Աճեմօղլու֊ն ցոյց էր տալիս իր գրքում, որ երկրի բարեկեցութիւնը ուղղակի կապ ունի այդ երկրում քաղաքական իրաւունքների, լիազօրութիւնների բաշխուածութեան հետ։

Այն փաստը, որ ՀՀ֊ում գնում են ձայներ, նշանակում է, որ այդ ձայն վաճառողները ունեն վաճառելու բան՝ ունեն քաղաքական իրաւունք որից նախընտրում են հրաժարուել։

այն էլ՝ ոչ թէ ճիպոտի, ոչ թէ կորուստի վախից, այլ պոնչիկի, փոքր խրախուսման փոխարէն։

իհարկէ, այսքանով չեն սահմանափակւում իշխող «էլիտայի» իր ազդեցութիւնը պահպանելու գործողութիւնները։ կան մարդիկ, ով վաճառելու բան չունեն, ում ասւում է, ինչպէս քուէարկել։ կան բազմաթիւ մարդիկ, ում տեղը քուէարկում են, օգտուելով իրենց բացակայութեան կամ անտարբերութեան գործօններից։ կան խարդախութեան այլ բազմաթիւ եւ հանրայայտ ձեւեր։

սակայն կան մարդիկ, ու նրանք քիչ չեն, ով հրաժարւում են իրենց կեանքի կոնտրոլից (չէ՞ որ քաղաքական ընտրութիւնը իրենց կեանքի վրայ ուղղակիօրէն ազդում է), եւ դրանով նեղացնում են քաղաքական իրաւունք ունեցողների զանգուածը։

եւ մասնաւորապէս այդ մարդկանց պատճառով ես, դու, եւ իրենք էլ, աւելի վատ են ապրում, քան կարող էին։ ըստ որում, եթէ այդ «աւելի վատը» վերածել գումարի, այն, ենթադրում եմ, անգամներ աւելի շատ է, քան իրենք վաստակում են մէկ ձայնի վաճառքով։ այդ ձայն վաճառելու քայլով նա՝ իմ, քո ու ինքն իր գրպանից, աւելի շատ փող է հանել, քան ստացել է։

ինչո՞ւ են այդպէս անում, ես չգիտեմ, ու միայն ենթադրութիւններ անել է մնում․

քաղաքական իրաւունքներից աւանդականօրէն զուրկ լինելո՞ւց, այդ քաղաքական «կուլտուրան չունենալո՞ւց» է։
երկրի, իրենք իրենց, եւ կողքինների կեանքին անտարբերութիւնի՞ց։
կրթութեան պակասի՞ց։
պահանջարկի առկայութիւնի՞ց։
«սելֆ էսթիմ» ասածից, կամ արժանավայելութեան պակասի՞ց՝ եթէ այն որոշակի չափսի հասնում է, մարդն այլեւս չի մնում աշխատանքում կամ ցանկացած յարաբերութեան մէջ, ուր իրեն նուաստացուած է զգում։

ինձ շատ հետաքրքիր է՝ արդեօք ձայն վաճառող մարդն իրեն նուաստացուած զգո՞ւմ է այդ գործարքի մէջ մտնելով։ թէ՞ գոհ է մնում ամէնից։ ու ի՞նչն է պէտք փոխել, որպէսզի ձայն վաճառել պատրաստակամների քանակը նուազի։

ու տենց։

երեւանը եւ հայքը վաթսունականներին

այս սլայդերն՝ Հադիդեանների արխիւից։ իրենց ընտանիքն այլ սփիւռքահայ զբօսաշրջիկների հետ միասին այցելել է Հայքը վաթսունականներին։ տարին յստակ յայտնի չէ։ Ժապաւէնը հաւանաբար կոդաքրոմ է։

Վաղարշապատ՝

Աշտարակ։
Մարիշը՝

Ըստ սլայդերի վրայի գրառումների, որ միշտ չէ որ ճիշտ են՝ Գեղարդ, վետերանները պատմում են իրենց փորձառութիւններից, ուտում եւ խմում։

Գառնի՝

Սարդարապատ՝

Սեւան՝

Բիւրական՝

Կենդաբանական այգի՝

Երեւան, երեխաներ՝

Հանրապետութեան (այնժամ Լենինի) հրապարակն առաւօտը վեցին՝

Այս նկարը նշուած էր որպէս «Լենինի հրապարակ» սակայն ակնյայտ է որ սա երրորդ մասի այն ժամ Սպանդարեանի, այսօր՝ Նժդէհի հրապարակն է՝

Եւ մի քանի խմբային լուսանկար նապոսլեդոկ՝



ու տենց

հատուած հայ֊վրացական պատերազմի պատմութիւնից

>Սակայն, վրացական հրամանատարութեան կողմից պլանաւորուած դեկտեմբերի 26֊ի յարձակումը չէր կայացել վրացական գուարդիական ստորաբաժանման դասալքութեան պատճառով՝ այն, չնայած ցերեկը վերցրել է Շուլաւերի հիւսիսում գտնուող բարձունքը, գիշերը լքել է դիրքերը եւ իջել է Սարաչլո գիւղ՝ «խրամատներում չմրսելու, եւ թէյ խմելու համար»։

>Յաջորդ առաւօտ, հայկական ստորաբաժանումը, նկատելով, որ բարձունքն ազատ է, կրկին զբաղեցրել է այն։ Օրուայ ընթացքում վրացիները կրկին տիրացան դրան, սակայն յաջորդ գիշեր կրկին չկամեցան գիշերել խրամատներում։ Արդիւնքում հայերը երրորդ անգամ տիրացան բարձունքին։ Գեներալ Չխեթիանին խնդրեց ազատել իրեն ոչ կարգապահ կոնտինգենտի հրամանատար լինելուց․ դեկտեմբերի 26֊ին նշանակուած վրացական մարտական գործողութիւնը ձախողուեց։

ռուսերէն վիքիպեդիայից

ու տենց

չոբանի շուն «պարզ լիճ»֊ի կայանատեղում

չոբանի շուն «պարզ լիճ»֊ի կայանատեղում

այս շան շատ աւելի յուզիչ նկարներ ունեմ։
ու նա շատ նեղուող ու նեղուած շուն է։
բնաւ ինքնավստահ ու ուրախ շուն չէ։
երբ յիշում եմ իրեն, ու առաւել եւս եթէ անձրեւում է, սիրտս ֆիզիկապէս ցաւում է։

խօսում էինք ընկերոջս հետ, երբ զանգեց իր 11֊ամեայ դուստրը։

զանգի աւարտից յետոյ ընկերս բացատրեց՝

— դուստրս ունի ընկեր։ նրանք պարբերաբար կռւում են։ յետոյ մի երեք օր անցնում է, դուրս է գալիս տանից, հարցնում եմ, ասում է՝ «լեւոնի հետ զբօսնելու»։ վերջին երկու շաբաթը կռիւ չէին արել, ես էլ մտածել էի՝ «չլինի՞ մեծացել են»։

ինձ էլ հետաքրքրեց, որ նա այդպէս արտայայտուեց՝ «մեծացել են»։ ոչ միայն այն, որ չի պահել իր դստեր կողմը, չի ասել՝ «այդ անպիտան տղան իրեն նեղացնում է», այլ հենց «մեծացել են»։ երկուսն էլ։

կարող է չէ՞ լինել այնպէս, որ իրենցից մէկն աւելի հասուն է, աւելի մեծ է։ բայց դա կարեւոր չէ «իրենց» համար, որպէս միաւոր։ քանի որ երկուսի (որոշ ալգորիթմով) միջինն է կարեւոր այդ միաւորի համար։

այդ պատճառով է որ սէրը անփոխադարձ չի լինում։ ոչ թէ այն պատճառով, որ եթէ սէր է, ապա անպայման փոխադարձ է, չէ, բնաւ, այլ այն պատճառով, որ պրոցես է, որ պահանջում է երկուս (եւ/կամ աւե՞լ) մասնակից։

ու դա բերում է ինձ ազգի(որպէս միաւոր), եւ իմ ու ազգի յարաբերութեան մասին մտքերին։

ես գրում էի, որ Զուարթնոցն(օդանաւակայանը) իմ մասին էլ է։ ձեզ թւում է անկա՞պ իմ Զուարթնոցով հպարտանալը։ չէ՞ որ ես այն չեմ նախագծել, չեմ մասնակցել, նոյնիսկ ճարտարապետին սուրճ չեմ մատուցել երբ նա աշխատում էր, ու առհասարակ պլաններում երեւի չկայի։ (նայած ում պլաններում՝ տիեզերքի, աստուածների պլաններում չէ, այլ իրենց կամքը համեստ իրագործողների)

բայց չէ՞ որ դուք ամաչում էք, երբ մեր երկիրը ներկայացնում է, ասենք Սերժը։ ես էլ էի ամաչում։

ապա կարող էի եւ հպարտանալ Զուարթնոցով։ ապա «արդար է»։

իսկ եթէ խօսենք «մեր» մասին որպէս տարբեր քաղաքացիների միջինով ներկայացուած միաւորի, ապա արդե՞օք Զուարթնոցը կամ Սերժը մեր մասին է։

չէ, Զուարթնոցը մեր մասին չէ այսօր։ «մենք» այսօր ապագայ նայող չենք, ֆուտուրիստիկ տեխնոկրատիկ կառոյցը մեր մասին չէ։ այդ պատճառով էլ շուտով չի լինի։ չի լինի ոչ թէ այն պատճառով, որ կապիտալի շահ է, որ կոռուպցիա է, դա իրագործման մանրուքներ են։

կարեւորն այն է, որ ազգին (որպէս միջինացուած միաւոր) չի համապատասխանում։

այս յարաբերութեան մէջ չի գնահատւում Զուարթնոցի պէս զարդը։ Գնահատւում է, ոնց էր դրա անունը։ Բելաջիոն։ եւ Փարուանան։

այդ է նաեւ պատճառը իմ համար կարեւոր մարդկանց հեռանալու։ բարեւ, սիլուեր։ որ սա այլեւս Զուարթնոց օդանաւակայանի երկիրը չէ եւ յոյս էլ չկայ, որ կը լինի մօտ ժամանակում։

