2016-03-28-15447

խօսում էինք ընկերոջս հետ, երբ զանգեց իր 11֊ամեայ դուստրը։

զանգի աւարտից յետոյ ընկերս բացատրեց՝

— դուստրս ունի ընկեր։ նրանք պարբերաբար կռւում են։ յետոյ մի երեք օր անցնում է, դուրս է գալիս տանից, հարցնում եմ, ասում է՝ «լեւոնի հետ զբօսնելու»։ վերջին երկու շաբաթը կռիւ չէին արել, ես էլ մտածել էի՝ «չլինի՞ մեծացել են»։

ինձ էլ հետաքրքրեց, որ նա այդպէս արտայայտուեց՝ «մեծացել են»։ ոչ միայն այն, որ չի պահել իր դստեր կողմը, չի ասել՝ «այդ անպիտան տղան իրեն նեղացնում է», այլ հենց «մեծացել են»։ երկուսն էլ։

կարող է չէ՞ լինել այնպէս, որ իրենցից մէկն աւելի հասուն է, աւելի մեծ է։ բայց դա կարեւոր չէ «իրենց» համար, որպէս միաւոր։ քանի որ երկուսի (որոշ ալգորիթմով) միջինն է կարեւոր այդ միաւորի համար։

այդ պատճառով է որ սէրը անփոխադարձ չի լինում։ ոչ թէ այն պատճառով, որ եթէ սէր է, ապա անպայման փոխադարձ է, չէ, բնաւ, այլ այն պատճառով, որ պրոցես է, որ պահանջում է երկուս (եւ/կամ աւե՞լ) մասնակից։

ու դա բերում է ինձ ազգի(որպէս միաւոր), եւ իմ ու ազգի յարաբերութեան մասին մտքերին։

ես գրում էի, որ Զուարթնոցն(օդանաւակայանը) իմ մասին էլ է։ ձեզ թւում է անկա՞պ իմ Զուարթնոցով հպարտանալը։ չէ՞ որ ես այն չեմ նախագծել, չեմ մասնակցել, նոյնիսկ ճարտարապետին սուրճ չեմ մատուցել երբ նա աշխատում էր, ու առհասարակ պլաններում երեւի չկայի։ (նայած ում պլաններում՝ տիեզերքի, աստուածների պլաններում չէ, այլ իրենց կամքը համեստ իրագործողների)

բայց չէ՞ որ դուք ամաչում էք, երբ մեր երկիրը ներկայացնում է, ասենք Սերժը։ ես էլ էի ամաչում։

ապա կարող էի եւ հպարտանալ Զուարթնոցով։ ապա «արդար է»։

իսկ եթէ խօսենք «մեր» մասին որպէս տարբեր քաղաքացիների միջինով ներկայացուած միաւորի, ապա արդե՞օք Զուարթնոցը կամ Սերժը մեր մասին է։

չէ, Զուարթնոցը մեր մասին չէ այսօր։ «մենք» այսօր ապագայ նայող չենք, ֆուտուրիստիկ տեքնոկրատիկ կառոյցը մեր մասին չէ։ այդ պատճառով էլ շուտով չի լինի։ չի լինի ոչ թէ այն պատճառով, որ կապիտալի շահ է, որ կոռուպցիա է, դա իրագործման մանրուքներ են։

կարեւորն այն է, որ ազգին (որպէս միջինացուած միաւոր) չի համապատասխանում։

այս յարաբերութեան մէջ չի գնահատւում Զուարթնոցի պէս զարդը։ Գնահատւում է, ոնց էր դրա անունը։ Բելաջիոն։ եւ Փարուանան։

այդ է նաեւ պատճառը իմ համար կարեւոր մարդկանց հեռանալու։ բարեւ, սիլուեր։ որ սա այլեւս Զուարթնոց օդանաւակայանի երկիրը չէ եւ յոյս էլ չկայ, որ կը լինի մօտ ժամանակում։

Սա երկիր է որը ներկայացնում է՝ այսօր Սերժը, երեկ Ռոբերտը, վաղը չգիտեմ ով, դա կրկին իրագործման մանրուքներ են։ Սերժը կայ, քանի որ միջինացուած միաւորին համապատասխան է։ (ինչպէս մի ժամանակակից հայ գրող ասաց տաքսիստին՝ «ինչո՞ւ ես Միշիկ֊Սաշիկից բողոքում, եթէ դու պաշտօնեայ լինէիր, եղբօրդ նման լաւութիւններ չէ՞իր անի»։ «իհարկէ կանէի»՝ հաստատեց տաքսիստը։ «դէ մի բողոքիր, խնդրում եմ»՝ ասաց գրողը։ ու գրողն էլ այլեւս Հայաստանում չի լինելու երկու ամիս անց։)

