ասք սոլիդարութեան մասին

թուրքական ծամոններ կային՝ «լաւ իզ»։ ծամոնների մէջ կարելի էր գտնել թղթիկներ, որ պատկերուած պարզ իրավիճակներով նկարագրում էին՝ թէ ինչ է սէրը։ սէրը՝ դա երբ … ահա։

սա մի քանի պատկերապատում է, «սոլիդարութիւնն այն է, երբ…» վիճակով։ (:

____________________________________________

մի տղայ կոտրել էր իր ակնոցը։ ահաւոր տխրել էր, քանի որ առանց այդ ակնոցի՝ ոչ կարող է երթուղային ճանաչել ու նստել, ոչ տուն հասնել, ոչ էլ յաջորդ օրուայ գործերն անել։ մենակ ու անզօր զգաց իրեն ընդամէնը այդ ակնոցի պատճառով։ ու իր գործընկեր աղջիկն ասաց՝ մի տխրի, ես մօտակայքում մինչեւ ուշ աշխատող «օպտիկա» գիտեմ, կը գնանք, իրենք ամէն ինչ կը սարքեն։

ճանապարհին տղային բարդ էր, քանի որ նա լաւ չէր տեսնում։ ու աղջիկը հանեց իր ակնոցը, եւ նոյնպէս քայլեց առանց ակնոց։

— քեզ բա՞րդ չի, գուցէ հագնե՞ս քոնը — հարցրեց տղան։
— չէ, շատ հաւէս է, ամէն ինչ սիրուն լղոզւում է,— պատասխանեց աղջիկը։

սոլիդարութիւնն այն է, երբ դու էլ ես հանել ակնոցդ, ու յիմարի պէս բան չես տեսնոմւ, քանի որ կողքինդ այն կոտրել է։
______________________________________________

այս մէկը՝ նաեւ ասք հիւրընկալութեան մասին է՝

իմ ընկեր գերմանացի Դոմինիկը գնում էր Երեւանից Մեղրի։ Կիլիկիայի աւտոկայանում չուզեցին իրեն երթուղայինի մէջ տեղ տալ, չնայած տեղեր կային։ Ասացին՝ այս տեղերը զբաղուած են։ Ուղարկեցին տաքսի։ Նա տեսնում էր, որ մարդիկ գալիս, հարցնում են, արդեօք տեղ կայ ու տեղաւորւում երթուղայինում, նաեւ մի քիչ հայերէն էր հասկանում ու դժուար չէր կռահել, որ իրեն խաբում են։ Սպասեց միւս երթուղայինի։ Երբ երթուղայինը դատարկ էր, փորձեց տեղ զբաղեցնել։ Չթողեցին՝ ասացին՝ գնա տաքսի վերցրու։ Ահա այնտեղ։ Ընթացքում եւս երկու իրանացի եկան, իրենց էլ ուղարկեցին նոյն տաքսու վարորդի մօտ։

Իրենք երեքով՝ Դոմինիկն ու իրանացիները արդէն չկարողանալով դիմանալ, գնացին դէպի տաքսի։ Բայց մինչ այդ Դոմինիկը օգտագործելով իր հայերէնի թոյլ պաշարը որոշեց մանիպուլացնել աւտոկայանի աշխատողներին արտայայտելով իր վրդովմունքը՝ թէ մինչ այսօր ձեր երկիրը շատ լաւ տպաւորութիւն էր թողել իմ վրայ, շատ լաւ հիւրընկալ մարդիկ են, շատ սիրուն երկիր է, բայց այս միջադէպը լրիւ ամէնը փչացնում է։

սա ասելով՝ նա միացաւ իրանացիներին, եւ իրենք նստեցին տաքսի, որի վարորդը առաջարկեց նաեւ սպասել չորրորդ ուղեւորին։

ըստ երեւոյթի, Դոմինիկի բոցաշունչ ճառը որոշ լարեր շարժեց դիսպետչերի հոգում, եւ մի քիչ անց, նա մօտեցաւ տաքսուն, ու ասաց, դիմելով Դոմինիկին՝ «դու, արի, քո համար տեղ ազատուեց»։ որին Դոմինիկը պատասխանեց՝ «ես առանց իմ ընկերների ոչ մի տեղ չեմ գնալու»։

