մի քանի խօսք մակոտո շինկայից

նախ ասեմ, որ «քո անուան» անգլերէն բլուրեյ դիսկի թողարկման թիւն արդէն յայտնի է՝ հոկտեմբերի երեսունը։ Այնպէս որ եթէ անիմէն դեռ չէք տեսել, լրիւ իմաստ ունի այն դիտել, ու այդքան չսպասել լաւ որակի։ Ճապօնական բլուրեյ֊ի թողարկման թիւն սակայն պարզ չէ, գուցէ աւելի շո՞ւտ լինի։ Ինչեւէ, ռութրեքերում այսօր կայ նաեւ չգիտես որտեղից հոսած «ուեբրիփ», որն էլ ոչ մի այլ տեղ չեմ գտել։

հիմա շինկայից՝ անիմէները ստեղծելիս նա նաեւ գրում է նովելներ, հետաքրքիր է փորձել կարդալ։

նա միաժամանակ ահաւոր տեխնո ու ֆուտուրիստիկ բաներ է սիրում, ու իր մօտ միշտ կան տեխնոլոգիաներ, հեռախօսներ, ու նոյնիսկ ֆանտաստիկ դիւայսներ, քարտէզներ,

ու միւս կողմից, չի անտեսում ճապօնական աւանդոյթները, դրանց մէջ էլ է փնտրում հրաշքների աղբիւր։ ինձ թւում է, նա նոյնիսկ ընդգծում էր ժամանակակից երիտասարդների «խանժեստւը»֊ն, երբ իրենք նայում էին ինչպէս է միցուհա֊ն պատրաստում սակէ, ու ասում իրար՝ «դո՞ւ սենց բան կանէ՞իր, ահաւոր է, ես չէի անի», չգնահատելով աւանդոյթը։

Քարտէզները կապ ունեն ճանապարհի հետ, քանի որ Շինկայի մօտ յարաբերութիւնները, սէրը, միշտ կապուած է հեռաւորութեան հետ, ու հետեւաբար՝ ճանապարհի, փնտրտուկների հետ։

Սէրն Շինկայի մօտ միշտ մանկական է, դեռահասների սէր է, ու ինձ թւում է, այն պատճառով, որ մանկական սիրոյ սահմանումը հենց այն սիրոյ էութեան, «էսսենս»֊ի մասին է, քանի որ յետոյ այդ սահմանման վրայ աճում են, աւելանում են այլ յատկութիւններ՝ «սոցիալական ստատուս», «սեքս», «յաջողակութիւն», «ապահովութիւն», աւելացրէք ձերը։

Իսկ «քո անունը» լրիւ իսկական սիրոյ մասին է՝ իրենք բառացիօրէն մտել են ուրիշի ոչ թէ կօշիկների, այլ կեանքի, կեցութեան մէջ, ու սկսեցին կամաց կամաց հասկանալ այդ միւս մարդուն, այնպէս ինչպէս ոչ մէկ չի հասկացել։

Եթէ ինձ ասեն՝ ասա «յարաբերութիւն» կամ «սէր» բառի հոմանիշ, ես կասեմ՝ «կապ», ու երեւի ասեմ՝ «մասնակցութիւն»։

5սմ վայրկեանում քամու տարած նամակը՝ կապի խափանուած փորձի մասին էր։ նոյն ֆիլմում երբ իրենք վերջապէս հանդիպում են, աղջիկը բռնում է տղայի շորերից(ու այդ պահին շունչս կտրուեց)՝ դա կապի մասին է։

սպանիչ է, որ անիմէ֊ում երեւում են իսկական գոյութիւն ունեցող տեղերը, դա մի կողմից այն մասին է, որ իրենց մօտ կան այս հաւէս տեղերը, իսկ միւս կողմից՝ դարձնում է Ճապօնիայի կարծես թէ սովորական տեղերը՝ ռոմանտիկ, ոչ միայն մեզ, այլ նաեւ իրենց, ճապօնացիների համար։ Այն, ինչի մասին մենք կարդում ենք, լսում ենք, դառնում է «ռոմանտիկ», ռոման֊ից եկած, հա՞։ Ասենք ես մտածում եմ, որ եթէ Դաւթաշէնի (որն իմ կարծիքով բնաւ հաւէս տեղ չէ ապրելու համար) փողոցների մասին որեւէ լաւ գրքում գրուած լինէր, ու այդ գիրքն արտասահմանում կարդային, արտասահմանցիներն յետոյ գալով Դաւթաշէն, կասէին՝ վո՛ու, էս ա՛յն դաւթաշէնն է, որի մասին կարդացել ենք, սա այն փողոցն է, որ հերոսներն անցնում էին։ Մենք, առհասարակ, պակաս ունենք մեր տեղանքներում կատարուող ֆիլմերի՝ այդ պատճառով էլ, հնացած, ու ոչ այնքան յաջող «Տղամարդկանց» սիրում ենք։ Ասենք Կարինէն իմ համար չափազանց սոց֊ռեալիստական աղջիկ է։ Բայց ֆիլմը ստիպուած սիրում ենք՝ Երեւանի մասին, Երեւանի մեզ ծանօթ շէնքերում եւ փողոցներում գործողութիւններով ֆիլմեր շատ յաճախ չեն հանդիպում։

