ասք բացակայող ռոք խմբերի մասին

Մօտս հարց ծագեց․

Ինչո՞ւ կան Վանաձորեան ռոք խմբեր, ինչո՞ւ կան Գիւմրու ռոք խմբեր, բայց չկայ մեզ յայտնի Ստեփանակերտից ռոք խումբ։

Երբ միեւնոյն ժամանակ, այցելելով Վանաձոր, Գիւմրի եւ Ստեփանակերտ, անհնար է չնկատել, ինչքա՜ն աւելի շատ ռեսուրս եւ փող է դրուած Ստեփանակերտի մէջ, ինչքա՜ն աւելի կենդանի եւ բարեկարգ է այդ քաղաքը, Հայաստանի միւս քաղաքներից։ Պատերազմի հետեւանքներ Ստեփանակերտում չեն երեւում, իսկ Վանաձորում եւ Գիւմրում երկրաշարժի հետեւանքները տեսնում ենք։

Ես իհարկէ շատ Արցախցի ընկերներ չունեմ, այնտեղ երկար չեմ ապրել, ու գուցէ բան չեմ հասկանում, բայց եւ այնպէս չէ որ այլ մարզերից շատ ընկերներ ունեմ, կամ այնտեղ ապրել եմ։ Ինձ մօտ տպաւորութիւն կայ, որ ոչ միայն ռոքի հետ է այս վիճակը, այլ առհասարակ, առանձնապէս հետաքրքրուող, եւ հետեւաբար զարգացած մարդիկ Արցախում քիչ են, քան այլ մարզերում։ Մեզ մօտ՝ ՀՀ այլ մարզերում, բոլորը նուագում են, բոլորո ֆոտո են անում, թէկուզ ժապաւէնով, բոլորը ինչ֊որ ձեւ ստեղծագործում են, ինչ֊որ չափով արուեստագէտ են։

Սա մեր դարաշրջանն է, կրեատիւ դարաշրջանն է։ Ինչո՞ւ այնտեղ այդպէս չէ՞։

Ես կարծում եմ, բոլորը, ով մի քիչ աւելի ոչ մակերեսային Արցախն գիտի, զգում է, որ այնտեղ ազատ չէ, լարուած է։ Որ այնտեղ շատ աւելի, քան այլ տեղեր այն Ստալինեան ոգին կայ՝ սա պետութիւն քանդող է, սա մեզ վատն է ուզում, եթէ ուրախ չէ նրանով, ինչ կայ, ապա թշնամու լաւն է ուզում, մատնիչ է։ Ու դա, իհարկէ, գալիս է այնտեղի ֆեոդալական համակարգից։ Ֆեոդալների ժամանակ կային «պրիդւորնի» ստեղծագործողներ, բայց ոչ ազատ ստեղծագործողների դասակարգ։ Եւ ռոք խմբեր էլ չկային։

Ինձ թւում է, որ պատասխանն ազատութիւնն է։ Ներքին ազատութիւնը, որը Արցախն այդպէս էլ չստացաւ մեր ազատագրական պայքարից յետոյ։

Ազատ արցախը ողջունում է ձեզ՝ գրուած է Գորիս Ստեփանակերտ մայրուղու պաստառներին։ Բայց արդե՞օք Արցախն ազատ է։ Ազատ երկիր է։ Ոչ այն ազատ երկիրը, ուր, ինչպէս սովետական երգում էր ասւում, «այդքան ազատ է շնչել»։ Այլ այն ազատ երկիրը, որ ամերիկեան ֆիլմերում են ասում ոստիկաններին։ Սա ազատ երկիր է։ Ձեռքերդ քաշիր, ոստիկան։

Ինչպէս տեսնում ենք, գործը բնաւ էլ սոցիալ տնտեսական պայմանների մէջ չէ։

Արուեստն ազատ մարդկանց գործն է։

Ռոքը՝ պրոտեստ արտայայտող երաժշտութիւն է։

(Իհարկէ, երբ ինչ֊որ բան շատ պահանջարկ ունի, դրա որակն ընդհանուր առմամբ ընկնում է։ Քանի որ առաջանում է շատ անւորակ առաջարկ։

Երբ ասենք, շարպեյ ցեղատեսակի շունը շատ պահանջարկ ունի, ով ասես չի սկսում զբաղուել դրանց բուծմամբ, ու արդիւնքում աշխարհում յայտնւում են շարպեյին ոչ շատ նման ինչ֊որ զանազան շներ։

)