ես չգիտեմ, արդեօք իրանացիները նման քայլ կանէին։
բայց սա լրիւ սոլիդարութեան մասին պատմութիւն է, կեցութիւնը կիսելու մասին պատմութիւն է։

սոլիդարութիւնն այն է, երբ դու չես լքում անծանօթ իրանացիների, ու գնում հարմարաւէտ եւ էժան երթուղային, քանի որ դու գերմանացի ես, ու լեզու ես գտել դիսպետչերի հետ։

եթէ հետաքրքրում է շարունակութիւնը՝ ապա իրենց դուրս հանեցին եւ այդ տաքսուց, եւ ասացին, որ այլեւս երբեք եւ ոչ մի դէպքում չեն սպասարկի։ Նրանք գտան մի այլ տաքսի, եւ դիսպետչերը եկաւ այդ օտար տաքսիստի հետ կռիւ անելու, որ խոչընդոտի նրան վերցնել այդ ուղեւորներին։ Բայց այդ տաքսիստը իրեն «ենթակայ» չէր, իրենից կախուած չէր, եւ կարողացաւ չլսել։

Հետագայում Դոմինիկը նաեւ Մեղրուց երթուղայինով դուրս գալու խնդիր է ունեցել։ Նա հանդիպել է նոյն վարորդին, ով ասել է՝ «դու՝ երբեք»։

Դոմինիկին օգնել է Մեղրեցիներից մէկը, ով իր ջիպով ուղեկցել, բերել է աւտոկայան իր բարեկամին։ Նա հարցրեց թէ ուր է Դոմինիկը գնում, ու իմանալով որ Կապան, պարզապէս լաւութիւն արեց, եւ Կապան տարաւ իրեն իր ջիպով։

— Այսպէս, ձեր երկրում համակարգը դուրս է գալիս իմ դէմ, բայց ի վերջոյ հասարակ մարդիկ ինձ օգնում են — ամփոփում էր Դոմինիկը։

___________________________________________________

սա արդէն կինոյից է՝ դիսկո֊ում կռուից յետոյ, Ամանդա Բրոտցմանը գտաւ իրեն ֆրուստրացուած, գարեջրից թաց շորերով, եւ ընդհանուր առմամբ տապալուած երեկոյից մնացած տհաճ զգացողութիւններով։

իր եղբայրը՝ Թոդ Բրոտցմանը, մօտեցաւ եւ սփոփելու անյաջող փորձ արեց։ Ամանդան բղաւեց ինչ֊որ բաներ այն մասին, որ նա թաց է, որին ի պատասխան Թոդը բարձրացրեց ձեռքը եւ լցրեց դրա միջի գարեջրի շշի պարունակութիւնը ինքն իր վրայ։

Երեկոն փրկուած էր, Ամանդան ուրախ էր, ու փաստօրէն, սոլիդարութիւնն այն է, երբ դու լցնում ես վրադ գարեջուր։
____________________________________________________

երբ անձրեւ է, ու դու ունես կնգուղով շոր, իսկ կողքինդ՝ չէ, դու չես կարող, չէ՞, այդ
կնգուղը քաշել գլխիդ ու այդպէս ինքնագոհ շարունակել քայլել։
երբ կողքինդ վարում է, ու գիշեր է, դու չես կարող չէ՞ քնել, ու թողնել իրեն մենակ։

ըստ սահմանումներից մէկի՝ էթնոսը՝ ընդհանուր կեցութիւն կիսող մարդիկ են։ դրանով էթնոսը շատ աւելի «իրական» է, քան ռասան, մաշկի կամ մազերի գոյնը, գեները։

ու ներգաղթը՝ սոլիդարութիւն արտայայտող քայլ է։ նու հայաստանի պէս երկիր ներգաղթը, ուր տենց շատ հաւէս չի կեցութիւնը։ իսկ հայաստանից արտագաղթելու քայլը՝ չի արտայայտում սոլիդարութիւն։ (: