մի քանի խօսք մակոտո շինկայից

նախ ասեմ, որ «քո անուան» անգլերէն բլուրեյ դիսկի թողարկման թիւն արդէն յայտնի է՝ հոկտեմբերի երեսունը։ Այնպէս որ եթէ անիմէն դեռ չէք տեսել, լրիւ իմաստ ունի այն դիտել, ու այդքան չսպասել լաւ որակի։ Ճապօնական բլուրեյ֊ի թողարկման թիւն սակայն պարզ չէ, գուցէ աւելի շո՞ւտ լինի։ Ինչեւէ, ռութրեքերում այսօր կայ նաեւ չգիտես որտեղից հոսած «ուեբրիփ», որն էլ ոչ մի այլ տեղ չեմ գտել։

հիմա շինկայից՝ անիմէները ստեղծելիս նա նաեւ գրում է նովելներ, հետաքրքիր է փորձել կարդալ։

նա միաժամանակ ահաւոր տեխնո ու ֆուտուրիստիկ բաներ է սիրում, ու իր մօտ միշտ կան տեխնոլոգիաներ, հեռախօսներ, ու նոյնիսկ ֆանտաստիկ դիւայսներ, քարտէզներ,

ու միւս կողմից, չի անտեսում ճապօնական աւանդոյթները, դրանց մէջ էլ է փնտրում հրաշքների աղբիւր։ ինձ թւում է, նա նոյնիսկ ընդգծում էր ժամանակակից երիտասարդների «խանժեստւը»֊ն, երբ իրենք նայում էին ինչպէս է միցուհա֊ն պատրաստում սակէ, ու ասում իրար՝ «դո՞ւ սենց բան կանէ՞իր, ահաւոր է, ես չէի անի», չգնահատելով աւանդոյթը։

Քարտէզները կապ ունեն ճանապարհի հետ, քանի որ Շինկայի մօտ յարաբերութիւնները, սէրը, միշտ կապուած է հեռաւորութեան հետ, ու հետեւաբար՝ ճանապարհի, փնտրտուկների հետ։

Սէրն Շինկայի մօտ միշտ մանկական է, դեռահասների սէր է, ու ինձ թւում է, այն պատճառով, որ մանկական սիրոյ սահմանումը հենց այն սիրոյ էութեան, «էսսենս»֊ի մասին է, քանի որ յետոյ այդ սահմանման վրայ աճում են, աւելանում են այլ յատկութիւններ՝ «սոցիալական ստատուս», «սեքս», «յաջողակութիւն», «ապահովութիւն», աւելացրէք ձերը։

Իսկ «քո անունը» լրիւ իսկական սիրոյ մասին է՝ իրենք բառացիօրէն մտել են ուրիշի ոչ թէ կօշիկների, այլ կեանքի, կեցութեան մէջ, ու սկսեցին կամաց կամաց հասկանալ այդ միւս մարդուն, այնպէս ինչպէս ոչ մէկ չի հասկացել։

Եթէ ինձ ասեն՝ ասա «յարաբերութիւն» կամ «սէր» բառի հոմանիշ, ես կասեմ՝ «կապ», ու երեւի ասեմ՝ «մասնակցութիւն»։

5սմ վայրկեանում քամու տարած նամակը՝ կապի խափանուած փորձի մասին էր։ նոյն ֆիլմում երբ իրենք վերջապէս հանդիպում են, աղջիկը բռնում է տղայի շորերից(ու այդ պահին շունչս կտրուեց)՝ դա կապի մասին է։

սպանիչ է, որ անիմէ֊ում երեւում են իսկական գոյութիւն ունեցող տեղերը, դա մի կողմից այն մասին է, որ իրենց մօտ կան այս հաւէս տեղերը, իսկ միւս կողմից՝ դարձնում է Ճապօնիայի կարծես թէ սովորական տեղերը՝ ռոմանտիկ, ոչ միայն մեզ, այլ նաեւ իրենց, ճապօնացիների համար։ Այն, ինչի մասին մենք կարդում ենք, լսում ենք, դառնում է «ռոմանտիկ», ռոման֊ից եկած, հա՞։ Ասենք ես մտածում եմ, որ եթէ Դաւթաշէնի (որն իմ կարծիքով բնաւ հաւէս տեղ չէ ապրելու համար) փողոցների մասին որեւէ լաւ գրքում գրուած լինէր, ու այդ գիրքն արտասահմանում կարդային, արտասահմանցիներն յետոյ գալով Դաւթաշէն, կասէին՝ վո՛ու, էս ա՛յն դաւթաշէնն է, որի մասին կարդացել ենք, սա այն փողոցն է, որ հերոսներն անցնում էին։ Մենք, առհասարակ, պակաս ունենք մեր տեղանքներում կատարուող ֆիլմերի՝ այդ պատճառով էլ, հնացած, ու ոչ այնքան յաջող «Տղամարդկանց» սիրում ենք։ Ասենք Կարինէն իմ համար չափազանց սոց֊ռեալիստական աղջիկ է։ Բայց ֆիլմը ստիպուած սիրում ենք՝ Երեւանի մասին, Երեւանի մեզ ծանօթ շէնքերում եւ փողոցներում գործողութիւններով ֆիլմեր շատ յաճախ չեն հանդիպում։
Նաեւ, տեսէք, ՆՅ֊ը քանի անգամ է քանդուել՝ ե՛ւ եղանակային «միջոցառումների», ե՛ւ այլմոլորակայինների, ե՛ւ հրէշների, ե՛ւ կախարդների, եւ առհասարակ ում որ ձանձրալի չէ՝ գալիս է ՆՅ է քանդում, գնում է։ Իսկ Երեւան ոչ մի Գոձիլա չի գալիս, որովհետեւ դա ձանձրալի տեղ է, եւ ձանձրալի է նաեւ այն պատճառով, որ Գոձիլան այստեղ չի եղել, այսինքն՝ մեզ պէտք է Երեւան քանդող կինո։ (:

Նոյն մեր Երեւանեան վերջին օրերի մառախուղներին կարելի է տարբեր ձեւ վերաբերուել՝ կարելի է ասել, որ երկիրը երկիր չէ, քաղաքն էլ ապրելու տեղ չէ, քանի որ այստեղ տենց մառախուղներ են լինում։ Իսկ կարելի է մտածել, որ սա սպանիչ հաւէս տեղ է, քանի որ այստեղ նման էպիկ մառախուղներ են լինում, ու ափսոսել եթէ այդ մառախուղները չես վայելում՝

Շինկային քննադատում են այսպէս կոչուած «սցեների փորն»֊ի համար, բայց գիտէք, ես այս ձմեռ Սեւանում տեսել եմ այդ «տասոգարէ դոկի»֊ի մթնշաղը արեւով անցնող ուղղահայեաց գծով, որ կայ եւ փոստերի վրայ, եւ Շինկայը սիրում է պատկերել։

Նկատի ունեմ, այդ իր «սցեների փորն»֊ը մի յատուկ բան չի, պարզապէս սիրուն պատկերներ են որոնք իրօք գոյութիւն ունեն, հնարած չեն, այնպիսի բան չէ, որ չկայ, յօրինուած է, ամէնը կայ, պարզապէս մենք ենք որ չենք տեսնում այդ սիրունութիւնը, քանի որ կամ չենք նկատում, կամ այդ ժամերին ուրիշ գործերով ենք զբաղուած ու մեզ էդ կարեւոր չի թւում։ (:

բնանկար անող լուսանկարիչները գիտեն, որ մենք չենք տեսնում իրենց ստացած գոյներնն ու նկարներն այն պարզ պատճառով որ մենք այդ տեղերում չենք լինում, եւ այդ ժամերին կամ քնած ենք, կամ նախաճաշում ենք, կամ գործի ենք, կամ ինչ֊որ տեղ ենք գտնւում ուր դա չի երեւում։