Սա երկիր է որը ներկայացնում է՝ այսօր Սերժը, երեկ Ռոբերտը, վաղը չգիտեմ ով, դա կրկին իրագործման մանրուքներ են։ Սերժը կայ, քանի որ միջինացուած միաւորին համապատասխան է։ (ինչպէս մի ժամանակակից հայ գրող ասաց տաքսիստին՝ «ինչո՞ւ ես Միշիկ֊Սաշիկից բողոքում, եթէ դու պաշտօնեայ լինէիր, եղբօրդ նման լաւութիւններ չէ՞իր անի»։ «իհարկէ կանէի»՝ հաստատեց տաքսիստը։ «դէ մի բողոքիր, խնդրում եմ»՝ ասաց գրողը։ ու գրողն էլ այլեւս Հայաստանում չի լինելու երկու ամիս անց։)

Դուք կասէք՝ մաքսուելի դեմոնը։ իսկ ես կասեմ ոչ։ նախ, ԳԴՀ֊ն չէր կարող այլը լինել ինչքան էլ մարդիկ չուզենային այն այլը լինի, քանի որ դրսի ուժը վճռական դեր էր խաղում ԳԴՀ֊ում։ Այն փաստացի օկուպացուած էր ԽՍՀՄ կողմից։ ՌԴ֊ն այսօր ՀՀ֊ում նման վճռական դեր չի խաղում ինչպէս ԽՍՀՄ֊ը ԳԴՀ֊ում։

Երկրորդ փաստարկս՝ այդ վեց հազար վստահուած անձի չլինելն է։ Եթէ ՀՀ %75֊ը լինէր ասենք այն «ակտիւիստ» աղջկայ պէս վճռական, Սերժը այսօր չէր լինի։

Ու եւս մի փաստարկ։ Իննսունականներին Մաքսուելի դեմոնը աշխատում էր Սովետին նման, իներցիայով։ Կրկին՝ ախպերութիւն, կրկին կոռուպցիա, պարզապէս նոր «էլիտայի»։ Սաակաշուիլու արժէքն հենց դա է, որ նա փոխեց դեմոնին եւ փորձեց հաստատել մերիտոկրատիա։ Որը բացի Բալտեան երկրներից եւ Վրաստանից ոչ մի այլ «հանրապետութիւնում» տեղի չունեցաւ։

ու եկել է ժամանակը մի բան գիտակցելու, եւ համակերպուելու, եւ փոխելու վարքագիծը։

ես իրականում ոնց որ թէ եւ չկամ այդ ֆորմատում՝ միաւորի ֆորմատում, իմ ու մեր յարաբերութեան մէջ։ ես յարաբերութեան մաս չեմ։

երբ մենք ընդունում ենք աշխատանքի մարդ, ու ես տխրում եմ, ինչ վիճակ է, ես ինձ էլ էի մեղաւոր, պատասխանատու զգում։ ես չեմ դասաւանդում ու մերժել եմ բոլոր առաջարկները։ բայց չէ՞ որ ես չեմ դասաւանդում մասնաւորապէս այն պատճառով որ չեմ ուզում, չեմ կարող, այն, իմ պատկերացումներով, կոռումպացուած համակարգի մաս լինել ու մի կերպ աշխատել այդ ձեւով։

ինչպէս ասել է Շենդերովիչը, եթէ կանգնել ես Ժիրինովսկու կողքը, քեզնից Ժիրինովսկու հոտ է գալու։ իսկ ես չեմ ուզում ինձնից «ընկեր այսինչեանի» հոտը գայ։

(կամ պէտք է դրսի ուժ լինի, ու քեզ պաշտպանի։ բայց ապա դու այնքան էլ տեղացու դեր չես կատարում)։

երբ զգում ես քեզ համայնքի մաս, ուզում ես իդենտիֆիկացնել քեզ այդ համայնքի գոնէ որոշ «դաշտերի» հետ։ այսպէս, ես իդենտիֆիկացնում էի ինձ «լաւ էլի»֊ի հետ։ դա ինչ֊որ տեղական բան էր, որը «թաթուլ» չէր, որը գուցէ կարելի էր մի ձեւ հայկական ռոք անուանել, երեւի այն պատճառով, որ «պրոտեստ»֊ի մասին էր, իսկ դա օգտակար է առողջութեանը, ու ինձ մօտ է։ ու ես այն տարածում էի, ասենք։

բայց ես լաւ հասկանում եմ, որ նոյնիսկ «լաւ էլի»֊ն բնաւ իմ մասին չէ։ այն «հին» է, խռպոտ ձայնով երգած, «մուժիկ»֊ական։ ոնց որ երիտասարդի երգած չլինի։ վահրամ մարտիրոսեանը գրում էր «յիմարի» ռեմիքսում, որ մենք մանուկ ենք, յետոյ մի անգամից՝ պառաւ։ երիտասարդ էլ չենք լինում։

ես երիտասարդական թեթեւութիւնը զգում եմ վրացական «պապարացի»֊ների մօտ։ ես լիբերալ ազատական ոգին զգում եմ թիֆլիսի փողոցների բազմազանութեան մէջ։ ու այդ է պատճառը որ Վրաստանում հնարաւոր էր Սաակաշուիլի, իսկ Հայաստանում՝ չի եղել, եւ դեմոնին չի փոխել։

եւ այդ է պատճառը, որ տխրում էի, տեսնելով այդ սահմանապահի սովետական գլխարկը, երբ մտնում էի հայաստան։ դա իմ գլխին էլ էր։ այն ինձ էր ներկայացնում, այդ գլխարկը։ այդ գլխարկը, որը սովետին է խորհրդանշում, եւ որի մասին «սփինինգ բորիս» ֆիլմում ասացին՝ «ինչպէ՞ս են այն հագնում, չէ՞ որ արժանապատւութիւն գոյութիւն ունի»։

ես սիրում եմ սրճարաններում պատուհանի մօտ նստել։ նայել քաղաքին, եւ որ քաղաքը նայի ինձ։ ու կապ զգալ քաղաքի հետ։ բայց քաղաքն այսօր ինձ նայում է «ամուսնացիր կամ փախչիր» պաստառով։ ես էլ այն եմ տեսնում։

իսկ ես չեմ ուզում այդ ընտրութիւնը՝ ամուսնանալ կամ փախչել։ մի տեսակ ինձ հոգեհարազատ ընտրութիւն չէ։

ու հիմա հասկանում եմ որ, ես փաստացի դուրս եմ «մեզնից», ես իրականում մեզ հետ կապ չունեմ։

ես ես եմ։
ես նորայրն եմ։
ես ապրում եմ երեւանում։ ստոպ։ երեւանո՞ւմ։ գուցէ իմ տա՞նն եմ ապրում։
ամէն դէպքում ես յարաբերութիւնից դուրս եմ։ մենք միասին չենք։

ես գրել եմ որ ինձ տեղացիները տեղացու տեղ չեն դնում։ իսկ թիֆլիսում թիւրինգի թեստն անցնում եմ դնում են՝ մօտենում են եւ խօսում վրացերէն։ սա «կապոյտ աչքերի» մասին չէ, սա հագնուելու մասին է, խօսելու ձեւի, շարժումների՝ մշակոյթի մասին է։

երբ ասում են ակցենտ է մօտդ՝ ասում եմ՝ «չէ չէ, ռուսական ակցենտ է, պարսկական չի», ասում են՝ «չէ չէ, չես խաբի»։ ճիշտ են ասում, քանի որ ռուսական ակցենտը սոց֊ռեալիստական հագնուած մէկի մօտ կը լինէր, արդուկած տաբատով, մէջը դրած վերնաշապիկով, ու ով «կուրգինեան» է դիտում, թէ ոնց էր իր ազգանունը։

մարդիկ էակներ են որ շատ լաւ զգում են մշակոյթը, ու շատ լաւ նոյնականացնում են դիմացինի մշակոյթը իմացած շաբլոնների հետ։

ու ես ականատես եմ եղել վերջերս պարսիկ զբօսաշրջիկների հանդէպ, ոնց ասեմ, ոչ արդար վերաբերմունքի։ որից ես ամաչել եմ։ ու յետոյ, իմ խաչմերուկում տեսայ պարսիկներ են խմում֊ուրախանում֊բարձր խօսում։ դէ ես բնաւ խմող֊ուրախացող֊բարձր խօսացող չեմ, ու կարող էի մտածել՝ այս ինչ է տեղի ունենում իմ քաղաքի սրտում, սրիկանե՜ր, բայց ես մօտեցայ իրենց ու լրիւ անկապ, յիմար ձեւով սկսեցի՝ «որտեղի՞ց էք», ասացին՝ «իրանից», ասացի «վոյ ինչ հաւէս է» (թէ չէ ես չէի ջոկել որտեղից են), ասացի՝ «welcome to armenia», ասացի՝ «i want you to feel welcomed here»։

բայց դա չաշխատեց։ իրենք շատ ճիշտ բան ասացին՝ «բայց դու տեղացի չես։ դու կամ վրացի ես կամ ռուս։ մեզ չես խաբի, չէ չէ։» «չէ, ես այս շէնքում եմ ապրում, իսկ այն շէնքում մեծացել եմ»֊ը չէր օգնի։

քանի որ իրենց պէտք չէ որ ես իրենց ասեմ «welcome»։ իրենց պէտք է այն նեղացնող մարդու նման մէկն ասի, ով միջին հայաստանցին է, իրենց պէտք է որ այն պլպլան շորիկով աղջիկն ասի, իրենց պէտք է որ այն ծիծակով տղան ասի։ ես ասեմ՝ որ ի՞նչ։ իրենց պէտք չէ ես ասեմ։ իրօք պէտք չէ։ հասկանում եմ։

