ասք միջազգային առաջնության մասին

Իսկ այս գիշեր ազատության հրապարակում ռուս զբոսաշրջիկների թիմը խաղում էր ֆուտբոլ պարսկահայ զբոսաշրջիկների հետ։

Պարսկահայերը դարպասը նշեցին կոշիկներով, ռուսները ֊ ուսապարկերով։

Պարսկահայերը՝ լայն, ռուսները՝ նեղ։

Պարսկահայերը վազում էին բոբիկ, ռուսները ֊ սանդալներով։

Ամեն թիմը ուներ իր երկրպագուներին, ով հետեւում էր խաղին Սպենդիարյանի արձանի վրայից։

֊ Ես հայ եմ, բայց պարսկահայ ֊ ասաց աղջիկը ռուսներին։

Ռուսները չհասկացան ու շարունակեցին փսփսալ իրար մեջ մինչ նրանցից մեկը բարձր ասաց

֊ տի շտո, տակ անի ժե պանիմայուտ

֊ դա նի պանիմա՜յուտ

Խաղի ժամանակ ինձ մի պահ թվաց, որ գուցե Երեւանը կդառնա Նյու Բռազիլ, իսկ Ռիո դե Ժանեյրոն կվերանվանեն Էրեբունի։ Բայց դա ընդհամենը մի պահ։

Հետո պարզվեց որ խաղացողներից մեկը (չհասկացա ում կողմից) տեղացի էր, ու երբ հաշիվը վեց վեց դարձավ, նա խաղը ընդհատեց։

֊ մենք շատ ենք խմել, էլ չենք կարող խաղալ, նիչյա, դռուժբա, Ռասիա, Իրան, Արմենիա։

Ռուսները չէին համաձայնվում։ Պարսկահայերը շփոթվեցին, չհասկացան։

֊ Դռուժբա, Արմենիա, Ռասիա, Իրան ֊ ինքն իր ձեռքերը սեղմեց ու բարձրացրեց օդ զգալով որ մեկնած ձեռքը ռուսները չեն սեղմի։

Ռուսները հիասթափված էին, ուզում էին հաղթել։

Ու ինձ այդ ժամանակ արդեն լրիվ պարզ դարձավ որ սա Ռիո դե Ժանեյրոն չէ։

Բնավ։

Թեկուզ եւ նոր։

_ու տենց _

ասք ազատության հրապարակի մասին

Երբ գիշերը գալիս եմ այնտեղ, առաջին հերթին կանգնում եմ մոտավորապես ուր մարկերն է։

Ջիպիէսն արդեն «տաքացել» է, ֆիքսված է։ Երեք արբանյակ։

Ռեֆրեշ ֊ ազատության հրապարակը առաջինն է ցանկում ֊ երեք մետր։

Քայլ, քայլ։ Ռեֆրեշ։ Դեռ երեք մետր։

Ռեֆրեշ։ Քայլ։

Քայլ։ մեկ մետր։

Չեք ին։

Հիմա կարելի է նայել շուրջը։ Ինձ հետեւում է Թումանյանի_արձանի_զույգը։ Դա փոփոխական է որ ժամանակից կախված ընդունում է տարբեր արժեքներ։ Որովհետեւ կյանքը բնավ իմմութաբլ չէ։ (այստեղ լսվում է աղմկալից միաձայն խրախուսանքը նրանց, ով ֆունկցիոնալ չի կարողացել հասկանալ)։

Հետեւս՝ անվակների վրա աղջիկը շրջում է պլաստիկ շշի մոտ։ Հետո մոտենում է խուճուճ խառը մազերով տղան, աղջիկը առանց շարժումը դանդաղեցնելու կռանում, վերցնում է շիշը ու նրանք հեռանում են մեծ օղակ գծելով։

Թումանյանի արձանի աստիճանների վրա նստած են նաեւ նրանք, ով դիտում է ֆուտբոլ սրճարանի հեռուստացույցով։ Գուցե դա իրենց չգիտակցված անհնազանդ ու հակակապիտալիստական քայլն է։

Նրանք մի խումբ են, բայց շատ աղմկոտ չեն։ Գնդակին հարվածից հետո աղմուկը սրճարանում է։

Աղմկում են նաեւ երեխաները։ Ժամը տասներկուսն անց ֊ իսկ նրանք (դեռ՞) շատ են։

Փոքրերը՝ ծնողների հետ ու թե քշում են, ապա վարձով հեծանիվներ, մինչեւ դրանք չհավաքեն։ Իսկ դրանք հավաքում են երբ ծնողները հոգնում են երեխաներին «ման տալ»։

Մի քիչ մեծերը, տինեյջերները՝ իրենք իրենց դիվայսներով են, (մասնավոր սեփականությունը տալիս է անկախություն) ու քշում են այնքան ինչքան հավես է։

Երեք հոգի բարձրանում են դեպի Սայաթ֊Նովա, որ արագություն հավաքած իջնեն։ Բռնում են միմյանց ձեռքերը ու թողնում օղակին մոտենալիս։

Ժամանակ առ ժամանակ լսվում ու ուժեղանում են հառաչող դինամիկից ռուսերեն սիրային խոսքերը՝ դա արագություն է հավաքում Սայաթ֊Նովայի կողմից իջնելով այն տղան՝ տյունինգ արված հեծանիվով․ գրասենյակային էժան բազկաթոռի թիկնակ որ երբեք չի օգտագործվում ու հին, մի ժամանակ սպիտակ պլաստիկից խորհրդային դինամիկներ ղեկի մոտ։

Նրանցից միշտ էլ խռպոտ ձայներ էր եկել, նույնիսկ երբ երիտասարդ էին։

Տղան՝ ոտքերը ցուցադրաբար վերեւ բարձրացրած, շրջում է հրապարակով․ Նյուտոնի առաջին օրենքը հաստատվում է, իսկ հետո, վերջին պահին սեղմում ոտնակներին՝ ու հեռանում Հյուսիսայինի կողմ։

Երբեմն իր հետ զրուցում են ոստիկանները, ընդամենը զրուցում, քանի որ ա ֊ նա հեծանիվով է, եւ բ ֊ նա օրենք չի խախտել, թեկուզեւ ֆիզիկայի։

Ակնհայտ է, որ գիշերը քշելու ամենալավ ժամանակն է՝ ազատ է, հով, մարդաշատ չէ։

Գիշերը նաեւ կարդալու ամենալավ ժամանակն է․ չկան նրանք, ով շեղում են․

ոչ մեկ չի անցնում Սպենդիարյանի կողքով հեռախոսը ականջին հպված բացականչելով․

֊ Չեմ հասկանում, ո՞ւր է էդ քո Խաչատրյանը։

Չկան նաեւ պարսիկներ, որ հարցնում են՝

֊ սա խանի արձա՞ն է։

Ասում ես չէ ֊ կոմպոզիտորի։

Ասում են՝

֊ հա, թագավորի արձան է ֊ ու հեռանում։

Իսկ դու հետեւից կրնում ես՝ չէ, կոմպոզիտորի, կոմ֊պո֊զի֊տո֊րի։

Այո, գիշերը կարդալու համար հարմար ժամանակ է։

Սպենդիարյանի քարը տաք է, որովհետեւ ամբողջ օրվա ընթացկում կուտակում էր էներգիա։ Որովհետեւ սա քաղաք է, դու գիտես քաղաքի բոլոր քարերը, ու քաղաքի բոլոր քարերը գիշերը տաք են։

Կարդալուն կարող է խանգարել միայն «գլամուր» սրճարանի գլամուր պլպլան գովազդը։ Աչքը միջատների պես է, գնում է լույսին։ Պետք է այնպես նստել, որ գլամուրը չերեւա։

Ու երբ փոխում ես դիրքը, այնքան ակնհայտ զգացվում է, որ հրապարակը վերջն է, ու ժամանակից դուրս, իսկ «գլամուրը» տաղտկալի, ու միայն այսօր։

Հրապարակը եղել է մինչ գլամուրը, ու կլինի գլամուրից հետո։

Այնքան ինչքան կլինի Երեւանը։

Որովհետեւ նրանք ով գիշերը քշում են հրապարակում, նրանք ավելի մեծ հավանականությամբ Երեւանցիներ են մեծանալու։

Լինեն նրանք տինեյջերներ, հեծանիվ տյունինգ արած տղաներ, թե այն շանը բերած երեխաները։ Թե այն շունը։

Նրանք չգիտեն, բայց զգում են, որ հրապարակը «գլամուրի» համար չէ, իրենցն է։

Մարտկոցը նստում է։ Ես կարող եմ փոխել այն, կամ դանդաղ քայլել տուն։

ճ֊տ։ ճ֊տ։ դզզզ։ մաեմո ֊ տառերը վառվում են էկրանի վրա։

ասք ազատություն բառի մասին

Երեկ մի տեղ էի մտել։

Մուտքի մոտ գրված էր պատի վրա՝ love, peace, revolution․․․

Ու ինձ դա դուր չեկավ։

Որովհետեւ դա լրիվ ոճի համար է, անմիտ է։

Որովհետեւ այդպես գրելը արժեզրկում է այդ իսկ գաղափարները։

Այնպես, ինչպես արժեզրկված է «ազատություն» բառը։

Օրինակ, կեդ հագնելը բնավ ազատության նշան չէ։

Կամ վանդակավոր վերնաշապիկ հագնելը։

Կամ ծխելը։

Կամ fuck բառն օգտագործելը։

Ազատությունը ավելի վեհ եւ ավելի մտավոր արժեք է։

Ու ոչ ամենագեղեցիկ բառեր օգտագործելը բնավ ազատության նշան չէ։ Գուցե հիմարության նշան է։

Ու այո, այդ ամենը արժեզրկում է «ազատություն» բառը։

Այնպես, ինչպես «սեր» բառն է արժեզրկված։ Այնպես, ինչպես «խաղաղություն» բառն է արժեզրկված։

Ու զարմանալի չէ, որ երբ ֆեյսբուքում հարցում է լինում՝

«ո՞նց եք վերաբերվում ազատամիտ աղջիկներին» բոլորը գալիս են ու պատասխանում՝ «վատ»։ Որովհետեւ ոչ ոք մոտիկ չի ուզում գալ էությանը այդ բառի։ Ոչ այդ աղջիկները, ոչ էլ «վատ» ասողները։ Մեկը մյուսին արժանի են։

Ազատություն բառը այնքան է խաղացվել, որ եթե հայերենում սեռեր լինեին, ապա կասեին որ Ազատության հրապարակն էլ է փչացած։

Մենք այնժամ կլինենք զարգացած, ազատ, երբ հագածը կամ լսածը կլինի նախասիրության, ճաշակի արտահայտում, բայց չի լինի անճաշակ, ու բնականաբար չի համարվի ազատամիտ լինելու ցուցանիշ։

Մեր «ազատամիտները» ու, ցավոք, ընդդիմադիրների մեծ մասը, բնավ չի տարբերվում ոչ «ազատամիտներից»։

Նրանք ընտրում են միայն կողմը, ընդ որում, շատ այլ մոտիվներից ելնելով, քան գաղափարները հասկանալով։

Ու դա լավ երեւում է։ Երեւում է, երբ է մարդ զբաղվում մի բանով, ինչից գաղափար չունի, ու երբ է մարդ խոսում այն բանի մասին ինչից գաղափար չունի։ Այսինքն իրենց նմաններին չի երեւում, նրանք իրար դեմքերին կնայեն կուրախանան։

Իսկ ժամանակը լավ ցույց է տալիս որն է լավը, որն է ճաշակովը, որն է կեղծը, որն է կարտոնից դեկորացիան։

Լինի դա երաժշտություն, շոր, կոշիկ, շենք, մեքենա, արժեք, թե հարաբերություն։

Երբեմն արդեն հինգ տարին է բավական։

Նաեւ ժամանակը ցույց է տալիս ով է ինչպես մտածում իրականում, ում համար է ինչը իրականում արժեք, ով ինչով է իրականում մտահոգված։

Ու Չեգեվարայով շապիկ հագնող երբ տեսնում եմ, ցավոք, արդեն գիտեմ, որ նա չգիտի, ով էր Չեն, ինչ հիմարություններ է արել, ու ինչու է համարվում վեհ։

Մակերեսային ենք դեռ շատ, չխորացող։

Հետո էլ զարմանում ենք․․․ որ չենք զարգանում։

Ո՞ւմ է պետք զարգանալը։ Ո՞ւմ է պետք ազատությունը, սերը, խաղաղությունը՞։

Մի գավաթ գարեջուր, ծխախոտ, անգլերեն/թուրքերեն հայհոյանք, ռաստայական գույներ շորերի վրա, ու կարելի է արդեն քեզ վեհ զգալ, ազատ։

Իսկ այն ինչ է գլխում, ինչ է իրականում կարտոնի հետեւը, ո՞ւմ է պետք։

Մեկ էլ, Շվարցը հիանալի հեքիաթ է գրել։

ու տենց

ասք օպերային հեքիաթների մասին

որ տեսա բեմ են կառուցում այնքան համոզված էի որ հաստատ հետաքրքիր բան չի լինի, ու ինչ-որ էմմիներ/հայկոներ/ու այլ էակներ կլինեն։

Հետո այս հոլովակը տեսա ու փոշմանեցի որ ներկա չէի բեմադրությանը։ Հեքիաթային էր ու երեւի շատ տպավորիչ։

ու տենց