հեռարձակելու մասին

սկզբից դու անջատում ես չաթը։
քանի որ մենակ ես այդ մարդկանց հետ։

այնտեղ այսպէս է լինում՝
քեզ գալիս է ռեքվեսթ, դու անում ես ռեսփոնս։
խնդիրը ռեքվեսթը չէ, խնդիրը հայցի պարունակութիւնն է, ու որոշակի պատասխանի ակնկալումը։

յետոյ դու մտածում ես, որ խելախօսը ձեռքին բռնելը անիմաստ է,
քանի որ դու չես սպասում ոչ մի մեյլի, ինչպէս Քոհեն Լեթը զրօ թեորեմի սպասում էր զանգի։
այն արդեն կոմունիկատոր չէ։ այն դարձել է ընդունիչ։

խելախօսով դու կարդում ես առանց մեկնաբանելու։ ասենք գիրք։
ինչ֊որ մէկը այդ գիրքը հեռարձակել է։ գրել է։ ու նա չգիտի որ դու կարդում ես։
գիրքը ռադիո֊ի պէս է։
այն հեռարձակւում է, այն կարելի է «բռնել» ու լսել, կամ չէ։

այստեղ չկայ ռեքվեսթ ռեսփոնս, այսինքն իրենք չեն կարող լինել «մալֆորմդ»։

դու էլ ես գրում ինչ֊որ բան ասենք մատեանում, կամ թէկուզ գիտհաբում, ու դա հեռարձակում է։
տեսնում ես, որ մեկնաբանութիւնները նորմալ չեն աշխատում, սկզբից փորձում ես սարքել, յետոյ չես կարողանում հեշտ սարքել, ու չես էլ ուզում ջանք թափել։

քանի որ չես սպասում մեկնաբանութեան ինչպէս Քոհենը՝ զանգի։

ու ամենահաւէսն այն է, երբ դու անում ես ինչ֊որ բան այլ մարդու համար, առանց առնել վաճառելու, չես սպասում ի պատասխան ոչ մի բան։ չես էլ ուզում «գրաւել»։ ոչ իր ուշադրութիւնը, ոչ էլ իրեն։ նա բերդ չէ։ դու հեռարձակում ես։

այսինքն չես անում որ ստանաս։

ոնց որ գցես լապտերի ճառագայթ մարդու վրայ, նա էլ կարող է գցել իր ճառագայթը քո վրայ։ իսկ յետոյ այդ ճառագայթներով դուք սովորում էք շփուել։ ու դա բարդ է, պրոտոկոլ ձեւաւորելը, իրար հասկանալը։
դա երկար պրոցես է, մտերմութիւնը մի անգամից չի ստեղծւում։
եւ յուրաքանչիւր հաստատուած յարաբերութիւնը ուրոյն է, քանի որ այն ունի անկրկնելի հաղորդակցման պրոտոկոլ։ ու անկրկնելի պատմութիւն։
իսկ ուրոյնը՝ անգին է։ անկրկնելին՝ անգին է։

իսկ առնել ծախելը՝ դա է խնդիրը «հաճելի մարդկանց» հետ։
իրենք ինչ֊որ բան են անում որ ինչ֊որ բան ստանան։
իսկ երբ գիտեն որ չեն ստանալու, չեն անում։ սա հեռարձակում չէ։ շուկայ է։

ասենք, իմ խնդիրը «հաճելի մարդկանց» հետ այն է, ով բարի են, ուզում են քեզ համար բան անել, հաճոյանում են, որ չեմ հասկանում, ի՞նչ է մտքին։ ի՞նչ է ուզում։ դա վստահութիւն չի առաջացնում։
հաճելի մարդիկ չեն կարող խորը յարաբերութիւններ հաստատել, քանի որ իրենք թաքնւում են այդ հաճելի լինելու հետեւը։

մի հատ էլ խնդիր կայ, ռադիո֊ի յաճախականութիւնը։
արդե՞օք այդպիսի ընդունիչներ կան, ով կարողանում են բռնել քո հեռարձակած յաճախականութիւնը։
արդե՞օք այդպիսի էակներ կան, ով ունակ է կարդալ քո գրած կոդը, կամ օգտագործել, կամ ում պէտք է։