Նաեւ, տեսէք, ՆՅ֊ը քանի անգամ է քանդուել՝ ե՛ւ եղանակային «միջոցառումների», ե՛ւ այլմոլորակայինների, ե՛ւ հրէշների, ե՛ւ կախարդների, եւ առհասարակ ում որ ձանձրալի չէ՝ գալիս է ՆՅ է քանդում, գնում է։ Իսկ Երեւան ոչ մի Գոձիլա չի գալիս, որովհետեւ դա ձանձրալի տեղ է, եւ ձանձրալի է նաեւ այն պատճառով, որ Գոձիլան այստեղ չի եղել, այսինքն՝ մեզ պէտք է Երեւան քանդող կինո։ (:

Նոյն մեր Երեւանեան վերջին օրերի մառախուղներին կարելի է տարբեր ձեւ վերաբերուել՝ կարելի է ասել, որ երկիրը երկիր չէ, քաղաքն էլ ապրելու տեղ չէ, քանի որ այստեղ տենց մառախուղներ են լինում։ Իսկ կարելի է մտածել, որ սա սպանիչ հաւէս տեղ է, քանի որ այստեղ նման էպիկ մառախուղներ են լինում, ու ափսոսել եթէ այդ մառախուղները չես վայելում՝

Շինկային քննադատում են այսպէս կոչուած «սցեների փորն»֊ի համար, բայց գիտէք, ես այս ձմեռ Սեւանում տեսել եմ այդ «տասոգարէ դոկի»֊ի մթնշաղը արեւով անցնող ուղղահայեաց գծով, որ կայ եւ փոստերի վրայ, եւ Շինկայը սիրում է պատկերել։

Նկատի ունեմ, այդ իր «սցեների փորն»֊ը մի յատուկ բան չի, պարզապէս սիրուն պատկերներ են որոնք իրօք գոյութիւն ունեն, հնարած չեն, այնպիսի բան չէ, որ չկայ, յօրինուած է, ամէնը կայ, պարզապէս մենք ենք որ չենք տեսնում այդ սիրունութիւնը, քանի որ կամ չենք նկատում, կամ այդ ժամերին ուրիշ գործերով ենք զբաղուած ու մեզ էդ կարեւոր չի թւում։ (:

բնանկար անող լուսանկարիչները գիտեն, որ մենք չենք տեսնում իրենց ստացած գոյներնն ու նկարներն այն պարզ պատճառով որ մենք այդ տեղերում չենք լինում, եւ այդ ժամերին կամ քնած ենք, կամ նախաճաշում ենք, կամ գործի ենք, կամ ինչ֊որ տեղ ենք գտնւում ուր դա չի երեւում։

ինձ շատ մօտ է այն, ինչ հաւանում է շինկայը։ ես սիրում եմ նկարել լարեր, ու նա եթէ նկարում է լուսին, ապա ըստ երեւոյթին այդ լուսինը լարերի միջով է երեւալու։ ինձ իր կադրերը որպէս լուսանկար են դուր գալիս։ ես երբ ման էի տալիս հոլանդացիների, իրենք ասացին որ ահաւոր չեն սիրում էլեկտրական գծերն ու աշտարակները, քանի որ դա իրենց խանգարում է բնութեամբ հիանալ։ իսկ ես միշտ սիրել եմ այդ լարերն ու աշտարակները, դրանք էլ են բնութիւն, ինչպէս մեղուների սարքած մեղրամոմը, դրանք կեանքի մասին են։

— ի՞նչ կասես, ես կը ձգե՞մ, ասենք, կպցնել Վանաձորցի աղջիկ, Վանաձորցի՝ ենթադրելով որ նա սովոր է տղամարդու դերի մոդելին իր Վանաձորցի հօրից։

(լռութիւն)

— Չէ՞։

— Դէ, կարող ես, բայց… դա կախուած է իր տարիքից։

— Եթէ նա երիտասարդ է եւ անփորձ, ապա կարող է եւ սիրայարո՞ւի։

— Չէ, անհնար է, եթէ նա երիտասարդ է, որ քեզ սիրայարուի։ Բայց եթէ մեծ է, ու արդէն յուսահատ…

— Լաւ, հասկացայ ինչ ես ասում։ Շնորհ։

(կրկին լռութիւն)

— Լաւ, գիտե՞ս, կարող է միջին Վանաձորցի աղջիկը քեզ դիտարկի՝ ունես նորմալ գործ, աշխատավարձ, աւելին քան ասենք վարորդը…

— Ինձ թւում է վարորդից չեմ անցնի, բայց ինչեւէ, ես քեզ հասկացայ։ կարող ես չշարունակել։

— Ի՞նչ ես ինձնից ուզում, ես անկեղծ եմ։

— Շնորհակալութիւն։

ռադիոլաբի վրայ եմ նստած, սպանիչ պոդկաստներ են, երբեմն չեմ կարողանում պոկուել։

ուրեմն, մէկում խօսքը կախուածութիւնների մասին էր։

ու պարզւում է՝ ո՞վ է առաւել հակուած կախուածութիւնների՝ նրանք են՝ ով առաւել հակուած են յարաբերութիւնների։

ասում են, որ թմրանիւթերը, ներառեալ ալկոհոլը, գեներացնում են ուղեղում նոյն ակտիւութիւնը, որն առաջանում է՝ երեխայիդ գրկելուց, սիրայարուած լինելուց, խորը, լաւ յարաբերութիւն ունենալու ժամանակ։

ու նրանք են աւելի խոցելի դառնալու ասենք ալկոհոլիկ, ով՝ ու դա գենետիկ մակարդակի վրայ է, ով աւելի է հակուած յարաբերութիւն ունենալ, առաւել է յակուած նրան ինչի մեզ էւոլիւցիան սովորեցնում է։

ու յարաբերութիւնները բարդ են, իսկ ալկոհոլը՝ մատչելի է։

ու այսպէս, այն մարդիկ, ով յարաբերութիւն են ուզում, յարաբերութիւնները քանդում են։

եւ այսպէս։

ի՞նչն է մեր մասին։

ոչ այն, ինչ մենք մեր մասին ասում/երեւակայում ենք։

մտածում եմ, գուցէ այն, ինչ մենք երեւակայում ենք, երազում ենք նրանց մասին, ում դեռ չգիտենք։

ինչո՞ւ ում դեռ չգիտե՞նք։ որովհետեւ երբ դու չգիտես միջավայրը, դու բախւում ես պատերին, ու որոշ ժամանակ անց ստանում ես տեղանքի/իրականութեան մասին որոշակի պատկերացում, ու կապտուկներով ճակատ։ ես չեմ կարծում որ ցաւով հանդերձ արուած դատողութիւնները նրանք են, որ մեզ սահմանում են, որ մեր մասին են։

այնպէս որ հակւում եմ այն մտքին, որ մեր մասին է այն, ինչպէս ենք մենք մտածում նրանց մասին, ում դեռ հազիւ գիտենք, երբ քարտէզը դատարկ է, ու նկարելու, պատկերացնելու շատ տեղ կայ։

իսկ յետոյ մենք դատապարտուած հնարաւորութիւն ունենք ենք աւելի լաւ պատկերացնել իրականութիւնը, եթէ մեր ճանաչելու ձգտումը փոխադարձ լինի։

խօսում էինք ընկերոջս հետ, երբ զանգեց իր 11֊ամեայ դուստրը։

զանգի աւարտից յետոյ ընկերս բացատրեց՝

— դուստրս ունի ընկեր։ նրանք պարբերաբար կռւում են։ յետոյ մի երեք օր անցնում է, դուրս է գալիս տանից, հարցնում եմ, ասում է՝ «լեւոնի հետ զբօսնելու»։ վերջին երկու շաբաթը կռիւ չէին արել, ես էլ մտածել էի՝ «չլինի՞ մեծացել են»։

ինձ էլ հետաքրքրեց, որ նա այդպէս արտայայտուեց՝ «մեծացել են»։ ոչ միայն այն, որ չի պահել իր դստեր կողմը, չի ասել՝ «այդ անպիտան տղան իրեն նեղացնում է», այլ հենց «մեծացել են»։ երկուսն էլ։

կարող է չէ՞ լինել այնպէս, որ իրենցից մէկն աւելի հասուն է, աւելի մեծ է։ բայց դա կարեւոր չէ «իրենց» համար, որպէս միաւոր։ քանի որ երկուսի (որոշ ալգորիթմով) միջինն է կարեւոր այդ միաւորի համար։

այդ պատճառով է որ սէրը անփոխադարձ չի լինում։ ոչ թէ այն պատճառով, որ եթէ սէր է, ապա անպայման փոխադարձ է, չէ, բնաւ, այլ այն պատճառով, որ պրոցես է, որ պահանջում է երկուս (եւ/կամ աւե՞լ) մասնակից։

