երեկ կրկին հարց տուեցին որին դժուարացայ պատասխանել, ու մտածեցի որ պէտք է խոստովանել։
պէտք է խոստովանել որ ես իրականում ձեր իմացած տղան չեմ։ բնաւ։
որ այլեւս իզուր տեղը չհիասթափուէք։
նախ, որպէս այթի շնիկ, ես ոչ մի բան չգիտեմ։ եկէք թուեմ․
ես չգիտեմ C/C++ (մանաւանդ չգիտեմ ինչու սլեշով արանքում), ես չգիտեմ ասեմբլեր (դուք գիտէիք գիտե՞մ, չէ՝ չգիտեմ, մի երկու cpu֊ի instruction set֊ն եմ պատկերացնում, բայց ասեմբլեր լեզուն չգիտեմ որն է, առաւել եւս չգիտեմ գործիքները՝ microsoft macro assembler֊ի հետ ծանօթ չեմ), ես չգիտեմ ջաւա/c# ու չիմանալով դրանք քննադատում եմ։ առհասարակ ինձ դրել եմ լեզուների տղայի տեղ, բայց այդ լեզուներից բան չեմ հասկանում։
ես կեանքումս մի երկու տող եմ հազիւ գրել ջս֊ով, մի երկու տող հազիւ ուղղել եմ պհպ֊ով, ու առհասարակ լաւ չեմ պատկերացնում ինչ է իրենից ներկայացնում վեբ ծրագրաւորումը, չեմ պատկերացնում ինչ է իրենից ներկայացնում տբ֊ների հետ աշխատանքը, ու քիչ թէ շատ բարդ sql հարցում չեմ կարող «գեներացնել», ես գաղափար չունեմ տբ֊ների նորմալիզացումից։ իմ իմացած նորմալիզացիան ընդամէնը անհաւանական շարժիչի աշխատելուց յետոյ է լինում, կամ համով թէյ/տաք շոկոլադ խմելուց։
Ես չեմ կարող լուծել ձեր վինդովսի սքայփի խնդիրները։ չեմ կարող լուծել դրա դրայւերների խնդիրները։ չեմ հասկանում ես։ մասնագէտ չեմ։
բայց դա հեչ։ դուք գիտէք ես լի՞նուքս գիտեմ։
Ոչ, ես չգիտեմ լինուքս։ Չէ, չգիտեմ։ Ու չեմ կարող ասել ինչու չի կպել ձեր վայֆայը։ Չեմ կարող ասել ուր է պէտք կտացնել ուբունթու֊ում, եւ որտեղից այնտեղ մտնել, հասնել, որպէսզի հեռուստացոյցին կինոն դիտէք։
գիտէք ես տերմինալո՞վ եմ աշխատում դրանի՞ց է։ չէ, ինքներդ տեսե էք որ ես ձեր ուբունթու֊ում տերմինալն էլ գտնել ունակ չեմ, ակնյայտ է, որ չեմ աշխատում դրանով, եթէ տեղն էլ չգիտեմ։
անդրոիդի համար փորձում էի գրել՝ չստացուեց, չձգեցի։ ամէն ինչ չէի հաւանում, մեծամիտ եմ էլի, զզուող։ քիթս էի ծռում։
լաւ, գոնէ որպէս յուզեր, կասէք, գուցէ մի բան հասկանամ։ չէ, օֆիսներ չգիտեմ։ դոդոշոփ չգիտեմ։ մոլորւում եմ օֆիսներում։ չգիտեմ քորել, չգիտեմ ինքսքեյփ, չգիտեմ ադոբ իլիւստրատոր, բայց ժամանակին պատկերացնում էի adobe premiere 4.2֊ը, դա իննսունականների պրոդուկտ է, եւ վաղուց կորցրել է իր ակտուալութիւնը։
հա, մայքրոսոֆթ վիժուալ ստուդիո չգիտեմ, քանի որ համբերութիւնս չի հերիքում ոչ միայն սովորելու, այլեւ սպասեմ որ լոադ լինի։ նոյնը՝ էքլիփսը։ էդ նրանից է որ նեարդային համակարգս ընդհանուր առմամբ հաւասարակշիռ չէ։
դրա պատճառով եմ վիմով գրում, որ համ վեհ երեւայ, համ էլ արագ է։ սակայն վիմ կարողանում եմ օգտուել ընդամէնը այնքանով ինչքանով պէտք է գալիս։ գիմփում եւ ufraw֊ում դեռ նոր բաներ եմ բացայայտում։ այնպէս որ ինձնից ի՞նչ յուզեր, գուցէ միայն լուզեր։