ինձ շատ մօտ է այն, ինչ հաւանում է շինկայը։ ես սիրում եմ նկարել լարեր, ու նա եթէ նկարում է լուսին, ապա ըստ երեւոյթին այդ լուսինը լարերի միջով է երեւալու։ ինձ իր կադրերը որպէս լուսանկար են դուր գալիս։ ես երբ ման էի տալիս հոլանդացիների, իրենք ասացին որ ահաւոր չեն սիրում էլեկտրական գծերն ու աշտարակները, քանի որ դա իրենց խանգարում է բնութեամբ հիանալ։ իսկ ես միշտ սիրել եմ այդ լարերն ու աշտարակները, դրանք էլ են բնութիւն, ինչպէս մեղուների սարքած մեղրամոմը, դրանք կեանքի մասին են։

— ի՞նչ կասես, ես կը ձգե՞մ, ասենք, կպցնել Վանաձորցի աղջիկ, Վանաձորցի՝ ենթադրելով որ նա սովոր է տղամարդու դերի մոդելին իր Վանաձորցի հօրից։

(լռութիւն)

— Չէ՞։
— Դէ, կարող ես, բայց… դա կախուած է իր տարիքից։
— Եթէ նա երիտասարդ է եւ անփորձ, ապա կարող է եւ սիրայարո՞ւի։
— Չէ, անհնար է, եթէ նա երիտասարդ է, որ քեզ սիրայարուի։ Բայց եթէ մեծ է, ու արդէն յուսահատ…
— Լաւ, հասկացայ ինչ ես ասում։ Շնորհ։

(կրկին լռութիւն)

— Լաւ, գիտե՞ս, կարող է միջին Վանաձորցի աղջիկը քեզ դիտարկի՝ ունես նորմալ գործ, աշխատավարձ, աւելին քան ասենք վարորդը…
— Ինձ թւում է վարորդից չեմ անցնի, բայց ինչեւէ, ես քեզ հասկացայ։ կարող ես չշարունակել։
— Ի՞նչ ես ինձնից ուզում, ես անկեղծ եմ։
— Շնորհակալութիւն։

ռադիոլաբի վրայ եմ նստած, սպանիչ պոդկաստներ են, երբեմն չեմ կարողանում պոկուել։

ուրեմն, մէկում խօսքը կախուածութիւնների մասին էր։
ու պարզւում է՝ ո՞վ է առաւել հակուած կախուածութիւնների՝ նրանք են՝ ով առաւել հակուած են յարաբերութիւնների։

ասում են, որ թմրանիւթերը, ներառեալ ալկոհոլը, գեներացնում են ուղեղում նոյն ակտիւութիւնը, որն առաջանում է՝ երեխայիդ գրկելուց, սիրայարուած լինելուց, խորը, լաւ յարաբերութիւն ունենալու ժամանակ։

ու նրանք են աւելի խոցելի դառնալու ասենք ալկոհոլիկ, ով՝ ու դա գենետիկ մակարդակի վրայ է, ով աւելի է հակուած յարաբերութիւն ունենալ, առաւել է յակուած նրան ինչի մեզ էւոլիւցիան սովորեցնում է։

ու յարաբերութիւնները բարդ են, իսկ ալկոհոլը՝ մատչելի է։

ու այսպէս, այն մարդիկ, ով յարաբերութիւն են ուզում, յարաբերութիւնները քանդում են։

եւ այսպէս։

ի՞նչն է մեր մասին։

ոչ այն, ինչ մենք մեր մասին ասում/երեւակայում ենք։

մտածում եմ, գուցէ այն, ինչ մենք երեւակայում ենք, երազում ենք նրանց մասին, ում դեռ չգիտենք։

ինչո՞ւ ում դեռ չգիտե՞նք։ որովհետեւ երբ դու չգիտես միջավայրը, դու բախւում ես պատերին, ու որոշ ժամանակ անց ստանում ես տեղանքի/իրականութեան մասին որոշակի պատկերացում, ու կապտուկներով ճակատ։ ես չեմ կարծում որ ցաւով հանդերձ արուած դատողութիւնները նրանք են, որ մեզ սահմանում են, որ մեր մասին են։

այնպէս որ հակւում եմ այն մտքին, որ մեր մասին է այն, ինչպէս ենք մենք մտածում նրանց մասին, ում դեռ հազիւ գիտենք, երբ քարտէզը դատարկ է, ու նկարելու, պատկերացնելու շատ տեղ կայ։

իսկ յետոյ մենք դատապարտուած հնարաւորութիւն ունենք ենք աւելի լաւ պատկերացնել իրականութիւնը, եթէ մեր ճանաչելու ձգտումը փոխադարձ լինի։

խօսում էինք ընկերոջս հետ, երբ զանգեց իր 11֊ամեայ դուստրը։

զանգի աւարտից յետոյ ընկերս բացատրեց՝

— դուստրս ունի ընկեր։ նրանք պարբերաբար կռւում են։ յետոյ մի երեք օր անցնում է, դուրս է գալիս տանից, հարցնում եմ, ասում է՝ «լեւոնի հետ զբօսնելու»։ վերջին երկու շաբաթը կռիւ չէին արել, ես էլ մտածել էի՝ «չլինի՞ մեծացել են»։

ինձ էլ հետաքրքրեց, որ նա այդպէս արտայայտուեց՝ «մեծացել են»։ ոչ միայն այն, որ չի պահել իր դստեր կողմը, չի ասել՝ «այդ անպիտան տղան իրեն նեղացնում է», այլ հենց «մեծացել են»։ երկուսն էլ։

կարող է չէ՞ լինել այնպէս, որ իրենցից մէկն աւելի հասուն է, աւելի մեծ է։ բայց դա կարեւոր չէ «իրենց» համար, որպէս միաւոր։ քանի որ երկուսի (որոշ ալգորիթմով) միջինն է կարեւոր այդ միաւորի համար։

այդ պատճառով է որ սէրը անփոխադարձ չի լինում։ ոչ թէ այն պատճառով, որ եթէ սէր է, ապա անպայման փոխադարձ է, չէ, բնաւ, այլ այն պատճառով, որ պրոցես է, որ պահանջում է երկուս (եւ/կամ աւե՞լ) մասնակից։

ու դա բերում է ինձ ազգի(որպէս միաւոր), եւ իմ ու ազգի յարաբերութեան մասին մտքերին։

ես գրում էի, որ Զուարթնոցն(օդանաւակայանը) իմ մասին էլ է։ ձեզ թւում է անկա՞պ իմ Զուարթնոցով հպարտանալը։ չէ՞ որ ես այն չեմ նախագծել, չեմ մասնակցել, նոյնիսկ ճարտարապետին սուրճ չեմ մատուցել երբ նա աշխատում էր, ու առհասարակ պլաններում երեւի չկայի։ (նայած ում պլաններում՝ տիեզերքի, աստուածների պլաններում չէ, այլ իրենց կամքը համեստ իրագործողների)

բայց չէ՞ որ դուք ամաչում էք, երբ մեր երկիրը ներկայացնում է, ասենք Սերժը։ ես էլ էի ամաչում։

ապա կարող էի եւ հպարտանալ Զուարթնոցով։ ապա «արդար է»։

իսկ եթէ խօսենք «մեր» մասին որպէս տարբեր քաղաքացիների միջինով ներկայացուած միաւորի, ապա արդե՞օք Զուարթնոցը կամ Սերժը մեր մասին է։

չէ, Զուարթնոցը մեր մասին չէ այսօր։ «մենք» այսօր ապագայ նայող չենք, ֆուտուրիստիկ տեխնոկրատիկ կառոյցը մեր մասին չէ։ այդ պատճառով էլ շուտով չի լինի։ չի լինի ոչ թէ այն պատճառով, որ կապիտալի շահ է, որ կոռուպցիա է, դա իրագործման մանրուքներ են։

