ասք նոմենկլատուրային աշխատողների երեխաների գնացած դպրոցների մասին

Ռաֆայել Ղազարյանը Հայոց լեզվի և «Տիզբոնի» ռուսականացնող մեծապետական շովինիզմի մասին

Անկախության նվաճումներից.

Սահմանդրությամբ իրեն պատկանող իրավունքները և պարտականությունները ինչպես պետական ու հասարակական կառույցներում, այնպես էլ կրթական համակարգում, ստանձնեց ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒՆ: Այսօր անգամ մտավորականների երեխաները, հաճախելով հայկական դպրոց, այլ լեզուների կողքին, «ավա՜ղ», «ստիպված են» սովորել նաև մայրենին: Այսօրվա կյանքը թելադրում է մի քանի ամենատարածված լեզուների իմացություն, ինչը նվազեցնում է փոքրաթիվ ժողովրդի մայրենիի խլացման, խեղճացման այն վտանգը, որը, ինչպես համոզվեցինք, առկա է մեկ արտոնյալ օտար լեզվի պարագայում:

Մեծ կարևորություն եմ տալիս օգոստոսի 19-ին «Ղարաբաղ» կոմիտեի՝ ժողովրդին ուղղված դիմումին: Այն ուղղված էր շարժմանը հակառուսիստների պիտակ կպցնելու անազնիվ ջանքերի դեմ:

Նենգափոխության այդ փորձերը ցայսօր չեն մարել մայրենի լեզուն ուշացումով իր իրավունքի մեջ վերահաստատելու անհրաժեշտության դեմ անխոնջ պայքար մղող որոշ վայ մտավորականների շնորհիվ, ուստի տեղին է վերարտադրել այն ամբողջությամբ.

Ղարաբաղյան շարժման հայաստանյան կոմիտե

19.08.1988թ.

Այսպես կոչված Հակառուսական տրամադրությունների մասին, որոնք իբր բորբոքվում են Ղարաբաղյան շարժման միտինգներում