ու դա բերում է ինձ ազգի(որպէս միաւոր), եւ իմ ու ազգի յարաբերութեան մասին մտքերին։

ես գրում էի, որ Զուարթնոցն(օդանաւակայանը) իմ մասին էլ է։ ձեզ թւում է անկա՞պ իմ Զուարթնոցով հպարտանալը։ չէ՞ որ ես այն չեմ նախագծել, չեմ մասնակցել, նոյնիսկ ճարտարապետին սուրճ չեմ մատուցել երբ նա աշխատում էր, ու առհասարակ պլաններում երեւի չկայի։ (նայած ում պլաններում՝ տիեզերքի, աստուածների պլաններում չէ, այլ իրենց կամքը համեստ իրագործողների)

բայց չէ՞ որ դուք ամաչում էք, երբ մեր երկիրը ներկայացնում է, ասենք Սերժը։ ես էլ էի ամաչում։

ապա կարող էի եւ հպարտանալ Զուարթնոցով։ ապա «արդար է»։

իսկ եթէ խօսենք «մեր» մասին որպէս տարբեր քաղաքացիների միջինով ներկայացուած միաւորի, ապա արդե՞օք Զուարթնոցը կամ Սերժը մեր մասին է։

չէ, Զուարթնոցը մեր մասին չէ այսօր։ «մենք» այսօր ապագայ նայող չենք, ֆուտուրիստիկ տեխնոկրատիկ կառոյցը մեր մասին չէ։ այդ պատճառով էլ շուտով չի լինի։ չի լինի ոչ թէ այն պատճառով, որ կապիտալի շահ է, որ կոռուպցիա է, դա իրագործման մանրուքներ են։

կարեւորն այն է, որ ազգին (որպէս միջինացուած միաւոր) չի համապատասխանում։

այս յարաբերութեան մէջ չի գնահատւում Զուարթնոցի պէս զարդը։ Գնահատւում է, ոնց էր դրա անունը։ Բելաջիոն։ եւ Փարուանան։

այդ է նաեւ պատճառը իմ համար կարեւոր մարդկանց հեռանալու։ բարեւ, սիլուեր։ որ սա այլեւս Զուարթնոց օդանաւակայանի երկիրը չէ եւ յոյս էլ չկայ, որ կը լինի մօտ ժամանակում։

Սա երկիր է որը ներկայացնում է՝ այսօր Սերժը, երեկ Ռոբերտը, վաղը չգիտեմ ով, դա կրկին իրագործման մանրուքներ են։ Սերժը կայ, քանի որ միջինացուած միաւորին համապատասխան է։ (ինչպէս մի ժամանակակից հայ գրող ասաց տաքսիստին՝ «ինչո՞ւ ես Միշիկ֊Սաշիկից բողոքում, եթէ դու պաշտօնեայ լինէիր, եղբօրդ նման լաւութիւններ չէ՞իր անի»։ «իհարկէ կանէի»՝ հաստատեց տաքսիստը։ «դէ մի բողոքիր, խնդրում եմ»՝ ասաց գրողը։ ու գրողն էլ այլեւս Հայաստանում չի լինելու երկու ամիս անց։)

Դուք կասէք՝ մաքսուելի դեմոնը։ իսկ ես կասեմ ոչ։ նախ, ԳԴՀ֊ն չէր կարող այլը լինել ինչքան էլ մարդիկ չուզենային այն այլը լինի, քանի որ դրսի ուժը վճռական դեր էր խաղում ԳԴՀ֊ում։ Այն փաստացի օկուպացուած էր ԽՍՀՄ կողմից։ ՌԴ֊ն այսօր ՀՀ֊ում նման վճռական դեր չի խաղում ինչպէս ԽՍՀՄ֊ը ԳԴՀ֊ում։

Երկրորդ փաստարկս՝ այդ վեց հազար վստահուած անձի չլինելն է։ Եթէ ՀՀ %75֊ը լինէր ասենք այն «ակտիւիստ» աղջկայ պէս վճռական, Սերժը այսօր չէր լինի։

Ու եւս մի փաստարկ։ Իննսունականներին Մաքսուելի դեմոնը աշխատում էր Սովետին նման, իներցիայով։ Կրկին՝ ախպերութիւն, կրկին կոռուպցիա, պարզապէս նոր «էլիտայի»։ Սաակաշուիլու արժէքն հենց դա է, որ նա փոխեց դեմոնին եւ փորձեց հաստատել մերիտոկրատիա։ Որը բացի Բալտեան երկրներից եւ Վրաստանից ոչ մի այլ «հանրապետութիւնում» տեղի չունեցաւ։

