ասք միջազգային առաջնության մասին

Իսկ այս գիշեր ազատության հրապարակում ռուս զբոսաշրջիկների թիմը խաղում էր ֆուտբոլ պարսկահայ զբոսաշրջիկների հետ։

Պարսկահայերը դարպասը նշեցին կոշիկներով, ռուսները ֊ ուսապարկերով։

Պարսկահայերը՝ լայն, ռուսները՝ նեղ։

Պարսկահայերը վազում էին բոբիկ, ռուսները ֊ սանդալներով։

Ամեն թիմը ուներ իր երկրպագուներին, ով հետեւում էր խաղին Սպենդիարյանի արձանի վրայից։

֊ Ես հայ եմ, բայց պարսկահայ ֊ ասաց աղջիկը ռուսներին։

Ռուսները չհասկացան ու շարունակեցին փսփսալ իրար մեջ մինչ նրանցից մեկը բարձր ասաց

֊ տի շտո, տակ անի ժե պանիմայուտ

֊ դա նի պանիմա՜յուտ

Խաղի ժամանակ ինձ մի պահ թվաց, որ գուցե Երեւանը կդառնա Նյու Բռազիլ, իսկ Ռիո դե Ժանեյրոն կվերանվանեն Էրեբունի։ Բայց դա ընդհամենը մի պահ։

Հետո պարզվեց որ խաղացողներից մեկը (չհասկացա ում կողմից) տեղացի էր, ու երբ հաշիվը վեց վեց դարձավ, նա խաղը ընդհատեց։

֊ մենք շատ ենք խմել, էլ չենք կարող խաղալ, նիչյա, դռուժբա, Ռասիա, Իրան, Արմենիա։

Ռուսները չէին համաձայնվում։ Պարսկահայերը շփոթվեցին, չհասկացան։

֊ Դռուժբա, Արմենիա, Ռասիա, Իրան ֊ ինքն իր ձեռքերը սեղմեց ու բարձրացրեց օդ զգալով որ մեկնած ձեռքը ռուսները չեն սեղմի։

Ռուսները հիասթափված էին, ուզում էին հաղթել։

Ու ինձ այդ ժամանակ արդեն լրիվ պարզ դարձավ որ սա Ռիո դե Ժանեյրոն չէ։

Բնավ։

Թեկուզ եւ նոր։

_ու տենց _

պիտակներ՝ ազատութեան հրապարակ  սփյուռք  ֆուտբոլ 
վայր՝ երեւան