երբ առաջին անգամ գերմանիայում էի՝ շատ բան նոր էր, բայց ապշելուն մէկն էր՝ զգացւում ա, որ ամէնը նախագծուած ա, ու նախագծուած ա՝ մարդուն նկատի ունենալով՝ մարդու ազատութիւնը, արժանապատւութիւնը՝ ու դրանից ա բխում՝ յարմարաւէտութիւնը։
էն որ ինչ֊որ բաներ նախագծուած են լինում՝ ես դեռ մանուկ ժամանակ նկատում էի հայաստանում։ բայց դրանք աւելի շատ նկատում էի որպէս տարօրինակութիւն։ ահա՝ էս պարիսպը, որ չարենցի ու նարդոսի փողոցում լինում ա՝ մէկը նախագծել ա։ իսկ ահա՝ փչանում ա, բետոնը թափուել ա՝ մտածե՞լ են ոնց են փոխելու կամ նորոգելու։ մտածո՞ւմ են։
կամ երբեմն մտածում էի՝ նախագծուած ա։ ու թո՛յլ են տուել։ օրինակ զուարթնոց օդանաւակայանը։ կամ «մոսկուա» կինօթատրոնի ամառային դահլիճը։
իսկ գերմանիայում ամէն ինչն էր թողնում մտածուածի տպաւորութիւն։ եւ դրանից էր որ սակաւաշարժ մարդիկ սայլակներով ման էին տալիս շների, մտնում խանութներ կամ շէնքեր։ իրենք շատ շատ էին՝ իսկ հայաստանում՝ միայն ընտրութիւնների ժամանակ էին շատ։
ու դա նախագծման խնդիր ա։
ընկերներիցս մէկը կատակով ասում էր, թէ հհ֊ում բոլոր խնդիրները կը լուծուեն, եթէ տառատեսակները լաւը լինեն եւ ընթերնելի։
իրականում հակառակն ա՝ երբ նախագծմանը ուշադրութիւն ա դարձւում՝ տառատեսակներն էլ են լաւը։ պարզապէս դրանք աչքի ընկնող են, իսկ էն որ քոչարի զգալի մասի վրայ մայթ չկայ՝ ոչ էդքան։ ոչ ոք չի ուզում էնտեղով քայլել։ իսկ նա ով կարող ա փոխել՝ չի քայլում։ չի քայլում, բայց քայլողի կողքը լռուած ա խցանման մէջ։
ես յիշում եմ երբ ես առաջին անգամ գերմանիայում էի՝ յիշել էի արայի լեռի մօտի եկեղեցին։ եկեղեցուն հասնելու համար պէտք ա անցնել «աստիճաններով» — ցեխի մէջ շարուած քարերով։
ու ես զգացել էի որ անհնար ա որ գերմանիայում լինի նման աստիճան։ եթէ մարդիկ էդտեղով անցնում են՝ ամէնը կոկիկ ա։
ու հարցը փողը չի՝ կամ հարուստ երկիր լինելը չի, ճիշտ ինչպէս հարցը տառատեսակը չի։
ինձ թւում ա՝ յարմարաւէտութիւնը բխում ա այլ բանից՝ արժանապատւութիւնից։ գերմանացին վաղուց եղել ա քաղաքացի՝ ոչ կապիտալիստական սըրընթաց ինդուստրիալիզացիայի քաղաքացի, այլ՝ միջնադարեան արհեստաւորների քաղաքի քաղաքացի։
ու ի դէպ, պատահական չի, որ 1965 թուի (ձնհալի) սովէտական մանկական ֆիլմերից մէկը ազատութեան մասին կոչւում էր՝ «վարպետների քաղաքը»։
վարպետների քաղաքները՝ հիւսիսային իտալիայում էին, նիդերլանդներում՝ դրանցում կար որոշակի ժողովրդավարութիւն՝ ոչ բոլորն էին մասնակից քաղաքական (քաղաքային) պրոցեսների ու որոշումների, բայց մի հոգի չէր՝ ֆեօդալը չէր՝ շատ էին։
եւ քաղաքացին՝ բիւրգերը՝ սովոր էր արժանավայել ապրել։ չի նշանակում՝ հարուստ։ նշանակում ա՝ ոչ խեղճ։
