մի մարդ կայ, ինձ չհանդուրժելու դուխ է տալիս։
ես, լինում է, հանդուրժում եմ ինչ֊որ տեղերում լինել, ուր ինձ դուր չի գալիս, հանդուրժում եմ ինչ֊որ մարդկանց ներկայութիւնը, ում հետ ինձ եթէ, թւում է թէ, վատ չէ, բայց եւ լաւ էլ չէ, ու ես իզուր ծախսած ժամանակի զգացողութիւն ունեմ։ աւելին, ինձ ահագին ցաւում է նրանից ինչ լսում եմ, ու ես մտածում եմ՝ ի՞նչ եմ ես այստեղ անում, ու ի՞նչ կապ ունեմ այս մարդկանց հետ։
որ գոյներն իրար հետ նայւեն, իրենց լուծում են մի ընդհանուր այլ գոյնով։ իսկ այսպէս մենք մի տեսակ իրար մօտ չենք նայւում, ու էսթետիկական ընկալումս ըմբոստանում է, ցանկութիւն է լինում հանել օտար էլեմենտը՝ ինձ, որ մնացածը լաւ նայուեն։
իսկ նա, այդ մարդը չի կարողանում, գուցէ իր մօտ ցաւ զգալու շեմն աւելի ցածր է, կամ գուցէ ես եմ նա, ով սովոր է ցաւ հանդուրժել, ու երբ ասենք ափսէներ եմ լուանում, ու ջուրը տաքանում է, մինչեւ վերջ դիմանում եմ։ բնաւ դելֆին չեմ։
ու եթէ ես ինչ֊որ բան սխալ եմ արել կեանքում, դա հենց այն է, որ հարմարւում էի ժամանակս ծախսել ինչպէս չեմ ուզում։
որոշ բաների մէջ յառաջադիմել եմ ու սահմաններս պահում եմ՝ չեմ գնում թիմ բիլդինգների, ասենք։ ու չունեմ յարաբերութիւններ բարեկամների հետ, ովքեր որպէս կանոն ինձ օտար մարդիկ են (ու այդպէս էլ պէտք է լինի, ինչո՞ւ աշխարհի այսքան մարդկանցից, ես հենց իրենց պէտք է ընտրեմ շփուելու համար)։ դա այն է, ինչ վաղուց սովորել եմ, ու քիչ քիչ եմ ինձ թոյլ տուել։
բայց մէկ է երբեմն մնում եմ այնտեղ, ուր ինձ վատ է։ կամ չեմ մնում այնտեղ, ուր ինձ լաւ է։ ու երբ տեսնում եմ իրեն, ով կոնտակտի մէջ է իր զգացմունքների հետ, մտածում եմ՝ գրողը տանի, ես կարո՛ղ եմ դա անել, ես ոչ մէկին ոչ մի բան պարտաւոր չեմ, եթէ ինչ֊որ բան արել եմ՝ լաւութիւն եմ արել, ու եթէ նեղանում են, որ ես իրենց շուրջը չեմ՝ թող նեղանան։ ես չեմ ուզում ժամանակ ծախսել ու ինձ վատ զգալ, որ ինչ֊որ մարդիկ չնեղանան։
ու հաճոյքով պարզել եմ, որ ես սիրում եմ մենակ լինել իմ տանը։ ու ես սիրում եմ վայելել իմ գործի տեղի սենեակում ժամանակը, երբ բոլորը գնացել են։ ոչ թէ ստիպուած եմ, այլ սիրում եմ։ ես իմ համար մարդ եմ առաջին հերթին։
յոգնել եմ ուրիշների համար մարդ լինելուց։ ես նոյնիսկ մի պահ, արդէն բաւական վաղուց, գիտակցեցի, որ իրականում սիրում եմ մենակ ճամփորդել։ առաջ մտածում էի՝ ինչ անկապ է, ոչ մէկ՝ այսինքն կոնկրետ մէկն, ինձ չի սիրում, իսկ հիմա գիտեմ, որ հակառակն է անկապը, երբ ես ափսոսում էի ինքս իմ համար բենզին վառել։ ես արժանի եմ նրան որ ես ինձ ման տամ, ու գնամ կորեմ իմ ուզած բակերում, եւ իմ ուզած դաշտերում, այնքան, ինչքան ուզում եմ։ ու նստեմ սեւանի ափին, ու վայելեմ սեւանը, որի մօտ ինձ բախտ է վիճակուել ապրել։ իսկ առաջ մտածում էի՝ ափսոս է ինքդ քեզ ման տաս, այդքան չկաս, այ եթէ ինչ֊որ մէկի համար անես, այ այդ ժամանակ իմաստ ունի։ ու ուրախանում էի, երբ ինձ բան էին խնդրում, որ օգտակար զգամ ինձ։ հիմա մտածում եմ, բա ես ինքս ինձ օգտակար չլինե՞մ։ ես այդքան վատը չեմ, կարող եմ ինքս ինձ էլ խնդրել տարբեր բաներ։
այնպէս որ, փորձեմ դուխս տեղը պահել, ու խղճիս հետ մի ձեւ պայմանաւորուել, որ չտանջի։