օկ, որպէս մասնագէտ կայացած չեմ, պարզ է։ միայն մեծ֊մեծ խօսել գիտեմ, այն էլ դա էլ այլեւս չեմ անի, որ դեռահասները չխաբնուեն։ բայց որպէս մարդ, հասարակութեան անդամ, ես նոյնպէս լրիւ անիմաստ էակ եմ։
ես չգիտեմ շփուել։ ես չգիտեմ, իրօք։ ինձ քիչ թէ շատ սկսեցին ճանաչել, երբ սոխերէն գրում էի կենդանի մատեանում եւ յիմար ֆոտոներ էի լցնում իմ առաջին ֆեյսբուքի հաշիւ, երբ այնտեղ դեռ մարդ չկար, իսկ մենք ով այնտեղ էինք, մեզ զգում էինք առաջադէմ եւ տարբերուող օդն֊ի զանգուածից։
իսկ հիմա ինչի՞ չկամ։ որովհետեւ շատ հետաքրքիր մարդիկ են հասել, եկել, ու ես վախենում եմ մրցակցութիւնից։ որ իրենց ֆոնին այլեւս չեմ երեւալու ու աննկատ կը մնամ։ այսպէս աւելի հեշտ է ասել որ ֆեյսբուքը քըխ է ու չլինել այնտեղ։
իսկ երբ սկսեցին ճանաչել բլոգով, դէ երկու հոգով էինք բլոգում, բոլորս իրար գիտէինք։ ես էի, պապեանը, կորնելին, մի երկու հոգի էլ իրար էինք կարդում։ ես ինչի՞ կայի, որովհետեւ նախ իրական կեանք չունեմ, ու նրանից, որ ինքնացուցադրուել եմ սիրում։
տենց, որ վեհերն ինձ իմացան, ասացին արի բարքեմփի թիմ։ ով գրում էր մատեանում բոլորին կանչում էին, էնա լուսինին էլ են կանչել, արփիկին։ ես էլ դէ գիտէք, ինձ հաց մի կերակրի, ջուր մի տուր, թող փիառուեմ։ այնտեղ գիտէք բա՞ն եմ անում։ մենակ ոտքերի տակ եմ ընկնում, խանգարում եմ իրենց, երբ ստացւում է։ որ հանկարծ լաւ բարքեմփ չկազմակերպեն։ իրենք էլ դեռ չեն տշել, քանի որ սիրունչիտարոն, բայց էնա հանդիպումներին այլեւս ոչ ոք չի գալիս, քանի որ երեսս տեսնել չեն ուզում։ ես էլ աներես եմ, հա գալիս եմ, որ ինձ մի քիչ մարդ զգամ, գոնէ բարքեմփով, թէ չէ գիտեմ որ ես առանց դրա լրիւ ոչ մէկ եմ։
հա, ասում եմ շփուել չգիտեմ։ ինչ֊որ ոչ կորեկտ բաներ եմ դուրս տալիս, նեղացնում մարդկանց, կամ էլ լռում եմ, լրիւ ոչ ադեկուատ կերպ։ ուրախանալ չգիտեմ, ինձ օտար եմ զգում բոլոր, ամէն տեսակ կոմպանիաներում։ չէ որ մենակ այս կամ այն շրջապատում լինէր, չէ՝ բոլոր։ բոլորին հասցրել եմ հասկացնել, որ քիթս տնկած է, ու ինձ պալոժ չի իրենց հետ։ կամ գուցէ երբեմն դիմանամ։
շփուել չգիտեմ նաեւ քանի որ կրկին անգրագէտ եմ, լեզուներին չեմ տիրապետում։ լեզուներին՝ տարբեր իմաստներով։ չեմ ասում, հայերէն պարզ է չգիտեմ, ռուսերէն մոռացել եմ վաղուց, անգլերէն երբեք էլ չգիտէի։ բայց եթէ հայերէն եմ խօսում, ինձ հայերը չեն հասկանում, ասում են՝ պարսիկ ես երեւի, ակցենտդ այն չէ, կամ որ խանութ եմ մտնում, ասում եմ «ասէք/տուէք խնդրեմ…» ու շարունակում եմ, ասում են՝ «ի՞նչ» ու չեն հասկանում։ իմ բակի խանութում սակայն սովորեցին ինձ, դէ տեղացի եմ, հանդուրժող են մօտենում, ու երբ ասում եմ «վարսակի փաթիլներ» կամ «հնդկաձաւար», էլ չեն ասում՝ «էդ ո՞րն ա, հաաա, գռեչկա», ու սուս ու փուս տալիս են։ մեզ մօտ առհասարակ տարօրինակներին չեն նեղում։