Կրկին՝ ռոքը պրոտեստ արտայայտող երաժշտութիւն է։ Հնարաւո՞ր է Արցախում պրոտեստ արտայայտել։ Հնարաւո՞ր է, որ արուեստն, առհասարակ, լինի ոչ քաղաքականացուած։ Ես չեմ կարծում, քանի որ կեանքը քաղաքականութեան հետ սերտ կապ ունի։ Եթէ ֆոտո ես անում, կարող ես «սխալ» բան ֆոտո անել, որ «աղբը տանից կը հանի», կամ չի բխի տեղական կապիտալիկի եւ իշխանիկների շահերից։
Եթէ երաժշտութիւն ես գրում, եւ խօսք, այդ խօսքը պիտի արտայայտի այն, ինչ դուր չի գայ իշխանիկներին, ու ժողովուրդ մանիպուլացնողներին։ Դա ակնյայտ է։

Ես չեմ ասում, որ ռոքը արգելուած է Արցախում։ Ես կարծում եմ, որ ընդհանուր մթնոլորտն այնտեղ չի աջակցում նրան, որ ռոք խմբեր ծնուեն, աճեն եւ զարգանան։ Որ արուեստ լինի ընդհանրապէս։

Եթէ յիշում էք, Անդրէ Ժիդը իր «վերադարձ ԽՍՀՄ֊ից» գրքում, եւ դրա շարունակութեան մէջ, շատ զարմացած էր, որ սովետում արուեստ չկար։ Որտե՞ղից լիներ արուեստ Ստալինեան սովետում, եթէ ոչ միայն ընդհատակեայ։

Արցախում երբ Վորլիքին դիմաւորող ցոյց է լինում, ակնյայտ է, որ դա իշխանութիւնների կազմակերպուած ցոյցն է, քանի որ այնտեղ ոչ մի ինքնաբուխ բան չի լինում, որը իշխանութիւնների սանկցիան չունի։ Առնուազն պիտի հաստատուած լինի մի շատ բարձրաստիճան չինովնիկի կողմից։

Արցախում բոլորը զգում են այդ ճնշուածութիւնը, իհարկէ, դեռ երբեմն գոհ են, որ գոնէ ապրում են այդ երկրում, որ կենդանի են, բայց զգում են, որ առանց սանկցիայի արուեստը չի կարող գոյատեւել, եւ չեն էլ ստեղծագործում։

Այդ իսկ պատճառով մենք ունենք այսպիսի սոց֊ռեալիզմ Ստեփանակերտի կենտրոնում։

Ստեփանակերտի սոց֊ռեալիզմը

Սովետը մօտ է։ Մեր կողքն է։ Եւ ոչ միայն հիւսիսից։ Մեր մէջ։

Եւ այնտեղ չկայ գոնէ մի քիչ ազատ արուեստ, չկայ արուեստ, որը կարելի է տեսնել Կաֆեսճեանի այգում, կամ այնպիսի, ինչպէս Բաբաջանեանի, Կարա֊Բալայի արձանն է։ Բնական է, որ այնտեղ չի կարող լինել ՆՓԱԿ֊ի պէս մի բան։

Իսկ սա, ի դէպ, մեր պատճառով էլ է։ Գուցէ այդպէս չէր լինի, եթէ Արցախն պարզապէս Հայաստանի մարզ լիներ, Լոռու ու Շիրակի պէս։ Թէկուզ գոնէ Սիւնիքի։ Գուցէ նաեւ այդպէս չէր լինի, եթէ մենք ստեղ էլ ժողովրդավարութիւն ունենայինք, ոչ թէ գըբըշնիկներ եւ նոմենկլատուրա։ Ապա Արցախի հանդէպ էլ վերաբերմունքը այլ կը լիներ, չէ՞ որ Արցախը փաստացի Հայաստանի մաս է։ Ու մեզնից է, թէ ինչ է այնտեղ կատարւում, իրենք այնքան ինքնուրոյն չեն, անկախ չեն, եւ չեն էլ կարող լինել, մենք ենք, որ նոյն Արցախի համար, իրենց ազատութեան համար, պէտք է այստեղ ժողովրդավարութիւն հաստատենք։ Ու տեսնո՞ւմ էք, արուեստից եմ խօսում, ու էլի չի լինում քաղաքականութեան կողմ չգնալ։ Քանի որ կեանքը քաղաքականութիւն է, իսկ արուեստը կեանքի մաս է։

եւ այդպէս

Շուշու երկրաբանական թանգարան

Շուշու պատմութեան թանգարանի անմիջապէս հարեւանութեամբ բացուել է երկրաբանական թանգարան։ Հաւաքածուն նուիրաբերել է Շուշեցի գիտնական, ով ԽՍՀՄ ամենավեհ գիտնականներից էր, պաշտօնն ու անունը չեմ յիշում։ Եւ հաւաքել է այս քարերն ու արտեֆակտները աշխարհով մէկ։

Թանգարանի աստղը, քարի մէջ դրոշմուած այս «կենդանու»՝ փափկամորթի բրածոն է։ Ընդամէնը մի քանի ամիս առաջ են գտել Քիրս սարի հանքում։ Կանչեցին երկրաբաններին, երջանկացրին, յանձնեցին թանգարան։

Թանգարանի աստղը

յղման տակ աւելին՝
լուսարձակող քարեր, աստղեր, փափկամորթեր, բրածոներ, եւ այլն

ասք վերահսկողութեան մասին

Ուկրաինայի դէպքերն էլ ցոյց տուին, որ հողը, զէնքը, վերահսկողութիւնը թղթով չեն փոխում։ Խոստացե՞լ են իրենց տարածքային ամբողջականութեան երաշխաւորողը լինել ԱՄՆ֊ն ու ՄԲ֊ն (ՌԴ֊ի մասին չեմ խօսում)։ Եւ ո՞ւր են։

(Յանուկովիչն էլ նոյնն էր անում, ինչ արել են ՍՍ֊ն ու ՌՔ֊ն։ Երկիրը թուլացրեց, պարտքերի մէջ խրեց։ Եւ բանակը հզօրացնելու փոխարէն բերկուտին՝ ժողովուրդ ծեծող֊սպանողներին էր աճեցնում։)

— ՌԴ֊ի զօրքը հայ֊թուրքական սահմանին նշանակում է ոչ թէ որ իրենք մեզ պաշտպան են, այլ որ մենք այդ սահմանը չենք վերահսկում։ Դա ապահով չէ, երբ դու քո սահմանը չես վերահսկում։

— Սահմանը պէտք է լինի այնպիսին, որ հնարաւոր պատերազմի դէպքում ռազմաճակատի գիծը հնարաւորինս կարճ լինի։ Նկատի ունեմ, օրինակ Քարվաճարը պէտք է վերահսկուի մեր կողմից, այն զիջելը խոստումների փոխարէն նշանակում է հնարաւոր հակամարտութեան դէպքում նախապէս թոյլ լինել։ Իսկ ո՞րն է երաշխիքը որ հակամարտութիւն այլեւս չի լինի։ Ո՞վ կարող է դա երաշխաւորել։ Այսօր ես չեմ տեսնում այդպիսի ուժ։ Կան տարբերակներ, երբ օտար զինուած ուժերը վերահսկելու են մեր տարածքը, այսինքն՝ մեզ նոյնպէս։ Դա նշանակում է՝ մենք օկուպացուած ենք։ Եւ նոյնիսկ դա, չնայած անընդունելի գին է, միեւնոյն է չի նշանակում, որ պատերազմ չի լինի։ Նշանակում է, որ կարող է եւս մէկ խանգարող ուժ ունենանք պատերազմի ժամանակ, ինչպէս դա եղաւ իննսունականներին։

#պատերազմ #խաղաղութիւն #Ուկրաինա #Ռուսաստան #ԱՄՆ #վերահսկողութիւն #Հայաստան #Արցախ #Քարվաճար #սահման #զգօն

ասք սեպարատիզմի մասին

Ղրիմը ոչ մի դէպքում Արցախի զուգահեռը չէ։ Սեպարատիստ չէ։ Արցախն ու Ուկրայինան են կենտրոնախոյս, իսկ Ղրիմը՝ կենտրոնամէտ է։ Եթէ եւ կայ զուգահեռ, ապա Ղրիմի ռուսների եւ ԼՂ֊ի թաթարական փոքրամասնութեան մէջ։

ու տենց

ասք ռեալականի պահանջների մասին

արմաելոն մեջբերում է

Բաքվի արյունոտ դեպքերի կապակցությամբ Շուշիի ռեալական ուսումնարանի աշակերտական սոցիալ֊դեմոկրատական խումբը փետրվարի 11֊ին հրապարակում է․ «Պայքարիր հանուն քո իրավունքների համար» թռուցիկը, որը կոչ է անում բոլոր սովորողներին դուրս գալու մասսայական դասադուլի։

Սովորող երիտասարդության շարժումներից անհանգստացած Կովկասի ուսումնական օկրուգի հոգաբարձուն Շուշի է ուղարկում տեսուչ Գ․ Սլավինսկուն և պահանջում նրանից տեղական իշխանութունների օգնությամբ կարճ ժամկետում վերսկսել դադարեցված պարապմունքները։ Բայց աշակերտական դասադուլը վեր էր ածվում հակակառավարան մեծ ցույցի, որին ակտիվ մասնակցություն են ցույց տալիս նաև քաղաքի ազգաբնակչության դեմոկրատական խավերը։

Հոգաբարձության ներկայացուցիչը տեսենելով, որ ոչ մի կերպ հնարավոր չէ դադարեցնել այդ դասադուլը, որոշեց խնդրել հոգաբարձուին հարգելու տեղական իշխանությունների խնդիրքը մինչև սեպտեմբեր մեկը դադարեցնել Շուշիի ուսումնական հաստատությունների պարապմունքը։ «Հակառակ դեպքում,― հայտնում է Գ․ Սլովինսկին,― աշակերտներն այնքան հաստատակամ են իրենց որոշման մեջ, որ մեր միջոցառումները կարող են հանգեցնել ծանր հետևանքների»

Կառավարությունը փակեց ևս մի շարք ուսումնական հաստատություններ, բայց դրությունը չփոխվեց։ Ընդհակառակը, փակված ուսումնական հաստատությունների բարձր դասարանների աշակերտները ՌՍԴԲՊ տեղական կազմակերպությունների հանձնարարությամբ հակակառավարական ակտիվ ագիտացիա էին տանում ազգաբնակչության, առանձնապես սովորողների շրջանում, ամենուրեք կազմակերպում ինքնազարգացման խմբակներ, տարածում հեղափոխական թռուցիկներ։

Այդ առթիվ Երևան նահանգի Էջմիածնի գավառապետը հայտնում է, որ իրեն հասած տվյալներով, մի խումբ սովորող երիտասարդներ վտանգավոր տարրերի հանձնարարությամբ շրջում են գավառի ուսումնարան ունեցող գյուղերը և հակապետական մտքերով վարակում թե՛ սովորողներին, և թե՛ նրանց ծնողներին։ Գավառապետը հաճախակի կրկրնվող աշակերտական հուզումների պատճառը համարում է «այդ վտանգավոր ազդեցության արդյունքը»։

Եթե մինչև [1905 թ․] հունվարի 9֊ը դեպքերը գավառային քաղաքների և գյուղերի սովորողների հուզումների վերացմանը ակտիվ աջակցություն էր ցույց տալիս ծնողների մեծ մասը, ապա հունվար֊փետրվարյան արյունոտ դասերից հետո, ընդհակառակը, նրանք միանում էին իրենց զավակների ելույթներին և բացարձակ պաշտպանում նրանց պահանջները։

Սիգնախի արական և իգական ուսւոմնարանների միացյալ մանկավարժական խորհրդի նիստում դասադուլ հայտարարած աշակերտների ծնողներն ասել են «․․․ Մենք թույլ չենք տա, որ մեր երեխաները հաճախեն ուսումնարան, քանի դեռ չի բավարարվել նրանց արդարացի պահանջները»։

Իսկ նրանց պահանջներն էին․

1. Ուսուցումը պետք է տարվի մայրենի լեզվով, այն էլ պարտադիր լինի մինչև 16 տարեկան երկսեռ բոլոր քաղաքացիների համար։
2. Կրոնը պետք է հանել դասավանդվող առարկաների թվից։
3. Չդնել ազգությունների ու կրոնական դավանանքի խտրություն։
4. Անհապաղ վերականգնել աշակերտական հուզումներին, դասադուլներին և ցույցներին ակտիվ մասնակցություն ցույց տալու համար ուսումնական հաստատություններից հեռացված աշակերտներին և այլն։

այստեղից

Շուշիի ռեալական մտնելիս, սալվե— բարի գալուստ։
Շուշիի ռեալական մտնելիս, սալվե— բարի գալուստ։

Թաղիադյանը, 1821 թվականին Եփրեմ կաթողիկոսի հետ գտնվելով Շուշի քաղաքում, պատմում է, որ Շուշում այն ժամանակ բնակվում էին երկու վաճառաշահ տներ, որոնք խոշոր կապիտալների տեր էին եւ ահագին գործարքներ էին կատարում։ Այդ առեւտրական տներից մեկը Հախումյանների տունն էր, որը ռուսական կայսրության գանձարանում մոտ մեկ միլիոն ռուբլի փող ուներ եւ առեւտուր էր անում Իրանի, Սիբիրի եւ Եվրոպայի քաղաքների հետ, ուներ մեծ քանակությամբ գործակատարներ։ Երկրորդ վաճառաշահ տունը եղբայրք Զոհրապ եւ Մեսրովբ Թառումյանների տունն էր, որը արտոնություններ ուներ Կասպից ծովի ձկնորսության եւ նավագնացության մեջ եւ ոչ պակաս առեւտրական գործեր էր վարում, քան Հախումյանների տունը։ Եղբայրք Թառումյանները իրենց հաշվին Շուշում կառուցել են Ագուլյաց եկեղեցին, թեեւ իրենց Ղազանչեցվոց ծխին էին պատկանում։
Թառումյանի մահվանից հետո նրան թաղում են «մեծ պատվով, ինչպես Արտաշես Արշակունի թագավորին», գրում է Թաղիադյանը, «հայոց կաթողիկոսի, եպիսկոպոսների եւ ժողովրդի ահագին բազմության ներկայությամբ»։

Ռ․ Հ․ Գասպարյան, Շուշի քաղաքը, Հայաստանի ԳԱ հրատարակչություն, 1993, 47 էջ։