այսպիսով, ես էլ չեմ ամաչում Սերժից, ու չեմ հպարտանում Զուարթնոցով։ չեմ գնում դիտորդ։ ու չեմ հիւրընկալում զբօսաշրջիկների։ ու երբ եւրոպայից մարդ գայ, ասեն՝ նորայր, արի տանենք ման տանք, չեմ գնալու։ (: ես ի՞նչ ման տամ։ թող տեղացիները ման տան։

դա ինձ միայն թւում էր որ ես գիտեմ «իրական երեւանը»։ իրական երեւանը իրենք գիտեն, իրական երեւանցիները։ (:

իսկ իմ ու հայաստանի յարաբերութիւնը չի կայացել՝ տապալուել է։ նոյն պատճառով ինչ տապալուել են իմ անձնական յարաբերութիւնները, թերեւս։

մինչ։

խսհմ֊ում կար սովորական հեռախօսային ցանցերից անկախ հեռախօսային ցանց՝ յատուկ կառավարական հաղորդակցութեան համար։ այն համարւում էր աւելի գաղտնի եւ ապահով այն պատճառով, որ չէր անցնում զանազան կոմուտատորներով եւ «ատս»֊ներով, առանձին էր, ուղիղ կապ էր, ասենք երեւանից մոսկուա։ եւ մոսկուայում, այդ յատուկ «ատս»֊ից գիծ էին քաշում ինչ֊որ չինովնիկի կաբինետ։

այսօր բարդ է անուանել այս ցանցը գաղտնի։ չէ՞ որ տեղեկատւութիւնը չի կրիպտաւորուել, ընդամէնը տարբեր «ատս»֊ների աշխատողները չէին կարողանում այն լսել։

սակայն այդ գծերը, ասենք «ատս»֊ից չինովնիկի մօտ անցնում էին սովորական ուղիներով, ու կարելի էր ասենք մտոցով մտնել, եւ ընդամէնը ականջակալ ունենալով կպնել լարին եւ գաղտնալսել կառավարական զրոյցները։

ի դէպ, այստեղ սպանիչ պատմութիւն կայ (ռուսերէն) այն մասին, ինչպէս երեւանում ամերիկեան դեսպանատան կապի եւ կրիպտոգրաֆիայի մասնագէտ Քել ՄակՔուինը բացայայտել էր դեսպանատանը տրամադրուած նոր շէնքում յատուկ կառավարական կապի տուփ, որին միացուած էին բազմաթիւ լարեր՝ եւ խորհրդարանից, ագն֊ից, եւ նախագահի նստավայրից։ Քելը ապշած ցոյց տուեց այդ գտածոն իր հայ գործընկերոջը ասելով՝ «ձերոնք լրիւ ցնդե՜լ են, լսիր ում ուզում ես»։ զաւեշտալին նաեւ այն է, որ ամն դեսպանատունը դիմել էր հայաստանի կառավարութեանը խնդրելով տուփը եւ լարերը վերացնել դեսպանատան տարածքից, եւ դրան հետեւեց երեք ամիս տեւած նամակագրութիւն եւ վիճաբանութիւններ գլխաւորապէս այն մասին, թէ ում հաշուին պէտք է այդ տուփը ապամոնտաժուի, մինչեւ որ կապի նախարարութիւնը բարեհաճեց «սեքիւրիթի հոլը» դեսպանատնից վերացնել։

հեռագրային կապը նոյնպէս համարւում էր աւելի ապահով, քանի որ այդ կառավարական ցանցի մասն էր։ եթէ ամն֊ում հեռագիրների համար օգտագործում էին եօթ բիթանի կոդաւորում՝ ASCII, ապա խսհմ֊ում ինչ֊որ զաւեշտալի հինգ բիթանի կոդաւորում էր (32 նիշ), ուր չէին տեղաւորւում կետադրական նշանները, այդ պատճառով սովետական հեռագրերը այս ձեւ էին։

անկախ հայաստանում հեռագրային կապը իրականացւում էր օգտագործելով նոյն կապի մալուխները, բայց արդէն համակարգիչներով՝ OS/2 օպերացիոն համակարգի կառավարմամբ։ Կալմուխեան Սաշա անունով ճարտարագէտ ինքնուրոյն պատրաստում էր PCI սլոտի համար տպասալեր, եւ գրել էր այդ տպասալերի «դրայւերները» OS/2֊ի համար։ այդ ժամանակ լուծուեց եւս մի խնդիր՝ հնարաւոր դարձաւ հայերէն հեռագրեր ուղարկել եւ ստանալ։

ասք շքեղ քելեխի մասին

դուք երբեւէ եղե՞լ էք քելեխի։ այդ զարմանահրաշ միջոցառմանը, ուր բոլորը֊բոլորը, մանաւանդ կազմակերպիչները շատ կարեւոր են։

այդ օրը զանազան կիրառութիւններ ունի։
նախ, կարելի է ուրախանալ։ երբեմն առանց թաքցնելու։ ուտել֊խմել։
կարելի է կայանալ՝ առհասարակ թաղման եւ դրան նախորդող եւ յաջորդող գործընթացներին մասնակցելով։ էլ ե՞րբ է քեզ հնարաւորութիւն ընձեռուելու լինել ռեժիսոր, եւ որոշել, ջութակահար կանչել, թէ կլառնետիստ։
կարելի է ներգրաւած լինել զանազան կարեւոր գործերի մէջ։
կարելի է ինքնացուցադրուել՝ այս անգամ քո ողբով։ ողբ անելն էլ է կարեւոր զբաղմունք։

իսկ հարցրու այդ ցուցադրուողներից մէկին՝ դու այդ մարդու համար ի՞նչ ես արել, երբ նա ասենք մենակ սառը բնակարանում մահանում էր։ եկար տունը մաքրեցի՞ր նրանից յետոյ, երբ մեռաւ։ իսկ որ կեղտոտ տան մէջ էր ապրում, դա ոչինչ, հիմա ոչ մէկ չի նկատի։

մենք առհասարակ սիրում ենք իմաստները փոխել։ ասենք ֆեյսբուքը պէտք է լինէր շփման հարթակ, իսկ դարձաւ բեմահարթակ։

այն պարզ պատճառով, որ իրական իմաստները մեզ չեն հետաքրքրում։

այսպէս եւ գնա հարցրու այդ տոտա֊ին, կամ լաւ, այն դեռահասին, ով ասում է, որ «ցեղասպանութիւնը իր ինքնութեան մասն է»։ ո՞նց է քո ինքնութեան մաս, բալիկ ջան։ որտեղի՞ց։ ասենք եթէ քեզ բռնաբարէին, էլի պարտադիր չէ որ մէջդ մնար, անցաւ֊գնաց, կեանքը շարունակւում է, իսկ այն որ տատիկիդ մօրն են բռնաբարել, ո՞նց է ինքնութեանդ մաս։

«մեր հողերը»— ասում էր միւսը, «մարդիկ հեչ, հողերը»։ չգիտեմ ինչու, բոլորը մտածում են, որ եթէ «ցեղասպանութիւնը ճանաչեն», իրենց ինչ֊որ մէկը ինչ֊որ հողեր է տալու։ ինչ֊որ կապոյտ երիզով պնակի վրայ։ հողերը վերցնում են, սիրելիներս։ արեան գնով։ եթէ կարողանում են։ չեն նուիրում։ գուցէ միայն մենք ենք նուիրում։ կարող էք նաեւ այստեղ կարդալ, որ ոչ մի հողերի մասին խօսք չկայ։

առհասարակ, երբ տարածք ընդլայնելու մասին է խօսքը գնում, նոյնիսկ էն ամենամեծ երկիր ունեցող ռուսների ֆազերն են գցում, ուր մնաց՝ մեր, որ նահանջելու տեղ չունենք։ եւ ի՞նչ էք անելու այդ հողերի հետ, ո՞վ է այնտեղ ապրելու։ եւ դրանց հետ կոմպլետկով եկած տասնհինգ միլիոն քրդերի։ ասենք պէտք կը լինի իրենց խնդրել, որ երբ հայաստանը վերանուանեն քուրդիստան, մեզ աւտոնոմիա թողնեն։ լաւ էլի, թողէք։

այո, իմաստները փոխւում են։ այսպէս, յիշատակի օրը դարձել է փիառուելու օր։ ում որ ձանձարլի չէ, բոլորը դրա վրայ փիառւում են։

մենք ի՞նչ ունենք, ի՞նչ ենք մեզնից ներկայացնում, որ ցոյց տանք։ ոչ մի բան։
անցեալով պարծենում են տաքսիստները՝ թէ ես գիտէ՞ք ով եմ եղել, երբ կիեւում էի։ գնացէ՛ք եւ հարցրէ՛ք։ մենք էլ այդ գործին ենք։ մենք էլ տաքսիստների ազգ ենք՝ գառնի֊գեղարդ կը տանենք, բան֊ման ցոյց տանք։

իսկ մեր բախտը այնքան բերել է, որ ի տարբերութիւն լիքը այլ ազգերի, ունենք ինքնացուցադրուելու հիանալի պատրուակ։ ոչ թէ պատճառ։ մեզ, պարզւում է ցեղասպանել են։ ինչպիսի՜ հնարաւորութիւն։ լիքը օգտակար բան կարելի է քաղել ընդամէնը մէկ ցեղասպանութիւնից։

կարելի է նւնւալ ողբալ, զգալ քեզ նուաստացուած, նեղացած, կարելի է աշխարհին պատմել քո խորը հոգու չձգուող վէրքերի մասին(իսկ իրականում՝ քո գոյութեան մասին), քո վեհ անցեալի մասին, աշխարհի անարդար լինելու, եւ ընդհանուր առմամբ, «հայի բախտ» հասկացութեան մասին։

Ինչպէս եւ քելեխի ժամանակ, բոլորը֊բոլորը կարող են շահել։
եւ գուցէ քո դէմքը, հենց քո՛ Բանգլադեշցի Գուգո֊ի դէմքը, ցոյց տան ՍիԷնԷն֊ով։ Եւ այն կը հեռարձակուի աշխարհով մէկ՝ քեզ կը տեսնեն եւ եւրոպայի գեյեր֊մարմնավաճառները, եւ ճապոնիայի դեռահասները։ Միայն պէտք է չմոռանալ տխուր֊լուրջ արտայայտութիւն ընդունել այն պահին, երբ խցիկը քեզ է նայելու, քանի որ այլապէս ուրիշ մարդու ցոյց կը տան։ Որ ոճի մէջ լինի։