  1. Վերջին ժամանակներս Ղարաբաղյան շարժման դեմ ուղղված մեղադրանքներից մեկն է դարձել այն, որ, իբր, երևանյան միտինգներում հակառուսական տրամադրություններ են բորբոքվում: Սա պարզապես ստալինյան բռնապետության զինանոցից հանված հերթապահ մի հերյուրանք է, որով ավանդաբար ամբաստանվում է կենտրոնական իշխանությունների, սովետական բյուրոկրատիայի նկատմամբ արտահայտված որևէ դժգոհություն: Նման մոտեցումը, սակայն, ամենևին չի կարելի կապել իշխանությունների թեթևամտության կամ կարճատեսության հետ, քանի որ այն ունի շատ ավելի խոր պատմա-հասարակական և հոգեբանական արմատներ: Բանն այն է, որ երկրի բյուրոկրատիան առ այսօր բացահայտորեն առաջնորդվում է Սովետական Միության և Ռուսական պետականության նույնության գաղափարով: Նշենք թեկուզ մեկ փաստ. «Օգոնյոկ» շաբաթաթերթի այս տարվա հուլիսյան համարներից մեկում (N29) ԽՍՀՄ ֆինանսների մինիստր Բ. Ի. Գոստևն առանց այլևայլության գրում է հետևյալը. «Այսօրվա առաջնահերթ հոգսը պետությանն առնչվող հոգսն է, մանավանդ մեր Սովետական պետության՝ Ռուսական պետության ամրապնդման հոգսը»: Ուստի միանգամայն պարզ է, որ նման մոտեցման դեպքում պետական մարմինների նկատմամբ արտահայտված որևէ դժգոհություն պետք է դիտվի որպես հակառուսական տրամադրություն: Միաժամանակ հարկ է նշել, որ մեզ այդպիսի մեղադրանք ներկայացնողները տարօրինակ կերպով մոռանում կամ միանգամայն բնական են համարում այն փաստը, որ սովետական մամուլը ավելի քան մեկ տարի զբաղված է հայ ժողովրդին վերակառուցման թշնամի, էքստրեմիստ, նացիոնալիստ, ձրիակեր հռչակելու և դրանով հակահայկական տրամադրություններ սերմանելու գործով, որի հետևանքով, օրինակ, բանակում արդեն հալածանքներ են սկսվել հայ զինծառայողների հանդեպ:
  1. Ղարաբաղյան շարժման նպատակն է սահմանադրական շրջանակներում ընթացող գործողություններով հասնել Ղարաբաղի վերամիավորմանը Հայաստանի հետ՝ որպես սկզբունք խուսանավելով որևէ ազգի կամ ժողովրդի, որևէ կրոնի կամ դավանանքի դեմ ուղղված թշնամական կամ վիրավորական արտահայտություններից: Սակայն դա չի նշանակում, որ մենք պետք է խուսափենք նաև մեր ազգային արժանապատվությունը վիրավորող այնպիսի իրողությունների սկզբունքային քննադատությունից, ինչպիսիք են, օրինակ, Ադրբեջանի մոլեռանդների կողմից Սումգայիթի հայ բնակչության նկատմամբ գործադրված ցեղասպանության և սովետական բանակի կողմից «Զվարթնոց» օդանավակայանում կիրառված բարբարոսության փաստերը: Վճռական հակահարված պետք է ստանան նաև հայ ժողովրդի հասցեին ուղղված այն բոլոր անպատասխանատու հայտարարությունները, որ անպատիժ կերպով հրապարակում են առանձին ղեկավար անձինք և մամուլի ու հեռուստատեսության մարմինները:
  1. Հայ ժողովուրդը իսկապես շուրջ 300 տարի իր քաղաքական հույսերը կապել է Ռուսաստանի հետ և անկախ կրած բազմաթիվ հուսախաբություններից՝ այսօր էլ չի կորցրել իր համակրանքը ռուս ժողովրդի նկատմամբ, վերջինիս վերաբերմունքը հստակորեն տարբերելով իշխանությունների վարած մեծապետական շովինիզմի քաղաքականությունից: Սակայն այժմ, երբ Ղարաբաղի խնդրով զգալի հարված է հասցվել հայ ժողովրդի ազգային արժանապատվությանը, ապա կարող է վտանգվել նաև այդ համակրանքը: Հայ և ռուս ժողովուրդների անկեղծ բարեկամության ապահովման երաշխիքը ներկայումս գտնվում է Մոսկվայի ձեռքում, որի վտանգման պատասխանատվությունն էլ ընկնում է հենց նրա վրա:
  1. Ղարաբաղյան շարժման հակառակորդների կողմից որպես հայ և ռուս ժողովուրդների բարեկամությանը հակասող երևույթ, որպես հակառուսական տրամադրությունների բորբոքման մեղադրանք է ներկայացվում նաև միտինգներում արտահայտվող այն մտահոգությունը, որ վերաբերում է հայոց լեզվի կիրառության ոլորտի ընդլայնման, հայկական դպրոցների բարենորոգման, հայ մշակույթի զարգացման և այլ հարցերի: Անհանդուրժողականություն է ցուցաբերվում նույնիսկ այնպիսի բնական և սահմանադրական կոչերի նկատմամբ, ինչպիսիք են օրինակ հայ մանուկներին հայկական դպրոց ուղարկելու, հիմնարկ-ձեռնարկություններում գործավարությունը Սովետական Հայաստանի պետական լեզվով իրագործելու, դիսերտացիաները հայերենով գրելու պահանջները և այլն: Ինչպես հայտնի է, նման պահանջներ ներկայացվում են համարյա բոլոր միութենական հանրապետություններում, դրական արձագանք գտնելով նույնիսկ կենտրոնական մամուլում: Այս փաստն ինքնին ցույն է տալիս, որ մայրենի լեզվի և ազգային դպրոցի ճակատագրի մտահոգությունը համատարած երևույթ է և պահանջում է լուրջ վերաբերմունք ինչպես տեղական, այնպես էլ կենտրոնական իշխանությունների կողմից:
  1. Հայաստանում հակառուսական տրամադրությունների իսկական հրահրողը, որքան էլ տարօրինակ է, հենց հանրապետության ղեկավարությունն է, հանրապետության բյուրոկրատիան: Ինչի՞ նման է օրինակ այն փաստը, որ համարյա բոլոր նոմենկլատուրային աշխատողների երեխաները ուսանում են ռուսական դպրոցներում, ղեկավար անձանցից շատերը չեն տիրապետում մայրենի լեզվին և գերադասում են ելույթներ ունենալ ռուսերեն լեզվով, ռուսական դպրոցներն օգտվում են առանձնահատուկ շնորհներից, մինիստրություններում ու հիմնարկ-ձեռնարկություններում հայերենը հանվում է գործածությունից, պաշտոնյաների առանձնասենյակների մակագրություններն արվում են ռուսերեն լեզվով և այլն: Այս բոլորը, բնականաբար, ժողովրդի մոտ ռուսաց լեզվի համար առանձնաշնորհված սոցիալական գերակայության և ծրագրված ռուսականացման պատկերացում է ստեղծում, որն արդարացի զայրույթ և ավելորդ գրգռվածություն է հարուցում լայն խավերի շրջանում:
  1. Եզրակացությունը, թվում է, ինքնըստինքյան հասկանալի է, անկեղծ ձգտում հայ և ռուս, ինչպես նաև Սովետական Միության բոլոր ժողովուրդների բարեկամության ամրապնդման ուղղությամբ, սակայն դրա հետ մեկտեղ անհաշտ պայքար ազգային շահերի ոտնահարման, մեծապետական շովինիզմի և ռուսականացման քաղաքականության ցանկացած դրսևորման դեմ:

_ու տենց _

պիտակներ՝ գրքեր  հայերէն  մէջբերում  օտարալեզու դպրոցներ