կարեւորն այն է, որ ազգին (որպէս միջինացուած միաւոր) չի համապատասխանում։

այս յարաբերութեան մէջ չի գնահատւում Զուարթնոցի պէս զարդը։ Գնահատւում է, ոնց էր դրա անունը։ Բելաջիոն։ եւ Փարուանան։

այդ է նաեւ պատճառը իմ համար կարեւոր մարդկանց հեռանալու։ բարեւ, սիլուեր։ որ սա այլեւս Զուարթնոց օդանաւակայանի երկիրը չէ եւ յոյս էլ չկայ, որ կը լինի մօտ ժամանակում։

Սա երկիր է որը ներկայացնում է՝ այսօր Սերժը, երեկ Ռոբերտը, վաղը չգիտեմ ով, դա կրկին իրագործման մանրուքներ են։ Սերժը կայ, քանի որ միջինացուած միաւորին համապատասխան է։ (ինչպէս մի ժամանակակից հայ գրող ասաց տաքսիստին՝ «ինչո՞ւ ես Միշիկ֊Սաշիկից բողոքում, եթէ դու պաշտօնեայ լինէիր, եղբօրդ նման լաւութիւններ չէ՞իր անի»։ «իհարկէ կանէի»՝ հաստատեց տաքսիստը։ «դէ մի բողոքիր, խնդրում եմ»՝ ասաց գրողը։ ու գրողն էլ այլեւս Հայաստանում չի լինելու երկու ամիս անց։)

Դուք կասէք՝ մաքսուելի դեմոնը։ իսկ ես կասեմ ոչ։ նախ, ԳԴՀ֊ն չէր կարող այլը լինել ինչքան էլ մարդիկ չուզենային այն այլը լինի, քանի որ դրսի ուժը վճռական դեր էր խաղում ԳԴՀ֊ում։ Այն փաստացի օկուպացուած էր ԽՍՀՄ կողմից։ ՌԴ֊ն այսօր ՀՀ֊ում նման վճռական դեր չի խաղում ինչպէս ԽՍՀՄ֊ը ԳԴՀ֊ում։

Երկրորդ փաստարկս՝ այդ վեց հազար վստահուած անձի չլինելն է։ Եթէ ՀՀ %75֊ը լինէր ասենք այն «ակտիւիստ» աղջկայ պէս վճռական, Սերժը այսօր չէր լինի։

Ու եւս մի փաստարկ։ Իննսունականներին Մաքսուելի դեմոնը աշխատում էր Սովետին նման, իներցիայով։ Կրկին՝ ախպերութիւն, կրկին կոռուպցիա, պարզապէս նոր «էլիտայի»։ Սաակաշուիլու արժէքն հենց դա է, որ նա փոխեց դեմոնին եւ փորձեց հաստատել մերիտոկրատիա։ Որը բացի Բալտեան երկրներից եւ Վրաստանից ոչ մի այլ «հանրապետութիւնում» տեղի չունեցաւ։

ու եկել է ժամանակը մի բան գիտակցելու, եւ համակերպուելու, եւ փոխելու վարքագիծը։

ես իրականում ոնց որ թէ եւ չկամ այդ ֆորմատում՝ միաւորի ֆորմատում, իմ ու մեր յարաբերութեան մէջ։ ես յարաբերութեան մաս չեմ։

երբ մենք ընդունում ենք աշխատանքի մարդ, ու ես տխրում եմ, ինչ վիճակ է, ես ինձ էլ էի մեղաւոր, պատասխանատու զգում։ ես չեմ դասաւանդում ու մերժել եմ բոլոր առաջարկները։ բայց չէ՞ որ ես չեմ դասաւանդում մասնաւորապէս այն պատճառով որ չեմ ուզում, չեմ կարող, այն, իմ պատկերացումներով, կոռումպացուած համակարգի մաս լինել ու մի կերպ աշխատել այդ ձեւով։

ինչպէս ասել է Շենդերովիչը, եթէ կանգնել ես Ժիրինովսկու կողքը, քեզնից Ժիրինովսկու հոտ է գալու։ իսկ ես չեմ ուզում ինձնից «ընկեր այսինչեանի» հոտը գայ։

(կամ պէտք է դրսի ուժ լինի, ու քեզ պաշտպանի։ բայց ապա դու այնքան էլ տեղացու դեր չես կատարում)։

երբ զգում ես քեզ համայնքի մաս, ուզում ես իդենտիֆիկացնել քեզ այդ համայնքի գոնէ որոշ «դաշտերի» հետ։ այսպէս, ես իդենտիֆիկացնում էի ինձ «լաւ էլի»֊ի հետ։ դա ինչ֊որ տեղական բան էր, որը «թաթուլ» չէր, որը գուցէ կարելի էր մի ձեւ հայկական ռոք անուանել, երեւի այն պատճառով, որ «պրոտեստ»֊ի մասին էր, իսկ դա օգտակար է առողջութեանը, ու ինձ մօտ է։ ու ես այն տարածում էի, ասենք։

բայց ես լաւ հասկանում եմ, որ նոյնիսկ «լաւ էլի»֊ն բնաւ իմ մասին չէ։ այն «հին» է, խռպոտ ձայնով երգած, «մուժիկ»֊ական։ ոնց որ երիտասարդի երգած չլինի։ վահրամ մարտիրոսեանը գրում էր «յիմարի» ռեմիքսում, որ մենք մանուկ ենք, յետոյ մի անգամից՝ պառաւ։ երիտասարդ էլ չենք լինում։

ես երիտասարդական թեթեւութիւնը զգում եմ վրացական «պապարացի»֊ների մօտ։ ես լիբերալ ազատական ոգին զգում եմ թիֆլիսի փողոցների բազմազանութեան մէջ։ ու այդ է պատճառը որ Վրաստանում հնարաւոր էր Սաակաշուիլի, իսկ Հայաստանում՝ չի եղել, եւ դեմոնին չի փոխել։

եւ այդ է պատճառը, որ տխրում էի, տեսնելով այդ սահմանապահի սովետական գլխարկը, երբ մտնում էի հայաստան։ դա իմ գլխին էլ էր։ այն ինձ էր ներկայացնում, այդ գլխարկը։ այդ գլխարկը, որը սովետին է խորհրդանշում, եւ որի մասին «սփինինգ բորիս» ֆիլմում ասացին՝ «ինչպէ՞ս են այն հագնում, չէ՞ որ արժանապատւութիւն գոյութիւն ունի»։

ես սիրում եմ սրճարաններում պատուհանի մօտ նստել։ նայել քաղաքին, եւ որ քաղաքը նայի ինձ։ ու կապ զգալ քաղաքի հետ։ բայց քաղաքն այսօր ինձ նայում է «ամուսնացիր կամ փախչիր» պաստառով։ ես էլ այն եմ տեսնում։

իսկ ես չեմ ուզում այդ ընտրութիւնը՝ ամուսնանալ կամ փախչել։ մի տեսակ ինձ հոգեհարազատ ընտրութիւն չէ։

ու հիմա հասկանում եմ որ, ես փաստացի դուրս եմ «մեզնից», ես իրականում մեզ հետ կապ չունեմ։

ես ես եմ։
ես նորայրն եմ։
ես ապրում եմ երեւանում։ ստոպ։ երեւանո՞ւմ։ գուցէ իմ տա՞նն եմ ապրում։
ամէն դէպքում ես յարաբերութիւնից դուրս եմ։ մենք միասին չենք։

ես գրել եմ որ ինձ տեղացիները տեղացու տեղ չեն դնում։ իսկ թիֆլիսում թիւրինգի թեստն անցնում եմ դնում են՝ մօտենում են եւ խօսում վրացերէն։ սա «կապոյտ աչքերի» մասին չէ, սա հագնուելու մասին է, խօսելու ձեւի, շարժումների՝ մշակոյթի մասին է։

