Ինձ թվում ա, ես սպառվել եմ։ Կամ սպառել եմ իմ որոշ ձեւերով սեր արտահայտելու ունակությունը։ Երեւի ձեւերն են պատճառը՞։
Երեկ Թերմինան հին չաթեր էր ուղարկել։ Ես չեմ կարդում հին չաթեր։ Տեսնես ի՞նչ էր փնտրում։ Ու հիշեցրեց ինչպես երբ իմացա որ նրանք Անիի հետ կատվի մոտ նստարանին ձմեռը պարապում են, յամի կողքով անցնելիս չդիմացա, երկու բաժակ տաք թեյ վերցրի ու նոր գնացի իրենց տեսնելու։
Ու նրանք բնականաբար ուրախացել էին, ու ոչ թե թեյից, այլ մոտեցումից, ու տարբեր մարդկանց լիքը պատմել են, թե Նորայրը ինչ «լավն է», ու տենց բաներ։ Իսկ ես ահավոր չեմ գնահատում դա, ու հիմա ավելի քան առաջ։ Հիմա լրիվ արժեքազրկվել է դա իմ աչքերում, ու ես նույնիսկ կարող եմ դա անվանել «էժան» ու անկապ քայլ։
Նրանք չէ՞ին կարող իրենց թեյ վերցնել եթե ուզենային։ Ինչի՞ եմ այդքան մեծամիտ։ Ես չպետք է թեյ բերեի, նրանք չպետք է ասեին որ «լավն եմ»։
Ու ես չեմ էլ ուզում որ իմ մասին մտածեն ես «լավն եմ»։
Նույնպես չեմ ուզում լինել ուրախ, ուժեղ, հավես, սենց, նենց, որ իմ մասին մտածեն որ քանի որ ուրախ եմ, կամ սենցն եմ, ապա լավն եմ ու իմ կողքը լավ է։
Որովհետեւ ո՞վ է լավ մարդ։ Լավ մարդ չկա իրականում։
Երեւի բացի Արամազդից։ Իսկ նա ինձ թվում է, մի տեսակ ուրախ մարդ չի։
Իսկ ես առաջ այնքան էի սիրում մարդկանց ուրախացնել։ Բայց ես էլ չեմ պատկերացնում, որ ասենք այսօր իմանամ ընկերներիցս մեկը ազատության հրապարակում են, ու ճանապարհին մտնեմ յամ թեյ վերցնեմ։ Ես էլ չեմ պատկերացնում, որ ուզենամ ինչ որ մեկի համար չճարվող գիրք տպել, կիսվել։ Ես չեմ պատկերացնում որ մի բան տեսնեմ, ու շատ ուզենամ դա նվեր անել։ Ես էլ չեմ պատկերացնում որ ինչ որ մեկի համար կրիպտավորված գրառում կթողնեմ, կամ հատակին գցած կարտոն կտրտեմ, որ հետո ստեղծեմ ամենակարեւոր նվերը ինչ ես կարող եմ տալ։
Ես էլ չեմ պատկերացնում ինձ տենց․․․
Գուցե ուզում եմ ուրախացնել պարզապես ոչ մի բան չանելով, ապրելով ոնց ապրում եմ, ու ոչ այնպես ինչպես չեմ կարող ապրել։
Գուցե վախենում եմ, որ ուրախացնելը դա այլ մարդկանց կոնտրոլի միջոց է, իսկ ահավոր չեմ ուզում կոնտրոլ անել ոչ մեկին՞։
Ասում են, կան մարդիկ ով հավատում է հրաշքներին, ով էլ չի հավատում հրաշքներին, ու ով հրաշքներ է ստեղծում։
Ես էլ չեմ հավատում իմ ստեղծած հրաշքներին։
բայց էդ չի նշանակում որ ես լավ չեմ կամ վատ տրամադրություն ունեմ։
չէ, բնավ վատ չեմ, ինչպես կասեին ջենթլմենները։ Ընկեր Ջի՞վս։ Ինձ մի բաժակ դառը կոֆե, ու այսօր մենք․․․ (էկրանը մթանում է, ձայնը իջնում)
ու տենց