Առհասարակ ամէ՛ն մէկը կարող է իրեն օգտակար եւ կարեւոր զգալ։ Նոյնիսկ Սեֆիլեանը՝ բանտում կարող է իրեն կարեւոր զգալ։ Բաւական կարեւոր է, պարզւում է, որ բանտում գտնուի։

Եւ ամէն մէկը գործ ունի՝ չէ՞ որ կարեւոր է «գնալ ցեղասպանութեան», ինչպէս իրենից գոհ նշում էր իմ հարեւանը։ այդպէս էլ ասում էր՝ «ես ամէն տարի գնում եմ ցեղասպանութեան, դա շատ կարեւոր է» — իսկ յետոյ աւելացնում՝ «իսկ դուք արդե՞ն գնացե՞լ էք ցեղասպանութեան»՝ իրեն զգալով գնահատողի, «ափրուվ» տուողի դերում․ նա հիմա կարող է ասել՝ «ապրէք», հաստատել, կամ մեծաւարի ուղղորդել, դնել ճիշտ ուղղու վրայ։

բացառութիւն չեն եւ քաղաքական գործիչները։ մանաւանդ իշխող գործիչները։ ինչպիսի՛ աննախադէպ փիառուելու միջոց։ երեւի վերջին անգամ նման հնարաւորութիւն սօսի թաղման ժամանակ էր։

եւ մենք բոլորս իրենց կը սիրենք, քանի որ իրենք մեզ հետ միասին են այդ օրը։ կամ, գուցէ մե՞նք իրենց հետ միասին ենք այդ օրը։

հարիւրամեակն առանց ռեժիմի

այո, ինչպէս ասաց գործընկերս՝ «այս անգամ էլ հարիւրամեակն առանց ռեժիմի չանցաւ»։ վայելէք ձեր «ռեժիմով հարիւրամեակը», ռեժիմի հետ միասին, ուս ուսի։ #socute

թէ չէ բոլոր զլմ֊ներն ընկել են նրա հետեւից, թէ կը գա՞յ պուտինը, թէ՞ չի գայ։ ի՜նչ լաւն է, որ գալու է։ մեր ընկերն է։ մեզ հետ է։ մեր կողքին։ ինչպէս միշտ սակայն։ #վույ #doublesocute

իսկ յիշատակի հետ այս «շոուն» կապ չունի։ նախ յիշել կարելի է առանց ցուցադրուելու։
իսկ եթէ եւ ցուցադրուել, ապա ճաշակով, առանց ճոխ վուլգար թաղման/քելեխի։ յիշել կարելի է լուռ։ կանգնել մէկ րոպէ։ ոչ թէ քայլել ամբողջ օր։(smart not hard) ինչպէս օրինակ անում են հրէաները։
(ազնիւ լինելու համար, պէտք է ասեմ, որ Իսրայէլում էլ նմանատիպ կարծիք արտայայտւում էր, հրէայ երիտասարդները դեռ վաթսունականներին բնաւ չէին ուրախանում, երբ հասարակութիւնը հոլոկոստի վրայ շատ էր կենտրոնանում, քանի որ համարում էին տեղի ունեցածը աւելի շատ ամաչելու քան ցուցադրելու հիմք։)

նաեւ ինքնացուցադրուել կարելի է ասենք գոնէ նրանով, թէ ինչ ես քեզնից ներկայացնում հիմա։ առանցքային բառն է՝ հիմա։ կարողանո՞ւմ ես $100֊ով ԴՆԹ սեքուենս անել։ կարողանո՞ւմ ես Տեսլա֊ի ազատ պատենտներն օգտագործես։ Կարողանո՞ւմ ես մոբայլ ափից մի քիչ աւելի լուրջ նախագիծ անել։

(եւ ոչ թէ ֆուտբոլով, կամ բռնցքամարտով, այն դարը չէ, անցաւ, պըրծ)։

չէ՞։ ո՞վ ես դու։ ի՞նչ ես կորցրել այստեղ, քեզ մէջ գցել։ գնա գործ արա, տեսնենք ինչին ես արժանի։

շքեղ քելեխով կամ թաղումով այսօր աշխարհին չես զարմացնի։ ու բոլորն էլ քո վրայ թքած ունեն։ ու քո ողբի։ ու քո ցաւի։ որը զգալի մասով անկեղծ էլ չէ։ գոնէ այնպէս է ցուցադրւում։

չե՞ս կարողանում քեզնից բան ներկայացնել։ իսկ ինչո՞ւ չես կարողանում։ հմ՞։

եւ այդպէս։

սա որոշեցի հանել կոնֆորմիզմի եւ փոքր շուկայի մասին տեքստի տակի մեկնաբանութիւնիցս՝

երեկ մէկի հետ խօսում էի, ասացի «հայերէն վիքիպեդիայում այսպիսի յօդուած կայ», նա իրեն լաւ զգաց, ասաց՝ «ես եմ գրել»։ իսկ ես ինձ վատ զգացի, քանի որ կրկին աչքիս առաջ էր օրինակը որ պարզ է, մեզնից մէկը պէտք է լինէր, հո ուրիշ մարդ չէր լինի։ նա իմ արածով կօգտուի, ես՝ իր։ եւ ոչ ուրիշը։ մի քիչ չափազանցնում եմ, որ միտքն հասցնեմ։

այսպէս նաեւ, մէկն հայերէն վիքիպեդիայում մունաթ էր եկել, թէ արտաշատի մասին յօդուած չկայ, քանի որ տրանսլիտ էր գրել՝ «ARTASHAT»։ գոնէ այդ պատճառով էլ, նա չի կարողացել օգտուել համայնքից ուրիշի արած գործով։ ։Ճ

ու գուցէ բնաւ զարմանալի չէ, որ հայերի էպոսի հերոսը՝ Մհերը, նա է ով ի վերջոյ գնում է ինքնամեկուսացման։

եւ այդպէս

ասք փոքր շուկայի, արտագաղթի եւ կոնֆորմիզմի մասին

ուրեմն, ասենք մի տարի առաջ, մի աղջկայ դեբիան եմ տեղադրել։ ինչո՞ւ։ մթոմ լաւութիւն էի արել՝ չի փչանայ, ասել եմ, վիրուսներ չես ունենայ, հանգիստ կապրես։

վերջերս կապուել է։ ասում է՝ վայֆայը չի աշխատում։ նախ, կարեւորն այն է, որ ինձ է կապուել։ ինչո՞ւ ինձ։ եթէ վինդովս լինէր, նա շատ տարբերակներ կունենար ու գուցէ նախընտրեր ինձ չդիմել։ բայց լինուքս «սափորթ» անողները, այո, այնուամենայնիւ, դեռ անհամեմատ աւելի քիչ են։

ինչեւէ, մենք հանդիպում ենք սրճարանում, եւ իր նոութը վայֆային կպնում է։ «ուրեմն աշխատում է» — ուրախանում եմ ես։ «չգիտեմ ինչ է, քեզնից է վախեցել» — պատասխանում է նա։ յետոյ գնում է տուն։ եւ իր նոութը իր տան վայֆային չի կպնում։ այդ ժամանակ նա համարձակւում է զանգել պրովայդերին, ով տեղադրել է եւ կարգաւորել վայֆայը եւ բողոքել։ իսկ պրովայդերը լուծում է խնդիրը՝ իր մեղքն էր։

ո՞րն է երկրորդ կարեւոր մասը այս պատմութեան։ այն, որ այդ աղջիկը, ով բնաւ էլ կոնֆորմիստ աղջիկ չէ ընդհանուր առմամբ, ու նախանձելի համարձակութիւն ունի շատ այլ իրավիճակներում, փաստացի ենթադրել էր, որ «մարգինալ լինուքսն է» պատճառը կապ չունենալու, ոչ թէ «մեյնսթրիմ» պրովայդերը։ նա չի ենթադրել, որ այն, ինչ մարգինալ է, այն ինչ տարածուած չէ, այն ինչ կոնֆորմիստական չէ՝ կարող է անխափան աշխատել։ ինքը՝ մարգինալ, ոչ կոնֆորմիստ լինելով։

ես կարծում եմ, որ դա շատ պարզ է։ ու որ մենք շատ քիչ հաւանականութեամբ կարող ենք ունենալ իրական նոն կոնֆորմիստ եւ իրական մարգինալ։ նրանց՝ ով փոխում է աշխարհը։ մերոնք՝ փոփոխութիւն անել ունակ չեն։ եւ դա, ես կարծում եմ, կապ ունի նաեւ մեր քանակի եւ բազմազանութեան հետ։

ինչպէ՞ս են մարգինալները փոխում աշխարհը։ փոխում են՝ ունենալով մեծ շուկայ։ փոխում են՝ քանի որ իրենց համայնքներն այնքան մեծ են, որ իրենց քիչ քանակի համախոհները այնուամենայնիւ այնքան շատ են, որ տարբերւողները կարողանում են չմնալ տեղում, զարգանալ, եւ համայնքները փոփոխութեան են տանում։

այսպէս, Սթոլմանը կարող էր իր գրած ազատ ծա֊ի աջակցութիւն մատուցելով ապրել՝ ժամը 200 դոլար վաստակելով։ քանի որ միացեալ նահանգների շուկան այնքան մեծ է, որ գտնւում էին մարդիկ, ով կօգտագործեր իր ծրագրերը, եւ դրանց մէջ գտնւում էին նաեւ նրանք, ով կը վճարէին աջակցութեան համար։

