2021-06-14-3863676

գործի տեղում ուզում եմ ամենադախ, ամենաանհետաքրքիր մարդը երեւալ։ ոչ մի կրեատիւ, ոչ մի ձեւ ինքնաարտայայտուել չեմ ուզում։ այնտեղ դա պէտք չի։ ու ինձ էլ ա ափսոս, եթէ պէտք լինէր։ ես ջանքս, փաստօրէն, շատ եմ գնահատում։

իրենք գիտեն որ մարդկանց մեծ մասը վինտիկի գործ ա անում, ու նրանց համար, որ կրեատիւի պակաս են զգում, հնարաւորութիւն են տալիս ինքնարտայայտման՝ խաղեր կազմակերպում, կամ ստեղծագործական մրցոյթներ։

ես երբեք չեմ մասնակցել, ու բնական ա, ես չեմ կարող նկարներս ցոյց տալ իրենց նկարների կողքին, կամ չեմ մտածում դա տեղին ա։ ոչ ես եմ հասկացուած լինելու, իսկ եթէ իմանայի, որ նկարներս գնահատուած կը լինեն, ու մարդիկ հիանալու են՝ առաւել եւս չէի անի, զի այնտեղ չէ, որ պէտք ա ցուցադրուեն, որ հիանան։ ու եթէ ցուցադրուեն՝ իրենք չէ որ կը գան։ ու առհասարակ, հանրային հիացմունքն ամենավերջին բանն ա, ինչ ինձ պէտք ա։ (ապշել էի երբ նոր նոր ձեռ խցիկ վերցրած մի աղջիկ, դեռ մի ժապաւէն էր նկարել, մի՛, միրզին կպել էր, թէ ցուցահանդէս արա ինձ)։

խաղերին էլ չեմ մասնակցել, բայց հետաքրքիր էր «շտո֊գձէ֊կոգդա» խաղը դիտել, երբեմն։

երկու բացառութիւն ա եղել։ ինքնանկարների մրցոյթում մի անգամ մասնակցել եմ՝ բաւական վհատուած վիճակում էի, ու այդ մէյլին իսկապէս արձագանքեցի։ լափթոփի խցիկով ինձ նկարեցի, ու այդ նկարում ցոյց եմ տալիս qr code որ տանում ա սիկտիրի էջին։

միւս անգամ մասնակցել եմ «ինչ֊որտեղ֊երբ»֊ի, բայց ազնիւ խօսք չեմ ուզել։ երկու անգամ ինձ ներքին հեռախօսով զանգել ա ամենավեհ թիմի կապիտանը, ես հրաժարուել եմ, յետոյ նա եկաւ մեզ մօտ, մեր սենեակ, եկաւ այլ մասնաշէնքից, ու տէնց հանրային խօսեց հետս։ ու ես չկարողացայ ասել չէ, ամաչեցի՝ մեծ մարդ ա, եկել ա, իսկ դու քեզ «թանկացնում» ես։ ու չգիտեմ ինչու յոյս ունէին իմ մէջ, ու այդ անգամն էր որ թիմը որ միշտ յաղթում էր, վերցրեց երկրորդ, ոչ թէ առաջին տեղը։ :/

բայց ընդհանուր առմամբ՝ ամենադախ մարդն եմ ուզում լինել։ գիտէք, նոյն դրդապատճառներով մի երկու շաբաթ եղել եմ օդնոկլասնիկի֊ում։ ամաչել էի։ երբ վերադարձել էի հայաստան 2008֊ին, մի քանի մարդ ինձ ասել են՝ բայց ինչի՞ չկաս օդնոկլասնիկիում։ ու ես մտածեցի՝ ումի՞ց ես լաւ տղայ՝ գնա գրանցուիր ու ընտրի դեբիլ նկար դիր։ որ չմտածեն իբր վեհ ես դրա համար չես էնտեղ։ արդիւնքում՝ մտածեցին, զի չդիմացայ այդ «պլիւս հինգ» մշակոյթին, ուր մարդիկ պատրաստակամ փող էին ծախսում այդ «պլիւս հինգը» խփելու։

մի քանի բան ա որ չեմ կարողանում անել գործի տեղում, որ ցոյց տամ որ իսկապէս շատ դախ եմ։ մէկը՝ չեմ կարողանում առանց իմ հաւաքած լինուքս համակարգի։ ու դա փոլիսիին դէմ ա, իսկ ես կողմ եմ փոլիսին պահել՝ իրենց համակարգիչն ա, իրենց փոլիսին։ ուզում են ուինդոուս լինի մեքենայիս վրայ՝ թող լինի։ ու երկար ժամանակ միացրել էի xscreensaver֊ի bsod֊ը՝ ցոյց ա տալիս տարբեր զանազան համակարգերի խուճապի էկրանները։ ու մարդիկ չէին էլ ջոկում յաճախ, որ ուինդոուս չի ինձ մօտ, գալիս էի, տեսնեմ մարդիկ ինձ ասում են՝ կարգիչդ մեռել ա՝ զի տեսնում էին կապոյտ էկրանը։ բայց երբեմն իւնիքսի մեռնելու էկրան էր՝ էլի ասում էին՝ քո լինուքսը մեռել ա։

