այդ մասին շատ է խօսւում, գնահատւում է, որ մարդ ինքնավստահ է լինում։
իմ համար ինքնավստահութիւնն էլ աւելի բարդ էր ինչ֊որ արուեստին վերաբերող հարցերում։
իսկապէս, չէ՞ որ աւելի հեշտ է ռացիոնալիզացնել ուժեղ տիպաւորում գնահատելը, քան ասենք որ քեզ այսպիսի ֆոտո է դուր գալիս։
այդ ինքնավստահութիւնը՝ քո մտածողութեան, ճաշակի ու հակումների մէջ, աւելի հեշտ է ձեռք բերել, եթէ քո շուրջը նման մտածողութեան, ճաշակի մարդիկ շատ կան։
եթէ չկան, աւելի հեշտ է հարցնել ինքդ քեզ, արդե՞օք չես սխալւում քո նախընտրանքներում կամ եզրակացութիւններում։
այսպէս, շուրջս մարդիկ էին, ով c++֊ը կամ ջաւան համարում էին ամենալաւ տեքնոլոգիան։ ու ինձ մնում էր կպնել այդ ճամբարներից որեւէ մէկին։ կարծում եմ խելքս կը հերիքէր, աւելին, ինչ֊որ բան գրելու ուղին աւելի հեշտ կը լինէր։
այսպէս, ես տառապում էի եւ լուսանկարչութեան մէջ։ ինձ դուր եկող իմ նկարները բնաւ դուր չէին գալիս ուսուցչին, ում լուսանկարչութեան դասերին ես գնում էի։ ու նա իմ համար հեղինակութիւն էր, ու իրենից շատ կարեւոր բաներ ես սովորել եմ։ ինչո՞ւ պիտի իր ճաշակին չվստահէի։
ու այդպէս, տանջւում էի, անում էի նկարներ որ դուրս գալիս էին, ու չէի հրապարակում, ասում էի՝ անկապն են։ անում էի նկարներ, որ իրեն աւելի դուր կը գային, ու հրապարակում էի, չգիտակցելով որ դրանք իրականում աւելի կարգին ու անհետաքրքիր են։
այսպէս ես համարում եմ որ ֆոտո֊ի դասընթացների գնալը ինձ որպէս լուսանկարիչ աւելի հետ է գցել, քան օգուտ է տուել։
այսպէս ես կարող եմ հպարտանալ որ իմ ՏՏ֊ին վերաբերող կրթութիւնը ինձ շատ չի խանգարել իմ ուղին գտնելու։ կամ գուցէ դա այդ իսկ կրթութեան թերացումներից էր՝ օրինակ այն պատճառով, որ այն ժամանակ ծրագրաւորման վրայ շատ չէին կենտրոնանում, ու փոխարէնը մենք լիքը ասենք կիսահաղորդիչների տեսութիւն ենք անցել։
ու ես ինձ հարցնում էի՝ չէ՞ որ այս մարդը ասենք, վատ նկարներ է անում, ու արդե՞օք նա չպէտք է լսի աշխարհին, ով իր նկարները չի գնահատում։ ո՞նց կարող է նա այդքան ինքնավստահ լինել ու շարունակել անել այն ինչ անում է։
ընդհանուր առմամբ, այսօր ես կասեմ՝ հենց այդպէս։ պարզապէս երեւի չարժի մտածել որ արածդ վերջն է ու դու չգնահատուած յանճար ես։ պարզապէս ինչ կաս դա ես։
