պատմություն էմիգրացիայի մասին

Ընկերս է պատմում, առաջին դեմքով:

Մի բավական ազդեցիկ ամերիացու հետ, որը ժամանակավորապես գտնվում էր Երեւանում, այնպես ստացվեց, որ նստեցինք խմելու: Հարցուփորձում էինք իրար, տնտղում էինք, շոշափում, մինչեւ որ երկուսիս ողնաշարերն էլ հուշեցին` ոչ ես եմ Ազգային անվտանգությունից, ոչ էլ ինքը` Կենտրոնական հետախուզական վարչությունից: Ու խոսք ու զրույցը համովացավ, ու էդ համովացման կուլմինացիոն պահին ամերիկացին որոշեց մի դեպք պատմել, որը, ասում են, ամերիկյան դիվանագիտական միջին եւ կրտսեր շրջանակներում մի ժամանակ հիթ է եղել:

Ահագին ժամանակ առաջ, ցրտից, սովից ու անբախտությունից տանջահար, մի միջին տարիքի, միջին սոցիալական եւ կրթական մակարդակի զույգ արտագաղթում է ԱՄՆ: Ես ասեմ միջին կրթական մակարդակի` դուք հասկացեք էնպես, ինչպես հարկն է իրականում: Գնում են, կարծեմ Բոստոն, թե Ֆլորիդա, էական չէ: Գնում են, հաստատվում են, ոչ լեզու գիտեն, ոչ մասնագիտություն ունեն, ոչ էլ հույս ու հեռանկար: Կնոջը մի օր բարի մարդիկ հուշում են, որ պետք է դիմել սոցիալական ապահովության մունիցիպալ ծառայություն, թե չէ` սենց ոնց կլինի, շաքար ու ձեթ մուրալով? Կինն էլ դիմում է: Ես ասեմ կին, դուք հասկացեք անլեզու մի արարած, որի տեսած ամենաառաջադեմ ու բաց ֆիլմը “Ստրկուհի Իզաուրան” էր: Դե կինը, բնականաբար լեզու չգիտի: Ծառայության գրասենյակում մի կերպ պարզում են, որ հայ է, ու թարգմանիչ են փնտրում: Գործավարների շտատում պեղում են մի պարսկահայի, որն իր հերթին աշխատավայրում հայտնի է լինում Jock Ando մականունով: Ոչ թե իր սրամտության համար, չէ, այլ որ հիմնարկի խինդն ու ուրախությունն է լինում, քանզի IQ-ն ձգտելիս է լինում դեպի զրո: Բայց դե միակ հայն է լինում: Գալիս է բուն հարցազրույցի պահը: Կնոջը տալիս են հարցաթերթիկը, որ լրացնի: Գրված է` First naem, last name. Անդոն սկսում է թարգմանել:

– Տիկին, Ձեր առջեւինի անունն ինչ է?

Տիկինն ակնհայտ շփոթության մեջ է: Դե լսել էր, որ Ամերիկան շատ ազատ երկիր է, բայց դե չէր պատկերացնում, որ այն աստիճան, որ այսպիսի հարցեր տան: Բայց միեւնույն է` ամոթխածությունը չի կարողանում հաղթահարել, մնում է կարկամած:

– Տիկին, Ձեր հետեւինի անունն էլ չգիտեք?

Կինն ապշահար է: Համ մտածում է` լավ սրանց ինչին է պետք իմ առջեւինի ու հետեւինի անունները, համ էլ` դե որ հարցնում են, ուրեմն երեւի պետք է: Պետք է-ի մասին էլ վկայում է պարսկահայի դեմքի լրջագույն արտահայտությունը: Բայց չէ, ամոթխածությունն անհաղթահարելի է: Լուռ կանգնած, ապշած, սարսափած ու թախանձագին նայում է թարգմանչի աչքերին, թե` փրկիր, բաբամ, էս ինչ վիճակի մեջ ես ինձ գցում? Մի բուռ հայ ենք…

-Տիկին, լավ, Դուք ամուսին ունեք?

– Հա, ունեմ:

– Ձեր ամուսնու առջեւինի անունն ինչ է?

Վախ, տեր իմ Աստված… Ինչ են ուզում էս մարդիկ ինձնից?

– Տիկին, եթե չպատասխանեք` նպաստ չեք ստանա: Ամուսնու առջեւինի անունն ինչ է?

Քաղցից կոտորվելու հեռանկարն առավել սարսափելի է, քան ամոթխածության փեշը փոքր-ինչ բարձրացնելը:

– Պուպուլ…,- պատասխանում է տիկինը:

– Պուպուլը աշխատում է?,- անմիջապես հետեւում է հարցը:

Դե հիմա եկեք ու պատկերացրեք տիկնոջ վիճակը, կաս կարմիր է կապում, հետո կապտականաչում ու մի կերպ արտաբերում:

– Դե… ժամանակը գիտի…

– Այսինքն Պուպուլը երբեմն աշխատում է…

– Դե հա, երբեմն աշխատում է:

Այս ընթացքում պարսկահայը պարտաճանաչորեն լրացնում է անկետան` First name – Pupul, last name – Tutuz. Ու անկեղծ կարեկցանքը աչքերին` ավելացնում.

– Տիկին, եթե Պուպուլը, թեկուզ երբեմն, աշխատում է, մենք Ձեզ նպաստ տալ չենք կարող…

Ու կինը, փորը փոշման մեկնում է տուն… Թե ինչպես այդ ընտանիքում լուծվեց ամուսնու առջեւինի աշխատանքի հարցը, պատմությունը լռում է: Բայց ասում են, որ այդ անկետան մինչեւ հիմա սուրբ մասունքի պես պահպանվում է Բոստոնի, թե եսիմորտեղի սոցիալական ապահովության մունիցիպալ ծառայության արխիվներում:

հեղինակ` [info]gorowich , աղբյուրը` http://www.akumb.am/showpost.php?p=1143845&postcount=30

վիա

այստեղից

պիտակներ՝ ամերիկաներ  հղում  մէջբերում  միգրացիա