Դուք կասէք՝ մաքսուելի դեմոնը։ իսկ ես կասեմ ոչ։ նախ, ԳԴՀ֊ն չէր կարող այլը լինել ինչքան էլ մարդիկ չուզենային այն այլը լինի, քանի որ դրսի ուժը վճռական դեր էր խաղում ԳԴՀ֊ում։ Այն փաստացի օկուպացուած էր ԽՍՀՄ կողմից։ ՌԴ֊ն այսօր ՀՀ֊ում նման վճռական դեր չի խաղում ինչպէս ԽՍՀՄ֊ը ԳԴՀ֊ում։

Երկրորդ փաստարկս՝ այդ վեց հազար վստահուած անձի չլինելն է։ Եթէ ՀՀ %75֊ը լինէր ասենք այն «ակտիւիստ» աղջկայ պէս վճռական, Սերժը այսօր չէր լինի։

Ու եւս մի փաստարկ։ Իննսունականներին Մաքսուելի դեմոնը աշխատում էր Սովետին նման, իներցիայով։ Կրկին՝ ախպերութիւն, կրկին կոռուպցիա, պարզապէս նոր «էլիտայի»։ Սաակաշուիլու արժէքն հենց դա է, որ նա փոխեց դեմոնին եւ փորձեց հաստատել մերիտոկրատիա։ Որը բացի Բալտեան երկրներից եւ Վրաստանից ոչ մի այլ «հանրապետութիւնում» տեղի չունեցաւ։

ու եկել է ժամանակը մի բան գիտակցելու, եւ համակերպուելու, եւ փոխելու վարքագիծը։

ես իրականում ոնց որ թէ եւ չկամ այդ ֆորմատում՝ միաւորի ֆորմատում, իմ ու մեր յարաբերութեան մէջ։ ես յարաբերութեան մաս չեմ։

երբ մենք ընդունում ենք աշխատանքի մարդ, ու ես տխրում եմ, ինչ վիճակ է, ես ինձ էլ էի մեղաւոր, պատասխանատու զգում։ ես չեմ դասաւանդում ու մերժել եմ բոլոր առաջարկները։ բայց չէ՞ որ ես չեմ դասաւանդում մասնաւորապէս այն պատճառով որ չեմ ուզում, չեմ կարող, այն, իմ պատկերացումներով, կոռումպացուած համակարգի մաս լինել ու մի կերպ աշխատել այդ ձեւով։

ինչպէս ասել է Շենդերովիչը, եթէ կանգնել ես Ժիրինովսկու կողքը, քեզնից Ժիրինովսկու հոտ է գալու։ իսկ ես չեմ ուզում ինձնից «ընկեր այսինչեանի» հոտը գայ։

(կամ պէտք է դրսի ուժ լինի, ու քեզ պաշտպանի։ բայց ապա դու այնքան էլ տեղացու դեր չես կատարում)։

երբ զգում ես քեզ համայնքի մաս, ուզում ես իդենտիֆիկացնել քեզ այդ համայնքի գոնէ որոշ «դաշտերի» հետ։ այսպէս, ես իդենտիֆիկացնում էի ինձ «լաւ էլի»֊ի հետ։ դա ինչ֊որ տեղական բան էր, որը «թաթուլ» չէր, որը գուցէ կարելի էր մի ձեւ հայկական ռոք անուանել, երեւի այն պատճառով, որ «պրոտեստ»֊ի մասին էր, իսկ դա օգտակար է առողջութեանը, ու ինձ մօտ է։ ու ես այն տարածում էի, ասենք։

բայց ես լաւ հասկանում եմ, որ նոյնիսկ «լաւ էլի»֊ն բնաւ իմ մասին չէ։ այն «հին» է, խռպոտ ձայնով երգած, «մուժիկ»֊ական։ ոնց որ երիտասարդի երգած չլինի։ վահրամ մարտիրոսեանը գրում էր «յիմարի» ռեմիքսում, որ մենք մանուկ ենք, յետոյ մի անգամից՝ պառաւ։ երիտասարդ էլ չենք լինում։

ես երիտասարդական թեթեւութիւնը զգում եմ վրացական «պապարացի»֊ների մօտ։ ես լիբերալ ազատական ոգին զգում եմ թիֆլիսի փողոցների բազմազանութեան մէջ։ ու այդ է պատճառը որ Վրաստանում հնարաւոր էր Սաակաշուիլի, իսկ Հայաստանում՝ չի եղել, եւ դեմոնին չի փոխել։

եւ այդ է պատճառը, որ տխրում էի, տեսնելով այդ սահմանապահի սովետական գլխարկը, երբ մտնում էի հայաստան։ դա իմ գլխին էլ էր։ այն ինձ էր ներկայացնում, այդ գլխարկը։ այդ գլխարկը, որը սովետին է խորհրդանշում, եւ որի մասին «սփինինգ բորիս» ֆիլմում ասացին՝ «ինչպէ՞ս են այն հագնում, չէ՞ որ արժանապատւութիւն գոյութիւն ունի»։