յիշեցի այս պահին մի զրոյց երիտասարդ նախաձեռնողների, ու մի ճարտարապետի միջեւ։ նախաձեռնողներն իրենք էին ինտերյեր դիզայն արել ու հարցրին՝ «ի՞նչն ենք սխալ արել», ու ճարտարապետը շփոթուեց հարցից՝ «ո՞նց թէ սխալ», քանի որ սխալի հարց չի, դուք էլ այսպէս էք արել։ «լաւ, ի՞նչ կը փոխէիր» — հարցրին։ «ոչ մի բան» — պատասխանեց, — «դա ձեր դիզայնն է, ու բացի նրանից որ ինձ դուր է գալիս, այն ձերն է, եթէ փոխելու ցանկութիւն ունենաք, փոխէք ինչպէս ձեզ հաւէս է, ու կարծում եմ ինձ էլի այստեղ դուր է գալու»։ «ես իհարկէ կարող եմ մի քանի միտք տալ, ու կը տամ, բայց դրանց լուրջ մի վերաբերուէք, միայն եթէ մտածէք որ հաւէս միտք է, պարզապէս մտքներով չի անցել մինչ այդ, ապա փորձէք օգտագործել»։
այսօր ես աւելի ինքնավստահ եմ քան երբեւէ իմ արածների եւ ընտրածների մէջ այն պատճառով, որ արդէն ընդունել եմ որ իմ արածն՝ իմ արածն է, ու իմն էլ դա է։ «լաւն» է, «վատն» է, «սխալ» է, «սխալ» չէ, ի՞նչ կարեւոր է։
գիտակցել եմ, որ այդ իմ շարունակուող տառապանքները մէկ է շատ բան չեն փոխում, ես փոխւում եմ ինքս, փոխւում են իմ նախընտրութիւնները, բայց ես ինքս եմ փոխւում ու զարգանում, ու ոչ այն ուղղութիւններով, ուր հեշտ է գնալը։
փաստօրէն այսպէս է ստացւում։ եթէ մէկ է «ճիշտ» ուղին չես ընդունելու, իւրացնելու, չես կարող, ապա ինչո՞ւ իզուր տառապէս։
ես ինձ եմ ընդունել։ ու նաեւ ընդունել եմ որ ես բնաւ կարեւոր չեմ ու իմ արածն էլ շատ կարեւոր չի։ ու ինձ ծիծաղելի է երբ մարդիկ կարեւորութիւն են տալիս իրենք իրենց արածին։
զբաղւում ենք էլի։
կարեւորը իզուր չտառապելն է։ ինչ ուզում ես դա էլ արա։ որ լեզուն դուր է գալիս դրանով էլ գրի։
բայց որն է այստեղ սխալը, դա մտածելն է թէ սա «կարգին» է, ու ապա պէտք է այսպէս անել։ ու այո, իմ չսիրած գոութու էլ է երբեմն էֆեկտիւ օգտագործել, այո։ բայց իմ նախընտրած լեզւում այն բացակայում է իհարկէ։
ի վերջոյ ես եկել եմ նրան, որ ես ինքնավստահ եմ այն առումով, որ ես գիտեմ ինձ ինչ է դուր գալիս, ու թքած թէ դա բռնում է թէ չի բռնում ուրիշի ճաշակին, քանի որ դա ամենաանիմաստ զբաղմունքն է՝ ինքդ քեզ անդադար քուեսշն անելը, եթէ մէկ է չես կարող փոխուել այն ուղղութեամբ որը հարազատ չի։
այնպէս որ ես գիտեմ ես ինչ եմ ուզում ստանալ, կամ ինչ միտք է անցնում։ ու իհարկէ, ես սովորում ու փոխւում եմ, քանի որ երբ ես գիրք եմ կարդում, կամ ուրիշների նկարներ եմ նայում, ես գտնում եմ ինչն է իմը, ինչը իմը չէ։
դա էլ կրթութիւնն է, երբ տարբեր բաներ գիտես, ու կարող ես ընտրել, քանի որ ամէն ինչի ինքդ չես կարող հասնել։
այդ պատճառով էլ ահաւոր դուրս չի գալիս երբ խօսում են տեքնոլոգիայի պրոպագանդայի մասին, մարդկանց պարզապէս պէտք է բոլոր այլընտրանքների հետ ծանօթացնել, ու թող իրենք ինչ ուզում են ընտրեն։ ու այո, այդպէս այսօր կրթութեան մէջ չի արւում, ծանօթանում են միայն ամենախորացողները։ բայց դա չի նշանակում որ պէտք է հակառակն անել՝ ծանօթացնել միայն քո սիրածի հետ ու չծանօթացնել այլ մօտեցումների հետ։
ու տենց։