2024-02-03-21893718

ես բաւական երկար եղել եմ «կուոտաներին» ու «ռեւերս դիսկրիմինացիային» չսատարող մարդ։

ես գրում էի որ եթէ մէկին տալիս ես արտօնութիւն՝ ապա միւսին խտրականացնում ես։ ու գրում էի՝ քանի՞ խումբ պիտի լինի էդպիսի՝ զի երբ սկսում ես էս կամ էն խմբին արտօնութիւններ տալ,ապա դա կարող ա անվերջ շարունակուել՝ ճաղատներ, ակնոցաւորներ, ձախլիկներ, եւ այլն։

ու ես էլի պատասխանը չունեմ՝ քանի՞ խումբ։

բայց ես էսօր չեմ տեսնում այլ լուծում, քան կուոտաներն ու ռեւերս խտրականացումն ա։

ու ո՞նց եմ եկել էդ մտքին՝ մեր հանրութեան պատճառով։

շատ բարդ ա զգալ, ընկալել, ոչ թէ պարզապէս իմանալ՝ ինչպէս սեւերն ամն֊ում չեն կարողանում դուրս պրծնել աղքատութեան եւ չկրթուածութեան եւ յանցաւորութեան օղակից։ ու հեռուից շատ հեշտ ա իրանց մեղադրելը։ ես ի դէպ, իրանց չեմ մեղադրել։ պարզապէս չէի ընկալում էս կամ էն խմբին արտօնութիւնները։

բայց հասկացայ որ երբ մտածում եմ մեզ մասին՝ սկսում եմ ընկալել։

ու գիտակցեցի դա մի անգամ, երբ զրուցում էի բաւական յաջողակ, կիրթ տղայի հետ։

նա ասաց որ զարմանում ա որ ես հոգում եմ, կամ հետաքրքրուած եմ հայաստանի հանրութեան վիճակով։ նա ասաց որ բնաւ չի նոյնականացնում իրան «էդ մարդկանց հետ», ու ոչ մի կապ չի տեսնում իր ու նրանց միջեւ։ ասաց որ զարմանում ա՝ ի՞նչ կապ եմ ես տեսնում։ ու ինչի՞ եմ ես «արդարացնում» կամ չեմ թողնում մեղադրել «հայերին» իրենց դժբախտութիւնների մէջ։

իսկ ես նրան ասում էի որ էն ինչին նա հասել ա՝ արտօնութիւնների հետեւանքով ա, ու նա համաձայնում էր։ ու որ մնացածն էդ արտօնութիւնները չունեն, ու էդպէս ա ստացուել պատմականօրէն, որ մեր հանրութեան մեծ մասը չի ունեցել արտօնութիւն, լինելով ճնշուած, նուաստացուած եւ աղքատ գիւղացիների հետնորդներ, (բնաւ ոչ հպարտ ֆերմերներ), լինելով ցեղասպանութիւնից մահապուրծ եղած որբեր, ձեւաւորուելով հանրութիւնում ուր կիրթ ու մտածող մարդկանց զգալի մասը ռեպրեսուած էր եւ ուղարկուած էր հեռաւոր վայրեր մեռնելու։ ո՞րտեղից, ի՞նչ պատճառով ա որ պէտք ա մենք պատրաստ լինէինք մեր արջեւ եղած խնդիրները լուծելու։

ու ես ասում էի որ թումօյի պէս կրթական հաստատութիւնները տալիս են արտօնութիւն, ու որ պէտք ա մեր հանրութեան մէջ շատ շատ արտօնութիւններ տրուեն՝ շատ կրթաթոշակներ եւ հանրակացարաններ, դրսից լաւ դասախօսներ, եւ այլն։

էս հանրութեանը պէտք ա իր հետ մնացած լինելը կոմպենսացնել, զի բոլորս ապրում ենք նոյն ժամանակում։

չեմ սիրում մեքենաներ, եւ մեքենաների համար քաղաքներ, բայց շատ ուրախանում եմ որ էսօր շատ կին վարորդներ կան։ էլի քիչ են, շատ աւելի շատ կուզէի տեսնել։ու շատ եմ ուրախանում երբ տեսնում եմ ուսումնական մեքենայ, ու կին ա սովորում։ արդէն էսպիսի վիճակ չի, ինչպէս մի տաս տարի առաջ, երբ ես վրաստանում տեսնում էի կին վարորդներ, ու հիանում իրենց հանրութեամբ, զի էստեղ չեմ էլ յիշում՝ չեմ տեսել, թէ էնքան հազուադէպ էր որ ոնց որ եղած չլինէր։

բայց նաեւ մեզ բոլորիս ակնյայտ ա չէ՞ ինչի էր էդպէս՝ որովհետեւ հայրերը որդիներին սովորեցնում էին քշել, իսկ դուստրերին՝ չէ։ որովհետեւ ամուսինները անկեղծ հաւատում էին ու շարունակում են հաւատալ որ կինը թերի ա ու կնոջը չի կարելի վստահել երեխաներին մեքենայով տանել բերելը։ (չգիտեն ամն֊ի soccer mom հասկացութեան մասին)։ որովհետեւ էն տոքսիկ վիճակը որ էս վարորդական իրաւունք ունեցող մարդիկ ստեղծել են փողոցներում՝ էնքան ճնշող ա, որ որոշ մարդիկ հոգատարութիւնից ելնելով չեն ուզում իրենց դուստրը մեքենայ քշի՝ էս մարդկանց մէջ։