ես սիրում եմ սրճարաններում պատուհանի մօտ նստել։ նայել քաղաքին, եւ որ քաղաքը նայի ինձ։ ու կապ զգալ քաղաքի հետ։ բայց քաղաքն այսօր ինձ նայում է «ամուսնացիր կամ փախչիր» պաստառով։ ես էլ այն եմ տեսնում։

իսկ ես չեմ ուզում այդ ընտրութիւնը՝ ամուսնանալ կամ փախչել։ մի տեսակ ինձ հոգեհարազատ ընտրութիւն չէ։

ու հիմա հասկանում եմ որ, ես փաստացի դուրս եմ «մեզնից», ես իրականում մեզ հետ կապ չունեմ։

ես ես եմ։

ես նորայրն եմ։

ես ապրում եմ երեւանում։ ստոպ։ երեւանո՞ւմ։ գուցէ իմ տա՞նն եմ ապրում։

ամէն դէպքում ես յարաբերութիւնից դուրս եմ։ մենք միասին չենք։

ես գրել եմ որ ինձ տեղացիները տեղացու տեղ չեն դնում։ իսկ թիֆլիսում թիւրինգի թեստն անցնում եմ դնում են՝ մօտենում են եւ խօսում վրացերէն։ սա «կապոյտ աչքերի» մասին չէ, սա հագնուելու մասին է, խօսելու ձեւի, շարժումների՝ մշակոյթի մասին է։

երբ ասում են ակցենտ է մօտդ՝ ասում եմ՝ «չէ չէ, ռուսական ակցենտ է, պարսկական չի», ասում են՝ «չէ չէ, չես խաբի»։ ճիշտ են ասում, քանի որ ռուսական ակցենտը սոց֊ռեալիստական հագնուած մէկի մօտ կը լինէր, արդուկած տաբատով, մէջը դրած վերնաշապիկով, ու ով «կուրգինեան» է դիտում, թէ ոնց էր իր ազգանունը։

մարդիկ էակներ են որ շատ լաւ զգում են մշակոյթը, ու շատ լաւ նոյնականացնում են դիմացինի մշակոյթը իմացած շաբլոնների հետ։

ու ես ականատես եմ եղել վերջերս պարսիկ զբօսաշրջիկների հանդէպ, ոնց ասեմ, ոչ արդար վերաբերմունքի։ որից ես ամաչել եմ։ ու յետոյ, իմ խաչմերուկում տեսայ պարսիկներ են խմում֊ուրախանում֊բարձր խօսում։ դէ ես բնաւ խմող֊ուրախացող֊բարձր խօսացող չեմ, ու կարող էի մտածել՝ այս ինչ է տեղի ունենում իմ քաղաքի սրտում, սրիկանե՜ր, բայց ես մօտեցայ իրենց ու լրիւ անկապ, յիմար ձեւով սկսեցի՝ «որտեղի՞ց էք», ասացին՝ «իրանից», ասացի «վոյ ինչ հաւէս է» (թէ չէ ես չէի ջոկել որտեղից են), ասացի՝ «welcome to armenia», ասացի՝ «i want you to feel welcomed here»։

բայց դա չաշխատեց։ իրենք շատ ճիշտ բան ասացին՝ «բայց դու տեղացի չես։ դու կամ վրացի ես կամ ռուս։ մեզ չես խաբի, չէ չէ։» «չէ, ես այս շէնքում եմ ապրում, իսկ այն շէնքում մեծացել եմ»֊ը չէր օգնի։

քանի որ իրենց պէտք չէ որ ես իրենց ասեմ «welcome»։ իրենց պէտք է այն նեղացնող մարդու նման մէկն ասի, ով միջին հայաստանցին է, իրենց պէտք է որ այն պլպլան շորիկով աղջիկն ասի, իրենց պէտք է որ այն ծիծակով տղան ասի։ ես ասեմ՝ որ ի՞նչ։ իրենց պէտք չէ ես ասեմ։ իրօք պէտք չէ։ հասկանում եմ։

այսպիսով, ես էլ չեմ ամաչում Սերժից, ու չեմ հպարտանում Զուարթնոցով։ չեմ գնում դիտորդ։ ու չեմ հիւրընկալում զբօսաշրջիկների։ ու երբ եւրոպայից մարդ գայ, ասեն՝ նորայր, արի տանենք ման տանք, չեմ գնալու։ (: ես ի՞նչ ման տամ։ թող տեղացիները ման տան։

դա ինձ միայն թւում էր որ ես գիտեմ «իրական երեւանը»։ իրական երեւանը իրենք գիտեն, իրական երեւանցիները։ (:

իսկ իմ ու հայաստանի յարաբերութիւնը չի կայացել՝ տապալուել է։ նոյն պատճառով ինչ տապալուել են իմ անձնական յարաբերութիւնները, թերեւս։

մինչ։

պիտակներ՝ Զուարթնոց  թիւրինգի թեստ  Հայաստան  մաքսուելի դեմոնը  մշակոյթ  յարաբերութիւն  Սաակաշուիլի  Վրաստան 
վայր՝ երեւան  թբիլիսի