այսպէս, Լինուսը, չնայած իհարկէ բնաւ հարուստ չէ, ինչպէս Գեյթսը կամ Ջոբսը, Լինուսը կարողացել է իրեն թոյլ տալ միլիոն դոլարով տուն ձեռք բերել։ Եւ երկու հարիւր հոգանոց ռեդհեթը կարողացել է լինել շահութաբեր եւ տարածուել։ իհարկէ, նահանգների ճնշող մեծամասնութիւնը դեռ օգտագործում է մայքրոսոֆթի կամ էփլի արտադրանքը սեղաններին, սակայն իրավիճակը կամաց, բայց կայուն փոխւում է։ ու արդեն զարմանալի չէ, որ տեսականօրէն ազատ անդրոիդը, լինուքս միջուկով, դէ ֆակտո ստանդարտ է։

այնտեղ, ուր շատ մարդ կայ, գտնւում է շատ մարդ, ով կարող է, օրինակ, լաւ դիտորդ լինել ընտրութիւնների ժամանակ, կամ աջակցում է ոչ այնքան շահութաբեր մտքին՝ ասենք օգնել անօթեւան կենդանիներին։ այնտեղ փոքր համայնքները դառնում են ազդեցիկ, եւ փոխում են հասարակութիւնը, իսկ յետոյ փոխում են օրէնքները։

հայաստանի շուկան այնքան փոքր է, որ կարելի է ասել՝ այն չկայ։ նաեւ ակնյայտ է, որ շուեյցարական (իսկ շուեյցարիան նեյտրալ է եւ նոյնիսկ եւրամիութեան անդամ չէ) տեխնոլոգիաները չէին կարող մրցել ամերիկեան տեխնոլոգիաների հետ, անկախ նրանից, թէ ինչքանով լաւն էին։ օբերոնը, մոդուլան այդպէս էլ մնացին համալսարանների նեղ պատերի մէջ, ուր եւ շնչահեղձ են լինում։ պասկալը ժամանակաւոր տարածում ունեցաւ՝ երբ բորլանդ ընկերութիւնը գրանցուեց ամն֊ում, եւ ամն֊ում տարածուելու պատճառով այն յետոյ հասաւ մեզ։

եթէ օբերոնը լինէր գերմանական՝ տարածուեր գերմանիայում, դրան աւելի լուրջ էին վերաբերուելու։
կամ այլ օրինակ՝ ո՞վ էր լինելու Գոդարը, եթէ նա ապրեր եւ ստեղծագործեր (եթէ իրեն թոյլ տային) Հայաստանում։ Ո՞վ էր իրեն ճանաչելու։ Հայերը չէին ճանաչի ճիշտ այնպէս, ինչպէս ծանօթ չեն Փելեշեանին։ Աշխարհը չէր ճանաչի այնպէս, ինչպէս ծանօթ չէ Փելեշեանին։ Ի՞նչ կը լինէր, եթէ Փելեշեանը ստեղծագոծած լինէր Ֆրանսիայում։ Կասէին՝ որ նա փոխել է աշխարհը։ Որ կայ կինո մինչեւ Փելեշեան, եւ Փելեշեանից յետոյ։

այնտեղ է, իրենց մօտ է երբ փայթնը յաղթում ջաւան։ այո, աւելի հիփսթերական քան գիտական փայթնը յաղթում է կորպորատիւ ջաւան։ քանի որ այնքան լիբերալ հասարակութեան մէջ միայն կարող են լինել այնքան հզօր մարգինալներ։ այսպէս է որ փոքրամասնութեան իրաւունքները պաշտպանուած են լինում այնտեղ, ուր ժողովրդավարութիւն է։

Հայաստանում շատ բարդ է զարգանալ։ այսինքն՝ կարելի է լինել կենսակայուն «բակի բուդկա», որը թոյլ է տալիս տիրոջը սպասարկել հին «բմվ» եւ վճարել դստեր տնտեսագիտականի համար, բայց ոչ աւել։ նա ալեքսանեան երբեք չի դառնալու, ինչքան գրագէտ մարկետինգ չանի, ինչքան լաւ չկազմակերպի իր խանութի աշխատանքը՝ ապրանքների դասաւորութիւնը, գները, դիզայնը։

այսինքն՝ չի ստացուի լինելով տարբեր գրաւել շուկան։ չի ստացուի լինել տեղական գուգլ, կամ էփլ, որը դուրս է եկել աւտոտնակից։

նոյնը՝ ինդիւիդների մակարդակում է։
յիշո՞ւմ էք, երբ հայրը, իր երեխային ասում է՝ «տեսնո՞ւմ ես պեծյան փորում է։ այ դու էլ դասերից փախնես՝ փորելու ես»։ այո, ճիշտ է ասում, ընդհանուր առմամբ, հայաստանի համար։ բայց ճիշտ չէ ասում նահանգների համար, ուր գեյթսը թողնում է ուսումը, եւ հիմնում է մայքրոսոֆթ։ ուր ջոբսը թողնում է ուսումը եւ ստեղծում է էփլ։ ուր էյնշթեյնը գալիս է, անում իր դոկտորականը, նրանից յետոյ, երբ մերժւում է շուեյցարիայում։

կամ՝ ինչո՞ւ է այս աղջիկը հագնում կրունկներ, չնայած չի սիրում դրանք։ քանի որ, ասում է, չեն հաւանում ինձ։ բայց չէ՞ որ — հակաճառում էի ես — երբ դու վերջապէս հանդիպես նրան, ով հաւանելու էր հենց քեզ, նա դա չի անի, քանի որ դու չես լինի ինչպիսին կաս։ այո — համաձայնում էր նա։

սակայն ես հիմա հասկանում եմ, որ նա աւելի ճիշտ է։ նա, ով այդ աղջկան կհաւանէր այնպիսին, ինչպիսին նա կայ, կամ արդեն զբաղուած է, կամ գնացել է արտասահման՝ այնտեղ, ուր շատ են նրանք, ով իրեն դուր են գալիս։ ու նրանք, ով իրեն կընդունեն։ իսկ այն աղջիկը, որ սիրում է կարճ մազեր, ու «տղայական» տեսք, նա ոչ միայն քիչ հաւանական է, որ կհանդիպի իրեն այդպէս հաւանողին, այլեւ նա ինքը, ամենայն հաւանականութեամբ կհաւանի աւելի «աւանդական» տղայի, քան նա աղջիկ է։

եւ բնաւ պատահական չէ, որ մեզ մօտ ընդդիմադիր երեխաները՝ ընդդիմադիր ընտանիքներից են։ իսկ ոչ ընդդիմադիր երեխաները՝ ոչ ընդդիմադիր ընտանիքներից։ բնաւ պատահական չէ, որ դատախազի որդին է դառնում դատախազ, ոչ թէ ընդդիմադիր։

մեզ մօտ չափազանց քիչ են, փաստացի չեն լինում շրջակայ միջավայրին դէմ գնացող մարդիկ՝ հասարակութեանը, կամ ընտանիքին, եղբայրութեանը։ մեզ մօտ չեն լինում, քանի որ մենք քիչ ենք, ու դէմ գնալով, իրենք ընդամէնը գնալու են ինքնամեկուսացման։ իսկ մեկուսացող մարդիկ վաղ թէ ուշ լրացնելու են «նեուդաչնիկների» շարքերը։ սա ամն չէ, ուր նեուդաչնիկները գտնում են իրենց պէս ընկերներ, հզօրանում են, եւ տակն ու վրայ են անում համակարգը։ կամ գոնէ կարողանում են զարգանալ լինելով այնպիսին ինչպիսին կան, առանց կոտրուելու։

ու գուցէ զարմանալի չէ բնաւ, որ հայերի էպոսի հերոսը՝ Մհերը, ի վերջոյ գնում է ինքնամեկուսացման։ նա յաղթող չէ։

մարգինալները չեն կարող փոխել հայաստանը, քանի որ չեն հաւաքում կրիտիկական զանգուած։ (այնպէս, ինչպէս գազոնը ունի մինիմալ չափ ապրելու համար, եւ երկիրը ունի այնպիսի սահմաններ, որ պաշտպանելը իրատեսական լինի։) եւ ինչքան քիչ մարդ կայ այստեղ, այնքան քիչ է այն հաւաքելու հաւանականութիւնը։ (զակոն օբրատնիխ կուադրատով)։

այդ պատճառով էլ ունենք երեք հոգի հայերէն գրող դիասպորայում։ որոնց թիւը չի աճի։ այդպէս էլ կը փտեն, մինչեւ չյոգնեն իրարից։

ու պատահական չէ, որ մեզ մօտ նոնկոնֆորմիզմ գոյութիւն չունի։ իհարկէ կան, մեն֊մենակ այստեղ եւ այնտեղ, իրենց փոքր, նեղ համայնքիկներում՝ ախպերութիւններում փտող մարդիկ։ փտող՝ քանի որ օդի շարժ չկայ։ սակայն իրենք չեն փոխի ոչ մի բան։ ոչ իրենց արուեստն է տարածուելու, ընդունուելու լայն զանգուածներում, ոչ իրենց տեխնոլոգիաները, ոչ իրենց գաղափարները։ (ո՞ւր է ժամանակակից արուեստը հայաստանում։ մնացել է նփակի պատերի արանքում։ եւ դեռ կոմունիստների ժամանակ ստեղծուած թանգարանում։ չի տարածուել։ որտե՞ղ է ժամանակակից արուեստը նիւ֊յորքում։ պէ՞տք է պատասխանել։) աւելի ճիշտ՝ դրանք կընդունուեն այն ժամանակ, երբ կը գան դրսից։ եւ զարմանալի չէ, որ այդ մարգինալներին կհամարեն դրսամոլ, արեւմտամոլ։ ասենք որտեղի՞ց պէտք է գայ թարմութիւնը՝ այնտեղից, ուր յաղթել են մարգինալները։ որտե՞ղ են իրենք յաղթում՝ արեւմուտքում։

որտե՞ղ չեն յաղթում մարգինալները՝ չինաստանում։ ի՞նչ է անում չինաստանը՝ կրկնօրինակում է արեւմուտքը, իրականացնում է արեւմտեան նախագծերը։ ինչո՞ւ սոնի ուոլքմենը չդարձաւ այֆոն։ որովհետեւ կարգին ընկերութիւն էր սոնին, ոչ թէ արտակարգ եւ ըմբոստ՝ էփլի պէս։

