2025-05-26-28373577

էսպերանտօյով պարբերականների ցանկն էի նայում, տեսնեմ՝ հայաստանում էլ թերթ կար՝ Armena Esperantisto, ոմն գ․ սեւակն ա զբաղուել։

փնտրեցի, գտայ էս յօդուածը՝ հայաստանում էսպերանտօյի շարժման մասին։

ինձ հետաքրքիր ա, ես զգում եմ որ մենք, մեր հանրութիւնը, նոյնիսկ նրանք որ «մերժում են» արեւմուտքը, շատ ենք ուզում լինել, զգալ մեզ աշխարհի մաս։ ու էսպերանտօն էլ ա էդ ձեւը (եղել), աշխարհի մաս զգալու։

վերջում հեղինակը ամփոփում ա՝

>Even with the efforts of international organizations, it is impossible to forcefully impose an artificial language on people as a means of communication, no matter how easy it is to learn. >Curses and blessings… Without an emotional component, no language can be viable. Witness, Esperanto.

>Նոյնիսկ միջազգային կազմակերպութիւնների ջանքերի պարագայում հնարաւոր չի ստիպողաբար պարտադրել արհեստական լեզուն որպէս հաղորդակցութեան միջոց, անկախ նրանից ինչ հեշտ ա այն սովորել։ >Անէծքներ եւ օրհնութիւններ… Առանց յուզական բաղադրիչի ոչ մի լեզու չի կարող կենսունակ լինել։ Վկա՝ էսպերանտօ։

հիմա սա կարդալով ես զգացի որ խնդրայարյոց նախադասութիւններ են, բայց ընդունեցի դա, ոնց որ էդպէս էլ պիտի լինէր։ այլ կարծիք չէի էլ սպասում։ յետոյ այդ ընդունելուս մասին կը գրեմ։

բայց հիմա ասեմ ինչի ա սխալ։

մարդիկ ունեն կողմնակալ մօտեցում արհեստական լեզուների հանդէպ։ ու իրենց լաւն են զգում կարծիք արտայայտելով, արժէզրկելով դրանք։

ո՞վ ա երբեւէ ստիպողաբար պարտադրել էսպերանտօն։

իսկ ինչի՞, էն լեզուները որ մենք գիտենք, ստիպողաբար պարտադրուա՞ծ չեն։ ամէն կայսրութիւն իր լեզուն էր պարտադրում գաղութներին։ էսօր էլ ամէն գերտէրութիւն այս կամ այն ձեւով նպաստում ա իր լեզուի տարածմանը։ եւ այդ գերտէրութեան մէջ՝ ուժային կենտրոնի լեզուն ա դոմինանտ լինում, իսկ մնացած լեզուները կամ բարբառները՝ ստորադաս։

նոյնիսկ «մայրենի» լեզուն իրականում մայրենի չի թէկուզ հայերէնի պարագայում։ նախանցեալ դարի թիֆլիսի գրականութեան լեզուն չի որով մեր մայրերը խօսում են։

այսպիսով՝ մենք տեսնում ենք որ լեզու սովորել պարտադրելը լաւ էլ հնարաւոր ա։ եւ դա չի եղել էսպերանտօյի դէպքում զի ոչ մի պետութիւն այդ լեզուն պարտադրելով չի զբաղուել։

արհեստական բաղադրիչի մասին մի քիչ խօսեցի՝ հայերէնի գրականն էլ ա էսօր խօսողի համար որոշ չափով արհեստական։

եւ վերջապէս յուզական բաղադրիչի մասին։ մենք ունենում ենք յուզական կապ նոյնիսկ ծրագրակազմի հանդէպ։ ինչո՞ւ հնարաւոր չի ունենալ յուզական կապ արհեսետական լեզուի հետ։ շատ մարդ ունի յուզական կապ էսպերանտօյի կամ տոկի֊պոնայի հանդէպ։

իսկ հիմա իմ մասին։

ես նկատում եմ որ յաճախ, ենթադրելով որ այլ կերպ հնարաւոր էլ չի, բաց եմ թողնում նման նախադասութիւնները, չեմ էլ մտածում գիտակցուած, մտքումս քննադատել։

ու նոյն ձեւ ես նախկինում չէի ասում մարդկանց xmpp֊ի մասին։

ես մարդկանց բերում էի gmail որպէսզի իրենք ունենան xmpp եւ շփուեն ինձ հետ՝ իմ ոչ google հաշուի հետ։

ես չէի բացատրում իրենց ապակենտրոնացումը կամ xmpp֊ն որն ա։

յետոյ ես մտածում էի որ իմաստ չունի ասելը՝ իրենց կոմֆորտի զոնայից հանելը։ ես զգում էի որ չեն ընկալի։

ճիշտ իբր whatsapp֊ը կամ gtalk֊ը բնութեան մէջ հանդիպող են, իսկ xmpp֊ն՝ արհեստական։

հիմա էդպէս չեմ անում ու կը փորձեմ ամենուր նկատել երբ եմ ընդունում ու չեմ սպասում ինչ֊որ մարդկանցից այլ կարծիք, ու նշել իմ մէջ՝ ինչի ա այն սխալ։ գուցէ գրառում անելն այդ մասին կօգնի ինձ։

եւ այդպէս։

յ․ գ․ էսպիսի կայք կայ՝ հայաստանի էսպերանտօյի միութեան։

#էսպերանտօ

բնօրինակ ծմակուտում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝ էսպերանտօ