2017-01-29-2406352

ուրեմն, երեկ աչաջուրում մի հատ զոյգ է նստած, երկու սեղան միացրել են իրար, ու ամէն մէկն իր նոութը դրել է իր սեղանի վրայ։ երկու հոգով կարող էին եւ մի սեղան զբաղեցնել, մանաւանդ, որ ազատ տեղ չի լինում, լցւում է սրճարանը։ բայց դա դեռ ոչինչ։ ուրեմն, աղջիկը իր նոութի լարը ոչ թէ իր կողքի վարդակին է միացրել(զբաղուած էր), այլ միւս, ուղղահայեաց պատի վարդակին, որի պատճառով սենեակի այն կողմի մուտքը լարով փակուեց։ ու ես ինքս ասենք բաճկոնը կախելու համար, շրջանցում էի լարն այն միւս սենեակով։ լարը լաւ բարձր էր անցնում։

մի տղայ էլ այդ փակ կողմից որոշեց դուրս գալ, ու առանց բան ասելու անջատեց լարը վարդակից, որ անցնի ու հետ միացնի։ բայց փաստօրէն շփոթուեց ու այլ լարն անջատեց՝ իմ կողքի նստած աղջկայ լարը։ իսկ աղջկայ մարտկոցը մի վայրկեան էլ չի պահում, ու նա էլ թարգմանութիւններ էր վերցրել կողքից անի, այդ գործին էր, ու ինչ֊որ արդէն թարգմանած մաս ունէր, որ յետոյ բարեբախտաբար եղաւ վերականգնել։

ես այն զոյգին ասացի՝ եկէք ես ձեզ տռոյնիկ տամ, իրենք էլ համաձայնեցին վերցնել։

այդպէս, զարմանում եմ, ինչպէս են մարդիկ ռեսուրսներն օգտագործում, ու չեն մտածում դիզայնի մասին, տարածքի ֆունկցիայի մասին, ուրիշների ռեսուրս օգտագործելու մասին։

ու գիտէք նոյնը նկատում եմ մեր դեւելոփերների մօտ։ ես երբեք չէի պատկերացնի, որ կարող եմ այդքան «օրինապաշտ» լինել, ու հետեւել կանոններին, ու մերժել դեւելոփերների, ինչպէս իրենց թւում է, անմեղ խնդրանքները, որ վերաբերում են ստանդարտից դուրս ռեսուրս օգտագործելուն։ քանի որ գիտեմ որ որոշակի նախագծուած համակարգից դուրս լուծում տալը լաւութիւն չի, չարութիւն է։ ի վերջոյ աւելի խնդիրներ է բերում, քան օգուտ։

#պաշար #աչաջուր #դիզայն

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝ պաշար  աչաջուր  դիզայն