործելիս։
ու տէնց։
մինչ։
#լեզու #ինքնութիւն #գաղութացում #քաղաքականութիւն #ազատութիւն
բնօրինակ ծմակուտում(եւ մեկնաբանութիւննե՞ր)