երբ ասում են ակցենտ է մօտդ՝ ասում եմ՝ «չէ չէ, ռուսական ակցենտ է, պարսկական չի», ասում են՝ «չէ չէ, չես խաբի»։ ճիշտ են ասում, քանի որ ռուսական ակցենտը սոց֊ռեալիստական հագնուած մէկի մօտ կը լինէր, արդուկած տաբատով, մէջը դրած վերնաշապիկով, ու ով «կուրգինեան» է դիտում, թէ ոնց էր իր ազգանունը։

մարդիկ էակներ են որ շատ լաւ զգում են մշակոյթը, ու շատ լաւ նոյնականացնում են դիմացինի մշակոյթը իմացած շաբլոնների հետ։

ու ես ականատես եմ եղել վերջերս պարսիկ զբօսաշրջիկների հանդէպ, ոնց ասեմ, ոչ արդար վերաբերմունքի։ որից ես ամաչել եմ։ ու յետոյ, իմ խաչմերուկում տեսայ պարսիկներ են խմում֊ուրախանում֊բարձր խօսում։ դէ ես բնաւ խմող֊ուրախացող֊բարձր խօսացող չեմ, ու կարող էի մտածել՝ այս ինչ է տեղի ունենում իմ քաղաքի սրտում, սրիկանե՜ր, բայց ես մօտեցայ իրենց ու լրիւ անկապ, յիմար ձեւով սկսեցի՝ «որտեղի՞ց էք», ասացին՝ «իրանից», ասացի «վոյ ինչ հաւէս է» (թէ չէ ես չէի ջոկել որտեղից են), ասացի՝ «welcome to armenia», ասացի՝ «i want you to feel welcomed here»։

բայց դա չաշխատեց։ իրենք շատ ճիշտ բան ասացին՝ «բայց դու տեղացի չես։ դու կամ վրացի ես կամ ռուս։ մեզ չես խաբի, չէ չէ։» «չէ, ես այս շէնքում եմ ապրում, իսկ այն շէնքում մեծացել եմ»֊ը չէր օգնի։

քանի որ իրենց պէտք չէ որ ես իրենց ասեմ «welcome»։ իրենց պէտք է այն նեղացնող մարդու նման մէկն ասի, ով միջին հայաստանցին է, իրենց պէտք է որ այն պլպլան շորիկով աղջիկն ասի, իրենց պէտք է որ այն ծիծակով տղան ասի։ ես ասեմ՝ որ ի՞նչ։ իրենց պէտք չէ ես ասեմ։ իրօք պէտք չէ։ հասկանում եմ։

այսպիսով, ես էլ չեմ ամաչում Սերժից, ու չեմ հպարտանում Զուարթնոցով։ չեմ գնում դիտորդ։ ու չեմ հիւրընկալում զբօսաշրջիկների։ ու երբ եւրոպայից մարդ գայ, ասեն՝ նորայր, արի տանենք ման տանք, չեմ գնալու։ (: ես ի՞նչ ման տամ։ թող տեղացիները ման տան։

դա ինձ միայն թւում էր որ ես գիտեմ «իրական երեւանը»։ իրական երեւանը իրենք գիտեն, իրական երեւանցիները։ (:

իսկ իմ ու հայաստանի յարաբերութիւնը չի կայացել՝ տապալուել է։ նոյն պատճառով ինչ տապալուել են իմ անձնական յարաբերութիւնները, թերեւս։

մինչ։

իռացիոնալ մարդը

նախ ասեմ որ շատ հաւէս է նստել պատշգամբին այս անձրեւոտ օրը եւ գրել տեքստ։

«իռացիոնալ մարդ»֊ն եմ այսօր դիտել։ կինո մոսկուայում։ Ւուդին վերջն է։ Նա շատ լաւ գիտի մարդկանց։ Ու փորձում է անել խորը ֆիլմեր։ Չնայած այդ խորութիւնը միշտ չէ որ նկատում են։ Մարդ էլ չկար դահլիճում։ Եօթը զոյգ։ Պատահաբար չէ, որ Ւուդին վաղուց չի կարողանում ԱՄՆ֊ում ֆիլմերի փող գտնել։ Նա աշխատում է Եւրոպայում։ Այս ֆիլմն էլ հաւանաբար եւրոպական փողերով էր նկարահանուած։ Սա բերում է ինձ ազատ շուկայի պարագայում լաւ կինո նկարելու հարցին։ Այսօր իմ սովորական պատասխանն այն է, որ շատ մեծ շուկայի դէպքում, լինում է բաւական մարդ, ով կը սպառի լաւ արուեստ, եւ այդ փոքր շուկան բաւական է լինում, որ ինչ֊որ մէկը փող ներդնի, ու շահոյթ ունենայ։ Բայց կարծես թէ նոյնիսկ ԱՄՆ֊ի շուկան չի հերիքում։

Ֆիլմը մարդու մասին է, ով ամբողջ իր կեանքը արդարութեան համար պայքար է մղել։ Ու այդ պայքարն իրեն թանկ է նստել՝ մօտ մարդկանց կորուստ, ծանր հիւանդութիւն, եւ նա վերջապէս թեւաթափ է եղել։

Որովհետեւ նա փորձում էր պայքարել այսպէս ասած, «խաղաղ» մեթոդներով։ Իսկ իր դէմ խաղացել են բնաւ ոչ խաղաղ։ Խաղաղ պայքարը շատ դէպքերում դատապարտուած է պարտութեան։

Ու հիմա այդ մարդը վճռում է մի բան անել, մի մանրուք, իր այլ պայքարների համեմատ, բայց անօրինական, ոչ խաղաղ։ Նա վճռում է գործել այնպէս, ինչպէս գործում են իր հաւատացած արդարութեան դէմ։ Նա մտածում է, որ կարող է յաղթել։

Սակայն ֆիլմն այն մասին է, որ նա չի կարող։ Այս աշխարհում՝ չի կարող։

Եւ նա խոստովանում է իր սիրած աղջկան, յուսով որ աղջիկն իրեն կհասկանայ։ Իսկ աղջիկն իհարկէ չի հասկանում։ Նախ որովհետեւ փոքր է, ու յետոյ այդ պայքարը իրենը չէ իրականում։ Շատ «քուլ» է երեւում այդպիսի մեծ, ամէն բան տեսած տղան, միայն մի բան էր իր մէջ անյարմար՝ պարտուած էր։ Բայց երբ նա կրկին ընդվզեց, սկսեց պայքարել արդարութեան համար, ծիտն այդպիսի մարդուն ընդունել չկարողացաւ։ Եւ գնաց հետ, իր լաւիկ, առանձնապէս ոչ մի սկզբունք չարտայայտած տղայի մօտ։ Ում հետ կոմֆորտ է։

Երեւի թէ որովհետեւ այդ ծիտը, նա փիլիսոփային չէր սիրում։ Չէր սիրում նաեւ այն Իսպանիա թռնել ուզող կինը։ Երկուսն էլ իրականում նրան օգտագործում էին, մէկը՝ դեռ ոչ շատ գիտակցուած, միւսը՝ արդեն բաւական գիտակցուած։ Գիտէր ինչ է իրեն պէտք։ Նա չէր յանձնի փիլիսոփային ոչ թէ գաղափարի պատճառով, այլ քանի որ՝ բա ի՞նչ է անելու, հազիւ իրեն հարմար տղայ է գտել։

բացի դրանից, ֆիլմն այն մասին է, որ մենք ունակ չենք տարբերակել որտեղ է պէտք լինել ազնիւ, իսկ որտեղ՝ չէ։ եւ որն է այդ ազնիւը այս աշխարհում, ուր իշխում է դաժանութիւնն ու բռնութիւնը։ հենց ֆիլմի սկզբից էլ փիլիսոփան այդ օրինակն է բերել՝ դուք կհանձնէ՞ք գողին ոստիկաններին, եթէ իմանաք, որտեղ է նա թաքնւում։ իսկ հրէաների ընտանիքին՝ ֆաշիստներին կհանձնէ՞ք նոյնպէս։

