պատմութիւն օրինազանց թուերի մասին

դիսքլեյմեր․ գրում եմ ոնց յիշում եմ, ժամանակին կարդացել եմ տարբեր բաներ զանազան աղբիւրներից, ինքներդ փնտրէք եթէ հետաքրքիր է։ այնուամենայնիւ չեմ դիմացել, եւ մի երկու համով յղում փնտրել եւ աւելացրել եմ։ նաեւ՝ փորձում եմ լինել հնարաւորինս հանրամատչելի, եւ հնարաւոր է դետալների մէջ անճշտութիւն լինի, վերը նշուած պատճառներով։

ուրեմն, շատ վաղուց, այնքան վաղուց, որ անհնար է յիշել, մարդիկ ֆիլմերը պահում էին VHS տեսաերիզներով իսկ դիտում՝ VHS տեսամագնիտոֆոններով։ (:

ֆիլմը պատճէնելու համար անհրաժեշտ էր միացնել երկու տեսամագնիտոֆոն իրար՝ մէկի ելքերն միւսի մուտքերին։ Ըստ որում այդ գործընթացն բացարձակապէս լեգալ զբաղմունք էր ԱՄՆ֊ում՝ համարւում էր որ դու ձեռք ես բերել տեսաերիզ, ու եթէ կրիչը փչանայ (ասենք մագնիտոֆոնը ժապաւէնը ծամի), դու չպէտք է եւս մի անգամ գնաս եւ նոյն ֆիլմը առնես։ Կարող ես նախապէս պատրաստել պատճէն(բեքափ)։

Դիսկերի վրայ ֆիլմեր գրելու փորձեր արուել են դեռ վաղ ութսունականներից, եւ գոյութիւն ունէին նոյնիսկ անալոգային լազերային սկաւառակներ կինոներով, vhs֊ին մօտ որակի, բայց լայն տարածում չգտան։

Եկաւ թուային դարաշրջանը, եւ ֆիլմերը սկսեցին տարածել dvd֊ներով։ Իսկ դիւիդի նուագարկիչը՝ դա համակարգիչ է, որը ցոյց է տալիս դրա վրայ գրուած mpeg2 ֆորմատի հոսք։

Իսկ ուր կայ համակարգիչ, եւ ծրագրային ապահովում, այնտեղ կայ հնարաւորութիւն օգտուողին վերահսկելու։

Ու չնայած կինո պատճէնելն համարւում էր օրինական, dvd դիսկեր պատճէնելուց պաշտպանելն օրէնքը նոյնպէս չէր արգելում։ Եւ արտադրողները մտածեցին տեքնոլոգիա, որը կոչւում էր CSS՝ ու դա ձեր իմացած CSS֊ի հետ բնաւ կապ չունի, եւ բացւում էր որպէս Content Scrambling System։

Այսպիսով, որպէսզի մարդիկ ֆիլմեր այլեւս չպատճէնեն, այդ սկաւառակների միջի տեսահոսքերը կրիպտաւորուած էին։ Իսկ dvd նուագարկիչներն ունէին ապակրիպտաւորող ծրագրային ապահովում (բնականաբար փակ) եւ՝ առանցքային բառը՝ բանալի։

Պատճէնէք՝ եթէ կարող էք։

Առանց բանալին ունենալու հնարաւոր չէր ապակրիպտաւորել dvd֊ն։

Այդ ժամանակ արդեն կային dvd ընթերցիչներ համակարգիչների համար, բայց կինո֊ով սկաւառակը պէտք է բացէիք եւ նայէիք հենց dvd նուագարկիչով, եւ բնաւ ոչ համակարգչով։ ուզում ես կինո նայել՝ առ դիւիդի նուագարկիչ։ կարգչով մի՛ նայիր։

Որոշ մարդիկ տառապեցին ալգորիթմը կոտրելու նպատակով, բայց ապարդիւն։

Եւ այսպէս, ոչ մէկ չէր կարողացել կոտրել կրիպտոգրաֆիկ ծա֊ն, սակայն, մի գեղեցիկ օր, մի երեխայի ձեռքի մէջ յայտնւում է Թայւանում արտադրուած dvd նուագարկիչ, որը նա քանդում է, ու բացայայտում, որ չիպը, որի մէջ գրուած է բանալին «երկաթի» մակարդակով պաշտպանուած չէ։