ու եկել է ժամանակը մի բան գիտակցելու, եւ համակերպուելու, եւ փոխելու վարքագիծը։

ես իրականում ոնց որ թէ եւ չկամ այդ ֆորմատում՝ միաւորի ֆորմատում, իմ ու մեր յարաբերութեան մէջ։ ես յարաբերութեան մաս չեմ։

երբ մենք ընդունում ենք աշխատանքի մարդ, ու ես տխրում եմ, ինչ վիճակ է, ես ինձ էլ էի մեղաւոր, պատասխանատու զգում։ ես չեմ դասաւանդում ու մերժել եմ բոլոր առաջարկները։ բայց չէ՞ որ ես չեմ դասաւանդում մասնաւորապէս այն պատճառով որ չեմ ուզում, չեմ կարող, այն, իմ պատկերացումներով, կոռումպացուած համակարգի մաս լինել ու մի կերպ աշխատել այդ ձեւով։

ինչպէս ասել է Շենդերովիչը, եթէ կանգնել ես Ժիրինովսկու կողքը, քեզնից Ժիրինովսկու հոտ է գալու։ իսկ ես չեմ ուզում ինձնից «ընկեր այսինչեանի» հոտը գայ։

(կամ պէտք է դրսի ուժ լինի, ու քեզ պաշտպանի։ բայց ապա դու այնքան էլ տեղացու դեր չես կատարում)։

երբ զգում ես քեզ համայնքի մաս, ուզում ես իդենտիֆիկացնել քեզ այդ համայնքի գոնէ որոշ «դաշտերի» հետ։ այսպէս, ես իդենտիֆիկացնում էի ինձ «լաւ էլի»֊ի հետ։ դա ինչ֊որ տեղական բան էր, որը «թաթուլ» չէր, որը գուցէ կարելի էր մի ձեւ հայկական ռոք անուանել, երեւի այն պատճառով, որ «պրոտեստ»֊ի մասին էր, իսկ դա օգտակար է առողջութեանը, ու ինձ մօտ է։ ու ես այն տարածում էի, ասենք։

բայց ես լաւ հասկանում եմ, որ նոյնիսկ «լաւ էլի»֊ն բնաւ իմ մասին չէ։ այն «հին» է, խռպոտ ձայնով երգած, «մուժիկ»֊ական։ ոնց որ երիտասարդի երգած չլինի։ վահրամ մարտիրոսեանը գրում էր «յիմարի» ռեմիքսում, որ մենք մանուկ ենք, յետոյ մի անգամից՝ պառաւ։ երիտասարդ էլ չենք լինում։

ես երիտասարդական թեթեւութիւնը զգում եմ վրացական «պապարացի»֊ների մօտ։ ես լիբերալ ազատական ոգին զգում եմ թիֆլիսի փողոցների բազմազանութեան մէջ։ ու այդ է պատճառը որ Վրաստանում հնարաւոր էր Սաակաշուիլի, իսկ Հայաստանում՝ չի եղել, եւ դեմոնին չի փոխել։

եւ այդ է պատճառը, որ տխրում էի, տեսնելով այդ սահմանապահի սովետական գլխարկը, երբ մտնում էի հայաստան։ դա իմ գլխին էլ էր։ այն ինձ էր ներկայացնում, այդ գլխարկը։ այդ գլխարկը, որը սովետին է խորհրդանշում, եւ որի մասին «սփինինգ բորիս» ֆիլմում ասացին՝ «ինչպէ՞ս են այն հագնում, չէ՞ որ արժանապատւութիւն գոյութիւն ունի»։

ես սիրում եմ սրճարաններում պատուհանի մօտ նստել։ նայել քաղաքին, եւ որ քաղաքը նայի ինձ։ ու կապ զգալ քաղաքի հետ։ բայց քաղաքն այսօր ինձ նայում է «ամուսնացիր կամ փախչիր» պաստառով։ ես էլ այն եմ տեսնում։

իսկ ես չեմ ուզում այդ ընտրութիւնը՝ ամուսնանալ կամ փախչել։ մի տեսակ ինձ հոգեհարազատ ընտրութիւն չէ։

ու հիմա հասկանում եմ որ, ես փաստացի դուրս եմ «մեզնից», ես իրականում մեզ հետ կապ չունեմ։

ես ես եմ։

ես նորայրն եմ։

ես ապրում եմ երեւանում։ ստոպ։ երեւանո՞ւմ։ գուցէ իմ տա՞նն եմ ապրում։

ամէն դէպքում ես յարաբերութիւնից դուրս եմ։ մենք միասին չենք։

ես գրել եմ որ ինձ տեղացիները տեղացու տեղ չեն դնում։ իսկ թիֆլիսում թիւրինգի թեստն անցնում եմ դնում են՝ մօտենում են եւ խօսում վրացերէն։ սա «կապոյտ աչքերի» մասին չէ, սա հագնուելու մասին է, խօսելու ձեւի, շարժումների՝ մշակոյթի մասին է։