արդե՞օք այդպիսի էակ կայ, ով ունակ է «բռնել» քեզ, լսել քեզ, հասկանալ քեզ, ընկալել քեզ, ընդունել քեզ։
իհարկէ կան էակներ ով բռնում են։ լսում են խշշոց, կամ իրենց թւում է դա սուլոց է կամ քամի։
կամ ծովի ալեկոծի ձայն։

ու իրենք քեզ ուզում են, ասում են՝ սիրուն խշշոց է, կամ սիրուն սուլոց է։ ու դու գիտես որ չեն կարդում քո տառերը։ չեն լսում քո արտայայտածը։ ու չեն էլ ուզում սովորել։
մէկ մէկ իրար խշշոցներն են հաւանում, ու իրենց թւում է, որ երբ իրար համար խշշում են՝ մտերմացել են։

չբռնւող յաճախականութեան օրինակն է այն կէտը, ով մենակ է, քանի որ այլ յաճախականութեան վրայ է հեռարձակում։

իրեն այլ կէտերը չեն լսում։ նա այլ կէտերի հետ չի շփւում։
ո՞ւմ պատճառով է։ նա՞ է սխալ, որ այդ յաճախականութիւնն է կիրառում, թէ՞ իրենք, որ այլ։ ոչ մէկն էլ սխալ չէ։ պարզապէս մէկը իրեն վատ է զգում, մէկը՝ լաւ։

այսպէս դու ծնւում ես, կամ ձեւաւորւում ես ինչ֊որ ձեւ, որ քեզ լաւ զգաս, կամ վատ։ ։Ճ ուրիշ տարբերակ չունես։

նա հեռարձակում է։
ես հեռարձակում եմ։

ու տենց

գրել է՝


Նորայր ջան

if(ֆեյսբուքը ճիշտ ա ասում)
{
    echo "Շնորհավոր !!!";

    $more = "Քեզ լիքը";
    $bavarar="Բավարար";

while(կենդանի ես)
    {
        echo $more." Երջանկություն ու սեր
"; echo $more." Հետաքրքիր մտքեր
"; echo $more." Հետաքրքիր մարդիկ
"; echo $more." Լավ ընկերներ
"; echo $bavarar." փող
"; echo $bavarar." դժվարություններ
"; if(դժվար է) { echo "բավարար ուժ
"; } if(տխուր ես) { echo "ուրախացնող ունենաս
"; } if(ուրախ ես) { echo "ունենաս ում հետ կիսես
"; } if(գաղափարներ ունես) { echo "Իրականացնես
"; } } echo "դբա լավը ;)"; }

ասք մեռած նամակների մասին

այն պահը, երբ հասկանում ես որ մատներդ ճարպիկ սեղմում են՝ անգիր գիտեն, alpine֊ի հետեւեալ շորթքաթները՝ ^c, shift c. — քանսել մեյլ, քոնֆիրմ։

ու աչքերիդ առաջ է ծանօթ՝ «Message cancelled and copied to “dead.letter” file», եւս մի աւարտի մասին հաղորդագրութիւնը։

dead.letter

ու տենց

#մատներ

մտածում եմ, գուցէ մեզ ձգում են ստեղծագործող մարդիկ՝ ֆոտո անող, գրող, գիտնականներն, հաքերները, քանի որ իրենք իրենց յոյզերն արտայայտում են գործի միջոցով, մենք դրանք ենք ընկալում, մարդուն ենք որոշ չափով հասկանում իր յոյզերը շօշափելիս։ ու այդպէս յուզական կապ է ստեղծւում մեզ մօտ։

մտածում եմ, յոյզեր բոլորն ունեն (երեւի թէ ։Ճ), անկախ նրանից, արտայայտո՞ւմ են դրանք հրապարակային, ու անկախ նրանից, թէ ինչպէս՝ տեքստ գրելով թէ նկարելով, թէ ոչ մի ձեւ, կամ ինչ֊որ ահաւոր կենցաղային բան անելով։

ի դէպ, նաեւ արդեն կարող եմ ձեւակերպել ինչով ինձ դուր չի գալիս իմ մատեանը(եւ այսինքն ես)․ անկապ լուրջ լուրջ փիլիսոփայում եմ, յոյզեր չկան, փակ եմ, կամ հազուադէպ են լինում այդպիսի գրառումներ։

