շատ, ու ոգեւորիչ գրուած ա այն մասին, ինչո՞ւ խցիկդ նշանակութիւն չունի։

ընդհանուր առմամբ վիճելու առարկայ չի՝ խցիկն, ու տեխնիկան գերագնահատուած են, կարեւորն այն ա, ինչ ա մարդու գլխի մէջ, իր ընկալումը, ու ինչպէս ա դա արտայայտւում իր լուսանկարի միջոցով։

հիմա ուզում եմ ասել այն մասին՝ ինչո՞ւ ունի նշանակութիւն խցիկը։ ու ժապաւէնը։ ու խմբագրելը։

շատ սիրուն օրինակ են բերում՝ չէ՞ որ գրամեքենան չի տեքստ գրում, այլ մարդը։ այո, գրամեքենան նոութփեդի պէս բան ա, տեքստի էական յատկանիշը հենց քոնթենթն ա, տեքստը ինքը։

ինձ համար գրքի թղթի որակը նշանակութիւն ունի, բայց դա, ակնյայտ ա, որ էական յատկանիշ չի։

լուսանկարի էական յատկանիշն էլ ա այն, թէ ինչ ա պատկերուած, բայց միակ էական յատկանիշը չէ։ ճիշտ այնպէս, ինչպէս շորի էական յատկանիշը ոչ միայն այն ա ինչ ձեւ ա այն դիզայնած, այլ եւ այդ շորի էական յատկանիշն ա ինչ կտորից ա այն։

այսպէս, մեր ընկալման վրայ ազդում ա, արդեօք լաւ որակով ենք լսում երաժշտութիւն, թէ վատ։

ու այո, երբեմն անորակը՝ էական յատկանիշ ա, բնականաբար, քանի որ անորակը՝ նոյնպէս որակ ա։

ու այդ յատկանիշները տարբեր են ազդում ընկալման վրայ, կախուած ոսպնեակներից, ժապաւէններից, մշակումից, չմշակած լինելուց, պալիտրաներից, երանգներից։

տեսէք, չեմ ասում՝ թող լաւ, դասական գոյներ լինեն, կամ «ժապաւէնային», կամ հարմոնիկ, կարող ա մարդն ուզում ա «տապոր» գոյն խփի, քանի որ էդ բան ա արտայայտում։ նոյնիսկ ճակատին ֆլեշը կարող ա օգտագործուել որպէս գործիք։

ես ինքս սիրում եմ շեշտել, որ ամէն ինչով էլ նկարում եմ՝ ե՛ւ թուայինով, ե՛ւ ժապաւէններով, ե՛ւ տարբեր ժապաւէններով, եւ լոֆայ հեռախօսանման գործիքներով, ու այո, իմ մօտ գուցէ այդ պատճառով նկարները ստեղծում են տպաւորութիւն, որ մի ոճի մէջ չեն, այո, տարբեր կտորներով կարած շորեր են, բայց ըստ քոնթենթի իմն են, իմ մասին են։

առհասարակ, ինձ համար ակնյայտ ա, որ քո մասինը քո ինքնանկարը չի (չնայած ինքն էլ ա քո մասին ասում՝ որ չես ջոկում, որն ա քո մասինը), քո մասինը՝ էն ա ինչ ես նկարում, ու ինչպէս։

ու եթէ «դիսոնանս» գոյներ ունես, էդ միշտ չի նշանակում, որ դեբիլ ես, էդ նշանակում ա, որ էդ ես ուզել անել։

ու ընդհանրապէս, եթէ չես էլ ուզել, սովորաբար, կարծում եմ, ֆոտո֊ի մէջ ամէնը իր տեղն ա լինում, որովհետեւ ինքը այն մասին ա, որ է՛ս մարդը, է՛ս վիճակում, է՛ս զարգացմամբ, է՛ս գիտելիքներով, է՛ս զգացողութիւններով, է՛ս խցիկով, եղել ա ա՛յստեղ, ու բնական ա, որ իր նկարը պէտք ա լինի է՛ս գոյներով, է՛ս ոսպնեակով, է՛ս որակների։ էդ էլ ա ասում իր մասին, նոյնիսկ եթէ նա ինքը գիտակցուած ընտրութիւն չի արել։

կամ եթէ ընտրութիւն չի, բայց գիտակցուած ա։
թերափեւթտներն ասում են՝ ինչ ուզում էք արէք, կարեւորը գիտակցուած լինի։ (:

ու ֆոտո֊ի մէջ ամէնը սովորաբար իրար սազում ա, քանի որ իրականութեան մասին ա, ու հեղինակի մասին ա, եթէ նոյնիսկ նա շատ ուզի ինքն իրեն կեղծել։

ու ես էլ կարող եմ հանգիստ լինել, ինչքան էլ ուզեմ ինձ իմ տեքստերու կեղծել, մէկ ա հասկանալի ա, որ կեղծում եմ, ասենք, ու ինչը, ու ինչի, կամ ում համար։

լոյս ձեզ, որը գուցէ եւ բարի լինի։

թեքնիկա եւ էսթետիկա

նախկինում ես նկատում էի ինչպէս է տեխնիկան փոխում էսթետիկան։ ասենք, թուային մոնտաժը բերեց մեզ «դիսկրետ» մոնտաժ։
յետոյ սկսեցի նկատել ինչպէս ճաշակն ու հասարակութիւնը սահմանում են տեխնոլոգիաները։

սկսենք, օրինակ, լուսանկարչութիւնից։ ճապոնական ժապաւէնները տալիս են աւելի քիչ կոնտրաստ պատկերներ, ու, հետեւաբար՝ այդ պատկերներում աւելի շատ են գոյների երանգները։ ճապոնական ժապաւէնները նաեւ աւելի սառը պատկերներ են տալիս։ ամերիկեան ժապաւէնները, ընդհանուր առմամբ, աւելի կոնտրաստ են, ու աւելի տաք պատկերներ են ստանում։

սա գուցէ կապ ունի նրա հետ, որ ճապոնական դպրոցականներն արդէն աւելի շատ երանգ են կարողանում տարբերել, քան եւրոպական դպրոցականները։ եթէ եւրոպացուն ցոյց տալ պալիտրա, եւ հարցնել, ո՞ր գոյնի ներկն է ընտրում, ասենք պարիսպ ներկելու համար, նա կարող է ընտրել եղածից որեւէ մէկը։ ճապոնացին կարող է ասել՝ ինձ պէտք է այս ու այս երանգի արանքում։ հետեւաբար այսպիսի կատալոգները ճապոնացիների համար այլ են։ իսկ դա ըստ երեւոյթին կապ ունի նրա հետ, որ ճապոնիայում աւելի շատ են էսթետիկայի հետ կապուած առարկաներն, ու նոյնիսկ իկեբանան՝ դպրոցական առարկայ է։

երանգների ընկալումը զարգացուող յատկութիւն է։ օրինակ, փոքր, մինչ դպրոցական երեխաները դեռ դրանք լաւ չեն տարբերում, այդ պատճառով էլ իրենց խաղալիքներն ունենում են մի քանի, ու շատ պայծառ գոյներ․ ասենք վառ կարմիր, վառ կապոյտ։ ես ինքս գիտեմ մի երեխայ, ում մայրիկը չի կարողանում սովորեցնել տարբերել կապոյտն ու երկնագոյնը, բայց նա տարերում է կապոյտն ու նարնջագոյնը։

ու այն մարդիկ, ով ունեն աւելի զարգացած գունային ընկալում, ով աւելի շատ երանգներ են տեսնում, աւելի են հաճոյք ստանում պակաս կոնտրաստով, բայց երանգներով հարուստ նկարներ դիտելիս։

իսկ այսօր ֆուջին է՝ ճապոնական ընկերութիւնն է, որ ստեղծել է x-trans սենսորը, եւ իրենց խցիկները լրիւ այլ որակի պատկերներ են տալիս, քան մնացած բոլոր արտադրողներինը, ով օգտագործում է դասական բայեր սենսորը։

նոյն ֆուջիի տնօրէնն, ի դէպ, մի անգամ հարցազրոյցում խոստովանել է, որ ֆուջիի մի շարք խցիկների (ասենք fujifilm xa) շուկան՝ ասիան է․ ասիացի աղջիկներն են։

>But cameras like the X-A2, while they haven’t done as well in the USA, they’re popular in Asian countries.

Սակայն X-A2֊ի պէս խցիկները, դրանք լաւ չեն վաճառւում ԱՄՆ֊ում, բայց շատ պոպուլար են ասիական երկրներում։

>Young women are buying these cameras, and the primary reason they like them is for their rendition of skin tones.

