մանրախնդրային

սկսեմ նրանից, որ պեդանտիկ (մանրախնդի՞ր) վերաբերմունք ունեմ շատ զանազան դէպքերում։

ունեմ խօսքին՝ երբ գալիս ասում են՝ «ես… ըըը… թոքենի համար», կամ «բան եմ տալիս, չի լինում», ու յոյսով նայում են աչքերիդ, որ հասկանաս։

ես յաճախ հասկանում եմ, բայց յայտնում եմ, որ չեմ հասկանում։ ու հարց եմ տալիս, որ տառապէն, եւ միտքը հասկանալի, ճիշտ եւ հայերէն ձեւակերպեն։

ու երբեմն ստացւում է, որ ինձ միայն թուացել է, որ հասկանում եմ, իսկ իրականում լրիւ այլ բան էին ուզում արտայայտել։

ես բծախնդիր եմ անուանումների մէջ՝ կարեւոր չէ պաշտօնական անուանումը, կարեւոր է քաղաքական մօտեցումը։ ես չեմ ասի «լենինական» կամ «կիրովական», ոչ այն պատճառով, որ այդպիսի քաղաք քարտէզին նշուած չէ, այլ որովհետեւ դա ինձ համար քաղաքական հարց է։ այսօր քարտէզին կայ «միկոեանի փողոց», բայց ես կաշխատեմ այլ ձեւ գտնել տեղանքի մասին տեղեկատւութիւն յայտնելու։

կարելի է նաեւ ասել «աֆրիկեանների շէնքի մօտ», չնայած այն արդեն չկայ։

Ի դէպ, անուանել «նախագահ» նրանց, ով բռնազաութել է իշխանութիւնը, շատ նման է «Լենինական» բառը օգտագործելուն։ Հիմա եթէ չէք ասում առաջինը, ապա եկէք մի ասէք երկրորդը։ (Կամ հանէք խաչը, կամ հագէք տաբատը)։

ես պեդանտիկ եմ վերաբերւում խօսքին, ես չեմ ասի «պէսոկ», քանի որ դա պետականութիւն չունենալու մասին է։ երբ չկար լեզուի մասին օրէնք, որ պարտադրում էր գրել վաճառուող ապրանքների վրայ հայերէն, հայերը նայում էին, կարդում տուփի վրայ ռուսերէն «песок»֊ը, հնչիւնափոխում այն, ինչպէս կարող էին, եւ օգտագործում։ քանի որ դա «պաշտօնական», իսկական անունն էր։

ու եթէ «քա՞նի գդալ պէսոկ» ասողին պատասխանել «շնորհակալութիւն, ինձ շաքարաւազ մի աւելացրէք», նա գուցէ մի տեսակ թարս կը նայի քեզ։ ո՞ւմ տեղն ես քեզ դրել, որ մեզ պէս՝ նորմալ հայերէնով չես խօսում։ ու մոռանալով, որ «նորմալ» հայերէնում «պէսոկ» բառ գոյութիւն չունի, ու որ իր ասած «պէսոկը» պետականութիւն չունեցող ազգի մտածողութեան մասին է։

ես պեդանտիկ եմ նաեւ ծրագրաւորման լեզուների ֆորմալ նոտացիային։ ինձ համար կարեւոր է, որ վերագրումը յստակ տարբերուի հաւասարման նշանից, այսինքն օրինակ կիրառուի a := a * 5 ոչ թէ a = a * 5։

ինձ համար կարեւոր է, որ IF պայման THEN յաջորդականութիւն ֊ից յետոյ յստակ աւարտ լինի՝ END֊ի կամ endif֊ի ձեւով։ Ինձ համար կարեւոր է, որ Օբերոնում «հաւասար չէ»֊ն նշւում է մէկ նիշով՝ «#», ոչ թէ՝ պասկալի (<>) կամ սիի (!=), կամ ադայի (/=) պէս՝ երկու։ Այդպէս սխալի հնարաւորութիւնը նուազում է։

ինձ համար կարեւոր է import֊ի եւ include֊ի գաղափարական եւ պրակտիկ տարբերութիւնը։ կարեւոր է, որ կոմպիլյատորը գեներացնի ինտերֆեյս, «բովանդակային» նիշք ձեռքով գրելու փոխարէն, ու շատ նման բաներ, որ ինձ շատ կարեւոր են թւում, այլ մարդկանց թւում են անկարեւոր, եւ իրենք ասում են՝ «ինչի՞ հետեւից ես ընկել», կամ «ինչո՞ւ խորացար»։

Իսկ հիմա ուզում եմ ասել, որ ես միայնակ չեմ, ու մենք բոլորս՝ դուք էլ, որոշ չափով պեդանտիկ էք լեզուի հարցում։

Զաւէն Նաւոեանը բարքեմփեան ներկայացման ժամանակ, ուր նա պատմում էր հայերէն խօսքի ճանաչման մասին, մասնաւորապէս նշեց, որ այդ համար պատրաստուել է բառարան՝ վերլուծելով Յուքոմի թեքնիկական (այո, ոչ տեխնիկական) աջակցութիւն զանգերի ձայնագրութիւնները։

այսպէս, իրենց բառարանում կան՝ «էդի», «վեկալ», «կարաս», ու նոյնիսկ «պադկլիւչածսյա» բառերը։ (:

այդ ժամանակ ես հասկացայ, որ մենք բոլորս որոշ չափով պեդանտ ենք։

որովհետեւ մեր, կամ ասենք՝ ձեր գրաւոր խօսքը, թէկուզ ոչ պաշտօնական գրաւոր խօսքը, երբ չէք գրում դիմում քաղաքապետարան, այլ շփւում էք ընկերների հետ սոցիալական ցանցում՝ շատ աւելի «ճիշտ» է, քան մեր վերբալ (spoken) լեզուն։

տրանսլիտ այլեւս սովորաբար չի օգտագործւում՝ այս պեդանտիզմը արդեն իւրացուած է։ մարդիկ չգիտակցուած պեդանտիկ են նոյնիսկ ֆեյսբուքում․ գուցէ եւ գրեն «խի», բայց չեն գրի «էդի», «վեկալ», ու «պադկլիւչածսյա»։

այսինքն ձեր մէջ էլ դա կայ։ մնում է հասկանալ, որ ոչ միայն կարդացողին է պէտք յարգել, այլ եւ լսողին։ էլ չեմ ասում, ինքդ քեզ։ (:

եւ այդպէս։

հ․ գ․

ու ոչ թէ «ու տենց», եւ նոյնիսկ «էդպէս», չնայած վերջինը լրիւ գրական բառ է։

ցանկացած բառն էլ, եւ երեւոյթն էլ, որ կեանքում լինում է, կարող է, եւ յաճախ լինում է գրականութեան մէջ։ լաւ գրականութեան, ոչ թէ պարտիական կորեկտ, այն գրականութեան մէջ, որ կեանքի մասին է։

ու իրական կեանքում կան շատ բաներ, որ ես դրական չեմ գնահատում, բայց դրանք կան։ նոյնը ֆոտո֊ի մասին․ ինձ դուր է գալիս այս նկարը, բայց դա չի նշանակում, որ ինձ դուր է գալիս երբ երեխաները ծխում են։

ասենք այսօրուայ ռուսաստանում (եւ վաղուայ հայաստանում) լրիւ կարող են այս նկարը արգելել, որպէս քարոզչական եւ անբարոյական։

ու դա էլ ինձ դուր չի գալու։ ես կարծում եմ, որ շատ լաւ նկար է, ինչպէս նկատել էք։

նաբոկովին արգելում են ոչ թէ իր բնաւ ոչ փողոցային լեզուի համար, այլ այն նրա, որ գրուածը իրականութեան մասին է։ իրենց՝ արգելողներին պէտք են հեշտ մանիպուլացուող դեռահաս, կամ մանուկ մարդիկ, ով հաւատում է միաեղջիւրներին, կամ՝ ինչ֊որ այլ անիրական բանի՝ իրենց ճիշտ կրոնի հետեւոր է։

սա արդեն իմ ընկալման մասին է։ գուցէ «գելն» էլ, «փետն» էլ օգտագործուեն գրականութեան մէջ, ինձ դրանք կոպիտ են թւում։ եթէ ես գրող լինէի, ես կօգտագործէի դա ուղիղ խօսքի մէջ, կամ գուցէ եւ ամբողջ գրքի տեքստը կուզէի ոչ «պաշտօնական» լեզուով լինի։ որպէս լուսանկարիչ ես չեմ կարծում, որ պէտք չէ ցոյց տալ այն, ինչ ինձ դուր չի գալիս։ ես գլամուր ռուսալեզու «երեւան» ամսագիրը չէի սիրում, այն իրական երեւանի մասին չէր։

բայց այն, որ իրականութիւնը բնաւ իմ ճաշակով չի, ես չեմ մոռանում։ ու ես պահում եմ ինձ այնպէս, որ աջակցեմ նրան, որ իրականութիւնը լինի իմ ճաշակով։ ես փորձում եմ խօսել այդպէս, ես փորձում եմ ծրագրաւորել այդպէս։

այո, իրական կեանքի մէջ լիքը կեղտոտ կոդ կայ, յետո՞յ ինչ։

ես հաճոյքով այդ կոդից էկրանահան կանեմ, բայց դա չի նշանակում որ ինձ հաճելի է այդպէս գրել։

վերադառնալով լեզուին, նաեւ ասեմ՝ եթէ ասենք «հեր» չենք իմանայ որ «հօր», քանի որ «հայր»։ այլապէս գուցէ «կի՞լ» ոչ թէ գայլ։ այդ «այ»֊ը ոնց որ reference լինի։

ինձ համար անձամբ հայերէնը «այ»֊երով լի լեզու է (ու դա երեւի պեդանտիզմի հետ կապ չունի)՝ այդպէս, այր, կայարան, կայծակ, կայուն, համաձայն, այո, զայրացած, փայտ, ճառագայթ, արտայայտել, գայլ, լայն, պայքար, խայթ, խայտել, միայնակ, պայման, ցայտ, կամայական, կայմ, քայլ, ձայն, սայլ, այց, պայծառ, կայտառ, փայլ, վայրագ, վայրկեան, յայտ, պայման, վայր, մռայլ, բայ, հմայք, այլեւայլ ու վերջապէս՝ հայ, հայերէն։ ու այդ «այ»֊րը շատ հմայիչ են հնչում ինձ համար։

ասք թուրք անուանելու մասին

երբ մեզ պոլիտ կորեկտ են սովորեցնում լինել, ու ասել «ադրբեջանցի», ոչ թէ «թուրք», քանի որ իրենք ուրիշ թուրք են, մտածում եմ, որ երեւի հրէաներին էլ ասել են, մի ասէք արաբ, ասէք սիրիացի, կամ հորդանանցի, կամ լիբանանցի, քանի որ իրենք այլ արաբներ են։ այո, արաբները տարբեր են լինում, թուրքերն էլ են տարբեր լինում, բայց արաբները մնում են արաբ, իսկ թուրքերը՝ թուրք։ ինչպէս գեյերը՝ գեյ, իսկ նեգրերը՝ նեգր։

այնպէս որ ես շարունակելու եմ ասել՝ թուրքերը։ եթէ ճշտելու կարիք կայ, կարելի է մանրամասնել՝ անդրկովկասեան, արեւելեան։ թէ չէ նեգրին չի կարելի անուանել նեգր, իսկ թուրքին՝ թուրք, վաղն էլ կասեն մի ասէք այլմոլորակայիններին՝ այլմոլորակային։

  • իրականում սա վեբ լոգ էլ չէ։

  • ցանկացած ձայն խանգարում է կենտրոնանալ եւ գրել, այն ինչ պատրաստւում եմ։ նոյնիսկ թղթի խշխշոցը։

  • ես յաճախ եմ անդրադառնում այն հարցին, ո՞րն է մարդկայինը, ո՞րը չէ։ էլի նոր չգրուած մտքեր ունեմ այդ մասին։ ու նկատում եմ, որ ոչ միայն այն, ինչ անուանում են «տղամարդկայինն» է նորմալ մարդու յատկանիշ, այլ եւ այդպիսի յատկանիշներ կան, որ «կանացի» կամ «աղջկական» են համարւում։ երեւի ես որպէս «մարդկային» նկատի ունեմ՝ քաղաքակիրթ, հնարաւորինս անկախ հին, ասենք legacy֊ից, հնարաւորինս բանական։ հիմա ասենք, իսկ թոյլի մասին հոգալը քաղաքակի՞րթ է, թէ՞ ծնողական բնազդի հետեւանք։ ինձ թւում է՝ քաղաքակիրթ է։ բայց դա իմ վարկածն է։ գուցէ որովհետեւ ես «արդարացնում» եմ իմ բնազդները։

հիմա էլ այլ բան կը գրեմ։

մարդկանց պէտք չէ ցոյց տալ իրենց, ձեր կարծքով «սխալները», «վրիպումները», «թերութիւններն» ու «թերացումները»։ դա ճնշում է, դա ազդել է։

նախ, ինչի՞ համար։ մարդն այդպէս է զգացել/մտածել(գրեթէ միշտ առաջինը, ոչ երկրորդը)՝ այդպէս է արել։

նեղացրե՞լ են ձեզ։ այդպիսի բան չկայ։

use active, not passive. դու ես նեղացել։ հաւանաբար որ մանիպուլացնես նրան, որ նա լինի այլը քո հանդէպ։

ինչի՞ համար։ թող չլինի այլը։ թող ոնց կայ այդպիսին էլ լինի։

պէտք չէ փոխել մարդկանց, եւ հնարաւոր էլ չէ դա։

կարելի է նրան ստիպել փոխել իր վարքագիծը՝ մանիպուլացնելով/նեղանալով, սպառնալով, շանտաժելով, ինչո՞ւ ոչ՝ դրական ամրապնդումով։ այսինքն՝ սովորեցնել կեղծել ինքն իրեն։

այդպէս էլ սովորեցրել ենք՝ բոլորն իրենց կեղծում են։ կեղծում են՝ որ գրագէտ են, կեղծում են՝ որ սա գիտեն, նա գիտեն, կեղծում են՝ որ լաւը երեւան, դրական ամրապնդում ստանան, չմերժուեն։

որ լաւ ֆոտո լինի, այսինքն, վիտրինային։ լաւ գովազդ լինի։ քանի որ մենք շուկայական յարաբերութիւններին սովոր ենք։ այն էլ դրա բռի ձեւին՝ «նաղդել» ապրանքը ցանկացած գնով, եւ հետ չընդունել։

չէ, ասում ես։ «չի՛ զգում որ վատ բան է արել, եթէ զգար ապա… չէ որ նա լաւն է իրականում։»

դէ որ չի զգում, թող չզգայ ուրեմն։ ուրեմն չի զգում այդպիսի բաներ, նա էլ այդպիսի մարդ է։

նա էլ իրեն այնպիսի մարդ կը գտնի, ով չի զգում որ նա չի զգում։ կամ ով զգում է որ նա զգում է։ թող հանգիստ նրան։

քեզ թւում է՝ վատ բա՞ն է արել քո հանդէպ։ հա լաւ է արել։ ինչպէս ուզել է արել է։ հիմա քեզ պէ՞տք է «լաւ» բան անի, քանի որ մանիպուլացրել ես, ասենք՝ նեղանալով։

թող ինչ ուզում է անի։ ինչ կա դա է։ գոհ եղիր նրանով ինչ կայ։ կամ մի եղիր մօտ իր հետ, եթէ չես կարողանում չազդել։

մօտ մարդկանց աւելի շատ են փոխում, որ յարմարեցնեն իրենց։ տանդ բազկաթոռը որ քեզ հարմար լինի։ ու որ հիւրերը տեսնեն, ասեն այս ինչ հաւէս տուն է։ չէ, մարդը բազկաթոռ չէ։ հիւրերն էլ գրողի ծոցը։

մի փոխէք, եթէ պէտք է դրա համար մօտ չլինել՝ մի եղէք մօտ։ բայց մի ճնշէք մարդուն։ թողէք «վատը» լինի։

ու փոխել մարդուն չի լինի։ նա է որոշում ինչպիսին է ուզում լինել, նա է որոշում ումից է ուզում ազդուել։

թող ինչ ուզում է անի։ թո՛ղ հանգիստ։

իհարկէ, դու թողնես՝ միեւնոյն է տարբեր տեղերից այդ խեղճ մարդու վրայ ազդելու են։ ազդելու են ոչ միայն այն մարդիկ, ում նա պէտք է այս կամ այն ձեւ, ազդելու է նաեւ «հասարակութիւնը», յաճախ նա արձագանքելու է այդ ճնշմանը փոխուելով դէպի հակառակ կողմ, քան մղում են, թէկուզ առանց ճնշման այն կողմ չէր գնայ։

կամ դրական ամրապնդելու են, նա էլ այնպէս կանի, որ կրկին ամրապնդեն։ դէ թող անի, եթէ նրան դա է պէտք։ եթէ ուզում է ինքն իրեն այդ գնով կեղծել։

(այո, ուզում է։ մարդիկ անում են այն, ինչից լաւ են զգում։ այլապէս թմրադեղերի խայծը ուտող չէր լինի, նոյնիսկ երբ դա հակաօրինական է, կամ բոլորին յայտնի են վնասները։ եւ պատահական յղիութիւններ չէին լինի։ դէ թող ստանայ իր դրական ամրապնդումը, քեզ ինչ, ափսո՞ս է։ դու քո մասին մտածիր։)։

բայց դա քո գործը չէ։ դու մի ճնշիր։ մի էլ ամրապնդիր։

դա իրենց յարաբերութիւններն են՝ իր ու հասարակութեան, իր՝ ու այլ մարդկանց։ գոնէ դու թող հանգիստ։

ու կենտրոնացիր քո վրայ։ եթէ ինչ֊որ մէկին ուզում ես փոխել ապա կարող ես քեզ փոխել։ եթէ դա հնարաւոր է։

ասք պատմական անհրաժեշտութեան մասին

Մարդուն չպէտք է «լինուքս» «տեղակայել», եթէ նա չի ուզում, չի խնդրել։ Չպէտք է «գովազդել», ասել ինչով է լաւ ու յետոյ տեղակայել։ Թող ինքը իմանայ ինչ է, նոր ուզի, փնտրի միջոց։ Իսկ այնժամ, քո օգնութիւնը գուցէ եւ պէտք չի լինի։

Նաեւ չպէտք է սովորեցնել ինչ֊որ բան, եթէ նա չի խնդրել։ Եթէ չի ուզում։

Մարդը պէտք է նա հասկանայ, ինչ է իրեն պէտք, ինքը ձգուի։ Այդ ժամանակ նոր, տուածդ գնահատուելու է, աղբը չի նետուելու։ Կամ սերուանտի վրայ չի դրուելու, որ փոշի հաւաքի։

Այսպէս, ինչպէս մարդկանց հետ, այնպէս էլ հասարակութեան։ Հասարակութեան համար չպէտք է այն անել, ինչ իրեն պէտք չէ։ Ու առաւել եւս իմ պէս մարդ չպէստք է անի, քանի որ ես ըստ հասարակութեան, այդ հասարակութեան անդամ չեմ։ Ես օտար եմ։ Ինչո՞ւ։

