Այսպես ստացվեց, որ 1998 թվին ես նկարել եմ մի հոլովակ, որը պտտում էին կարեւոր հեռուստաալիքներից մեկով օրը մի քանի անգամ, եւ որը ստացավ բավականին լայն ճանաչում եւ համակրանք։ Այդ հոլովակում նկարահանվածներին մատով էին ցույց տալիս փողոցներում, իսկ որոշ արտահայտությունները դարձան, գուցե կարճ կյանք ունեցող, բայց մեմեր։
Մոնտաժը ավարտել էի գիշերը ժամը հինգին, իսկ առավոտը արթնացա, ու անմիջապես գնացի հեռուստաալիքի գրասենյակ, տեսնելու, արդյո՞ք շեֆությունը հավանեց, ու արդյոք եթեր կթողնի։
Արդեն միջանցքում ինձ շրջապատել էր լիքը մարդ, նրանց մեջ կային նաեւ հիացած աղջիկներ, ով միասին կամ մեկը մյուսի հետեւից համբուրում էին, ձեռքերը սեղմում, գրկում, ու լիքը լավ բաներ ասում։
Փաստորեն, տեսել էին արդեն։ Ու փաստորեն, եթեր գնաց, բայց մի փոքր ուղղումով։
Դրանից մի քանի ամիս անց ես գնացի բանակ։ Անցավ մեկ տարի, ես ստացա արձակուրդ, եկա Երեւան, ու բնականաբար մտա ակումբ՝ այդ հեռուստաալիքի գրասենյակը։
Ինձ ճանաչեցին ընդամենը մի քանի ռեժիսոր ու մոնտաժող։ Աղջիկները եւ համբույրները բացակայում էին, ավելի ճիշտ առաջինները բացակայող, բայց գործարար տեսքով պտտվում էին, իսկ երկրորդները պինդ պահված էին նոր պայուսակներում՝ այլ, նոր մարդկանց շոյելու համար։
այսպես ես իմացա, որ փառքը սպիրտի պես արագ ցնդում է։
ու արժեք ընդհանուր առմամբ չի ներկայացնում։
իսկ ի՞նչն է ներկայացնում։
գուցե է գործ անելիս ստացած, եւ գործը լավ իրականացված տեսնելու կարճատեւ հաճույքը։
կարճատեւ, որովհետեւ բնավ միշտ չէ հաջողվում այնպիսի գործ անել, որ երկար ժամանակ դուրդ գա։ եթե աճում ես, բնականաբար։
գուցե գործը, նույնիսկ չստացված գործը անելիս ձեռք բերված զարգացո՞ւմը։ զարգացումը լավ գաղափար է, սազում է իմաստավորելու համար։
ՀԳ․
գրեցի ու հիշեցի՝
– Բուլգակովի վարպետի միտքը՝ կարեւոր է որ տեքստը գրվի, ոչ թե այն, կունենա այդ տեքստը կարդացող, թե ոչ։
հմ, չէ՞ որ ի վերջո ամեն ինչն էլ մեր համար ենք անում։
– Չիմանալով իրական հիվանդությունը Հաուսը կարող էր նախընտրություն տալ այն ախտորոշմանը, երբ հիվանդությունը հնարավոր է բուժել կամ գոնե կառավարել։ Այլապես՝ գործելու իմաստը չէր տեսնում։
ու տենց