թիմում էլի խախտող մարդ կայ։ նա բայց միշտ բողոքում ա՝ ասում ա վայ էսինչս չի աշխատում, էդ պատճառով էնինչ գործը չեմ արել։ շեֆս էլ իրա վրայ խօսում ա, թէ ուինդոուս քշի, ամէնը լաւ կը լինի։ ու մէկ էլ ինձ ա յիշում, որ մօտս ուին չի։ պէտք չի ինձ որ ինձ յիշի, ուզում եմ ինձ չյիշեն։ յաջորդ համակարգիչը որ ստանամ՝ թող ուին լինի։ ինձ ինչ։ ես փայնբուք ունեմ։

միւսը՝ ստեղնաշարն ա։ ես լրիւ սիրայարուել էի typematrix֊ի մաքուր ստեղներով ստեղնաշարի։ ահաւոր հարմարն էր, ու դէ ո՞ւմ են պէտք տառեր դրա վրայ։ եւ մարդիկ սկսեցին ասել՝ վոու, դու չե՞ս նայում ստեղնաշարին։ ու արի ու խօսիր իրենց հետ՝ ե՞րբ եմ նայել, ո՞վ ա նայում։ ասում են՝ հիմա չենք կարող նայելով ծածկագիրդ իմանանք։ արի ու ասա՝ չէք կարող նաեւ այն պատճառով որ շարուածքը programmer’s dvorak ա։ բայց ի՞նչ ասես։ ինչի՞ ասես։

պարզապէս շատ լաւ ստեղնաշար էր, ու չէի կարողանում դրանից հրաժարուել, զի երկար էի էնտեղ մնում, սպասում էի բոլորը գնան, որ գործ անեմ, ու քիչ չի եղել որ երկուսին֊երեքին նոր դուրս եմ եկել։ փաստացի ինձ շատ էր պէտք այնտեղ լաւ ստեղնաշար։

երբեմն կրեատիւ մարդիկ մեր թիմում յայտնւում էին՝ հիմնականում ինթերներն էին։ որ իհարկէ երկար չէին դիմանում։ ու իրենք փորձում էին «կրեատիւ» անել։ մէկը տուփերի վրայ աղիւսներով նախշ կպցրեց, բուխարի սարքեց, մի հատ էլ մոնիտոր դրեց մէջը, որի մէջ կրակ էր նուագարկւում։

ահաւոր տխուր ա հիմա, ինչ սա գրում եմ։

համ նրա պատճառով ինչ բարդ էր էս մարդկանց, համ նրա համար, ինչպէս էին փորձում իրենց արտայայտել։ համ նրա համար ինչպէս դա իհարկէ շատ լաւ չընդունուեց, ինչպէս շեֆս ամաչեց, ինչպէս իր շեֆն եկաւ ասաց՝ հաւաքէք սա։

ու բնական ա որ ես չեմ ուզում «ինքնարտայայտուել» այնտեղ։ ու ահաւոր ա որ ինձ ասում էին՝ դու հատուկ բաներ ես անում որ տարբերուես։ երբ ես հատուկ բաներ եմ անում որ չտարբերուեմ։

ինչի՞ եմ էնտեղ։ երեւի ամէն տեղ էլ սէնց ինձ կը պահէի, եթէ իմը չլինէր, ուր ես կաշխատէի նրա վրայ ինչ ինձ շատ կարեւոր ա։ իսկ տէնց տեղ չի լինի՝ դրանք չափազանց մարգինալ գործեր են, ամն֊ում, ուր ամենազարգացած տնտեսութիւնն ա, տէնց բաներ չեն անում։ սա մի քիչ հաւակնոտ հնչեց՝ չեմ հաւակնում որ վեհ եւ չհասկացուած մարգինալ եմ՝ միշտ էլ հակուել եմ նրան որ դեբիլ մարգինալ եմ, ու ամէն ինչ արել եմ ինձ համոզելու համար, օրինակ, մէյնսթրիմ լեզուները սիրել։ չեմ կարողացել։ շատ եմ փորձել։

հա, ինչի՞ եմ էնտեղ։ ինձ միշտ են դա հարցնում, իսկ ես դժուարանում եմ պատասխանել։ չգիտեմ։ ես հին եմ, ես ահաւոր տեղերում ու պայմաններում եմ աշխատել, շեֆերս ահաւորն են եղել, ու ես վախենում եմ փորձել, եւ թաւայից կրակն ընկնեմ։ ես երբեք չեմ ունեցել «ապահովութեան բարձիկ», ես երբեք նրանցից չեմ եղել, որ կարող էին չաշխատել ու ստարթափ բզբզել։ ես պիտի տան վարձ տայի, միշտ։ ինձ համար դրանից սարսափելի բան չկար, քան առանց տուն մնալը։ առանց իմ տան։

ու հիմա երբ դեռահասներ ինձ ասում էին՝ գնա մի երեք ամիս պտտուի աշխարհով, յետոյ կը մտածես ինչ ես անում՝ ես հասկանում եմ որ իրենք այլ սերնդից են։ ես չեմ կարող աւտոտնակ վարձել, լցնել իրերս, ու գնալ պտտուելու։ նախ ինձ էդքան երկար ոչ մէկ արձակուրդ չի տայ ու չի սպասի։ իսկ հայաստան գալը միշտ աւելի բարդ ա, քան գնալը։ օրինակ աշխատաշուկան շատ փոքր ա։ տեղերն էլ ահաւորն են, կամ ես այդպիսի համոզմունք ունեմ։

չգիտեմ ինչ պատասխանել։

ու տէնց։

բնօրինակ ծմակուտում(եւ մեկնաբանութիւննե՞ր)