Ռոյը, աղջկայ երիտասարդ ընկերը, իհարկէ յիմարի պէս ծտին հետ է ընդունել։ Չնայած նա այլի է արժանի, իմ կարծիքով։ Մարդ չպէտք է իր սխալների համար դրական ամրապնդում ստանայ։ Մենք ունենք կոտրուած տաշտակի մասին հեքիաթ։ Դա արդարութեան մասին է, այդ հեքիաթը։ Իսկ նա ով բացասական ամրապնդում չի ստանում, հակում է ձեռք բերում կրկին չարաշահել իր ունեցած մարդկանց։ Իր հերթին Ւուդին շատ մօտ է անում ֆիլմը կեանքին։ Այո, տղան իրօք յիմարի պէս հետ էր ընդունելու։ Առանց ոչ մի կշտամբանքի։ Բայց այս անգամ։ Ոչ յաջորդ։

Նոյնը այն լքուող ամուսինը։ Ասում է՝ «լաւ մտածիր»։ Ի՞նչ լաւ մտածել։ Գնա՛ գրողի ծոցը։ Եւ տղան, եւ այդ ամուսինը կարող են մտածել, որ իրենց բախտը բերել է՝ իրենք այդ իրենց ծտերին հետ ստացան։ Բայց ես այդպէս չեմ կարծում։ Լաւ հնարաւորութիւն ունէին տեսնելու, ով է իրենց իսկական ընկերը։ Տեսնել ուզել է պէտք միայն։

Ու այստեղ եւս մի այլ հարց է ծագում։ Իսկ իրենց պէ՞տք է ընկեր։ Թէ՞ պէտք է լաւ ծիտ/քուլ տղայ/իսպանիա տանող ունենալը։ Տղաներին էլ։

Ռոյը այդ ծտին կը շրջապատի սիրով, կանի ամէն ինչ որ նա իրեն լաւ զգայ։ Իսկ կանի՞ ծիտը, թէ չէ, ես չգիտեմ։ Քանի որ պարզ չէ բնաւ, նա սիրել ունա՞կ է թէ ոչ։ Ո՞ւր է կորել այդ իր կարեկցանքը՝ փիլիսոփայի ծանր փորձութիւնների հանդէպ էմփաթիան։

Գուցէ ոչ մէկն էլ ունակ չէ, պարզապէս գտնում են հարմար մի տարբերակ, շահերի համընկում, հետաքրքիր կը լինէր իմանալ ինչ է մտածում այդ մասին ինքը՝ Ւուդին։ Նկատի ունեմ՝ իր ֆիլմերը կրկին դիտել, եւս մի անգամ շուրջը նայել ու մտածել։

Ւուդին շատ հաւէս է վառում, (expose) տեսանելի դարձնում մարդկանց մէջ չափազանց տարածուած վարքագծի շաբլոններ։ Շաբլոններ, որ մենք թէեւ նկատում ենք, բայց ինքներս անզօր ենք ինչ֊որ բան փոխել մեր մէջ։

Ես այդ ժամանակ մտածում եմ՝ ինչ նման են մարդիկ դրանով։ Բոլորը ինչքան նմանութիւններ ունեն։ Ոչ միայն արտաքին, փաստօրէն։ Ինչքան կանխատեսելի են։ Ես էլ։

Կադրում ուշադրութիւն գրաւեցին Դոստոեւսկու «Ապուշը» ու Հաննա Արենդթի մասին գրուածքը։ Առհասարակ, ակնյայտ է որ Ւուդին Դոստոեւսկու վրայ տարած է։ Սա առաջին անգամը չէ։ Ու գուցէ իր ֆիլմերը ապագայում լինելու են «պարտադիր ընթերցանութիւն», ինչպէս այսօր Դոստոեւսկին է։

այսքանը, գուցէ ինչ֊որ բան աւելացնեմ մեկնաբանութիւններում։

ասք յարաբերութիւններ սահմանելու մասին

ուզում եմ ասել, յարաբերութիւններ սահմանելը շատ բարդ է։

երբ ես գրում էի էթիկայի եւ բարոյականութեան մասին, ասում էի, որ ընդհանուր կանոններ իրականում լինել չեն կարող։ կայ այս կապի ձեւ, եւ այս կապի ձեւ, եւ այս կապի ձեւ։

ու ապա, այ քուդնթ քեյր լես չէի կարող աւելի քիչ հոգալ, ինչպէս է պիտակաւորւում, կամ սահմանւում յարաբերութիւնը։

եթէ կողքինիս պէտք է, թող պիտակի, եսիմ։ միասին ենք, միասին չենք, ընկեր ենք, ընկեր չենք, ծանօթ ենք, ծանօթ չենք, «բադի» ես, «դիւդ» ես, թէ «լաւ օֆ մայ լայֆ» ես, եւ այլն։

որովհետեւ ամէն յարաբերութիւնը դա յատկութիւնների բազմութիւն է։ ու մի պահին ինչ֊որ մի բիթ կարող է սեթ լինել, ինչ֊որ մի բիթ կարող է զրոյանալ։

իսկ ասել՝ չէ, ընկերութիւնը, կամ ռոմանծիկ յարաբերութիւնը այսպիսին է, կամ այսպիսին, այս բիթերն են մէկ, եւ այս բիթերն են զրօ, ու հենց այդպէս, դա նոյնն է, ինչ խօսել ընդհանուր բարոյականութեան մասին։ ընդհանուր չկայ։

կայ այս յարաբերութիւնը այս պահին։ ու այս յարաբերութիւնը այս պահին։

ու դա գիտէք, շատ հաւէս է։ ես ուրախ եմ, որ այդպէս է։

հեյ

ես անհանգիստ չեմ, որ դու չասացիր «հեյ», երբ եկար օնլայն։
ես չեմ վախենում, որ չես էլ ասի այսօր։

ես չեմ վախենում՝ ոչ բոբո «ֆրենդ զոն»֊ից, ոչ էլ քո ուրիշի հետ մտերմանալուց։

ինձ չի անհանգստացնում ինչ ես հենց հիմա անում։

ինձ մէկ է, որ ես քո համար չափազանց հասանելի եմ։
(ես ութերորդ դասարանում չեմ։)

ես ոչ մի բան չեմ սպասում։ ոչ զանգի մեյլի, ոչ հանդիպման, ոչ «գրկում եմ»֊ի, ոչ էլ գրկելուն։

ես չեմ ուզում հաշուել, ով ինչքան ինչից տուեց։

ես չեմ անհանգստանում «ինչ կը լինի», կամ ինչպիսին պէտք է լինի այն։

ինձ հանգիստ է, ես զգում եմ անպարտելի, անվտանգ, անկախ։ այն ինչ ես ունեմ, ոչ ոք չի կարող ինձնից խլել։

ու ես ուզում եմ դու հանգիստ լինես։
չեմ էլ ուզում գրել քեզ «հեյ», որ չանհանգստացնեմ։ երեկ գրել էի, որովհետեւ մտածեցի, որ կարող եմ մոռանալ, ինչպէս են գրում «հեյ», ու ինչպէս են գրում դրանից յետոյ (ոչ թէ ինչ)։

այնպէս որ հիմա ես եմ ասում քեզ՝ «դու հանգիստ»։ իսկ դու կարող ես պատասխանել՝ «անհանգիստը կոլեանի բլոգն է»։ ժպիտ։

հ․ գ․ առաջ ենթադրում էի, որ կան «իմ մարդիկ», ու իրենցից կախուած է, իրենք իմն են թէ չէ։ հիմա՝ որ «իմ մարդկանց» ես եմ ընկալում անկախ իրենցից։

