Մերոնց մոտ մի շատ հետաքրքիր ընկալում կայ, իռացիոնալ համոզմունք, որ լրիւ հաւէս բաները դրսում են, որ Հայաստանը գրողի ծոցն է, Հայաստանը անհետաքրքիր է, որ այստեղ բացայայտելու կամ գնահատելու բան չկայ, ու այստեղի մարդիկ բայ դիզայն, լռելեայն անկապն են։
Իրենք հետաքրքիրն են դառնում սակայն, այն պայմանով եթէ գնան դուրս։ Եթէ հայը դրսում է, նա խելացիների, ընտրեալների ակումբին է պատկանում։
Քանզի արդեն «մերը» չէ, իրենցն է, իսկ իրենց մոտինը լաւն է, քանի որ այնտեղ մարդկանց գնահատում են։
Իսկ այստեղ մարդը չի գնահատւում, գնահատւում է, սակայն, տեղանքը, հողը, իսկ հողի ֆունկցիան պարզ է՝ դրա մէջ թաղուելու համար է։
Ու դա ինքդ քեզ, քո կեանքը չգնահատելու մասին է։
Այս մօտեցումը լրիւ անհեթեթութեան է հասնում, ու կասեն՝ որ դե նա Մոսկուայում, կամ Ամերիկայում է եղել, ու այնտեղ (նա վեհ է), յիմար ինչ֊որ մի բան է սովորել, ասենք՝ «ցիսկո» ընկերութեան սարքերը կարգաւորել։ Ես չեմ խօսում այն մասին, որ ձեռնարկները համացանցում են, ուր այդ «փեշակը» քայլ առ քայլ բացատրւում է, դա կարեւոր չէ։ Այնտեղ է միայն կարելի դա սովորել, դուրսը, կամ, եթէ այնտեղ սովորածը չէ, ապա լաւը չէ, ապա լաւ չգիտի նա «ցիսկո» կարգաւորել։
Ու կապ չունի, թէ նա արտասահմանում ինչ է արել ու ոնց է սովորել, ու էական չէ, որ օր ու գիշեր փարթիներով էր ռուս ծտերի հետ, քանի որ այլ ծտերի հետ լեզուական խնդիրներ ունի, եւ զբաղւած էր երբեմն հարբեցողութեամբ, երբեմն դիսկոներով, իսկ երբեմն էլ գողութեամբ։ Այնտեղի օդը շնչելն արդեն անձը վեհացնում է, անձը դարձնում է աւելի լաւը, աւելի կատարեալը։ Ու եթէ նա, վեհը, խելացին, պատահաբար Հայաստան գայ, իրեն ոչ միայն կստիպեն այդ մանկամիտ արարքի զանազան արդարացումներ գտնել, այլ եւ հարցազրոյցի ընթացքում այլ աչքով կնայեն։
Զարմանալի է, բայց միաժամանակ գործում է եւ այլ իռացիոնալ համոզմունքը՝ մազերդ երկար են, կամ մի քիչ ոչ այդքան սեւ ես հագնուած — ուրեմն արտասահմանում ես եղել, այնտեղ ես այդ սովորոյթը իւրացրել։
Իսկ եթէ այնուամենայնիւ իրօք արտասահմանում եղել ես, ապա ոչ ոք այլեւս չի հաւատա, որ մինչ գնալդ ասենք «ցիսկո» աւելի լաւ էիր կարգաւորում, մազերդ էլ չէիր կտրում արտասահմանում, քանի որ վարսավիրի փող չունէիր։ Կամ որ մինչ այդ էլ էին երկար, ու բան էլ չի փոխել։
Վրացիները մեզնից հենց դրանով էլ տարբերւում են, իրենք ով կան նա են, այդ պատճառով էլ համ տարբեր են, ու վրացին ինչ ասես արտաքին ունի, բայց շրջապատի համար միեւնոյն է վրացի է մնում, եւ գնահատում են իրենք իրենց, այն ինչ կան, ու իրենց շուրջը եղածը․ հասկանում են, որ ուրիշ տեղ Մթածմինդա չկայ, ասենք, ու նախընտրում են այդ Մթածմինդային նայող պատշգամբով տանը ապրել, քան Մթածմինդայի պատկերով նկարը կախել պատին։ Այսինքն ապրել այստեղ ու հիմա, ու լինել այնպիսին, ինչպիսին կան, ու լինել դրանով բաւական գոհ։
Բայց ամենը չէ այնքան վատ։
Մեզ մօտ, Լոռու մարզ մտնելիս, որտեղից էլ դա լինի, Սպիտակով, թէ Գիւմրիով, գրված է՝ «Դբա լաւը»։ Իսկ երբ դուրս ես գալիս, գրուած է՝ «Դբա լաւը» ու գիծ է քաշած։
Այնպէս որ զգօն եղէք սահմանները հատելիս։
ու տենց