2017-06-21-2614005

ես չեմ ուզում երիտասարդ ուղեղները լուանալ, բայց դրանք արդէն լուացած են, ու ես ոչինչ եմ այն եղած մշակութային շերտի համեմատ, ու հանգիստ կարող եմ ասել որ ես ունեմ տեսութիւն, որ այս «սէր»֊ը մեծագոյն ստերից է որ մեզ սովորեցրել են ու որ շատ վատ է անդրադառնում մարդկանց վրայ։

կան մարդիկ։ մարդիկ լինում են իրար մօտ, կամ իրարից հեռու՝ կախուած իրենց հետաքրքրութիւններից, արժէքներից, եւ այլն։

որոշ մարդիկ ընկերանում են, քանի որ իրենց հաւէս է միասին՝ հաւէս է խօսել, հաւէս է քննարկել, բամբասել, կողոպտել, կինո նայել, ով ոնց, ինչ ուզում է լինի։

որոշ մարդիկ էլ չեն ընկերանում։ ու ոչ մէկ ընդհանուր առմամբ ողբերգութիւն չի սարքում նրանից, որ ինչ֊որ մէկի հետ չընկերացաւ։ այդպիսի բան սովորաբար չկայ, որ ֆիքսուես մէկի վրայ ու ուզես իր ընկերը լինել։ եւ եթէ եւ լինում է, ոչ մէկ այդպիսի «մերժումը» առանձնապէս ծանր չի տանում։ դա անհամեմատ է ռոմանտիկ մերժմումը տանելու հետ։

այդ պատճառով է որ չեն վաճառում գրքեր այն մասին, ինչպէս վերապրել ընկերական մերժումը, կամ ինչպէս հետ բերել ընկերոջը, կամ ինչպէս մանիպուլացնել ընկերոջը, ու նախկինում էլ վհուկները սիրահարուելու հեղուկ էին վաճառում ու ոչ թէ ընկերանալու։

իսկ այդ սէրը, այն էլ «դժբախտ», «անփոխադարձ», ո՞րն է։ երբեմն մարդիկ շատ մօտ են լինում, իրենց շատ լաւ է իրար հետ, ու դա ես եւ կը սահմանեմ որպէս «սէր», բայց աւելի ճիշտ բառն է՝ «յարաբերութիւն», երեւի։ ու այն չի լինում «անփոխադարձ», քանի որ ո՞նց է կարող անփոխադարձ յարաբերութիւն լինել։ կարող է՝ երազած, գոյութիւն չունեցող էակի հետ։

ու այդպէս էլ անում ենք՝ սիրահարւում ենք յօրինուած մարդկանց, նեղանում ենք իրականներից, որ իրենք այդ յօրինուածը չեն, ու նոյնիսկ երբեմն յաջողացնում ենք բաժանուել այդ յօրինուածների հետ։

այ մարդիկ, թուլացէք, աշխարհում այնքան հետաքրքիր բաներ կան, որ այդ ձեր յարաբերութիւնների խաղը ամենաքիչ հետաքրքիրներից է։ ահա թէ ինչ եմ ես մտածում անկեղծօրէն։ ու ինձ ցաւում է բոլոր նրանց համար ով մերժման ցաւ են զգում, ու կարող էին իրենց համար հանգիստ ապրել, եթէ չմտածէին որ պիտի սիրահարուեն, ու իրենց պիտի ցաւայ, ինչպէս եթէ մարդուն ներշնչես որ մաշկը վառել են, այն սկսում է ցաւել։ մի ցաւէք, ձեզ ստել են։ ապրէք ձեզ համար, ընկերների համար, համայնքների ձեր հետաքրքրութիւններով։

հ․ գ․ ես իրականում չեմ պնդում որ սա մաքուր մշակութային երեւոյթ է, ու ըստ երեւոյթին ինչ֊որ էւոլիւցիոն, հարդուայրդ մեխանիզմներ կան մեզ մօտ, որ աջակցում են այս «սիրելուն»։ օրինակ կպչուն֊սեւեռուն լինելու յատկութիւնը ըստ երեւոյթին հարդուայրդ, գեներով փոխանցուող ու էւոլյուցիայով ամրամնդուած յատկութիւն է։ կան մկների հետ էքսպերիմենտներ, գենետիկ փոփոխութիւններով մեզ յաջողուել է պոլիգամ մկներին դարձնել մոնոգամ, եւ հակառակը։ որոշ կոդի մասը քոփի փեյթ են անում մոնոգամներից պոլիգամների մօտ, ու դրանք առաջին իսկ սեքսից յետոյ առանց իրար կեանք չեն պատկերացնում։ նոյնը խալյավշիկների կամ ալտրուիստների դէպքում՝ կան խալյավշիկ կամ ալտրուիստ բակտերիաներ ու որդեր։ բայց գիտէք ես հակուած եմ մտածել, որ մենք մուկ չենք ու որդ չենք։ ու ունենք մտածելու, վերլուծելու ու հետեւաբար ընտրութեան հնարաւորութիւն։

եւ լիքը բան մարդկանց էւոլյուցիայի մէջ լինում է այն պատճառով որ սոֆթուեր մակարդակում, մշակոյթի պատճառով մենք այսպէս կամ այնպէս ենք անում։ օրինակ՝ ծնողների կողմից կարգադրած ամուսնութիւնը, որ որոշ մշակոյթներում դեռ կայ, դա ազդում է չէ՞ էւոլիւցիայի վրայ։ լիքը մշակութային յատկութիւններ, արգելքներից մինչեւ ըմբոստութիւններ, ինքնագիտակցութիւն, խելք, զարգացում, ճաշակ, արուեստ՝ այդ ամէնն ազդում է պարտնյոր ընտրելու, հետեւաբար եւ մարդու էւոլյուցիայի վրայ։ բայց ես յոյս ունեմ, որ եթէ մշակոյթը այդքան չլուանար մարդկանց ուղեղը իր հեքիաթներով, լիքը մարդ տարիներով իրենց վատ չէին զգալու, ու փոխարէնը աւելի լաւ էին ապրելու, եւ տնտեսութեան եւ գիտութեան եւ պրոգրեսի եւ ընդհանուր բարեկեցութեան վրայ էլ դա լաւ կանդրադառնար։

#սէր #յարաբերութիւններ

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝ սէր  յարաբերութիւններ