Նրանք երեխաներ են, ծանոթանում են, չաթվում են, ֆորումվում են։ Քննարկում են այն բոլոր հարցերը, որ երեխաները սովորաբար քննարկում են։
Ու թվում է թե իրենցից բան չի երեւում, բոլորն էլ նենց լավ, հավես երեխաներ են։
Իսկ հետո, երբ մեծանում են, պարզ է լինում, որ մարդիկ չեն փոխվում։ Պարզ է լինում, որ հին ֆորումային տեքստերում արդեն երեւում էր, որ սա անկեղծ չէ, իսկ սա ֊ իրենն է։ Իսկ սա ֊ իրենը։
Պարզ է լինում, որ այդպես էլ պետք է լիներ ֊ նա կաշխատի այնտեղ, ուր պետք է ստել։ Նա կստի։ Առաջ նա ստում էր ինքն իրեն, կամ ֆորումի անդամներին, ու դեռ չգիտեր որ ստում է, իսկ հիմա նա ավելի լայն լսարան ունի։
Որովհետեւ միշտ կա ստող աշխատողի պահանջարկ, ինչպես միշտ էլ կան այն մարդիկ, ով ուզում են այդ կուտը ուտել սուտը սպառել։
Իսկ նա ֊ ոչ մի բանի հետ չէր համաձայնվում։ Միշտ ընդդիմանում էր, չգիտես ինչու։ Չէր էլ կարողանում վիճաբանել, գնում, նեղանում էր։ Հետո վերադառնում էր, ու բոլորը ուրախանում էին։
Իսկ նա ֊ գաղափարական է։ Նա կիսվում է մանիֆեստներով, ու տխրում է երբ դրանք չեն կարդում։ ԳՆՈՒ մանիֆեստ, կամ Մարքսի մանիֆեստ։
Նա փորձում է գրել մանիֆեստ, ասենք որ աղջիկները չհեռանան։
Իսկ նա ֊ ոչ ստող է, ոչ էլ գաղափարական։ Նա չի կարդում մանիֆեստը, ու նա ուտում է կուտը։
Պարզապես այն պատճառով որ առանց խորանալու սուտը ավելի հեշտ է ընկալվում քան մանիֆեստը։
Հիշո՞ւմ եք, նա ասում էր որ պացիֆիստ է, ու էն ինչ կռիվ սարքեց, երբ խմել էր։
Իսկ նա, որ հա գրքերից մեջբերումներ էր անում, ու բոլորը ձանձրանում էին։ Հիմա էլ ոչ մեկի հետ չի շփվում, մի հատ գեշ աղջիկ է իրեն գտել, որը նույնպես մեջբերումներ է անում, տենց իրար մեջբերում են։ Քանի որ սիրուն աղջիկները սովորաբար չեն մեջբերում, նրանք առանց այդ էլ վերջն են։
Իսկ նա միշտ հանդուրժում էր ֊ եւ ստողներին, եւ գաղափարական զանուդաներին։ Խաղացնում էր, խաղեր պեղում, համոզում ֊ եկեք միասին խաղանք։
Հիմա էլ նույնն է անում, փորձում է բոլորի հետ լավ լինել, այսինքն ոչ մի դիրքորոշում էլ չունի։
Իսկ նա շատ շատ շատ էր չաթվում, բայց երբեք չէր մնում երկար հանդիպումներին։ Քանի որ հայրիկը, կամ մայրիկը։
Նա չէր համարձակվում հայրիկի հետ քննարկել իր ազատությունը, մասամբ այն պատճառով հայրիկը քննարկող չէր, մասամբ այն ֊ որ չհամարձակվող էր։
Նա էլ է հիմա իշխող կուսակցության ընտրողներից մեկը։ Հանդուրժողի, կուտն ուտողի ու պացիֆիստի հետ միասին։ Բոլորի հետ չհամաձայնվողը ֊ ընտրում է Չաք Նորիսին, կամ չի ընտրում։
Կոմունիստների մանիֆեստով կիսվողը ֊ մտածում է, տեսնեմ ո՞վ է ձախ, արի ծիծաղի համար կոմունիստներին ձայն տամ։ Իսկ ԳՆՈՒ մանիֆեստով կիսվողը խոսում է փրայվասիից ու ոչ մեկին չի ասում, բայց իրան տեսել են հավաքներին։
Մեծ մասը չեն ջնջի միմյանց կոնտակտ լիստերից, մինչեւ չփոխեն կլիենտներն ու պրոտոկոլները։ Այսիքյու֊ից մեկը կգնա սքայփ, մյուսը, սկզբունքայինը ֊ ջաբեր։ Չխորացողը կընտրի այն ինչի մասին առանց խորանալու իմացավ։ Այսօր դա սքայփն է։
Գուցե կմնան ընկեր ֆորսքվերում, եթե մեկը ԿԳԲ֊ում չի, իսկ մյուսը ֊ լրագրող։
Կկարդան ով ուր է գնում, որ այնտեղ չգնան, օրինակ։ Կամ որ համոզվեն, որ մեկ է այնտեղ չէին գնա։
Դասակարգային պատկանելիությունը շատ վաղ տարիքում արդեն արտահայտվում է, ու ընտրությունը շատ շուտ է կատարվում ու ոչ գիտակցաբար։
Դրանից վեր քչերին է հաջողվում լինել։
Հետո նրանք կունենան երեխաներ, երեխաները կգտնեն շփվելու միջոցներ։ Կընկերանան։ Կմեծանան։
գոութու ասք չփոխվելու մասին
ինչ֊որ սենց
ահա
Հ․ Գ․ ես այստեղ չկամ, ԳՆՈՒ մանիֆեստը ես չեմ տարածել, ես այն կարդացի քանի որ տարածել էին։ Ու դու էլ չկաս, քանի որ կերպարները ամբողջական չեն, մի փնտրեք ձեզ, միայն ոտքերը, քթերը, աչքերի դիրքը, վզի երկարությունը եւ այլ շաբլոնները մարմնի մասերը կարող է համընկնեն։