Շատ պարզ, ես Թիւրինգի թեստը չեմ անցնում։ Երբ ինձ հետ զրուցում են, մտածում են, որ ես դրսից եմ։ Ու չեն հաւատում, որ տեղացի եմ։ Ուրեմն, այդպէս էլ կայ։ Տեղացի չեմ։ Հայաստանից չեմ։ Հայ չեմ։ Իսկ տեղական նախագծեր պիտի տեղացի մարդ անի։ Երբ այդպիսի տեղացի յայտնուի։ Որովհետեւ այնժամ է պէտք լինելու, երբ յայտնւում է Մարքսի ասած «պատմական անհրաժեշտութիւնը»։ Իսկ մինչ այդ պէտք չէ։

եւ այդպէս

հ․ գ․ մտածում էի, եթէ իմ իմացած մարդուն բերեմ բարքեմփի, ես նրան կեղծ հայաստան եմ ցոյց տալու։ չեմ կարող ներկայացնել իրական հայաստանը, քանի որ ես իրական հայ չեմ ու իրական հայի պէս ինձ չեմ պահելու։ այնպէս թիւր կարծիք կը ձեւաւորեմ մեր մասին։

հասկանում եմ, որ ամէն դէպքում, առաջ մարդիկ աւելի քիչ էին չաթւում, քանի որ այնուամենայնիւ, բոլորը չէ ով կարողանում էր գոնէ այդ այսիքիւն քաշել, ինսթալ անել։ ինսթալ անել առհասարակ ոչ բոլորը գիտէին, որ պէտք էր ասենք սեթափ․էզե գտնել ու կտացնել։ բա որ այ՞լ անուն լինէր, ո՞րտեղից իմանաս ինչ է։

իսկ հիմա ֆեյսբուքը դա փոխեց։ ինսթալ անել պէտք չէ, բոլոր «ընկերներդ» էլ ահա՝ ձեռքիդ տակ։ չաթուիր։

յետոյ դա փոխեցին խելախօսները, ուր տեղադրելը հեշտացուեց, խանութի պատճառով, ու սեթափ անունով նիշք պէտք չէ սեղմել, այլ «տեղակայել» ստեղնը։

ահա թէ ինչու են հիմա բոլորը չաթւում, չաթերի սքրինշոթներ անում։

այնպէս որ բարի գալուստ ինտերնետ։ չանցաւ քսան տարի, եկաք։ շնորհակալութիւն ընկեր ցուկերբերգին մեր երջանիկ մանկութեան համար։

ասք յարաբերութիւններ սահմանելու մասին

ուզում եմ ասել, յարաբերութիւններ սահմանելը շատ բարդ է։

երբ ես գրում էի էթիկայի եւ բարոյականութեան մասին, ասում էի, որ ընդհանուր կանոններ իրականում լինել չեն կարող։ կայ այս կապի ձեւ, եւ այս կապի ձեւ, եւ այս կապի ձեւ։

ու ապա, այ քուդնթ քեյր լես չէի կարող աւելի քիչ հոգալ, ինչպէս է պիտակաւորւում, կամ սահմանւում յարաբերութիւնը։

եթէ կողքինիս պէտք է, թող պիտակի, եսիմ։ միասին ենք, միասին չենք, ընկեր ենք, ընկեր չենք, ծանօթ ենք, ծանօթ չենք, «բադի» ես, «դիւդ» ես, թէ «լաւ օֆ մայ լայֆ» ես, եւ այլն։

որովհետեւ ամէն յարաբերութիւնը դա յատկութիւնների բազմութիւն է։ ու մի պահին ինչ֊որ մի բիթ կարող է սեթ լինել, ինչ֊որ մի բիթ կարող է զրոյանալ։

իսկ ասել՝ չէ, ընկերութիւնը, կամ ռոմանծիկ յարաբերութիւնը այսպիսին է, կամ այսպիսին, այս բիթերն են մէկ, եւ այս բիթերն են զրօ, ու հենց այդպէս, դա նոյնն է, ինչ խօսել ընդհանուր բարոյականութեան մասին։ ընդհանուր չկայ։

կայ այս յարաբերութիւնը այս պահին։ ու այս յարաբերութիւնը այս պահին։

ու դա գիտէք, շատ հաւէս է։ ես ուրախ եմ, որ այդպէս է։