2013-07-31-թառումեան-շուշի-մէջբերում

Թաղիադյանը, 1821 թվականին Եփրեմ կաթողիկոսի հետ գտնվելով Շուշի քաղաքում, պատմում է, որ Շուշում այն ժամանակ բնակվում էին երկու վաճառաշահ տներ, որոնք խոշոր կապիտալների տեր էին եւ ահագին գործարքներ էին կատարում։ Այդ առեւտրական տներից մեկը Հախումյանների տունն էր, որը ռուսական կայսրության գանձարանում մոտ մեկ միլիոն ռուբլի փող ուներ եւ առեւտուր էր անում Իրանի, Սիբիրի եւ Եվրոպայի քաղաքների հետ, ուներ մեծ քանակությամբ գործակատարներ։ Երկրորդ վաճառաշահ տունը եղբայրք Զոհրապ եւ Մեսրովբ Թառումյանների տունն էր, որը արտոնություններ ուներ Կասպից ծովի ձկնորսության եւ նավագնացության մեջ եւ ոչ պակաս առեւտրական գործեր էր վարում, քան Հախումյանների տունը։ Եղբայրք Թառումյանները իրենց հաշվին Շուշում կառուցել են Ագուլյաց եկեղեցին, թեեւ իրենց Ղազանչեցվոց ծխին էին պատկանում։

Թառումյանի մահվանից հետո նրան թաղում են «մեծ պատվով, ինչպես Արտաշես Արշակունի թագավորին», գրում է Թաղիադյանը, «հայոց կաթողիկոսի, եպիսկոպոսների եւ ժողովրդի ահագին բազմության ներկայությամբ»։

Ռ․ Հ․ Գասպարյան, Շուշի քաղաքը, Հայաստանի ԳԱ հրատարակչություն, 1993, 47 էջ։

պիտակներ՝ մէջբերում  Շուշի  պատմութիւն  քաղաք 
վայր՝ արցախ  շուշի