2023-02-04-17075655

բարձրայարկերը ամն֊ում ու եւրոպայում՝ սոցիալական բնակավայրեր էին՝ աղքատ մարդկանց համար։

սովէտում էլ՝ երկիրն աղքատ էր, եւ մարդիկ էին աղքատ՝ համարեա գրեթէ բոլորը։ ստալինեան ժամանակ խնդիր չէր դրւում մարդկանց բնակարաններով ապահովելու՝ ի՞նչ դրանց վրայ ծախս անես՝ իրենցից հասնում ա աշխատելը՝ ու ապրում էին բարակներում։ բնակարաններ ստանում էր հաւատարիմ էլիտան։

խրուսչեօվից սկսաց խնդիրը՝ մարդկանց բնակարաններով ապահովելու դրուեց, ու սկսուեց խրուսչեօվկաների դարաշրջանը՝ ահաւոր էժան, ցածր առաստաղներով ու փոքր սենեակներով ու պատուհաններով շէնքերի։ եւ առանց վերելակների՝ զի թանկ էր։

բրեժնեւեան ժամանակը նշանաւորուեց միանման բարձրայարկերի զանգուածներով եւ վերելակներով։ սա կրկին էժան, գուցէ՝ աշխարհում ամենաէժան կառուցուող շէնքերն էին։

բայց այլընտրանք չկար։ եթէ ամն֊ում աղքատներին տանում էին ետնախորշերից՝ բարձրայարկեր, իսկ յետոյ պարզուեց որ ակնյայտ չի որն էր աւելի լաւ՝ ետնախորշը, թէ գետտոյացած բարձրայարկը, կամ գոնէ՝ արդեօք օգուտ եղաւ էդ ծախսից, ապա այսօր երեւանում մարդիկ ինքնակամ են ձեռք բերում բարձրայարկերում բնակարաններ՝ զի իրենք աղքատ են։ հա, իրենց գուցէ բարեկամներն աղքատ չեն համարում՝ բայց իրենք աղքատ են։

աղքատ, եւ, իհարկէ՝ ոչ զարգացած՝ լաւը չտեսած իմաստով։ երբ երազում ես բարձրայարկի մասին՝ երեւի լաւը չես տեսել։ կամ երբ լաւը՝ այո՝ եւրոպական քաղաքը, տեսած են՝ ապա չեն իմանում ինչի իրենց ուզած բարձրայարկում ապրելիս, դրանից դուրս գալ չեն ուզում։ սա արդէն նման ա էն պատմութեանը, երբ ապահով ընտանիք երեւանում տունը չի առնում, զի լուացք կախելու ռոլիկ չկայ՝ չգիտեն որ արդէն լուացքի մեքենաներն իրենք են չորացնում։ կամ նաեւ չեն զգացել որ հաւէս չի բակում մեքենաների արտանետուած գազերի հոտերով շորեր հագնելը՝ որ էդպէս կարող ա չլինել։

կայ եւ այլ տեսակէտ՝ էդուարդ գլասիերն իր «triumph of the city»֊ում նշում ա, որ շատ կարեւոր ա, որ քաղաքները լինեն հասանելի, մատչելի, ու էդքան էլ դէմ չի բարձրայարկներին, կամ էժան շէնքերին՝ որ մարդկանց չմղի քաղաքից դուրս, որ բոլորը կարողանան խիտ ապրել։ բայց գլասիերը նկատի չունէր սովէտական միանման զանգուածները, կամ մեր հետխորհրդային շինարարութիւնը, ուր նախագծողն էլ չպիտի զարգացած լինի՝ զի պահանջողը, գնողը գոհ ա եւ երջանիկ։

իսկ գնողը յետոյ չի ուզում տանից դուրս գալ, զի դուրս գաս ի՞նչ անես, եւ ո՞ւր գնաս։ դուրս ա գալիս մեքենայով լոկ՝ ընկնում ա խցանման մէջ, զի բոլորն են դուրս գալիս մեքենաներով, եւ յետոյ չի կարողանում կայանել։

ու ես այսօր մտածում եմ համացանցային քաղաքների մասին՝ դա ա մաքուր օդը մեզ՝ մարդկանց համար, որ չեն կարողանում ապրել քայլելի միջավայրում, եւ ուզել դուրս գալ տանից։ եւ ապա ես՝ որ քաղաք եմ սիրում, եւ գիւղի կեանքի մասին պատրանքներ չունեմ, նոյնիսկ երեւի կը նախընտրէի գիւղը՝ այդ բարձրայարկին։ եթէ մէկ ա մեքենայ ես նստում, ու մէկ ա տանից չես ուզում դուրս գալ, գոնէ տանից՝ շէնքից դուրս գաս քո ծառերի մէջ։ իսկ կապերդ, մշակութային կեանքդ, ամէնը՝ մէկ ա համացանցում ա։

բայց էդպէս էլ բոլորը չեն կարող ապրել՝ կարող են, բայց տանից դուրս գալն աւելի անտանելի ա եւ աւելի տարածուած՝ ամն քաղաքների անլուծելի «sprawl»֊ը։ բարձրայարկերի «sprawl»֊ի՝ մասիւների պէս, ու ցածրայարկների «sprawl»֊ի մէջ երեւի պէտք ա ընտրել բարձրայարկերինը՝ եթէ աւելի քիչ տեղ են զբաղեցնում, ու շէնքերի միջեւ տարածութիւնները մեծ չեն՝ որ ամայի տարածքներ շատ չլինեն ու տարածքների սպասարկումը շատ թանկ չնստի։

իրականում ամէնը ամէնը պէտք ա քանդել, պայթեցնել, ու սարքել երեւանի կենտրոնի պէս՝ երեքից հինգ յարկանի թաղամասեր՝ նեղ փողոցներով։ եւ ցանկալի ա ոչ շատ ռեգուլար՝ որ անվերջութիւն չնայես։ եւ լանջերով՝ սան֊ֆրանցիսկօյի պէս։

#քաղաք #շէնք #նախագծում

բնօրինակ ծմակուտում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝ քաղաք  շէնք  նախագծում