ես եմ գրանցող սարքը

ոչ մէկ քեզ չգիտի այնպէս, ինչպէս ես քեզ գիտեմ։

որովհետեւ միայն ես կարող եմ քեզ ընկալել այնպէս ինչպէս ես եմ քեզ ընկալում։

դու կարծո՞ւմ ես, դա դո՞ւ չես։ կարծո՞ւմ ես, դա ե՞ս եմ մտածել։

իհարկէ դո՛ւ ես՝ դու այնպիսին ես, ինչպէս ես քեզ ընկալում եմ, քանի որ ես եմ գրանցող սարքը։

Georgette et Ren'e magritte

ասք ֆոկուս բռնելու մասին

այսօր ընկերոջս հետ օբյեկտիւներ էինք փորձարկում՝ իր ու իմ բերած օբյեկտիւները։

բացում էինք դիաֆրագման, ու նկարում էինք, ֆոկուսուելով ինչ֊որ հատուածների վրայ։
քանի որ բաց դիաֆրագմայի պարագայում օբյեկտիւը իր թոյլ կողմերն է ցոյց տալիս։

ստացւում էր, բնականաբար, բոքէ։ այն, ինչի վրայ ֆոկուս եմ բռնել՝ ֆոկուսի մէջ, իսկ այն, ինչի վրայ չեմ բռնել՝ լղոզուած։

ու ես մտածեցի, որ սէրը, ինչպէս եւ ֆոտոն, ընկալման մասին է։

այն որ իմ ֆոտոն իմ ընկալման մասին է՝ դա ակնյայտ է։

սէրն այն մասին է, երբ ես լայն բաց աչքերով ֆոկուսւում եմ քո լաւ էութեան վրայ, փոխարէնը ֆոկուս բռնելու՝ կենտրոնանալու քո վատ յատկանիշներին։ շուրջդ առանց այդ էլ շատ են մարդիկ, ով դա անում են։ եւ թերեւս իմ շուրջ։

իսկ ինձ համար դա չէ կարեւորը քո ֆոտոի մէջ։ ինձ համար կարեւոր է այն լաւը, որ ես գիտեմ, որ տեսնում եմ, ու ես այդ եմ ֆոկուսի մէջ պահում, լղոզելով այն, ինչ էական չէ։

ես ուզում եմ տեսնել քեզ ոչ այնպէս, ինչպէս ընկերդ, ով բաւարարուած, կամ ոչ այնքան էլ, մնացել է քեզնից այսօր։ ոչ այնպէս, ինչպէս գործընկերդ, ում դու, գուցէ քաշել ես, կամ չորել։

ես ուզում եմ տեսնել քեզ ոչ այնպէս, ինչպէս տեսել է շեֆդ, որ այսօր քեզնից գոհ չէր, ոչ այնպէս, ինչպէս քեարթը, ով քեզ ծաղրել էր, ոչ այնպէս ինչպէս նա, ով ականատես է եղել քո անյաջողութիւններին։

ոչ այնպէս, ինչպէս այլ մարդիկ են քեզ ընկալել։

ես ուզում եմ լինել նա, ով տեսնում է քո լաւ էութիւնը, անկախ նրանից, որ կան մարդիկ, ով կենտրոնանում են քո վատ յատկանիշների վրայ։

իսկ եթէ դու իմ հանդէպ լաւ բան չես արել, ես անկարող եմ քեզ չներել, քանի որ ես գիտեմ, որն է քո մէջ կարեւորը, ու ես գիտեմ, ինչպէս պտտել ֆոկուսի անիւը։

մէկ էլ որ ասում էի «անպատասխան սէր չի լինում», չի նշանակում, որ միշտ պատասխան կայ, այլ նշանակում է, որ եթէ պատասխան չկայ, ուրեմն սէր չէ։ քանի որ սէրը պրոցես է որը պահանջում է երկու (մինիմում գուցէ) մասնակից, երկուսի ներդրում։ եթէ մի մասնակից է, պրոցեսը չի գործում, ու չի էլ կարող երկար գոյատեւել։ տենց։

ու տենց

ասք շփուելու մասին

դիսքլեյմեր․ ես հոգեբան չեմ բնաւ, ու չեմ էլ ուզում։ ես կարող է եզրերի սխալներ արած լինեմ։ ու ես բնաւ չեմ կարծում որ իմ ասածը ճշմարտութիւն է։ ես փնտրտուքների մէջ եմ ու փորձում եմ իմ մտքերը ձեւակերպել։ Սա բնաւ ձեռնարկ չէ։

մենք բոլորս սովորում ենք շփուել տարբեր եղանակներով, հաւանաբար դրա մէջ կարեւոր դեր է խաղում այն, ինչ շփում ենք տեսնում, երբ մեծանում ենք։

ուզում եմ մի երկու սայթաքելու, մոլորուելու ձեւի մասին գրել, որ քանդում է յարաբերութիւնները։
օրինակ սա՝ ենթադրութեան, մեկնաբանութեան եւ փաստի տարբերութեան մասին է։

ասենք․ «դու անասուն ես»։
«դու քեզ հեռու ես պահում»։
«դու միշտ կծում ես ինձ»։
«դու անզգայ ես»։
«դու թքած ունես»։

նախ, այս բոլոր արտայայտութիւնները վիճելի են։

«անասուն»․ կարո՞ղ է մարդ գտնուի, ով չի համարում որ նա անասուն է։ հաւանական է։

«հեռու պահել»․ կարող է թուալ եթէ մարդը յոգնած է, կամ այլ բանով է անհանգստացած։

«կծում ես»․ էլի վիճելի է։ մէկը կընկալի որպէս կծել, իսկ մէկը՝ որպէս մտահոգութիւն։

«անզգայ/թքած»֊ը կրկին վիճելի են, քանի որ սրանք մեկնաբանում են վարքագիծը։

Ի՞նչը վիճելի չէ։
Դիտարկումը, փաստը։ (ոչ բոլոր փաստերը, այդ մասին յետոյ)։

Օրինակ․

«դու ուշացար»։
«դու պարբերաբար նայում ես հեռախօսիդ»։
«դու ասացիր որ ինձ չես սիրում»։
«դու խօստացար որ կը զանգես, եւ չզանգեցիր»։

«Դու ուշացար»֊ը վիճելի չէ, եթէ դու իրօք ուշացել ես։
Իսկ «դու ասացիր որ չես սիրում ինձ» եւ «անասուն»֊ի մասին ուզում եմ առանձին ասել, որ դրանք համատեքստից կախուած արտայայտութիւններ են, թէկուզ եւ արուել են։ Իրենց համատեքստից դուրս դիտարկել չի կարելի, կարող է մարդուն այդ պահին շատ ցաւում էր, նա վիրաւորուած էր, ու դա հեչ պարտադիր չէ որ փաստի արձանագրութիւն լինի։

Այլապէս, ենթադրելով, մենք պիտակում ենք մարդկանց մեր մեկնաբանութիւններով։ Եւ զարմանալի չէ, եթէ մարդը մեր պիտակը իւրացնի, անկախ նրանից, թէ ինչ կապ ուներ դա իրականութեան հետ։

Նաեւ, մենք պիտակում ենք մարդկանց ասելով․ «կեանքիս սէրը», «ծրագրաւորող», «սպանիչ ծիտ»։

«կեանքիս սէրը» անկապ արտայայտութիւն է, քանի որ նա անձի մասին չէ։ սրանով դու նշում ես, որ նա գոյութիւն ունի քեզ հետ կապ ունենալով, ոնց որ իր միակ դերը քո «սէր» լինելն է, իսկ նա գոյութիւն ունի քեզնից անկապ, անկախ, այնպէս որ այսպէս ասելն անկապ է։

