2017-11-09-2819805

Լապլասի հրէշը պարադօքս է պարունակում իր մէջ։ Ենթադրենք, այդպիսի մեքենայ ստեղծուել է, այն նիւթական է եւ 1 րոպէում կարող է հաշուել այն, ինչ տեղի է ունենալու տիեզերքում 2 րոպէ յետոյ։ Երբ այդ մեքենան 1 րոպէ աշխատելուց յետոյ ցոյց կտայ արդիւնքը եւ ըստ նրա մէջ ներդրուած ծրագրի կսկսի յաջորդ ապագան գուշակել, այն, ըստ էութեան, արդէն կիմանայ իր սեփական պատասխանը, քանի որ այն գրուած է նրա առաջին գուշակութեան մէջ։ Այսինքն՝ առաջին րոպէից յետոյ նա պէտք է իմանայ ոչ միայն այն, թէ ինչ կլինի 2 րոպէ յետոյ, այլ նաեւ այն, ինչ կլինի 3 րոպէ յետոյ։ Բայց այդ դէպքում այդ տուեալների հիման վրայ նա պէտք է սկսի գուշակել, եւս մէկ րոպէով աւել։ Այն նաեւ պէտք է հաշուի առնուի եւ արդէն գտնուի կանխագուշակման մէջ, որը տրուել էր նրան ամենասկզբում՝ 1 րոպէ աշխատելուց յետոյ։ Այսինքն՝ նա կիմանայ 4 րոպէ յետոյի ապագան։ Եւ այդպէս շարունակ դէպի անվերջութիւն։

Ստացւում է, որ եթէ Լապլասի հրէշը գոյութիւն ունենար, նա իր աշխատանքի 1 րոպէում պէտք է իմանար մի պատասխան, որը կպարունակեր Տիեզերքի ամբողջ պատմութիւնը՝ մինչեւ ժամանակների վախճանը։ Եթէ ենթադրենք, որ ժամանակը անվերջ է, ապա տուեալների անվերջ զանգուած է ստացւում։ Այդպիսի արդիւնքը երբեք հնարաւոր չի լինի ցուցադրել կամ պահպանել նիւթական կերպով՝ ենթադրեալ մեքենայի ֆիզիկական յիշողութեան մէջ, քանի որ ենթադրւում է որ նրա հզօրութիւնը հսկայական է, բայց ոչ անվերջ (քանի որ այն նիւթական է, ապա սահմանափակ է)։ Պարադօքսն այն է, որ ապագայի գուշակման գործընթացի ընթացքում 2 եւ աւելի րոպէ յետոյ Լապլասի հրէշը պէտք է հաշուի առնի այն պատասխանը, որը կստանայ 1 րոպէ յետոյ, քանի որ այդ մեքենան նոյնպէս տիեզերքի մաս է։ Նա պէտք է իմանայ, թէ ինչպէս իրենց կը դրսեւորեն իր սեփական ատոմները 1 րոպէ յետոյ, որպէսզի 2 րոպէ առաջ գուշակելու հնարաւորութիւն ունենայ։ 1 րոպէի ընթացքում ստացուած անվերջ արդիւնքի հաշուի առնելը՝ յետագայ հաշուարկների համար, անհնար է, ինչը նշանակում է 1 րոպէից յետոյ կանխագուշակել հնարաւոր չէ։ Այդ դէպքում արդիւնքը վերջաւոր է, քանի որ մեքենան չի գուշակել այն, թէ ինչ կգուշակի յետոյ, եւ արդիւնքը կրկին տեղաւորւում է մեքենայի յիշողութեան մէջ։ Սակայն այն արդէն 2 րոպէ կանխագուշակում չի պարունակում, որը հակասում է մեքենայի նկարագրութեանը, որը տուել էր սկզբում։ Գուշակելով ապագան եւ լինելով նիւթական՝ Լապլասի հրէշը չի կարող գուշակել ապագան։

Այդ կերպ, եթէ ենթադրենք, որ տիեզերքի գոյութեան ժամանակը անվերջ է, ապա Լապլասի հրէշը պէտք է ապագայի գուշակելու համար կայ՛մ հաշուի չառնի իրեն (իսկ դրա համար նա պէտք է ոչ նիւթական լինի, որն արդէն հակասում է պայմաններին, կամ էլ որպէս տարբերակ՝ պէտք է գոյութիւն ունենայ ուսումնասիրուող տիեզերքից դուրս), կամ էլ սկզբունքօրէն (անգամ կատարեալ ենթադրեալ աշխարհում) անհնար լինի դա։ Սակայն եթէ ենթադրենք, որ տիեզերքի գոյութեան ժամանակը վերջաւոր է (այսինքն՝ այն սահմանափակուած է ապագայով եւ ինչ֊որ կերպ կդադարի գոյութիւն ունենալ որոշակի պահին), ապա Լապլասի հրէշը կարող է գոյութիւն ունենալ։

https://hy.wikipedia.org/wiki/%D4%BC%D5%A1%D5%BA%D5%AC%D5%A1%D5%BD%D5%AB_%D5%B0%D6%80%D5%A5%D5%B7

#լապլաս #պարադօքս

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝ լապլաս  պարադօքս