թիֆլիսում ծանօթացել եմ մի հայ կնոջ հետ, ով պատմեց որ իրենց փողոցի գրեթէ բոլոր տներից մարդկանց հանում էին, վարձի փող տալիս, իրենց տները եթէ չէր լինում նորոգել, քանդում ու նորից կառուցում էին, ոնց կային, իսկ ներսի ռեմոնտը արդէն բնակիչների վրայ էր։ ասում էր ինչ սաակաշուիլին չկայ, կանգնել է դա, ու ահա, տես, այն տունը արդէն երեք տարի է չեն կառուցում։
ասում էր, «էդ սաակաշուիլին լաւը չէր, գնաց ռուսների հետ կռիւ արեց», ու որ «գողանում էր, բայց գոնէ ոսկորները ժողովրդին նետում, իսկ սրանք դա էլ չեն անում»։ ես չխորացայ իր հետ, որ դա սաակաշուիլին չէր պատերազմ սկսել, կամ որ եթէ գողանում էր, ապա թող մի հատ լուրջ գործ բացէին իր վրայ, ու որ ոչ մի կեղտ չեն կարողանում բռնել։
նաեւ ասում էր որ ռուսաստանում, կուրսկում քոյր ունի, ու իրեն է այցելում պարբերաբար։ ունի նաեւ բնակութեան իրաւունք այնտեղ, որը կը սպառուի եթէ նա գոնէ երեք թէ վեց ամիսը մէկ չմտնի դուրս գայ ռուսաստան։ ու որ նա գնում հատում է սահմանը ու հետ է գալիս ու իրեն վերջին անգամ սահմանապահները նկատողութիւն են արել, թէ էս ի՞նչ է որ գալիս էք ու մի անգամից հետ էք գնում։ այդպէս ուզում էր գնալ քրոջ մօտ մնալ մի քիչ։ բնակութեան իրաւունքն էլ, ենթադրում եմ, իրեն պէտք էր քաղաքացիութիւն ստանալու համար։ իսկ քաղաքացիութիւնը, գուցէ՝ ռուսական թոշակի, չգիտեմ։
այդ կնոջ եղբայրը կարողանում էր հայերէն խօսել, ու շատ ուրախանում էր որ որեւէ մէկը կայ ով իր հետ հայերէն կը խօսի, զուարթ ասում էր՝ «աւտոն կայնըցրու, ապէ»։ իր կինը հայ էր, գոգեան ազգանունով, բայց հայերէն չէր խօսում, եւ իրենց տղան էլ հայերէն չէր խօսում։
տղան նկարագրում է վրաստանն ու թիֆլիսը որպէս «աստծոյ նուիրած երկիր», ու ակամայ մտքովս անցաւ որ այդ սահմանումներով հայաստանը կը լինի «աստծոյ կողմից մոռացութեան մատնուած երկիր»։
մի անգամ էլ եմ հայ տեսել։ սոլոլակի֊ում մի շատ վատ հագնուած, շատ տգեղ կօշիկներով կին էր նստած աբովեան փողոցի վրայ։ արդէն ուզում էի մտածել, թէ տես, վրացիներն էլ են երբեմն ահաւոր հագնւում ու յետոյ լսեցի որ հայերէն է խօսում երեխայի, երեւի իր թոռան հետ։
լաւ, մի երկու բան էլ թիֆլիսից։ յունուարի հետ համեմատ էլ աւելի շատ «օբէկտներ» են բացուել, նոյնիսկ բաւական հեռու փողոցիկներում։ այնպիսի տպաւորութիւն է, որ աշխարհի մեգապոլիսներից մէկում ես, ինչ ասես խօսք չես լսի փողոցներում, ու դրանք միայն զբօսաշրջիկներ չեն, այլ եւ աշխատողներ են։ դիլիջանի աղջիկները խնդրել էին իրենց «դաբլ բի»֊ից սրճի ֆիլտրեր բերել, այդ դաբլ բի֊ում էլ ռուս բարիստա էր աշխատում։ պարզուեց որ դա միտրոֆանովն է, աշխարհի չեմպիոն բարիստան, ով կարող էր որ քաղաքում ուզի աշխատել, պրահայում, լոնդոնում, բայց նա ընտրեց թիֆլիսը, ու մոսկուայից տեղափոխուեց այնտեղ։
իսկ հայաստանը շատ ճնշող է այնտեղից յետոյ, որովհետեւ «կեանքը» երեւում է այնտեղ եւ գիւղերում, եւ քաղաքում, անցուդարձ է, ու կապիտալի շրջանառութիւն։ իսկ այստեղ ահաւոր սիրուն տներ են, բայց լքուած տներ, ծակ կտուրներով տներ, մութ պատուհաններով տներ, ու ոչ մէկ չկայ դրսում։ դա ահագին տխուր է։
շատ բան եմ պատմել իմանդէսին, ու էլի կը պատմեմ, որի հաւէսը չունեմ գրելու, հիմա թռնեմ աշխատանքի։ ահաւոր հետաքրքիր փոփոխութիւններ կան, նոր շէնքեր լաւ դիզայն արած, նոր «մասթ սի» այցելելու տեղեր կան այնտեղ, ու նոյնիսկ ոչ կենտրոնում, որ իմ ցանկում աւելացան՝ երբ մէկին ման տամ թիֆլիսով, անպայման այնտեղ պէտք է տանել։
մնացածը՝ նկարներով։ սլայդը շատ բարդ է լաւ սքան անել, ասենք տեսնում ինչ լաւ պատկեր է, ինչ վերջ գոյներ են, իսկ սքանում՝ այդքան էլ չէ։ տեսնում ես որ սլայդի վրայ բաժակը վառած չէ, իսկ սքանում մէկ է վառած է երեւում։ լաբ25֊ում հիմա կայ նորիցու սկաներ, ենթադրում եմ, այն աւելի լաւ կանէր քան իմ մինոլտան, բայց դրա ժամանակը չեղաւ։