«ծրագրաւորողը» նոյնպէս անձի մասին չէ։ ոնց որ նա մարդ չէ, այլ ընդամէնը մասնագիտութիւն։ կամ ոնց որ այդ մասնագիտութիւնն արդեն ամէնը իր մասին ասում է, սահմանում է։ Ասելով «ծրագրաւորող» մենք անտեսում ենք, որ նա ունի իր հետաքրքրութիւնները, ձգտումները, վախերը եւ ցանկութիւնները։ Նա ռոբոտ չէ, նա կարող է լացել, կարող է հուսալ, կարող է երազել։ Այս ամէնը ոնց որ անտեսուած լինի, երբ մենք ասում ենք իր մասին՝ «ծրագրաւորող»։

Ասելով «սպանիչ ծիտ» մենք դիտարկում ենք նրան որպէս օբյեկտ, ում կարելի է ուզել, կպցնել, շահել, հետեւից ընկնել, կրկին մոռանալով, անտեսելով որ նա անձ է, ու իրեն կարող է ցաւել, նա կարող է ինչ֊որ բանից ուրախանալ։

Պիտակները գուցէ երբեմն օգտակար են, բայց վտանգաւոր են, երբ մենք ինդեքսաւորում ենք, կատալոգաւորում ենք մարդկանց այդ ձեւով։ Մենք նոյնիսկ կարող ենք մարդկանց ասենք մեղադրել կամ ներել այս կատեգորիաների ու պիտակների հիման վրայ։

Եւ, եթէ մարդուն շարունակ պիտակում ես, ապա վաղ թէ ուշ իրեն նայելիս կը տեսնես պիտակների ամպ, որի ետեւից մարդը հազիւ երեւում է։ Իսկ մեր ուզածը այդ հետեւինի հետ շփումն էր, ով չի երեւում։ Մեզ նա էր պէտք չէ՞ իրականում։

Ոչ մի բանն էլ հեշտ չէ, նոյնիսկ երբ պարզ է։ Այսպէս շփուելուն պէտք է վարժուել։

Ասենք, զրուցակիցդ պարբերաբար նայում է հեռախօսի մէջ, երբ դուք խօսում էք։ Դու արդեն արեցիր քո եզրակացութիւնը, նեղուեցիր, ուզեցիր կծել, կամ ասել՝ «դու ինձ արհամարհրում ես»։
Հապաղիր։ Յիշիր, որ սա ընդամէնը անկապ մեկնաբանութիւն է, հարցրու քեզ, որո՞նք են փաստերը։ Ի վերջոյ, եթէ դուք իրար հետ էք, ինչո՞ւ նա պէտք է քեզ իգնորի։ Դու կարող ես դիտարկում անել՝ «դու պարբերաբար նայում ես հեռախօսիդ»։ Առանց հնարած ենթադրութեան։

Սա ընդունելու մասն էր։ rx, receive։ Հիմա ուղարկելու, tx, transmit մասին։

Ինչպէ՞ս արտայատուել։ Ի՞նչ ասել։ Կրկին նոյն մօտեցումն է․ ասել այն, ինչը վիճելի չէ։
Մեր մտքերը, պիտակները, ենթադրութիւնները վիճելի են։
Մեր զգացմունքները սակայն վիճելի չեն։

Ուրեմն կարելի է ասել, թէ ինչ ես զգում։
Սա ինձ համար, օրինակ անչափ բարդ է։

Նաեւ, մեզ կարող է թուալ որ զգալու մասին ենք ասում, իսկ իրականում դա մտքի մասին է։

Ասենք․
«(Ես զգում եմ,) որ դու հեռու ես»։
«(Ես զգում եմ,) որ ես քեզ ձանձրացնում եմ»։
«(Ինձ թւում է,) աշխարհը փլուեց»։
«(Ինձ թւում է) դու հարձակուեցիր ինձ վրայ»։

Ինչպէ՞ս տարբերել միտքն ու զգացումը, հոյզը։ Օրինակ, եթէ կարող ես «ես զգում եմ»֊ի տեղը ասել «ես կարծում եմ», «ես մտածում եմ», ապա երեւի դու այնուամենայնիւ չես զգում, այլ մտածում ես։

Կարելի է փոխարինել «զգալը» «մտածելով», «կարծելով»։ Ապա չեղաւ։

Նաեւ այս բոլոր արտայայտութիւնները վիճելի են։ Ու այս արտայայտութիւնները ընդամէնը մտքեր են ձեւակերպում, հասցնում։ Ու դրանք կարող է իրականութեան հետ կապ չունենան։

Որպէսզի դրանք չսկսեն իրականութեան հետ կապ ունենալ, աւելի լաւ է դրանք իրականութիւն չբերել։

Մեզ թւում է, որ մենք շփւում ենք, արտայայտում ենք զգացմունքները, բայց մենք իրականում մշուշոտ բաներ ենք ասում, ու աւելի շատ տեղ ենք թողնում նոր մեկնաբանութիւններին ու ենթադրութիւններին։

Ես կարծում եմ, ցածր մակարդակի ծրագրաւորման փորձը տալիս է ունակութիւն հասկանալու, թէ ինչ է կատարւում իրականում, երբ ինչ֊որ ֆունկցիա ես կանչում։
Կարելի է իջնել աւելի ցածր լեւել։

Փորձենք։

«Ես զգում եմ, որ դու հեռու ես»․ Սա միտք է։ Կարող է իրականում վախի մասին լինել։ Չընդունուելու, մենակութեան, լքուած լինելու վախի մասին։ Բայց արի ու հասկացիր։

«Ես զգում եմ, որ ես քեզ ձանձրացնում եմ»․ միայն բառերը պարզութիւն չեն բերում։ Կարելի է ենթադրել որ սա անվստահութեան կամ վախի մասին է։

«Ինձ թւում է, աշխարհը փլւում է»․ շփոթուած լինելու մասին կարող է լինել։ «Ես շփոթուած եմ (զգում)» երեւի աւելի յստակ է արտայայտում իրականութիւնը։ Անզօրութեան մասին կարող է լինել։ Յուսահատութեան մասին է կարող լինել։

«դու հարձակւում ես»․ կրկին պիտակների մասին է։ Դու ես կարծում, որ այս գործողութիւնը «հարձակում» է։ Կարծում, ոչ թէ զգում։ Սա զգացմունքի մասին չէ։ Առհասարակ, եթէ գործողութիւն է, ապա ինչպէ՞ս է զգացմունք կամ հոյզ։

«ես զգում եմ տագնապ, յուզուած եմ, անհանգիստ եմ, երբ ձայնդ ես բարձրացնում» — երեւի աւելի իրիականութեան մօտ, ու աւելի քիչ վիճելի արտայայտութիւն է։

Այսպէս, մտքերով կիսուելիս մենք կարող ենք իրար մոլորեցնել ու փչացնել ցանկացած շփում, մտերմութիւն։
Նա պէտք է իր ենթադրութիւններն անի, որ հասկանայ ինչպէս ես քեզ զգում։ Եթէ ասենք դու կարեկցանք ես սպասում։

Ահաւոր բարդ է հասկանալ թէ ինչ ես զգում, ոչ միայն արտայայտել։ Ես ասենք, իմ զգացմունքների հետ կոնտակտի մէջ չեմ։ Բայց կարծում եմ, կարելի է վարժուել։

ի՞նչ անել։

երեւի այսպէս․

«ես վախենում եմ, որ դու ջղայնացած ես ինձ վրայ»։

«երբ դու ուշանում ես, ես վախենում եմ, որ դու երբեք չես գալու»։

«դու պարբերաբար նայում ես հեռախօսիդ էկրանին, ու ինձ հետաքրքրում է, ի՞նչ է մտքիդ։»

Այսպէս կարելի է միացնել երկու մասը․ դիտարկել փաստը, եւ արտայայտել զգացմունքը։
Սա բաւական բարդ է, եւ ինձ համար բաւական վախենալու է։ Բայց եթէ ես այսպէս անեմ, աւելի մեծ է հաւանականութիւնը, որ զրուցակիցս էլ այսպէս կանի ու մենք լրիւ չենք խառնուի։

