– Ուրեմն, մեր Ֆերդինանդին խփել են,– ասաց աղախինը պան Շուեյկին, որը մի քանի տարի առաջ, երբ բժշկական յանձնաժողովը նրան ապուշ էր համարել, թողել էր զինուորական ծառայութիւնը և այժմ զբաղւում էր շների անճոռնի խառնածիններ վաճառելով, որոնց համար ազնուածնական ցեղագրութիւններ էր յօրինում։
Բացի դրանից, նա տառապում էր նաև ռեւմատիզմով և ներկայ պահին ծնկներին օպոդելդոկ էր քսում։
– Ո՞ր ֆերդինանդին, պանի Միւլլեր,– հարցրեց Շուեյկը, չդադարելով ծնկները շփելուց։– Ես երկու Ֆերդինանդ եմ ճանաչում։ Մէկը ծառայում էր դեղագործ Պրուշիի մոտ և մի անգամ այնտեղ սխալմամբ մի շիշ մազ բսցնող հեղուկ էր խմել։ Մի Ֆերդինանդ Կոկոշկա էլ կա, որ շան կղկղանք է հաւաքում։ Երկուսն էլ իսկի ափսոսալու բան չեն։