երբ ասում են ակցենտ է մօտդ՝ ասում եմ՝ «չէ չէ, ռուսական ակցենտ է, պարսկական չի», ասում են՝ «չէ չէ, չես խաբի»։ ճիշտ են ասում, քանի որ ռուսական ակցենտը սոց֊ռեալիստական հագնուած մէկի մօտ կը լինէր, արդուկած տաբատով, մէջը դրած վերնաշապիկով, ու ով «կուրգինեան» է դիտում, թէ ոնց էր իր ազգանունը։

մարդիկ էակներ են որ շատ լաւ զգում են մշակոյթը, ու շատ լաւ նոյնականացնում են դիմացինի մշակոյթը իմացած շաբլոնների հետ։

ու ես ականատես եմ եղել վերջերս պարսիկ զբօսաշրջիկների հանդէպ, ոնց ասեմ, ոչ արդար վերաբերմունքի։ որից ես ամաչել եմ։ ու յետոյ, իմ խաչմերուկում տեսայ պարսիկներ են խմում֊ուրախանում֊բարձր խօսում։ դէ ես բնաւ խմող֊ուրախացող֊բարձր խօսացող չեմ, ու կարող էի մտածել՝ այս ինչ է տեղի ունենում իմ քաղաքի սրտում, սրիկանե՜ր, բայց ես մօտեցայ իրենց ու լրիւ անկապ, յիմար ձեւով սկսեցի՝ «որտեղի՞ց էք», ասացին՝ «իրանից», ասացի «վոյ ինչ հաւէս է» (թէ չէ ես չէի ջոկել որտեղից են), ասացի՝ «welcome to armenia», ասացի՝ «i want you to feel welcomed here»։

բայց դա չաշխատեց։ իրենք շատ ճիշտ բան ասացին՝ «բայց դու տեղացի չես։ դու կամ վրացի ես կամ ռուս։ մեզ չես խաբի, չէ չէ։» «չէ, ես այս շէնքում եմ ապրում, իսկ այն շէնքում մեծացել եմ»֊ը չէր օգնի։

քանի որ իրենց պէտք չէ որ ես իրենց ասեմ «welcome»։ իրենց պէտք է այն նեղացնող մարդու նման մէկն ասի, ով միջին հայաստանցին է, իրենց պէտք է որ այն պլպլան շորիկով աղջիկն ասի, իրենց պէտք է որ այն ծիծակով տղան ասի։ ես ասեմ՝ որ ի՞նչ։ իրենց պէտք չէ ես ասեմ։ իրօք պէտք չէ։ հասկանում եմ։

այսպիսով, ես էլ չեմ ամաչում Սերժից, ու չեմ հպարտանում Զուարթնոցով։ չեմ գնում դիտորդ։ ու չեմ հիւրընկալում զբօսաշրջիկների։ ու երբ եւրոպայից մարդ գայ, ասեն՝ նորայր, արի տանենք ման տանք, չեմ գնալու։ (: ես ի՞նչ ման տամ։ թող տեղացիները ման տան։

դա ինձ միայն թւում էր որ ես գիտեմ «իրական երեւանը»։ իրական երեւանը իրենք գիտեն, իրական երեւանցիները։ (:

իսկ իմ ու հայաստանի յարաբերութիւնը չի կայացել՝ տապալուել է։ նոյն պատճառով ինչ տապալուել են իմ անձնական յարաբերութիւնները, թերեւս։

մինչ։

իռացիոնալ մարդը

նախ ասեմ որ շատ հաւէս է նստել պատշգամբին այս անձրեւոտ օրը եւ գրել տեքստ։

«իռացիոնալ մարդ»֊ն եմ այսօր դիտել։ կինո մոսկուայում։ Ւուդին վերջն է։ Նա շատ լաւ գիտի մարդկանց։ Ու փորձում է անել խորը ֆիլմեր։ Չնայած այդ խորութիւնը միշտ չէ որ նկատում են։ Մարդ էլ չկար դահլիճում։ Եօթը զոյգ։ Պատահաբար չէ, որ Ւուդին վաղուց չի կարողանում ԱՄՆ֊ում ֆիլմերի փող գտնել։ Նա աշխատում է Եւրոպայում։ Այս ֆիլմն էլ հաւանաբար եւրոպական փողերով էր նկարահանուած։ Սա բերում է ինձ ազատ շուկայի պարագայում լաւ կինո նկարելու հարցին։ Այսօր իմ սովորական պատասխանն այն է, որ շատ մեծ շուկայի դէպքում, լինում է բաւական մարդ, ով կը սպառի լաւ արուեստ, եւ այդ փոքր շուկան բաւական է լինում, որ ինչ֊որ մէկը փող ներդնի, ու շահոյթ ունենայ։ Բայց կարծես թէ նոյնիսկ ԱՄՆ֊ի շուկան չի հերիքում։

Ֆիլմը մարդու մասին է, ով ամբողջ իր կեանքը արդարութեան համար պայքար է մղել։ Ու այդ պայքարն իրեն թանկ է նստել՝ մօտ մարդկանց կորուստ, ծանր հիւանդութիւն, եւ նա վերջապէս թեւաթափ է եղել։

Որովհետեւ նա փորձում էր պայքարել այսպէս ասած, «խաղաղ» մեթոդներով։ Իսկ իր դէմ խաղացել են բնաւ ոչ խաղաղ։ Խաղաղ պայքարը շատ դէպքերում դատապարտուած է պարտութեան։

Ու հիմա այդ մարդը վճռում է մի բան անել, մի մանրուք, իր այլ պայքարների համեմատ, բայց անօրինական, ոչ խաղաղ։ Նա վճռում է գործել այնպէս, ինչպէս գործում են իր հաւատացած արդարութեան դէմ։ Նա մտածում է, որ կարող է յաղթել։

Սակայն ֆիլմն այն մասին է, որ նա չի կարող։ Այս աշխարհում՝ չի կարող։

Եւ նա խոստովանում է իր սիրած աղջկան, յուսով որ աղջիկն իրեն կհասկանայ։ Իսկ աղջիկն իհարկէ չի հասկանում։ Նախ որովհետեւ փոքր է, ու յետոյ այդ պայքարը իրենը չէ իրականում։ Շատ «քուլ» է երեւում այդպիսի մեծ, ամէն բան տեսած տղան, միայն մի բան էր իր մէջ անյարմար՝ պարտուած էր։ Բայց երբ նա կրկին ընդվզեց, սկսեց պայքարել արդարութեան համար, ծիտն այդպիսի մարդուն ընդունել չկարողացաւ։ Եւ գնաց հետ, իր լաւիկ, առանձնապէս ոչ մի սկզբունք չարտայայտած տղայի մօտ։ Ում հետ կոմֆորտ է։

Երեւի թէ որովհետեւ այդ ծիտը, նա փիլիսոփային չէր սիրում։ Չէր սիրում նաեւ այն Իսպանիա թռնել ուզող կինը։ Երկուսն էլ իրականում նրան օգտագործում էին, մէկը՝ դեռ ոչ շատ գիտակցուած, միւսը՝ արդեն բաւական գիտակցուած։ Գիտէր ինչ է իրեն պէտք։ Նա չէր յանձնի փիլիսոփային ոչ թէ գաղափարի պատճառով, այլ քանի որ՝ բա ի՞նչ է անելու, հազիւ իրեն հարմար տղայ է գտել։

բացի դրանից, ֆիլմն այն մասին է, որ մենք ունակ չենք տարբերակել որտեղ է պէտք լինել ազնիւ, իսկ որտեղ՝ չէ։ եւ որն է այդ ազնիւը այս աշխարհում, ուր իշխում է դաժանութիւնն ու բռնութիւնը։ հենց ֆիլմի սկզբից էլ փիլիսոփան այդ օրինակն է բերել՝ դուք կհանձնէ՞ք գողին ոստիկաններին, եթէ իմանաք, որտեղ է նա թաքնւում։ իսկ հրէաների ընտանիքին՝ ֆաշիստներին կհանձնէ՞ք նոյնպէս։

Ռոյը, աղջկայ երիտասարդ ընկերը, իհարկէ յիմարի պէս ծտին հետ է ընդունել։ Չնայած նա այլի է արժանի, իմ կարծիքով։ Մարդ չպէտք է իր սխալների համար դրական ամրապնդում ստանայ։ Մենք ունենք կոտրուած տաշտակի մասին հեքիաթ։ Դա արդարութեան մասին է, այդ հեքիաթը։ Իսկ նա ով բացասական ամրապնդում չի ստանում, հակում է ձեռք բերում կրկին չարաշահել իր ունեցած մարդկանց։ Իր հերթին Ւուդին շատ մօտ է անում ֆիլմը կեանքին։ Այո, տղան իրօք յիմարի պէս հետ էր ընդունելու։ Առանց ոչ մի կշտամբանքի։ Բայց այս անգամ։ Ոչ յաջորդ։