տասնեօթ եւ տասնութ տարեկան դեռահասներն աւելի են տարբերւում իրարից, քան երեսուներեք եւ երեսունչորս տարեկան մարդիկ։ նոյնիսկ հարիւր հազար բնակչութիւն կորցնել կամ ձեռք բերելը աւելի մեծ ազդեցութիւն է ունենում հայաստանի վրայ, քան միացեալ նահանգների՝ մէկ միլիոնը։ «միլիոնոմ բոլշե, միլիոնոմ մենշե» — ասում էր Շարլ Բոննէն՝ «ինչպէս գողանալ միլիոն» ֆիլմում։ մեզ համար ամէն մի գնացող մարդն է կարեւոր։ ամէն մէկը նշանակութիւն ունի։

Այդ պատճառով են այնքան նկատելի այն քչերը, որ ինչ֊որ բան փորձում են փոխել։ Ու այնքան ատելութեան արժանանում։ Փոփոխութիւն անողներն, տարբերուողները այնքան շատ պիտի լինէին, որ այս մարդիկ չէին էլ երեւալու իրենց մէջ, լինելով ալիքների մաս, ոչ թէ առանձին իմպուլսներ։

այո, շատ անյոյս եմ գրել, թւում է։ բայց դա իրականութիւնն է, ֆիզիկայի օրէնքների պէս։ ես չեմ կարծում որ պէտք է հաւատալ փոխելու համար։ ես կարծում եմ, որ պէտք է իրատես լինել փոխելու համար։

եւ իրատես լինելով ես գիտեմ, որ ամէն գնացողը ազդում է, եւ ամէն մնացողն ազդում է։ մնացողին բարդ է ամենուր․ եւ ուսման ժամանակ, եւ աշխատանքի վայրում, եւ նախաձեռնելուց՝ նա վաստակելու է թուք ու մուր, կամ արհամարհանք, կամ ատելութիւն, կամ պրեզրենիե։ նա գնահատուած չի լինելու, նա իրեն շատ վատ է զգալու։
ու միայն եթէ բոլորը չէ, եթէ շատերը մնան, ինչպէս շատերը գնացին ապրելու էրեծ իսրայէլ, շատ տարբեր շատերը՝ եւ նիհար գունատ աշկենազիներն եւ սեւ էֆիոպցիներն, եւ շատերը որոշեցին սովորել մեռած լեզու, եւ շատերը լինեն դուխով՝ նախաձեռնող, անող, կպնող իրենց գործին՝ առանց խանգարող «հաւատքի», բայց եւ անկախ «հասարակական» փոփոխական կարծիքից, պարզապէս, որովհետեւ իրենք անձամբ այդպէս են կարծում, այն ժամանակ է փոխուելու հասարակութիւնը, ընտրութիւնները, բնականոն ձեւով է գալու հանդուրժողականութիւնը՝ քանի որ ահա տեսէք, բոլորը տարբեր են, ամէն ձեւի մարդ կայ, եւ պարզւում է, իրենք չեն քանդում պետութիւնը, այլ ստեղծում են ազգ։

ասք չգիտակցուած ձախութեան մասին

ուրեմն, ձախական գաղափարների հանդէպ իմ թերհաւատը պայմանաւորուած է մրցակցութեան բացակայութեամբ ու պլանային տնտեսութեամբ։ ես համոզուած եմ, որ մրցակցութիւնը շատ լաւ է, ու տեսնում եմ, ինչ լաւ է որ ամդ֊ն մրցում է ինթելի հետ, եւ ազատ սիլանգը՝ ազատ ջիսիսի֊ի հետ։ կրակոտ աղուէսը քրոմիումի հետ։

ու իրարից գաղափարներ են վերցնում, ինչպէս իրենք են ասում՝ «ցրում», ու ստեղ արդեն ես չեմ կարծում, որ ցրել է, ես կարծում եմ, որ էվոլիւցիա է, ու ընդհանուր առմամբ ասենք զննիչների կամ կոմպիլյատորների պորուլյացիան զարգանում է, ուժեղանում։

իսկ հայերը, իչնպէս ասում են, չգիտակցուած ձախոտ են, ու գուցէ այդ պատճառով է որ երբ ուզում ես ինչ֊որ բան անել, ասում են՝ այսինչը արդեն անում է, կամ ասում են՝ իրեն հարցրու/տեղեակ պահիր, կամ ասում են՝ առաջարկիր դուք միասին զբաղուէք։ ինչի՞ միասին։ մարդիկ տարբեր ձեւ են մտածում, ու նոյնիսկ այդ զոյգերով աշխատելու՝ ծրագրաւորելու միտքը ինձ անյաջող է թւում։ Շատ հազւադէպ են կազմաւորւում լաւ աշխատանքային կոլեկտիւներ, ու եթէ լինում են, ապա ինքնաբերաբար, ոչ թէ այդպէս։

ասելով՝ այնինչը անում է՝ դու չանես, կամ արա իր հետ, դու էվոլիւցիան ընդհատում ես։ ասում ես՝ մի ծնուիր, նոր թռչուն, արդեն կայ թռչուն։ մի ծնուիր նոր զննիչ՝ արդեն կայ զննիչ։ ու կարծում եմ, շատ լաւ կը լինի, եթէ ոչ մէկ այդպիսի առաջարկներ չլսի, ու իր ուզած գործն անի, անկախ ուրիշներից։

ու տենց

ասք աւտոստոպի մասին

ուրեմն,

մի Հայաստանցի զոյգ որոշել են աւտոստոպով գնալ Տփղիս եւ հետ։ Գնալը դեռ հեշտ էր, իսկ վերադառնալիս բախտը իրենց չէր ժպտում, եւ մի երեկոյ յայտնուեցին թուրքական գիւղերի շղթայի մէջ։

Ադրբեջանական համարներով անցնող մեքենաները նախընտրում էին չʼկանգնեցնել, վրացական համարներով՝ չկային, իսկ հայկական համարներով մեքենաները ադրբեջանական գիւղերից չէին կամենում աւտոստոպշիկ վերցնել։ ։Ճ

Այդպէս, սոված, ծարաւ, շատ ծարաւ եւ յուսահատ կանգնած էին, երբ անցաւ եւ չʼկանգնեց հերթական հայկական մեքենան։

— Գոնէ ջո՛ւր տայիք, թէ չէք տանում— չʼդիմացաւ տղան։ — Բա դուք հա՞յ է՞ք— բղաւեց նա։

Մեքենան կտրուկ կանգնեց։ Հետ եկաւ, մօտեցաւ նրանց։ Լիքն էր։ Մեքենայի միջից մի քեարթու բայց հարազատ դէմք դուրս եկաւ եւ ասաց․

— Ընկեր, ներող, տեղ չʼունենք…

Իրենք դեռ յոյսով նայում էին մեքենային
— Ու թարսի պէս ջուր էլ չʼունենք։— շարունակեց նա։— Ու պիտի գնանք։

Նրանք երկուսով շարունակում էին լուռ ու տխուր նայել մեքենայի մարդկանց։

Ու այդ պահին մեքենայի միջինը փորձեց ոգեւորել․

— Բայց դուխո՛վ։

Ու մեքենան գնաց։

ու տենց

ասք հպարտութեան, կամ լուսանկարներ դիտելու մասին

Ուզում եմ ասել, հաճախ մարդիկ խօսում են, ու ասում են, թէ բա ի՞նչ ես հպարտանում, ասենք Զուարթնոց օդանաւակայանով։ Դու չես այն նախագծել կամ կառուցել։ Ո՞նց կարող ես ուրիշի գործով հպարտանալ։

Եկեք մտածենք։ Իրօք։ Մենք նայում էինք «հէփի»֊ները, չէ՞։ Նայում էինք ոնց որ կը նայէինք մեր լուսանկարը։ Մարդը նայում է իր լուսանկարը որ տեսնի ո՞նց է դուրս եկել, ո՞նց են իրեն նկարել, ընդհանուր առմամբ, ինչպէս ստացուեց նկարը։ Ու «հէփի»֊ները մենք հենց այդպէս էլ նայում ենք։
Քանի որ մենք ունենք այսպէս կոչուած ինքնութեան զանազան շերտեր։ Ես Նորայրն եմ, բայց ես նաեւ Երեւանցի եմ, ես նաեւ հայ եմ, ես նաեւ շուն սիրող եմ, ես նաեւ ծրագրաւորող եմ, ես ֆոտո անող եմ, եւ այլն եւ այլն։ Ու նայելով «հէփին» ես նայում եմ ինչպէ՞ս եմ ես դուրս եկել, ինչպէ՞ս է այդ իմ Երեւանցի մասը դուրս եկել հոլովակում։ Կարողացե՞լ է լուսանկարիչը լաւ նկարել, իսկ կարողացե՞լ եմ ես, որպէս Երեւանցի (ու կապ չունի, որ ես այդ հոլովակում չեմ նկարուել) ցոյց տալ իմ հաւէս կողմերը։

Նայենք եւ այլ կողմից։ Մենք կարող ենք ամաչել, չէ՞, մեր մօտիկների, կամ մեր իշխանութեան համար։ Շատերն ամաչել են, չէ՞, որ Հայաստանը Զիմբաբուէի ու Հիւսիսային Կորեայի հետ նոյն ցուցակում էր յայտնուել։ Հասկանալի է, չէ՞, որ բնական է։ Ապա հպարտանալն էլ է բնական։

Ես շախմատ խաղալ չʼգիտեմ։ Բայց մենք գիտենք, որ շախմատը Հայաստանում շատ են սիրում։ Ու արտասահմանցիներն են, որ «չեն ջոկում», երբ գովաբանում են Հայաստանը ասելով, թէ մեզ մօտ շախմատը դպրոցում են դասաւանդում։ Ես չեմ ուրախանում, քանի որ մեզ մօտ լաւ շախմատ խաղացողներ կան ոչ այդ պատճառով, այլ այն պատճառով, որ բոլորը սիրում են, ու խաղում են, ինչպէս ժամանակին Բրազիլիայում շատ էին ֆուտբոլ խաղում։ Իսկ Վեստ Ինդիայի երկրներում՝ կրիկետ։ Այնպէս որ դա մեզ բնութագրում է, ինձ չէ, բայց միեւնոյն ժամանակ ինձ նոյնպէս։