Հիմա բացատրեմ, ինչ է նշանակում պաշտպանուած է։

Օրինակ, եթէ ունենք չիպ, ու իր մէջ որեւէ տեղեկատւութիւն, ծրագիր, կարելի է որոշ ոտիկներին կպնել, եւ կարդալ միջի պարունակութիւնը։ Եւ որպէսզի այսպէս չանեն, այդ չիպերն արգելափակում են՝ որ գրուածը մնայ գաղտնիք։

Սակայն, կան ձեւեր այդ չիպերը բացելու, երբեմն բառացիօրէն, եւ «աքսես» ստանալ միջի տեղեկատւութեանը։

Այդ պատճառով, որ դրանք «չբացեն», վերջին ժամանակ մի ուրիշ տեսակ չիպեր են սարքում։

Քանդե՞լ էք, ասենք վերջերս արտադրուած Նինթենդո համատեղելի սարք։ Նկատե՞լ էք այսպիսի, ոնց որ լցուած ու սառած մուգ հեղուկի բուրգեր, որի տակից էլեկտրական կապեր կան։ Դա չիպ է, կամ դա էլ է չիպ, չնայած չունի ուղղանկեան տեսք եւ թրթուռի պէս ոտիկներ։ Այդ չիպը շատ բարդ է քանդել, եւ կարդալ դրա միջի եղած տեղեկատւութիւնը առանց այդ տեղեկատւութիւնը վնասելու։ Ես գրեցի բարդ է, բայց դուք կարդացէք՝ անհնար է։ Սա «երկաթի» պաշտպանութեան ձեւերից է։

Իսկ այս երեխան, կարծես նա 14 տարեկան էր, գտնում է չիպ, որը աւելի նման է ձեր պատկերացրած չիպերին, եւ կարողանում է կարդալ բանալին։

Յետոյ՝ ոտքի վրայ գրում է փոքրիկ ծրագրիկ՝ DeCSS,որի օգնութեամբ հնարաւոր է «քամել» դիւիդի֊ն՝ պատճէնել ֆիլմը համակարգչի կոշտ սկաւառակի վրայ։ Եւ՝ կրկին գրել որպէս դիւիդի, եթէ պէտք է։

Նա ծրագիրով կիսուեց առցանց, եւ ժամերի ընթացքում այն տարածուեց ողջ աշխարհով։

Կինո արտադրողների իրաւաբանները սկսեցին երեխային քաշքշել դատարաններով։

Իր պաշտպաններն ասացին՝ ի՞նչ կայ որ, մարդն իրաւունք ունի իր ձեռք բերած դիւիդի֊ի պարունակութիւը պահի՝ չէ՞ որ դիւիդի դիսկն էլ կարող է փչանալ։

Եթէ նա քամում է դիսկը, դա դեռ չի նշանակում, որ նա տարածելու է այն միլիոնաւոր քանակներով։

Հոլիւուդի իրաւաբանները սակայն կառչեցին այսպէս կոչուած Digital Millenuim Copyright Act֊ից, եւ պնդեցին, որ ժամանակներն փոխուել են, եւ այսօր ապօրինի է շրջանցել DRM (digitar rights/restrictions management) համակարգերը։

Տղայի իրաւապաշտպաններն, իրենց հերթին հակադարձեցին, որ նա ոչ մի բան էլ չի շրջանցել, շրջանցելու բան էլ չկար՝ նորմալ պաշտպանէիք, յետոյ ասէիք կոտրել է։

Դատաւորն որոշում է, որ Հոլիւունդը ճիշտ է (անակնկալ, անակնկա՜լ), ու որ DeCSS ունենալ եւ կիրառելը հակաօրինական է։

Եւ այստեղ սկսւում է ամենահետաքրքիրը։

Մի քիչ շեղուեմ, ու պատմեմ մի այլ դէպքի մասին, իսկ յետոյ, հաւաստիացնում եմ, կը վերադառնամ դիւիդիներ պատճէնելուն։