ես հասարակ մարդ եմ, ինձ վեհութիւնը չի ձգում, ինձ մարդիկ են ձգում, բոլորն էլ ունեն յոյզեր, ուզում եմ շփուել այդ հասարակ մարդկանց հետ եւ ծանօթանալ իրենց յոյզերին։ ուզում եմ էմփաթիա զգալ։

ու տենց

ասք շփուելու մասին

դիսքլեյմեր․ ես հոգեբան չեմ բնաւ, ու չեմ էլ ուզում։ ես կարող է եզրերի սխալներ արած լինեմ։ ու ես բնաւ չեմ կարծում որ իմ ասածը ճշմարտութիւն է։ ես փնտրտուքների մէջ եմ ու փորձում եմ իմ մտքերը ձեւակերպել։ Սա բնաւ ձեռնարկ չէ։

մենք բոլորս սովորում ենք շփուել տարբեր եղանակներով, հաւանաբար դրա մէջ կարեւոր դեր է խաղում այն, ինչ շփում ենք տեսնում, երբ մեծանում ենք։

ուզում եմ մի երկու սայթաքելու, մոլորուելու ձեւի մասին գրել, որ քանդում է յարաբերութիւնները։
օրինակ սա՝ ենթադրութեան, մեկնաբանութեան եւ փաստի տարբերութեան մասին է։

ասենք․ «դու անասուն ես»։
«դու քեզ հեռու ես պահում»։
«դու միշտ կծում ես ինձ»։
«դու անզգայ ես»։
«դու թքած ունես»։

նախ, այս բոլոր արտայայտութիւնները վիճելի են։

«անասուն»․ կարո՞ղ է մարդ գտնուի, ով չի համարում որ նա անասուն է։ հաւանական է։

«հեռու պահել»․ կարող է թուալ եթէ մարդը յոգնած է, կամ այլ բանով է անհանգստացած։

«կծում ես»․ էլի վիճելի է։ մէկը կընկալի որպէս կծել, իսկ մէկը՝ որպէս մտահոգութիւն։

«անզգայ/թքած»֊ը կրկին վիճելի են, քանի որ սրանք մեկնաբանում են վարքագիծը։

Ի՞նչը վիճելի չէ։
Դիտարկումը, փաստը։ (ոչ բոլոր փաստերը, այդ մասին յետոյ)։

Օրինակ․

«դու ուշացար»։
«դու պարբերաբար նայում ես հեռախօսիդ»։
«դու ասացիր որ ինձ չես սիրում»։
«դու խօստացար որ կը զանգես, եւ չզանգեցիր»։

«Դու ուշացար»֊ը վիճելի չէ, եթէ դու իրօք ուշացել ես։
Իսկ «դու ասացիր որ չես սիրում ինձ» եւ «անասուն»֊ի մասին ուզում եմ առանձին ասել, որ դրանք համատեքստից կախուած արտայայտութիւններ են, թէկուզ եւ արուել են։ Իրենց համատեքստից դուրս դիտարկել չի կարելի, կարող է մարդուն այդ պահին շատ ցաւում էր, նա վիրաւորուած էր, ու դա հեչ պարտադիր չէ որ փաստի արձանագրութիւն լինի։

Այլապէս, ենթադրելով, մենք պիտակում ենք մարդկանց մեր մեկնաբանութիւններով։ Եւ զարմանալի չէ, եթէ մարդը մեր պիտակը իւրացնի, անկախ նրանից, թէ ինչ կապ ուներ դա իրականութեան հետ։

Նաեւ, մենք պիտակում ենք մարդկանց ասելով․ «կեանքիս սէրը», «ծրագրաւորող», «սպանիչ ծիտ»։

«կեանքիս սէրը» անկապ արտայայտութիւն է, քանի որ նա անձի մասին չէ։ սրանով դու նշում ես, որ նա գոյութիւն ունի քեզ հետ կապ ունենալով, ոնց որ իր միակ դերը քո «սէր» լինելն է, իսկ նա գոյութիւն ունի քեզնից անկապ, անկախ, այնպէս որ այսպէս ասելն անկապ է։