Իհարկէ, շատ այլ կերպ ենք կարող սայթաքել եւ չհասկացուած մնալ շփուելիս։

Այսպէս, ես հիմա պարապում եմ կատուների վրայ, երբ շփւում եմ մարդկանց հետ։

ու տենց

էն որ դու յիշում ես ամէն մանրուքը
ամէն սխալը
ամէն տրորելը
ամէն վէճը
ամէն չգնահատելու տալը
ու դու չես կարող ներել
ու քեզ ցաւում է
ամէն պատճառածդ ցաւի բիթի համար
ու այն անգամ
ու այն անգամ
ու այն անգամ
երբ դու սպանում էիր քո մէջ այն մարդուն ում սիրում են

ու երբ վերջապէս
կարծեցիր որ սպանեցիր

քեզ թաղեցին
դրեցին դագաղի մէջ
ու վրայից հաստ շերտ հող լցրին

այդպէս են անում
մեռածների հետ

ու հիմա
ինչքան ուզում ես ոռնայ
ճուայ
գլուխդ դագաղի պատերով տուր

հիմա քեզ չեն լսի
հիմա դու հետաքրքրում ես
միայն որդերին
ու տարբեր միջատներին

իրենք են սպասում
քո իրական վախճանին

ասք վիշապին յաղթելու մասին

դու վախեցար վիշապի կրակից,
ու սպանեցիր նրան,
յետոյ մտածում էիր, որ յաղթել ես,
ու քեզ լաւ է,

իսկ իրականում,
դու վիշապին չէիր հասկացել,
ու նա վտանգաւոր վիշապներից չէր,
բարի էր եւ ընկերական,

իսկ հիմա դու ընկերութիւն ես անում
կովի հետ,
կովի մէջ ոչ մի վատ բան չկայ,
վատը չէ,
բայց առեղծուածային չէ,
ինչպէս եւ դու չես իր համար,
ինչպէս վիշապի համար էիր՝ հեքիաթային։

իսկ վիշապները, այն էլ բարի,
քիչ են մնացել,
քանի որ իրենց
ոչ ոք չի հասկանում,
ու բոլորը ցաւացնում են,
գուցէ եւ այդ պատճառով,
իրենք այլ կերպ են
արտայայտում զգացմունքները։

ու վիշապին սպանելիս,
դու երբեք չես յաղթում,
դու պարտւում ես։

այն որ ամէն ինչ ծածկում է

ժամանակն անցնում է։

եթէ գնդակը քո մօտ է,
եթէ դու ունես յաղթաթուղթ, (կոզիրնայա կառտա)
քանի որ քո հանդէպ վատ են վարուել,

դու կարող ես այն օգտագործել։

ու դու անյաղթելի ես։
այն ամէն ինչ ծածկում է։

դու կառաջացնես մեղքի զգացողութիւն,
ու ամենաինքնավստահ մարդն իսկ
կդառնայ խեղճ, եւ ներողութիւն, ողորմութիւն կաղաչի։

բայց դու ծախսում ես քո խաղաթուղթը։
ու այլեւս չունես այն։

քանի որ ժամանակն անցնում է,
իսկ ռեսուրսները սպառւում են,

անհնար է նոյն յաղթաթուղթն,
մի քանի անգամ օգտագործել։

անհնար է նոյն մարդուն
միշտ նուաստացնել
նոյն պատճառով։

ու տենց

ասում են,
եթէ ուզում ես քեզ սիրեն,
պէտք է նախ ինքդ քեզ սիրես։

մտածում եմ,
եթէ ուզում ես քեզ ներեն,
պէտք է նախ ինքդ քեզ ներես։

ու տենց

ասք շուկայական յարաբերութիւններու եւ մաքսային միութիւններու մասին

Մարդն ունի ընդլայնուելու, տրանսցեդենտանալու պահանջ։
Մենք ուզում ենք կիսուել մեր մտքերով (ով մտքեր ունի) կամ կարդացածով, տեսածով, ապրածով։ Այսինքն՝ մեր կեանքով։

Ու մեզ պէտք է շուկայ, մարդիկ, ում հետաքրքիր են մեր ապրումները, ցաւերը, հաճոյքները, մտքերը (ով ունի), եւ այլն։ Մի խօսքով մեզ պէտք է մեր արտահանած ապրանքի սպառողը։

Այդ իսկ պատճառով մարդիկ լաւ են վերաբերւում իրենց ուշադրութիւն դարձնողներին, եւ խարդախների հիմնական գործիքներից մէկն էլ կեղծ ուշադրութիւնն է քո անձի նկատմամբ, մասնաւոր դէպքում՝ հաճոյախօսութիւնը։

Երբ մարդիկ միմեանց հետաքրքիր են, իրենք բացում են շուկան միմեանց համար։ Ու քանի որ իրենց պէտք չեն մրցակիցներ, փակում են սահմանները, սարքում են իրենց «մաքսային միութիւնը», սահմանափակելով այլ մարդկանց արտադրած ապրանքների ներկրումը։

Քանի որ միեւնոյնն է սպառելու ռեսուրսը սահմանափակ է։ Ինչպէս մեր փողն է սահմանափակ, այնպէս էլ մեր ժամանակը, ու այդ պատճառով էլ մարդիկ խանդով են վերաբերւում, երբ իրենց յարաբերութիւնների մասնակիցները իրենց ժամանակը ծախսում են այլ մարդկանց կեանքը սպառելով։ Կամ այլ մարդկանց իրենց կեանքի պատկերը վաճառելով։ Ապա լքուած մասնակիցը զգում է իրեն չգնահատուած, չպահանջուած շուկայում։ Ու վատ է վերաբերւում ինչպէս մրցակիցներին, այնպէս էլ սպառողին, ով իրեն չի գնահատել։

Կարող է նոյնիսկ սանկցիաներ կիրառել՝ օրինակ փակել իր շուկան որոշ ժամանակով։ Ինչպէս Ռուսաստանն էր Ուկրայինայի կամ Մոլդովայի համար շուկա փակում։ Կամ ընդմիշտ։ Այդ դէպքում յարաբերութիւնն էլ այլեւս գոյութիւն չունի։

Բաժանումը կարող է լինել քաղաքակիրթ, ինչպէս Չեխոսլովակիայի դէպքում, եւ ոչ այնքան՝ ինչպէս ռուս եւ ուկրայինական եղբայրական ժողովրդների դէպքում։

Չէ, ես բնաւ էլ չեմ ասում, որ վատ են այդ շուկայական յարաբերութիւնները։ Այլընտրանքը՝ անպայմանական սէրն է, որին ես ոչ հաւատում եմ։

Այն ոչ էլ լաւ է յարաբերութեան այն մասնակցի հանդէպ, ում առանց պայմանների են սիրում։ Ստացւում է, նա ոչ մէկ է, ոչ մի բան չի կարող առաջարկել։

Միւս կողմից էլ, չեմ կարծում որ առանց որեւէ բան ստանալու իմաստ ունի շուկան բաց պահել։ Իմաստ ունի, երբ կարողանում ես քո ապրանքը արտահանել, ու գոնէ ստանում ես ֆիդբեք, որ այն լաւն է, դուրները գալիս է։ Ոչ թէ առանց առանձնապէս հաճոյքի է սպառւում։ Բայց եւ բոլորն էլ ձգտում են նրանց, ով կարող է իրենց հետաքրքիր ապրանք արտահանել։

Այդ պատճառով էլ մարդիկ ձգտում են նման հետաքրքրութիւններով մարդկանց։ Որ ներմուծելու բան լինի։ Որ բաւարարեն ներքին պահանջարկը։

Այսպիսով, յաջողուած յարաբերութիւնը այն է, երբ մասնակիցները կարող են զարգացնել իրենց «տնտեսութիւնը» այդ փոխշահաւէտ միութեան պայմաններում։

եւ այդպէս