Այնպէս որ մենք կարող ենք հանգիստ հպարտանալ Հայաստանեան ճարտարապետութեան լաւ նմուշներով։ Քանի որ դրանք արուել են այստեղ սովորած, մեծացած, հայ ճարտարապետների կողմից։ Ու Զուարթնոցը ես էլ եմ նախագծել, չնայած այն նախագծուած էր իմ ծնուելուց առաջ։ Զուարթնոցն իմ վրայ ազդել է, ես Զուարթնոց ժամանել եմ, ես այնտեղ ճանապարհել եմ, ու ես այն գիտեմ, նաեւ Զուարթնոցի միջոցով եմ ես սովորել որն է ճաշակովը, ու որն է լաւ նախագիծը, այդ պատճառով Զուարթնոցն իմ գրուած ծրագրի մէջ է։ Զուարթնոցն իմ արած լուսանկարի մէջ է, քանի որ այն իմ ճաշակի եւ ընկալման մասին է։

Նաեւ, սա տնտեսութեան պէս է, երբ միայն դու չես վարկ վերցրել, այլ «բոլորը», ու միայն դու չես, որ խնայում ես, այլ բոլորը, ու մենք բոլորս համակարգի մէջ ենք, եւ իրար վրայ ազդում ենք։ Ու մէզնից մէկի վրայ ազդեցութիւնը համակարգի այլ անդամների վրայ է ազդում, Հայզենբերգի ականջը քաշի։ Այնպէս որ Զուարթոցն էլ պատահական չէր, եւ պատահական չէր այն, որ ՀՍՍՀ֊ի գլխաւոր քարտուղարն ինժեներ էր, իսկ Ադրբեջանի ու Վրաստանի՝ ԿԳԲ֊շնիկներ էին։
Ոչինչ էլ պատահական չէ։ Իհարկէ, պատահական չեն նաեւ վատ բաները։ Բայց այս փոստը դրանց մասին չէ։

Արեգն ասում էր, որ նա չի կարող հանդիպել աղջկայ հետ, ով չգիտի ինչ է պուլպուլակը։ Հասկանալի է, քանի որ ապա այդ աղջիկը չի կարող հասկանալ Արեգին, իմանալ Արեգին։

Այնպէս որ թուլացէք եւ հանգիստ հպարտացէք նրանով ինչ դեռ մնացել է, անկախ նրանից, որ դուք ճարտարապետ չէք։ Իսկ ճարտարապետը կարող է հանգիստ հիանալ Արոնեանի խաղացած պարտիայով, ու հաղթանակով։ (Նոյնիսկ Տաճատի հաղթանակը պատահական չէր այն առումով, որ ասենք Ռուսաստանի ինչ֊որ մի «եդինոռոս» կարող է շախմատի քայլերը չʼիմանար, իսկ այ Տաճատը գիտեր։ Եթէ չʼիմանար, բախտը իրեն չէր ժպտա ։Ճ Բայց իհարկէ, եկեք Տաճատով չʼհպարտանանք։) Մենք շատ այլ հպարտանալու բան ունենք, դեռ ունենք։ Ունենք ամառայինը, ունենք հիանալի ութսունականների վերջի արտառոց ու հիացմունքի արժանի ազատագրական շարժումը, ունենք Գոլիաթի հանդէպ հաղթանակ, ունենք Լաւ Էլի, ունենք չիպերի նախագծում, աշխարհը չունի, ու ամէն մի քեարթ կարող է հանգիստ դրանով հպարտանալ, թեկուզ եթէ չʼգիտի չիպն ինչ է, ու բնաւ էլ ինժեներ չէ, ունենք Համասեան, ու կարող ենք իրենով էլ հպարտանալ, անկախ նրանից գիտե՞նք նուագել թէ չէ։ Համասեանի երաժշտութիւնը ամէն մէկիս մէջ է, իսկ ամէն մէկս՝ իր երաժշտութեան ու կատարումների մէջ ։Ճ

ու տենց

ասք օրինակարգութեան մասին

Յաճախ խօսւում է այն մասին, որ այս կամ այն պայքարի մասնակիցները օրէնք են խախտում, օգտագործում են հակաօրինական միջոցներ, խախտում են օրէնքները, եւ իրենց գործունէութիւնը պէտք է կանգնեցուի, կասեցուի, իրենց պէտք է ճնշել եւ բերել օրէնքի դաշտ, պատժել ըստ օրէնքի։ Կամ էլ այն մասին, որ ժողովրդավարութիւն պէտք է չլինի։ Ո՞ւմ են պէտք այդպիսի արտայայտութիւնները։ Ու ինչո՞ւ են դրանք արւում։

Մտածենք․ եթէ օրէնքն ընդունուած է առանց քաղաքացու կարծիքն հաշուի առնելու (որեւէ միջոցով, հանրաքուէ, կամ պատգամաւոր, լիազորուած անձ), ապա այն օրէնք չէ, այլ պարզապէս կանոն է, որին քաղաքացուն ստիպում են հետեւել, ու պատժում են, եթէ նա չի հետեւում։ Ինչպէս ֆեոդալների, կամ ստրկատէրերի ժամանակ, երբ օրէնքները իրենք էին մտածում, ու ստրուկներին պատճառաբանում էին՝ դու ստրուկ ես, քանի որ այդպիսին է օրէնքը, կանոնը, պիտի դրանց հետեւես։

Ընդ որում ֆեոդալներն էլ ողջամիտ օրէնքներ ունէին, բայց դրանք միեւնոյնն է հարկադրուած կանոններ էին, անկախ նրանից, ինչքանով էին արդար, կամ ինչքանով էին համապատասխանում քաղաքացիների պահանջներին, կամքին։

Գործող ժողովրդավարութեան բացակայութիւնն էլ նոյնն է, ինչ նախկին մինչ ժողովրդավարական համակարգերը, ու ոչ ժողովրդավարական ձեւով ընդունուած օրէնքը իրականում օրէնք չէ, ընդունուած է ճնշման միջոցների պէս, եւ ըստ էութեան ապօրինի է։

Ապօրինութեան դէմ պայքարել օրինական ձեւով, այն էլ քեզ ապօրինի հարկադրուած կանոնների սահմաններում, բնաւ էլ պարտադիր չէ, ու երբեմն բնաւ ողջամիտ չէ։

Այդ իսկ պատճառով, եւ Աֆրիկեանների տան պաշտպանները, եւ Արցախի ժողովրդի պայքարը, թէկուզ եւ չհամապատասխանի Ադրբեջանի սահմանադրութեանը, ինչպէս նաեւ Վրաստանի եւ այլ նախկին ԽՍՀՄ հանրապետութիւնների անկախացման գործընթացները, որոնք ի տարբերութիւն Հայաստանի ընտրել էին ոչ ԽՍՀՄ օրէնքի համաձայն անկախութեան հասնելու ճանապարհը, միանշանակ օրինակարգ են։ Միանշանակ օրինական է մայդանի պայքարը Յանուկովիչի դէմ, քանի որ վերջինս ապօրինի է գործել, եւ ապօրինի գործիչի դէմն առնելը իր իսկ կանոնների շրջանակներում ոչ միայն անհամեմատ աւելի բարդ է, այլ եւ շատ դէպքերում անիմաստ։

Ու զարմանալի չէ, որ այն գործիչների իշխանութեան ժամանակ, ովքեր քաղաքացիների կարծիքը առանց հաշուի առնելու, հարկադրում են դրանց հետեւել իրենց ընդունուած կանոններին, տիրում է անօրինականութիւն, քանի որ իրենք այդ գործիչները առաջինը գիտեն, որ իրենց ընդունուած օրէնքը ոչ այլ ինչ է, քան ճնշման միջոց, եւ դրան հետեւել պէտք չէ։ Այն գրուած է հասարակ քաղաքացու, ընդդիմադիրի, ոչ իշխանաւորի, եւ ոչ դրա ընկերոջ համար, եւ դրան հետեւել իշխանութիւնը փաստացի պարտաւոր չէ։ Այդ պատճառով Յանուկովիչն հանգիստ օգտագործում էր «բերկուտին» ժողովրդի դէմ, այդ պատճառով է որ Մարտի Մէկի դէպքերն ապօրինի գործողութիւնների հետեւանք են(բանակի միջամտութիւն, ընտրակեղծիքներ, եւ այլն)։ Օրէնքն նախագահի համար գրուած չէր, իշխանութիւնը միայն մէջբերում է օրէնքը, որպէսզի արդարացնի իր գործունէութիւնը, բայց գիտակցում է օրէնքի ֆունկցիան որն է՝ մարդկանց ճնշելու եւ խաբելու միջոց է ժողովրդավարութեան բացակայութեան պայմաններում։

եւ այդպէս

ասք սեպարատիզմի մասին

Ղրիմը ոչ մի դէպքում Արցախի զուգահեռը չէ։ Սեպարատիստ չէ։ Արցախն ու Ուկրայինան են կենտրոնախոյս, իսկ Ղրիմը՝ կենտրոնամէտ է։ Եթէ եւ կայ զուգահեռ, ապա Ղրիմի ռուսների եւ ԼՂ֊ի թաթարական փոքրամասնութեան մէջ։

ու տենց

ասք քաղաքակրթութեան մասին

Երեկ 1905 թուականի հայ֊թաթարական պատերազմի մասին խօսքն էի լսում։ Որ սովետահայ գրականութեան մէջ, ի տարբերութիւն միջազգայինի, կոչւում է «ընդհարումներ»։ Ինչն էր հետաքրքիր, որ