«ծրագրաւորողը» նոյնպէս անձի մասին չէ։ ոնց որ նա մարդ չէ, այլ ընդամէնը մասնագիտութիւն։ կամ ոնց որ այդ մասնագիտութիւնն արդեն ամէնը իր մասին ասում է, սահմանում է։ Ասելով «ծրագրաւորող» մենք անտեսում ենք, որ նա ունի իր հետաքրքրութիւնները, ձգտումները, վախերը եւ ցանկութիւնները։ Նա ռոբոտ չէ, նա կարող է լացել, կարող է հուսալ, կարող է երազել։ Այս ամէնը ոնց որ անտեսուած լինի, երբ մենք ասում ենք իր մասին՝ «ծրագրաւորող»։

Ասելով «սպանիչ ծիտ» մենք դիտարկում ենք նրան որպէս օբյեկտ, ում կարելի է ուզել, կպցնել, շահել, հետեւից ընկնել, կրկին մոռանալով, անտեսելով որ նա անձ է, ու իրեն կարող է ցաւել, նա կարող է ինչ֊որ բանից ուրախանալ։

Պիտակները գուցէ երբեմն օգտակար են, բայց վտանգաւոր են, երբ մենք ինդեքսաւորում ենք, կատալոգաւորում ենք մարդկանց այդ ձեւով։ Մենք նոյնիսկ կարող ենք մարդկանց ասենք մեղադրել կամ ներել այս կատեգորիաների ու պիտակների հիման վրայ։

Եւ, եթէ մարդուն շարունակ պիտակում ես, ապա վաղ թէ ուշ իրեն նայելիս կը տեսնես պիտակների ամպ, որի ետեւից մարդը հազիւ երեւում է։ Իսկ մեր ուզածը այդ հետեւինի հետ շփումն էր, ով չի երեւում։ Մեզ նա էր պէտք չէ՞ իրականում։

Ոչ մի բանն էլ հեշտ չէ, նոյնիսկ երբ պարզ է։ Այսպէս շփուելուն պէտք է վարժուել։

Ասենք, զրուցակիցդ պարբերաբար նայում է հեռախօսի մէջ, երբ դուք խօսում էք։ Դու արդեն արեցիր քո եզրակացութիւնը, նեղուեցիր, ուզեցիր կծել, կամ ասել՝ «դու ինձ արհամարհրում ես»։
Հապաղիր։ Յիշիր, որ սա ընդամէնը անկապ մեկնաբանութիւն է, հարցրու քեզ, որո՞նք են փաստերը։ Ի վերջոյ, եթէ դուք իրար հետ էք, ինչո՞ւ նա պէտք է քեզ իգնորի։ Դու կարող ես դիտարկում անել՝ «դու պարբերաբար նայում ես հեռախօսիդ»։ Առանց հնարած ենթադրութեան։

Սա ընդունելու մասն էր։ rx, receive։ Հիմա ուղարկելու, tx, transmit մասին։

Ինչպէ՞ս արտայատուել։ Ի՞նչ ասել։ Կրկին նոյն մօտեցումն է․ ասել այն, ինչը վիճելի չէ։
Մեր մտքերը, պիտակները, ենթադրութիւնները վիճելի են։
Մեր զգացմունքները սակայն վիճելի չեն։

Ուրեմն կարելի է ասել, թէ ինչ ես զգում։
Սա ինձ համար, օրինակ անչափ բարդ է։

Նաեւ, մեզ կարող է թուալ որ զգալու մասին ենք ասում, իսկ իրականում դա մտքի մասին է։

Ասենք․
«(Ես զգում եմ,) որ դու հեռու ես»։
«(Ես զգում եմ,) որ ես քեզ ձանձրացնում եմ»։
«(Ինձ թւում է,) աշխարհը փլուեց»։
«(Ինձ թւում է) դու հարձակուեցիր ինձ վրայ»։

Ինչպէ՞ս տարբերել միտքն ու զգացումը, հոյզը։ Օրինակ, եթէ կարող ես «ես զգում եմ»֊ի տեղը ասել «ես կարծում եմ», «ես մտածում եմ», ապա երեւի դու այնուամենայնիւ չես զգում, այլ մտածում ես։

Կարելի է փոխարինել «զգալը» «մտածելով», «կարծելով»։ Ապա չեղաւ։

Նաեւ այս բոլոր արտայայտութիւնները վիճելի են։ Ու այս արտայայտութիւնները ընդամէնը մտքեր են ձեւակերպում, հասցնում։ Ու դրանք կարող է իրականութեան հետ կապ չունենան։

Որպէսզի դրանք չսկսեն իրականութեան հետ կապ ունենալ, աւելի լաւ է դրանք իրականութիւն չբերել։

Մեզ թւում է, որ մենք շփւում ենք, արտայայտում ենք զգացմունքները, բայց մենք իրականում մշուշոտ բաներ ենք ասում, ու աւելի շատ տեղ ենք թողնում նոր մեկնաբանութիւններին ու ենթադրութիւններին։

Ես կարծում եմ, ցածր մակարդակի ծրագրաւորման փորձը տալիս է ունակութիւն հասկանալու, թէ ինչ է կատարւում իրականում, երբ ինչ֊որ ֆունկցիա ես կանչում։
Կարելի է իջնել աւելի ցածր լեւել։

Փորձենք։

«Ես զգում եմ, որ դու հեռու ես»․ Սա միտք է։ Կարող է իրականում վախի մասին լինել։ Չընդունուելու, մենակութեան, լքուած լինելու վախի մասին։ Բայց արի ու հասկացիր։

«Ես զգում եմ, որ ես քեզ ձանձրացնում եմ»․ միայն բառերը պարզութիւն չեն բերում։ Կարելի է ենթադրել որ սա անվստահութեան կամ վախի մասին է։

«Ինձ թւում է, աշխարհը փլւում է»․ շփոթուած լինելու մասին կարող է լինել։ «Ես շփոթուած եմ (զգում)» երեւի աւելի յստակ է արտայայտում իրականութիւնը։ Անզօրութեան մասին կարող է լինել։ Յուսահատութեան մասին է կարող լինել։

«դու հարձակւում ես»․ կրկին պիտակների մասին է։ Դու ես կարծում, որ այս գործողութիւնը «հարձակում» է։ Կարծում, ոչ թէ զգում։ Սա զգացմունքի մասին չէ։ Առհասարակ, եթէ գործողութիւն է, ապա ինչպէ՞ս է զգացմունք կամ հոյզ։

«ես զգում եմ տագնապ, յուզուած եմ, անհանգիստ եմ, երբ ձայնդ ես բարձրացնում» — երեւի աւելի իրիականութեան մօտ, ու աւելի քիչ վիճելի արտայայտութիւն է։

Այսպէս, մտքերով կիսուելիս մենք կարող ենք իրար մոլորեցնել ու փչացնել ցանկացած շփում, մտերմութիւն։
Նա պէտք է իր ենթադրութիւններն անի, որ հասկանայ ինչպէս ես քեզ զգում։ Եթէ ասենք դու կարեկցանք ես սպասում։

Ահաւոր բարդ է հասկանալ թէ ինչ ես զգում, ոչ միայն արտայայտել։ Ես ասենք, իմ զգացմունքների հետ կոնտակտի մէջ չեմ։ Բայց կարծում եմ, կարելի է վարժուել։

ի՞նչ անել։

երեւի այսպէս․

«ես վախենում եմ, որ դու ջղայնացած ես ինձ վրայ»։

«երբ դու ուշանում ես, ես վախենում եմ, որ դու երբեք չես գալու»։

«դու պարբերաբար նայում ես հեռախօսիդ էկրանին, ու ինձ հետաքրքրում է, ի՞նչ է մտքիդ։»

Այսպէս կարելի է միացնել երկու մասը․ դիտարկել փաստը, եւ արտայայտել զգացմունքը։
Սա բաւական բարդ է, եւ ինձ համար բաւական վախենալու է։ Բայց եթէ ես այսպէս անեմ, աւելի մեծ է հաւանականութիւնը, որ զրուցակիցս էլ այսպէս կանի ու մենք լրիւ չենք խառնուի։

Իհարկէ, շատ այլ կերպ ենք կարող սայթաքել եւ չհասկացուած մնալ շփուելիս։

Այսպէս, ես հիմա պարապում եմ կատուների վրայ, երբ շփւում եմ մարդկանց հետ։

ու տենց

հու քեյրս

եթէ դու վաղը նստես երթուղային, ու այն պայթի, կամ տաքսի՝ ու մեծ ջիպ մտնի այդ տաքսու մէջ, քա՞նի հոգի է անկեղծ վիշտ զգալու այդ պատճառով։ աւելի, քան երեք օր։

(ինձ մօտ ասենք շան կորուստի զգացմունքները պրոցես անելը կարող է տարիներ տեւել, իսկ առաջին ամիսը անտանելի է։)

ծնողները հաշիւ չեն։
եւս մի հարց։ դա քո՞ մասին է, թէ՞ իրենց։
քեզնի՞ց է, որ իրենք կան/չկան, թէ՞ իրենցից։ թէ՞ երկու կողմից էլ։

եթէ ես այսօր սեւանից չվերադառնայի, ո՞ւմ էր ցաւալու այդ համար։ ոչ֊մէկ֊ին։
լաւագոյն դէպքում կհնչեր․

— նա լաւ տղայ էր, լաւ էր բարքեմփին խօսում֊մոսում։ ափսոս։

իհարկէ անկեղծ է տխրութիւնն նրանց, ով ինձնից սպասելիքներ ունէր․ Բերնհարդը, ում ես գարբաջ քոլեքթորի հետ կապուած հարցերում պիտի օգնէի, իսկ նա արդեն ինձ փող է փոխանցել, Տ֊ն, ում ես խոստացել եմ օգնել այն պարագայում, ու Ք֊ն ով իր հարցերի պատասխանը չի ստանալու։

նկատե՞լ ես ինչպէ՞ս է փոխւում դետալներում վերաբերմունքը նրանց, ով քեզնից օգուտ չունի։ օրինակ ինչպէ՞ս է նա նստում երբ քեզ հետ է խօսում։

ծանօթ բրիտանացի ասում էր՝ «ես չեմ հաւատում երբ սոցիալական կապիտալը փորձում են էսթիմեյթ անել լայքերի քանակով։ ինձ համար սոց․ կապիտալը այն մասին է, քանի հոգի է պատրաստ ՍՊԱՆԵԼ ինձ համար»։

Ընդամէնը սպանել, ոչ թէ մեռնել։

Իսկ ո՞ւր ենք հեռու գնում։
Ո՞վ է ցանկանալու/կարողանալու «մտնել կօշիկներիդ մէջ»։
Հասկանալ, զգալ, կիսել։ Իրօք։

Բանալ մի դէպք։ Ընկերդ աշխատանքն է փոխել։ Շատ վատ է։
Նորմալ մարդ էր, կարծես։ Բայց հիմա, նոր աշխատանքին չի դիմանում։
Ամէն օր տառապում է, պատմում, որ նոյնիսկ գործից յետոյ է անհանգիստ, ու առաւօտը մտածում է աւելի լաւ է մեռնել, քան գնալ այդ աշխատանքի։

Հեշտ է պատկերացնել ընկերների արձագանքը։ Ասեմ, որ այդ մարդը ինքը շատ քեյր անող մարդ է, ով միշտ աջակցել է ընկերներին, միշտ կարեկցել է, միշտ զգացել։ Ու նա մնացել է լրիւ մենակ այդ վիճակում։ Լրիւ։

Նա նկատում էր իրենց անտարբերութիւնը դետալներում, հայեացքում, շարժումներում, նոյնիսկ եթէ իրենք փորձում էին քաղաքավարի լինել։ Մէկն անկեղծութիւն ունեցաւ ասելու․ «ես փորձում էի ինձ յիշեցնել որ դու սովորաբար հաւէսն ես, ու դիմանալ, բայց չստացուեց»։

Քանի որ ձանձրալի է, անհետաքրքիր։

Քանի շաբաթ առաջ տեսել եմ Ն֊ին փողոցում։ Ասաց ո՞նց ես։ Ես ֆոտո էի արել ամբողջ օրը ու հիանալի տրամադրութիւն ունէի։ Ժպտացի, ասացի՝ լաւ։ Նա զարմացաւ։ Զննեց ոտքից գլուխ։ Ո՞նց թէ լաւ — կարդացի աչքերում։ Յետոյ տեսաւ, որ չեմ կեղծում։ Ասաց․ «սովորաբար քիչ եմ տեսնում որ լաւ լինեն»։

Ու աւելացրեց․ «վաղը չէ միւս օրը արի հանդիպենք»։

Դա այն ժամանակ, որ ամիսներով պայմանաւորւում էինք հանդիպել ու «չէր ստացւում»։ ։Ճ

Ռեպրիզա․

Քա՞նի հոգի կը սպանի քեզ համար։
Քա՞նի հոգի երեք օրից շատ է տխրելու որ դու չկաս։

Ովքե՞ր են իրենք։

Եւ վերջաբան․
Ո՞ւմ համար դու կը սպանես։ Ո՞ւմ համար ես դու տխրելու երեք օրից շատ եթէ նա վաղը մեռնի։

ու տենց

Հ․ Գ․ տես նաեւ սա։

երբ գալիս էի, ինձ թւում էր հետեւիս մեքենան միկայինն է։ այն շէնքը միշտ ուզում էի նկարել։ աջ եմ քաշում. արգելակ, բանալի, լծակ։ խցիկ, բռնակ, ոտքերը սառը ասֆալտին։

հետեւիս մեքենան անցնում է, աջ քաշում։ փակ բաժակը ձեռքին ամրակազմ մարդ է դուրս եկել, ձեռքով է անում հեռուից։ պատասխանում եմ. կարծես իրօք միկան է։ բղաւում է՝

– տուդա՞աա

– ահա, – ասում եմ – ու հետ հետ գնում աւելի լաւ ռակուրս փնտրելով։ ուզում եմ թափ տալ վրայիցս այն կովի սեւեռուն հայացը։

– մեծ ես կադրի մէջ, դուրս արի, կամ գնա այնտեղ կանգնիր։

միկան արդեն չկայ։ հասցրե՞ց խմել։

այն որ շատ են ու կախուած են օդում, մուգ ցածր ամպերի տակ. ոնց որ վալկիրիաներ լինեն։ սաւառնում են ու նայում ներքեւ, փնտրում, ո՞վ է լինելու ճակատագրի ընտրեալը։։ զգում ես ինչպէս հայացքը վրայովդ անցաւ։ չկանգնեց։ շունչ ես քաշում։

ուզում ես պարզապէս նստել ու նայել, լսել քամու ձայնը ու ալեկոծի աղմուկը։ իսկ խցիկները կողքդ են, լքուած ու տխուր։ օբյեկտիւը նայում է խելախօսի էկրանին՝ «ինչո՞ւ այսպէս»։ «եւ իսկապէս», – հայլապատկերում է լինզան ապակէ էկրանը՝ «ինչո՞ւ»։

ճախրող վալկիրիաները իրենցից գոհ են թւում, գալարւում են. գիտեն որ գերող են, ու դրանից աւելի են ոգեւորւում, պոչերը շարժում են։

դռների շրխկոց, անցնող մեքենանայ, եւ էլի մի հատ։

երկինքը բացւում է։

դեղին աւտոբուս։

հինգն են մնացել, չորսն իրար հետ են շփւում, իսկ միւսը մենակ է ու բարձր։ ամենաբարձր սաւառնողի թելը բռնած տղան իրեն չի էլ նայում։ պարանը ուղղուած է երկինք, ու հալւում է օդի մէջ։

տղան տալիս է պարանը աղջկան. դու հաւաքիր։

մեծ գլխով սեւ֊սպիտակ շունը անցնում է գործարար տեսքով, կանգնում, նայում է մի քանի րոպէ։ կարծես շարունակեց ուղին, բայց մի քիչ յետոյ էլի է կանգնում, նայում։ անսպասելի շրջւում է ու վազում. ետեւից սլանում է տեղացի «վետերոկի շունը»։ եւ թոփալելով, բայց հպարտ, կատարուած պարտքի զգացումով, վերադառնում։

ինտերաղմուկին խառնւում է օբէկտի անորակ դինամիկների երառշտութիւնը. «քեն գեթ նոու սաթիսֆեքշն», իհարկէ ոչ Սթոունզ։ իսկ նաւակի վրայ գրուած է՝ «ռեդ փեփեր», իհարկէ ոչ Չիլի։

վերջին միկրոավտոբուսի պահուհանում ուրախ հեռախօսին նայող դէմք։

այս մի վալկիրիան հնազանդ եւ ցածր թռչում է տիրուհու ետեւից դէպի մեքենաներ։ ոնց որ նեղացած շուն. մի քիչ էլ զբօսնենք։

փշերը պոկել նայքիներից։ դուռ, յու֊էս֊բը, կիտրոնի ժելէ, այս ալբոմը չէի լսել։

հիմա ո՞ւր, վանաձո՞ր։ ամենահարազատ տեղերից է։ դեռ չգիտեմ. բանալի, մատոր, կամերա, դուբլ՝ խշշոց անիւների տակ։

անկասկած է՝ եթէ պայծառ օր լիներ, չարուած ֆոտոներս այսչափ տպաւորիչ չէին լինելու։

այստեղից

ասք վստահութեան մասին

մարդիկ երբ վատ են զգում, հակում ունեն իրենց աղէտների մէջ մեղադրել այլ մարդկանց, կամ պատճառաբանել իրենց տապալումները ինչ֊որ արտաքին գործօններով։

իսկ ես նկատում էի, որ ես ինձ այնքան էլ վատ չեմ զգում երբ մտածում եմ, որ ինձնից այնքան էլ կախուած չէր այն ինչ կատարուել է։

սակայն ես ինձ վատ էի զգում, երբ մտածում էի, որ ես եմ, ով սխալ թոյլ տուեց, ես եմ, ում չիմացութիւնը, թուլութիւնը, անտեղեակ լինելը, անպատրաստ լինելը, բաւական չզարգացած լինելը կամ պարզապէս չհասկանալը ինձ բերեց այդ վիճակին։

ու դա՝ երբ ես ինձ եմ պատասխանատու զգում, ոչ թէ մեղադրում եմ աչ ու ձախ, բերում է նրան, որ ես ինձ սկսում եմ վստահ զգալ, լաւ զգալ, երբ հասկանում եմ, զարգանում եմ, տեղեակ եմ, արդեն գիտեմ, պատրաստ եմ, այսինքն ես յաջորդ անգամ ինձ այլ կերպ կը պահեմ։ դա ամէն ինչ փոխում է։

սա վստահութեան ու հանգստութեան աղբիւր է։

իհարկէ, դեռ շատ բաներ կան սովորելու ու զարգանալու, ու բարդ է ասել, քո այսօր իմացածից որն էր այբուբենը, իսկ որն էր կոդոգեներատոր սարքելու փորձը։ բայց անցեալն անցեալում է, երբ ես տառերը չգիտէի, ու ապագան առջեւում է, ուր ես տառասխալ չեմ անի, ոչ էլ գլոբալ փոփոխականներն եմ չարաշահելու։

ու տենց

ամէն մէկս ունենք մեր վախերը, խնդիրները, ցանկութիւնները, ձգտումները։ ու ամէն մէկս փորձում ենք ձեւ գտնել, որ լաւ զգանք մեզ, կամ գոնէ վատ չզգանք։

մարդու ամենակարեւոր յատկութիւններից է իրեն ուրիշի տեղ դնելը, ուրիշի այդ վախերն ու ձգտումները հասկանալը։

քչերն են կարողանում, ինքս էլ եմ ուզում զարգացնել այդ յատկութիւնը, ու շատ եմ գնահատում նրանց, ով կարողանում է, ունի։

http://www.youtube.com/watch?v=tO8ouAHLe-Q
ուտենց‬

ինքնանկարներ

20141102_069

կարկուտը սկսուեց ու խփեց երեսիս։ ։Ճ

_MG_6043.CR2_WE0SOX

_MG_6172.CR2_YHYSOX

ու տենց

ասք բաց վայֆայի մասին

այն զգացողութիւնը, երբ շուրջդ շունչ չկայ, մոռացուած քանդած ճանապարհ, սարեր, ամպեր, հսկայ հողմաղացների սառը սուլոցը, ու խելախօսդ բռնում է «Pushkin» ssid֊ով վայֆայ աքսես փոյնթ։

ու տենց

այսորուայ տեսանիւթը՝

_MG_5948.CR2_V0AKOX_

_MG_6070.CR2_V8YNOX

_MG_6076.CR2_A6TSOX

_MG_6082.CR2_42MOOX

_MG_6102.CR2_0BPYOX

_MG_6104.CR2_M3OTOX

_MG_6117.CR2_4XPKOX

_MG_6138.CR2_O7GHOX

_MG_6145.CR2_BMRWOX

_MG_6148.CR2_QHLOOX

_MG_6175.CR2_PO6GOX

_MG_6191.CR2_MOJ0OX

_MG_6198

_MG_6201.CR2_RE5OOX

_MG_6212.CR2_UL1KOX

_MG_6215.CR2_I2WZOX

_MG_6219.CR2_6MZ0OX