պատմություն փոքր, բայց հպարտ ընտանիքի մասին

Երեւանում կենտրոնը հյուրասենյակ է, ճաշասենյակ։

Ինչպես հայտնի է, ամենը, ինչով պարծենում են, հյուրասենյակում են տեղավորում։

Օրինակ, ինչպես տեսել են Ամերիկյան կինոներում, ավելացրել են բար պատի մեջ։

Մեծ հեռուստացույց են տեղավորել։

Նրանով ցույց են տալիս, ինչ լավ է, ուրախ է մեզ մոտ ապրելը։

Ճիշտ է, սենյակը մեծ սենյակ չէ, բայց հեռուստացույցը հո պե՞տք է մեծը լինի։ Ու հետո՞ ինչ որ փոքր է, այնքան պարծենալու բան կա։ Այն հին սեղանը, հա, իր դերը կատարում էր, բայց ամոթ էլ է կահույք չփոխելը։

Էդ բրիտանացիներն են, որ հին կահույքը պահում են, մի հատ էլ պարծենում են դրանով, դրանց պես ինչի՞ լինես, եթե քեզ սիրող մարդ ես, հարեւաններ ունես, ով մեզ մասին խոսում են։

Նաեւ դինամիկներ հիմա կան պատերով կախած։ Որ իրականությունը եռաչափ թվա։

Քանի որ ինչ֊ինչ պատճառով թվում է, որ այն տափակ է։ Երկիրն էլ կլոր չէ։

Իսկ այլեւս անպետք գրապահարանը՝ հանել, դրանով ոչ մեկին մեր ժամանակներում չես զարմացնի։ Ավելին, անհարմար է մի տեսակ։

Մնում է միայն, երբ հյուրերը չկան, կահույքը ծածկել ցելոֆաններով, որ չփչանա։ Էդքան փող արժեր։

Ասենք էն որ դիվանը տեղավորել ենք այնպես, որ պառկելուց գլուխը հյուսիսում լինի, այ դա լրիվ ցելոֆանի տակ պահելու բան է։

Ննջարանները եթե հավաքած են լինում, ապա մահճակալների տակ միշտ փոշի է։

Հավես ենք ապրում, ընտանիքի հայրը ընդունում է հյուրերին, ցույց է տալիս փոքրիկ, բայց հպարտ ընտանիքը՝ կնոջը, ում շորի վրա տարբեր տեղեր լուսադիոդներ են արագ վառվում հանգում։ Երեխաներին՝ ով, ճիշտ է, այնքան էլ լավ չեն սովորում, բայց տեսեք ինչ առողջ են, պոնչո են։

Իսկ խոհարարներին ոչ մեկի սովորաբար ցույց չեն տալիս։ Իրենց ի՞նչը ցույց տաս։

Իրենք խոհանոցում ազատ ժամանակ նայում են այնտեղ բերված գրապահարանին։ Մեկը երբեմն գտնում է այնտեղ հին դետեկտիվ, կամ սիրային պատմություն ու կարդում, միաժամանակ ճաշին հետեւելով։

Տանը կից մի արհեստանոցում իր ժամանակը վատնող Համոն՝ փոքր եղբայրը, ամուսնացել է ռուսի հետ, գնացել է։ Վովայենց կամունալկայում փոքրիկ ննջարան են վարձում։ Մի բան չէ, բայց էլի տեղ է։ Մի քանի անհարմարություն կա, երբ խոհանոց է մտնում, երբեմն գոռում են իր վրա, կամ նեղ միջանցքով անցնելիս ուսով հրում են։ Մի անգամ էլ դռան մոտ թողած կոշիկները հագնելիս զգաց որ թաց են, ու ոնց որ մեզի հոտ է գալիս։ Բայց դրանք տանելի անհարմարություններ են։ Հիմա ո՞վ է լավ ապրում։

Իր հին սովետական գործիքների ու հաստոցների մի մասը հանել են բակ՝ ով ուզում է թող տանի, մեկ է ժանգոտել են, մյուս մասը կորել է, իսկ սենյակը պլանավորում էին հետո մի բան անել, գուցե նոր հաստոց առնել, որ նահապետի երեխան զբաղվի, բայց երեխան կարծես արհեստների հանդեպ հակում, սէր չունի, ու սենյակը այնպես էլ դատարկ է մնացել։

Երեխան սիրում է նայել, ինչպես է հայրիկը սեյֆից փող հանում ու հաշվում։ Ճիշտ է, շատ փող չունի, եթե, ասենք, հարեւանների հետ համեմատել, բայց ընտանիքի մնացած անդամների համեմատ հո շատ է։

Կարեւորն այն է, որ հաջորդ սերնդի ավելի բազմաչափ հեռուստացոյցին հերիքի, թե չէ ամոթ է, Միքոյենց ու Ալոյենց առաջ։ Որ հարեւանները չմտածեն, իրենցից խեղճ ենք։

Համ էլ մեզ մոտ լավ վայֆայ կա, քանի որ տունը փոքր է, մի հատ աքսես փոյնթով հարցերը լուծեցինք, ամեն տեղ բռնում է։ Նույնիսկ տան դիմացի փոքրիկ այգում։ Դիման որ եկավ, զարմացավ։ Այֆոնով կպավ, մտավ թվիթեր։ Ասեց պահ, իսկ մեր մոտ զուգարանում ու խոհանոցում չի բռնում, իսկ ձեզ մոտ այգի է հասնում, ոնց էլ հաջողացրել եք։

Բայց մեզ պարզ է, իր տունը մեծ է, զուգարան հասնելու համար ինչքա՜ն պիտի քայլես, իսկ մեր մոտ ամեն ինչ ձեռքի տակ է։ Ու քանի որ Դիման հավես չունի իր զուգարանը մաքրել, ննջարանը վարձով տվել է Համոյին։ Համոյենք մաքրություն են անում, շտուկատուրկա քսում ուր պետք է, բայց դրա տեղը ապրելու տեղ ունեն, էն օրն էլ դիվիդի են առել։

Փոքր եղբորից բացի ընտանիքում մեծ եղբայր կար, բայց նա ծերացել է, խելքից դուրս բաներ է անում, խոսում։

Վերջերս բոլորովին մարդամոտ չէ, կամ իր գրքերի ու թղթերի մեջ է խրված, կամ սենյակի մի անկյունում նստած է, ակնոցները դրած, թերթ է կարդում ու ծխում։

Նա մի պահ կրկին սկսեց շփվել մարդկանց հետ։ Տան փոքրիկ հոլլում հավաքվում խոսում էին, այնտեղ նստած հյուրերի հանգիստը հարամ էին անում։

Բայց հիմա էլ չի խոսում, ասում է, որ առողջությունը թույլ չի տալիս։

Հետո էլ սփիւռքից եկավ հին բարեկամ։ Բոլորին ժպտում, բարեւում էր։ Իրեն էլ էին ժպտում, բարեւում։

Լավ է բարեկամներ ունենալը։

Այդպես էլ ապրում ենք մեր փոքրիկ տանը, փոքր, բայց համերաշխ ու հպարտ ընտանիքով։

Սպասում ենք փոքրերը մեծանան, ամուսնանան։ Հարսանիք կանենք երեւի։ Այնպիսի, որ բոլորը տեսնեն, նախանձեն։ Բոլորը֊բոլորը։ Էհ լավ կլինի։

ու տենց

պիտակներ՝ համացանց  Հայաստան  մարդիկ  մտքեր  ու տենց  պատմութիւն  քաղաք  քաղաքակրթութիւն 
վայր՝ երեւան