— թաթարները չէին աջակցում Բաքուի գործադուլներին։ Իրենք չէին ուզում պայքարել ութ ժամ աշխատելու, եւ աշխատավարձի բարձրացման համար։ Իրենք լրիւ կոնֆորմիստ էին։ Իսկ գործադուլների շարժող ուժը հայերն էին։

— թաթարների ազգային ինքնագիտակցութեան ձեւաւորումը խթանուած էր մասնաւորապէս հայերի իշխող դիրքով Բաքւում եւ կովկասում։

Ու յիշեցի Կահանէի խօսքերը․ «հակասեմիտիզմը շատ վատ պատճառ է հրէա լինելու համար»։ Այ, հայերի յաջողութիւնը շատ վատ պատճառ էր թաթարների ազգային ինքնագիտակցութիւն ձեւաւորելու համար, կարծում եմ։

Ու գուցէ այդ պատճառով է, որ մինչ այժմ իրենց չի յաջողուել ազգային պետութիւն կառուցել, ուր ազգը՝ քաղաքական ազգ է, ու ենթադրում է ժողովրդավարութիւն, օրէնք, անձի ազատութիւն։

Հիմա մեր մասին։ Այո, այնպէս չէ, որ մեզ է շատ յաջողուել։ Կարելի է զանազան պատճառներ մէջբերել սա բացատրելու համար, բայց ինձ համար ամենակարեւոր հարցն այն է՝ իսկ մենք ունե՞նք այդ ձգտումը։ Ունե՞նք ձգտում ազգ լինելու․ օրէնքի, սահմանադրութեան, պայմանաւորուածութիւնների, ազատութիւնների, կոմպրոմիսների։ Ու արդեօք Թումանեանն ու Թոթովենցը ռուս վեհերի պէս չէին բնութագրում իրենց ազգը, ու իրենց քաղաքակիրթ լինելը զուտ արեւմտեան ազդեցութիւն էր, թէ՞ ոչ, իրենք այս միջավայրի մարդիկ էին։ Ու ապա յիշում եմ որ

— Օսմանեան Թուրքիայում հայ կուսակցութիւնները պայքարում էին սահմանադրութեան, օրէնքի, ժողովրդավարութեան եւ բոլոր ազգերի (ոչ միայն հայերի) իրաւունքների համար։ Սա անշուշտ օգտագործւում էր Թուրքիան դրսից ճնշելու համար, երբ դրսին պէտք էր, ու հաւանաբար հանդիսանում է ցեղասպանութեան խթաններից մէկը։ Առհասարակ, սա քաղաքակիրթ ազգերի յատկութիւնն է, ոչ միայն ձգտել օրէնքի գերակայութեանը, այլ եւ տարածել քաղաքակրթութիւնը եւ ժողովրդավարութիւնը, ինչքան էլ հեգնանքով սա այսօր չհնչի։

— Վերջերս անց կացրած հետազօտութիւնները ցոյց են տալիս, որ հայերը զիջում են ժողովրդավարութեան ձգտելու մէջ միայն գերմանացիներին ու շուեդերին։

d4dall

d4deurasia

Ու գուցէ ապա այն քաղաքակիրթ լինելը, երբ հարեւաններին օգնում ես, ասենք այբուբեն ու գիր նախագծելով դեռ չի սպառուել, ու այն, որ սովետի փլուզումն է սկսուել այստեղ պատահակա՞ն չէ։ Քանի որ խսհմ֊ը հանդիսանում է ոչ օրինական պետութեան մի խորհրդանիշ, նմուշ։

Եւ արտագաղթի հիմնական պատճառներից մէկն էլ, սեփական երկրում օրէնքի ու սահմանադրութեան բացակայութիւնն է։

ու տենց

ասք բուրժուա֊դեմոկրատական միութեան մասին

համեստ, բարետես եւ կիրթ դեմոկրատը կծանօթանայ ազնիւ, մաքրասէր եւ բնակարանով ապահովւած բուրժուայի հետ, համատեղ յեղափոխութիւն անելու նպատակով

ու տենց

Պուտի՞ն… չէ, չենք ճանաչում

Ես Պուծինի դէմ հաւաքի չեմ գնում, քանի որ ես չգիտեմ, թէ նա ո՞վ է։

Իսկ անծանօթ մարդկանց դէմ ո՞ւր գնաս, որ ի՞նչ։

Ո՞վ է այդ տուժւածը ո՞ւր է գնում, ինչի՞ համար։ Ես նրան չգիտեմ, ու ծանօթանալու ցանկութիւն մի տեսակ չեմ զգում։

Ես չունեմ, աւելի ճիշտ՝ չկայ՛ նրան ճանաչելու, իր մասին մտածելու, ու նա չկայ՝ մեզ համար։
Ու մենք բոլորս էլ, այդպիսի մարդ չենք ճանաչում։

եւ այդպէս

Հ․ Գ․ Ես ճանաչում եմ ՍՍ֊ին։ Լաւն է, վատն է, ընտրուած է, թէ չէ, մեր ՍՍ֊ն է, իրեն գիտենք, եթէ հարցեր ունենք, ապա միայն իրեն։ Ինչ֊որ այլ անկապ մարդկանց հարցեր չկան։

ասք անկախության մասին

22 տարի առաջ քվեարկողների 99% տոկոսը ընտրել է ազատ, անկախ, ժողովրդավարական Հայաստանը։

Սա բարդ ժամանակ է մեզ համար։
Սակայն, ոչ առաջինը, եւ ոչ, հուսանք, վերջինը։

Կորչի իմպերիալիզմը։ Կորչի Պուտինը։ Կորչի կապիտալիզմը։

Կեցցե՜ ազատ, անկախ Հայաստանը։Armenian_Independence_Stamp

ամեն

ասք չքննարկելու մասին

ուրեմն, ՄՄ(մաքսային միության) տեղացի կողմնակիցներին կարելի է դասակարգել հետեւյալ հիմնական խմբերի՝

0. Անտեղյակ են, որ ՄՄ֊ն դա առաջին քայլն է դեպի եւրասիական միություն, որը նշանակում է (կրկին անտեղյակ են) պետականության կորուստ։

Եթե այդ մարդկանց ցույց ես տալիս փաստաղթերը, տալիս ես հղումներ, իրենք, ապա հիմնականում տեղափոխվում են հաջորդ խումբ՝

1. չեն հավատում, որ ՀՀ պետականության կորուստը իրական վտանգ է, իսկ եւրասիական միությունը կարող է իրականություն դառնալ։

այստեղ խոսելն անիմաստ է, քանի որ սա հավատալ կամ չհավատալու հարց չէ։ ճիշտ այնպես, ինչպես եւ բոլոր հավատացյալների հետ։ կան փաստեր — սա, սա ու սա, կան թղթեր — սա ու սա։ հիմա որ չես հավատում, համոզելը զուր է։ հավատը այստեղ կամ չունի, առհասարակ։ ես չեմ համոզում պաս պահողներին, որ իրենց «հետմահյա կյանքում» փոփոխություն չի լինի, եթե իրենք պասը խախտեն։

սրանցից մի մասն էլ չի անհանգստանում ոչ թե այն պատճառով, որ չեն հավատում, այլ

2. այն պատճառով, որ իրենց համար պետականությունն առանձնապես սկզբունքային բան չէ։

դե ապա կրկին խոսելու բան չկա։ պետականության անհրաժեշտությունը, եթե մարդը չի հասկանում, ի՞նչ իմաստ ունի բացատրել, քննարկել։
անկախությունը չի քննարկվում։

սրանց մեջ կա եւս մի խումբ

3. նրանք ում պետք չէ(կամ իրենք չեն ուզում) որ լինի ազատ անկախ Հայաստանը։ Նրանք հաճախ պատճառաբանում են, որ դա անհնար է։ Իմ կարծիքով այս խմբի մարդիկ առանձնապես չեն տարբերվում ադրբեջանցի համացանցային տրոլերից, այսինքն տարբերվում են նրանով, որ կարող է ՀՀ քաղաքացի են։ Ինչ ասեմ, մեր մեջ էլ կան մարդիկ, ով մեր պետականությանը դեմ են։ Իրենց հետ էլ, իհարկե, քննարկելու բան չկա։
Կարելի է իրենց անվանել «ստրուկներ», կամ »ազգի թշնամիներ», դրանից առանձնապես բան չի փոխվում։ Ամեն դեպքում, ես գոհ եմ, որ մեր մոտ այդ «ազգի թշնամիների» հետ այնպես չեն վարվում, ինչպես ԽՍՀՄ֊ում։ Մենք այդ խոսքերի համար ոչ մեկի չենք գնդակահարում, որը նշանակում է, որ շատ ավելի ազատ երկիր ունենք։

Բայց դե իրենք չեն ուզում, իրենց էն պետությունն էր դուր գալիս, ուր իրենց կգնդակահարեին։ Կամ մեզ։ Ինչ֊որ մեկին։

Ավաղ, մեզ մոտ էլի թարս է՝
ազգային անվտանգությունը սովորաբար «հետաքրքրվում» է այն մարդկանցով, ով ՀՀ պետականության կողմնակից է, ու բնավ ոչ նրանցով, ով ՀՀ պետականության թշնամին է։

Այսինքն դա իրականում կամ ապաազգային անվտանգություն է, կամ ազգային չանվտանգություն։ Բայց դա արդեն այլ տեքստի թեմա է։

եւ այդպես

ասք հեղափոխության մասին

Ես բազմիցս այս մատեանում շեշտում էի, որ ես դեմ եմ հեղափոխությունների։
Ես ուզում եմ, որ իշխանափոխությունը լինի օրինական։ Այդպես բոլորին լավ կլինի, եւ իշխանությանը շատ անկապ մարդիկ չեն հասնի։

Բայց հիմա իրավիճակը փոխվել է։
Այն ժամանակ, երբ վտանգված է ՀՀ անկախությունը, նույնիսկ հեղափոխությունն ընդունելի քայլ է։ Սրանից վատ պարզապես լինել չի կարող։

Գուցե ճիշտ է, որ ՄՆ սահմանադրության մեջ կա զինված ապստամբության մասին կետ։

ու տենց