ԱՄՆ իշխանութիւնները գիտակցում էին կրիպտոգրաֆիայի ներուժը, եւ փորձում էին այն հնարաւորինս վերահսկել՝ գիտնականներն համագործակցում էին ԱԱԾ֊ի հետ, ալգորիթմերը պահւում էին գաղտնի։

Իրավիճակը սկսեց փոխուել կրթութեան պատճառով։ Աւելի ու աւելի շատ մարդիկ էին կրթւում, ու այնպէս ստացուեց, որ նոր մարդիկ կրկին յօրինում էին նոյն ալգորիթմերը՝ ասենք DES ալգորիթմը կրկին յօրինեց մի երիտասարդ։ Եւ այնքան մարդ է կրթուել, որ այլեւս ալգորիթմեր թաքուն պահելը դառնում էր անհնար։

Իսկ պահել հասարակութիւնը անկիրթ, յամենայն դէպս ՄՆ֊ում, ոչ միայն իրատեսական չէ, այլ եւ այնքան էլ ձեռնատու չէ։

Յիշո՞ւմ էք (գիտեմ որ չէք յիշում), դեբիանի դիսկերը քաշելիս, կարող էիք ընտրել երկու տեսակի պատկերներից՝ US ու non-US։ Բացատրւում էր, որ ըստ ԱՄՆ օրէնքի, կրիպտոգրաֆիկ ծրագրային միջոցների արտահանումն արգելուած է։ Եթէ դուք ԱՄՆ֊ում չէք, խնդրում ենք, ներբեռնէք այն միւս պատկերը, որը, ասենք gpg չի պարունակում։ (Այո, շատ ծիծաղելի է)։

Հա, gpg֊ն՝ pgp ալգորիթմի ազատ ռեալիզացիա է։ PGP֊ն բացւում է որպէս pretty good privacy եւ այն այսօր էլ օգտագործւում է ասենք իմակներ կրիպտաւորելու համար։ Շատ հետաքրքիր համակարգ է, որի մասին ես ձեզ չեմ պատմի։ ։Պ

Ինչեւէ, Ցիմերմանը՝ փիջիփիի հեղինակը ցոյց է տալիս, որ ԱՄՆ վերոյիշեալ օրէնքը խաւարամիտ է եւ պէտք է փոխուի։ Այո՝ կրիպտոգրաֆիկ ծա֊ի էքսպորտն արգելուած է, բայց գրքեր արտահանելը՝ ոչ։

Ցիմերմանը հրատարակում է գիրք, որի մէջ փակցնում է իր pgp֊ի ելատեքստը՝ սորսը։ Գիրքը արտահանւում է Եւրոպա՝ քանի որ գիրք արտահանելու մասին ԱՄՆ֊ում արգելք չկայ։

Սրանով Ցիմերմանը ցոյց է տալիս կարեւոր բան, որ կոդը՝ խօսք է, եւ իսկ խօսքն՝ ազատ է։

Եւ գիտէ՞ք ինչ, միացեալ նահանգներում հասկանում են որ օրէնքն անիմաստ էր, եւ մի տեսակ յիմար, ու հանում են այն։ (:

Վերադառնանք մեր դիւիդիներին։

Իրավիճակն արդեն նախատրամարդել էր, որ նման մի բան կատարուի DeCSS֊ի հետ։

Ալգորիթմը կարելի է գրել պերլով (նոյնիսկ պերլով), կարելի է ձեւակերպել խօսքով։

Եւ ինչ֊որ մէկը ձեւակերպեց DeCSS֊ը որպէս հայկու եւ հրապարակեց Կարնեգի Մելոն համալսարանի կայքում։ Ահա, յղումն այստեղ փակցնեմ՝ http://www.cs.cmu.edu/~dst/DeCSS/Gallery/decss-haiku.txt

Ահաւոր խորհուրդ եմ տալիս չզլանալ եւ գնալ յղումով եւ կարդալ ամբողջ հայկուն։

Իսկ ինչ֊որ մէկը սկսում է տպել շապիկներ՝ DeCSS֊ի կոդով։

Սա էլ արդեն փորձած քայլ է՝ մինչ այդ, իննսունականներին կային ոչ լեգալ շապիկներ, RSA ալգորիթմ իրականացնող պերլի կոդով՝ չորս տող կոդ էր։