քոչարի փողոցը անանցանելի ա ոչ էն պատճառով որ քաղաքապետարանը ունակ չի էդ խնդիրը լուծել՝ էն պատճառով որ քաղաքապետարանը խնդիր չի տեսնում։ եւ մարդիկ խնդիր չեն տեսնում։ զգում են որ մի բան էն չի, խուսափում են էնտեղով քայլել, բայց՝ չեն գիտակցում։ ինչի՞, ուրիշ ձեւ է՞լ կարող էր լինել։
հայը սովոր ա խեղճ կեանքին։ սովոր ա որ արժանապատիւ չի քայլի փողոցով։ իսկ ապա մայթ կայ թէ չէ՝ շատ չի տարբերում։ իսկ պոմպէյում մայթեր կան։ կային, ու դէ կան, պահպանուել են։ եւ անցումներ՝ որ մարդիկ չցեխոտուեն։ պոմպէ՛յում։ իսկ հայաստանի գիւղերում նոր հիմա են ասֆալտում ոչ հիմնական ճանապարհները։
մարդիկ որ կայացնում են որոշումներ, երկար ապրել են գիւղի֊ֆեոդալի֊դղեակի վիճակներով։ քաղաքացիներ չեն եղել։
իտալական կամ գերմանական քաղաքի՝ քաղաքական պրոցեսներին մասնակցողները ապրել են նոյն քաղաքներում։ քայլել են նոյն փողոցներով, եւ խմել են նոյն հրապարակներում իրենց ընկերների հետ։
էս տեսակէտից ցաւով կարելի ա նշել, որ խսհմ֊ի քաղաքները՝ փոքր պատուհաններով, երկու մետրանոց առաստաղներով՝ ամենալաւ բանն էր ինչ երբեւէ պատահել էր հայի հետ։ ու դա քիչ էր, նաեւ հաշուի առնելով համակարգը եւ վախի մթնոլորտը, արժանապատիւ քաղաքացու առաջացման համար։
ու կրկին, պատահական չի որ նիկոլի վրայ շատ ազդել էր թիֆլիսը։ այս յօդուածն այլեւս գոյութիւն չունի նոյն յղումով, չեմ կարողանում գտնել։ բայց մէջբերումս մնացել ա։ ու պատահաբար չի որ նա ասում էր՝ «հպարտ քաղաքացի»։ նա զգում էր, գուցէ չէր գիտակցում։
բայց մենք դեռ պէտք ա շատ աւելի հպարտ դառնանք որ քոչարի փողոցով ոչ մէկ չքայլի էնպէս ինչպէս հիմա։ կամ աւետիսեան։ էլ ի՞նչ խօսել աւելի հեռու փողոցների մասին։ կամ՝ սարեան փողոցն էլ սայլակով՝ լինի դա սակաւաշարժին տանող, թէ երեխային՝ անցանելի չի։
յ․ գ․
ու ինձ թւում ա ես հասկանում եմ ինչի ռուսաստանեան մեքենաները չեն եղել ու չեն լինի յարմարաւէտ։ ինչի արեւելեան եւրոպայի՝ խսհմ կողմից գերի պահած ժողովուրդները (վարշաւեան պայմանագիր՝ էսօրուայ հապկ֊ի նախնին) այլ կերպ էին ապրում նոյնիսկ սոցիալիզմի պարագայում։ ու հէնց հնարաւոր դարձաւ՝ թռիչքաձեւ աճ ունեցան։ ինչի լեհաստանը ունեցաւ, բալթեան երկրները ունեցան՝ իսկ ուկրաինան, կամ հայաստանը՝ չէ։
յարմարաւէտ bmw նախագծելու համար պէտք ա լինել արժանապատիւ կեանքին սովոր մարդ։ բիւրգերի հետնորդ։ եւ էդ bmw֊ն չքշելու համար՝ քաղաքը մեքենայ կողմնորոշուած չդարձնելու համար էլ ա պէտք։
ընդհանուր առմամբ՝ ով ա ինչ֊ինչ պատճառներով, ում բախտը ոնց բերել ա՝ շուտ ա հասել քաղաքացիներին, բառացիօրէն, եւ շուտ ա լքել ճորտի֊ֆեոդալի կարգավիճակը։ որտեղ են եղել վարպետները։
ու տէնց։
#պատմութիւն #ազատութիւն #քաղաք