Նոյնը այն լքուող ամուսինը։ Ասում է՝ «լաւ մտածիր»։ Ի՞նչ լաւ մտածել։ Գնա՛ գրողի ծոցը։ Եւ տղան, եւ այդ ամուսինը կարող են մտածել, որ իրենց բախտը բերել է՝ իրենք այդ իրենց ծտերին հետ ստացան։ Բայց ես այդպէս չեմ կարծում։ Լաւ հնարաւորութիւն ունէին տեսնելու, ով է իրենց իսկական ընկերը։ Տեսնել ուզել է պէտք միայն։

Ու այստեղ եւս մի այլ հարց է ծագում։ Իսկ իրենց պէ՞տք է ընկեր։ Թէ՞ պէտք է լաւ ծիտ/քուլ տղայ/իսպանիա տանող ունենալը։ Տղաներին էլ։

Ռոյը այդ ծտին կը շրջապատի սիրով, կանի ամէն ինչ որ նա իրեն լաւ զգայ։ Իսկ կանի՞ ծիտը, թէ չէ, ես չգիտեմ։ Քանի որ պարզ չէ բնաւ, նա սիրել ունա՞կ է թէ ոչ։ Ո՞ւր է կորել այդ իր կարեկցանքը՝ փիլիսոփայի ծանր փորձութիւնների հանդէպ էմփաթիան։

Գուցէ ոչ մէկն էլ ունակ չէ, պարզապէս գտնում են հարմար մի տարբերակ, շահերի համընկում, հետաքրքիր կը լինէր իմանալ ինչ է մտածում այդ մասին ինքը՝ Ւուդին։ Նկատի ունեմ՝ իր ֆիլմերը կրկին դիտել, եւս մի անգամ շուրջը նայել ու մտածել։

Ւուդին շատ հաւէս է վառում, (expose) տեսանելի դարձնում մարդկանց մէջ չափազանց տարածուած վարքագծի շաբլոններ։ Շաբլոններ, որ մենք թէեւ նկատում ենք, բայց ինքներս անզօր ենք ինչ֊որ բան փոխել մեր մէջ։

Ես այդ ժամանակ մտածում եմ՝ ինչ նման են մարդիկ դրանով։ Բոլորը ինչքան նմանութիւններ ունեն։ Ոչ միայն արտաքին, փաստօրէն։ Ինչքան կանխատեսելի են։ Ես էլ։

Կադրում ուշադրութիւն գրաւեցին Դոստոեւսկու «Ապուշը» ու Հաննա Արենդթի մասին գրուածքը։ Առհասարակ, ակնյայտ է որ Ւուդին Դոստոեւսկու վրայ տարած է։ Սա առաջին անգամը չէ։ Ու գուցէ իր ֆիլմերը ապագայում լինելու են «պարտադիր ընթերցանութիւն», ինչպէս այսօր Դոստոեւսկին է։

այսքանը, գուցէ ինչ֊որ բան աւելացնեմ մեկնաբանութիւններում։

ասք յարաբերութիւններ սահմանելու մասին

ուզում եմ ասել, յարաբերութիւններ սահմանելը շատ բարդ է։

երբ ես գրում էի էթիկայի եւ բարոյականութեան մասին, ասում էի, որ ընդհանուր կանոններ իրականում լինել չեն կարող։ կայ այս կապի ձեւ, եւ այս կապի ձեւ, եւ այս կապի ձեւ։

ու ապա, այ քուդնթ քեյր լես չէի կարող աւելի քիչ հոգալ, ինչպէս է պիտակաւորւում, կամ սահմանւում յարաբերութիւնը։

եթէ կողքինիս պէտք է, թող պիտակի, եսիմ։ միասին ենք, միասին չենք, ընկեր ենք, ընկեր չենք, ծանօթ ենք, ծանօթ չենք, «բադի» ես, «դիւդ» ես, թէ «լաւ օֆ մայ լայֆ» ես, եւ այլն։

որովհետեւ ամէն յարաբերութիւնը դա յատկութիւնների բազմութիւն է։ ու մի պահին ինչ֊որ մի բիթ կարող է սեթ լինել, ինչ֊որ մի բիթ կարող է զրոյանալ։

իսկ ասել՝ չէ, ընկերութիւնը, կամ ռոմանծիկ յարաբերութիւնը այսպիսին է, կամ այսպիսին, այս բիթերն են մէկ, եւ այս բիթերն են զրօ, ու հենց այդպէս, դա նոյնն է, ինչ խօսել ընդհանուր բարոյականութեան մասին։ ընդհանուր չկայ։

կայ այս յարաբերութիւնը այս պահին։ ու այս յարաբերութիւնը այս պահին։

ու դա գիտէք, շատ հաւէս է։ ես ուրախ եմ, որ այդպէս է։