Munitions_T-shirt_front-499x574

Յետոյ ոմն Ֆիլ Կարմոդին ասում է՝ չէ՞ որ ծա֊ն թուեր են։ Նա իրականացնում է ալգորիթմը, վերածում է բինար կոդի, ու սկսում է փնտրել ինչ֊որ ծանօթ բան այդ թուերի մէջ։

Եւ գտնում է ամենամեծ, այն ժամանակ յայտնի պարզ թուերի ցանկ, եւ այդ ցանկի 19֊րդ ամենամեծ պարզ թիւը համընկնում է իր decss֊ի կոդի հետ։ տադա՜։

Ահա եւ թիւը՝

485650789657397829309841894694286137707442087351357924019652073668698513401047237446968797439926117510973777701027447528049058831384037549709987909653955227011712157025974666993240226834596619606034851742497735846851885567457025712547499964821941846557100841190862597169479707991520048667099759235960613207259737979936188606316914473588300245336972781813914797955513399949394882899846917836100182597890103160196183503434489568705384520853804584241565482488933380474758711283395989685223254460840897111977127694120795862440547161321005006459820176961771809478113622002723448272249323259547234688002927776497906148129840428345720146348968547169082354737835661972186224969431622716663939055430241564732924855248991225739466548627140482117138124388217717602984125524464744505583462814488335631902725319590439283873764073916891257924055015620889787163375999107887084908159097548019285768451988596305323823490558092032999603234471140776019847163531161713078576084862236370283570104961259568184678596533310077017991614674472549272833486916000647585917462781212690073518309241530106302893295665843662000800476778967984382090797619859493646309380586336721469695975027968771205724996666980561453382074120315933770309949152746918356593762102220068126798273445760938020304479122774980917955938387121000588766689258448700470772552497060444652127130404321182610103591186476662963858495087448497373476861420880529443

Նա գրում է առցանց՝ եթէ վերցնէք այս պարզ թիւը, պահէք այն ֆայլի մէջ, եւ այդ ֆայլը դարձնէք կատարուող (ասենք .exe ֆայլի պէս մի բան), ապա դուք ստացաք ծրագիր, որ հակաօրինական է ունենալ, տարածել եւ կիրառել։

Իսկ եթէ այդպէս է, ապա հակաօրինական է եւ այս պարզ թիւը տարածել եւ ունենալը։ Ապա պէտք է այն թիւը համարել հակաօրինական, եւ վերացնել դասագրքերից, կայքերից, եւ այլն։ Իսկ գիտնականներն, ով փնտրում է պարզ թուեր, պէտք է իմանան, որ հրապարակել կամ նոյնիսկ ունենալ այն, ինչ իրենք գտել են կարող է լինել ապօրինի։

Աւելի մանրամասն այդ օրինազանց պարզ թուերի մասին այստեղ՝ https://en.wikipedia.org/wiki/Illegal_prime

Այդ ժամանակ հոլիւուդեան իրաւաբանները սպառնում էին ամէն կայքի, ուր գտնում էին DeCSS կոդը, որ դատի կը տան, եւ պահանջում էին հանել այն կայքից։

Իսկ այդ ժամանակ յայտնուեց deCSS ծրագիրը, որը կապ չունէր դիւիդիների հետ, այլ հանում էր css թեգերը html կոդից։ Ու ապա ինչ֊որ ուսանող իր համալսարանի կայքում այն պահում էր, ու համալսարանը իրաւաբաններից վախեցած, վերացրեց իր կայքը։ Որի հետեւանքով էլ մեծ աղմուկ եղաւ։

Ի վերջոյ, իրաւաբաններն ոչ մի բանի չհասան։

Այսօր կան DeCSS֊ի զանազան ռեալիզացիաներ, եւ ոչ մէկ էլ հաւէս չունի հեղինակներին դատարաններով տանել֊բերել։ Կայ նոյնիսկ գրադարան՝ libdvdcss որին կպնում են տարբեր նուագարկիչներն ու հանգիստ բացում «պաշտպանուած» դիւիդիները։

կարծես թէ այս խնդիրը օրինական լուծում չստացաւ, բայց փաստացի դրանից բոլորը յոգնել են, եւ այլեւս համակերպուել են իրականութեան հետ։

ու տենց