նոյնիսկ էսօր կին տաքսիստները, որ մի քանիսն են, պատմում են որ երբ իմանում են կին ա վարորդը՝ չեղարկում են պատուէրը, դա հազուադէպ չի, դա շաբլոն ա որն իրենց չի զարմացնում ու ամէն օր ա։

էստեղ պէտք ա նշել որ ռեւերս խտրականացումը լինում ա սուղ ռեսուրսի պատճառով։ գուցէ դա դա խորհրդարանում մի ձայն ա՝ սահմանափակ են չէ՞ ձայների քանակները, իսկ գուցէ դա ընտանիք ա, որ ունի կրթութեան համար նախատեսուած սուղ միջոցներ։ կամ պետութիւն ա, որ պետ․ պատուէր ունի անվճար տեղերի համար։

երբ պետութիւն ա՝ հեշտ ա խօսելը, ու բարդ ա պատկերացնելը, ընկալելը։

իսկ եթէ պատկերացնել որ դիցուք դու հայր եմ, ունես որդի եւ դուստր, ունես սուղ միջոցներ՝ աւտոդպրոց կամ որդուն կարող ես ուղարկել, կամ դստերդ՝ շատ բարդ ընտրութիւն ա։ ու ամենացաւալին էս պատմութեան մէջ էն ա որ որդին մեղաւոր չի, որ տղայ ա, ու իր հանդէպ դա անարդար ա։ ու դէ աւտոդպրոցը լաւ, առանց դրա մի ձեւ կը լինի ապրել, բայց եթէ դա համալսարա՞ն ա։ իսկ պետութիւնը մեծ ընտանիքի պէս ա, ունի սուղ ռեսուրսներ։ կամ եթէ կրթութեան վրայ սկսի շատ ծախսել, ապա մի այլ բանի վրայ ա քիչ ծախսելու՝ գուցէ բժշկութեա՞ն։

շատ բարդ ընտրութիւններ են, բայց ընդհանուր առմամբ, ես էսօր հակուած եմ ընդունել հակադարձ խտրականացումը, որպէս ժամանակաւոր, իհարկէ, լուծում։ ոչ ամենուր, ոչ միշտ։ բայց օրինակ մեր հանրութեանը պէտք են կրթական գրանտեր՝ ու շատ։ ու արդիւնաւէտ կրթութիւն, իհարկէ։ ոչ էն ինչ կայ։

բայց այդ ամէնը երազանքներ են։

իսկ աժ֊ում հհկ֊ի պատգամաւորը կին ա թէ չէ՝ շատ բան կախուած չի։ կասէք՝ քփ֊ի պատգամաւորը կին ա թէ չէ՝ նոյնը, բայց ես չեմ համաձայնի։ քպ֊ի մարդիկ ակտիւիստներ են, հհկ֊ի մարդիկ՝ գողականներ, բիզնէսմեններ (յաճախ երկուսը միասին) կամ հնազանդ մարդիկ։ քպ֊ի մարդկանց պէտք չի, մեծ մասամբ, լինել քպ֊ում։ բիզնէս շահ չունեն՝ եթէ ծանօթ լինէք շատերի հետ՝ գրեթէ էրեխէք են, ու շատ լաւ, երազող էրեխէք։ որ ոչ թէ բիզնէս շահ ունեն, այլ ուզում են լաւ փոփոխութիւն անել, մտահոգուած են հանրայինով ու ոչ էդքան իրենք իրենցով։ ու նաեւ յուսահատ չեն՝ ջարմա ա քաղաքականութեան մէջ լինելը, առանց դրա աւելի լաւ կը լինէին։ ընկերներիցս մէկը պատգամաւոր ա եղել, ու պատմում էր որ էդ աշխատավարձով էդքան ժամանակ չի կարողանում իրան թոյլ տալ վատնել, ու ընտանիքի անդամներին խնամել, եւ թողեց գնաց, զուտ որովհետեւ չէր ձգում։

բայց շատ շեղուեցի արդէն։ ի նկատի ունեմ որ հհկ֊ի կնոջն ինչ կասեն՝ տէնց կանի։ ինչպէս եւ տղամարդուն։ բայց քպ֊ի կինը, ինչպէս եւ տղամարդը, համ ազդեցութիւն ունի քպ֊ում ձեւաւորուող օրակարգին, համ հանգիստ կը թողնի դուրս կը գայ, եթէ շատ ֆրուստրացուած լինի։ ասածս այն ա որ քպ֊ն ըստ դիզայնի աւելի ժողովրդավար եւ ներառական ա։ զուտ որովհետեւ էնպիսի մարդիկ են մասնակցում, որ կը թողնեն կը գնան։ իսկ առանց էդ մարդկանց ի՞նչ են անելու։ էնպէս որ նաեւ էկայ էն ուղերձիս, որ ինչքան էլ ձեզ չի թւում որ քպ֊ն խիստ հիերարխիկ ուղղահայեաց ա՝ էդպէս չի։ կամ էն չափով չի որ ասում էք։

ու տէնց։

բնօրինակ ծմակուտում(եւ մեկնաբանութիւննե՞ր)