լաւ, լեզուները գրողի ծոցը, բայց նորմալ մարդիկ ունեն միմիկա, շարժումներ, իրար առանց խօսք են հասկանում։ ես դա էլ չեմ կարող։ սովոր չեմ։ սովոր չեմ նաեւ ուրախանալ, պարել, շփուել սովորական, նորմալ ձեւերով՝ ծխել, խմել, խօսել։ չգիտեմ ձեւերը։ չգիտեմ ինչ ուրախանալու բան կայ։ մասնաւորապէս, քանի որ ժամանակին գորբաչյովի հակաալկոհոլային կամպանիայի տակ եմ մնացել։ տենց էլ տակից դուրս չեմ եկել։ դէ կոմունիստները լաւ ազդեցութիւն չէի ունենայ։ ու բոլորը թարս են նայում, եթէ հանդուրժում են, լաւագոյն դէպքում իմ ներկայութիւնը, ապա երեւի մտածելով թէ սրա մօտ լյարդն է վատ, կամ էլ խեղճը իրեն կոնտրոլ չի անում։ այնպէս ոչ մի կարգին, չէ իրօք կարգին կոմպանիայում տեղ չունեմ։
դէ այդպէս էլ պէտք է լինի, ջիգյար, բան չունեմ։ մեծամիտ եմ, բոլորին վերեւից եմ նայում։
ու առհասարակ, ո՞մ է պէտք փնթփնթան ծերուկ, ում ոչ մի բան սրտով չի, ոչ մի ջերմ խօսք չի ասի։ դրանից աշխատանքի տեղը ունեն՝ նաչալնիկ, ես էլ նաչալնիկ չեմ որ ինձ դիմանան։
էդ էլ հեչ։ բայց ես առհասարակ ընդունակ չեմ ու շատ բարդ եմ սովորում։ ասենք մեքենա վարելը ի՞նչ է, որ շատ դանդաղ եմ սովորել, ու բոլորն ինձնից արագ են սովորել։ ոչ մի բան չեմ հասկանում տեխնիկայից ու մեքենաներից մասնաւորապէս, որ բոլոր բոլոր տղաները գիտեն։ այնքան եմ վախենում մեքենան ձեռք տալ, որ նոյնիսկ գազ չեմ տեղադրել, գոնէ որ փող խնայեմ։ տիպիկ լուզերի վարքագիծ, գլուխ չունես, վախկոտ ես՝ վճարիր։
ու զարմանալի չէ, որ լեզուներ էլ չգիտեմ։ հա, պատահաբար աշխատանքի եմ ընդունուել, էդ ամէնը յաջող փիառ֊ի պատճառով է, մեծ֊մեծ խօսել գիտեմ, իսկ գործ անել՝ չէ։ իսկ ինձ դեռ հանդուրժում են, չեն հանել, քանի որ էն ամենազզուելի աշխատանքը, որ ոչ ոք չի ուզում անել, իմ վրայ են գցում, ես էլ դէ պէտք է անեմ, որ մի կերպ մնամ ու չհանեն գոնէ։
չէք հաւատում, շեֆիս հարցրէք ինչքան է զզուած ինձնից։ կամ գործընկերներից, ում հետ նոյնիսկ լայաղ չեմ անում խօսել, նոյնիսկ փորձով փոխանակուել, ասել լսել ով ինչ հերոսութիւն է արել, կամ ինչեր են անում ուկրոֆաշիստները։
դէ քաղաքական նորմալ դիրքորոշումներ էլ չունեմ, դա պարզ է։ արեւմտամոլ, իրականում, էդ նրանից է որ լատենտ գեյ եմ, բայց ինքս ինձ չեմ կարողանում խոստովանել։
ցեղասպանութիւնը որ ցեղասպանութիւն է, ցեղասպանել են, ու դա մեզ բոլորիս պէտք է միաւորի, յուզի, այն էլ անտարբեր եմ, ինչ֊որ չի յուզում։ համայնքին ինձնից ոչ մի օգուտ։ պապդ, կարող են ասել, պապուդ յիշիր, ու առհասարակ նա ով էր դու ով ես։ դէ հա, ինչ ասեմ։ բան դուրս չեկաւ էլի ինձնից։
ու առհասարակ ես էքտրովերտ եմ, բայց ինձ ինտրովերտի պէս եմ պահում։ քանի որ անկեղծութիւն չունեմ, ու մեծամիտ եմ։
իսկ ձեզ բոլորին ես իրականում հոգուս խորքում ատում եմ։ որովհետեւ դուք կարող էք՝ իսկ ես՝ ոչ։ դուք կարող էք ծրագրաւորել, ես՝ ոչ։ դուք կարող էք փող աշխատել, ես՝ ոչ։ դուք կարող էք ֆլիրտել, աղջիկ կպցնել՝ ես ոչ։ դուք կարող էք խորոված անել՝ ես ոչ։ դուք կարող էք շփուել, ուրախանալ, ես՝ ոչ։ քանի որ ես աննորմալ եմ, անկապ եմ մեծացել, իսկ դուք՝ նորմալ։