Աղջիկներն առնում են այդ խցիկները, եւ ամենակարեւոր պատճառն այն է որ նրանք հաւանում են դրանցով ստացուող մաշկի գոյները։

այս էջն էլ բացատրում է որ այդ կամերան յատուկ նախագծուած է որ հարմար լինի սելֆիներ անել։

այդ ժամանակ ես մտածեցի՝ տեսնես, ինչո՞ւ են ասիացի աղջիկներն աւելի հետաքրքրուած որակեալ սելֆիներ անելու մէջ, քան, ասենք, արեւմուտքի աղջիկները։ եւ աւելի յստակ, ի՞նչն է իրենց աւելի հետաքրքրում՝ սելֆին, թէ՞ որակը։

արդե՞օք ասիացի աղջիկներն աւելի են հետաքրքրուած իրենք իրենց ցոյց տալու մէջ։ եւ եթէ այդպէս էս, ապա ինչո՞ւ իրենց չի հերիքում՝ արեւմուտքի աղջիկների պէս՝ ասենք այֆոնի խցիկի նկարը։

յետոյ կարդացի, որ արեւելեան, եւ մասնաւորապէս ճապոնական շուկան շատ բծախնդիր է։ ճապոնիայում կան ահռելի մեծութեան դահլիճներ, ուր մարդիկ ընտրում են ամենալաւ աուդիոտեխնիկայից ամենալաւը։ ու որակեալ աուդիոտեխնիկայի պահանջն այնետղ անհամեմատ աւելի մեծ է, քան արեւմուտքում։

ու ապա գուցէ ասիացի աղջիկների՝ խցիկների հանդէպ բծախնդիր լինելը պարզապէս ասիացիների՝ տեխնիկայի հանդէպ ստանդարտ բծախնդութեան շրջանակներում է․ իրենք չեն բաւարարւում հեռախօսի ինքնանկարով, որովհետեւ հեռախօսի կամերաները թոյլ են, եւ իրենք ուզում են աւելի լաւ նկարներ ստանալ։ ահա ձեզ մի այսպիսի աղջիկ, ով գուցէ եւ գիտի APS-C֊ն ինչ է։ նաեւ, ես չգտայ ոչ մի յղում, կամ հետազօտութիւն այն մասին որ ասիայում աղջիկներն աւելի շատ են սելֆի անում, կամ աւելի շատ են հետաքրքրուած սելֆիներով, քան արեւմուտքում։ հաւանական է թւում որ տարբերութիւնն իսկապէս հենց ասիացիների՝ իրենց նկարների հանդէպ աւելի բարձր պահանջներն են։

հետաքրքիր է նաեւ, որ ականջակալների, աուդիո տեխնիկայի շուկայում էլ կան տարբերութիւններ, որ շատ նման են ժապաւէնների տարբերութեանը։ արեւելեան շուկայում նախընտրում են այն աուդիոտեխնիկան, որն աւելի լաւ արտայայտում է աւելի բարձր յաճախականութիւնները։ այդպիսի տեխնիկան կոչւում է սառը՝ ասենք՝ սառը ականջակալներ։ արեւմուտքում նախընտրում են ցածր յաճախականութիւններ, ու այդպիսի ականջակալները կոչւում են՝ տաք ականջակալներ։ շատ նման է եւ ֆոտո֊ին, արեւմուտքում ընդհանուր առմամբ նախընտրում են տաք նկարներ, ու կոդակի ինժեներներն էլ, ըստ երեւոյթին դրանք էին նախընտրում, ու նախագծում աւելի տաք պատկերներ ստացող ժապաւէն, իսկ ճապոնացի ճարտարագէտները նախընտրում էին սառը գոյներ, թեթեւ, բաց, սպիտակ մաշկ, ու հակուած էին այդպիսի լուսանկարչական ժապաւէններ նախագծելու։

ու տենց։

ազատականութիւն թէյնիկների համար

ես վաղուց ինքս ինձ հարց էի տալիս՝ ինչո՞ւ այֆոնը, կամ դրա պէս մի բանը, չծնուեց ճապոնիայում։ ճապոնիայում կային, թւում է թէ, բոլոր նախադրեալները՝ որակեալ ճարտարագէտներ, ով փայլուն տեխնիկական լուծումներ են գտնում։ արդէն կար պոպուլար աուդիո փլեյերը՝ սոնի ուոլքմենը։ արդէն կար խելախօս՝ սոնի էրիքսոնը։ կային զանազան լոկալ շուկային սպեցիֆիկ սմարտֆոնոտ ծառայութիւններ։

թւում է թէ, մնում էր միացնել սոնի էրիքսոնը ու սոնի ուոլքմենը, յաջող լուծել մի քանի տեխնիկական խնդիր ու ահա։

մինչ այդ ես ինձ հարցնում էի՝ ինչո՞ւ անձնական համակարգիչների շուկայում ճապոնացիները չդարձան առաջինը։ ինչո՞ւ իրենք չսկսեցին այբիէմ փիսի֊ի կամ մակինտոշի պէս մի բան։ ինչո՞ւ դրանք պիտի ծնուէին միացեալ նահանգներում։

հիմա ես ունեմ բացատրութիւն, որը կը փորձեմ շարադրել։

ճապոնիայում ստաբիլ եւ կլանային հասարակութիւն է։
ճապոնիայում՝ ինդիւիդուալների հասարակութիւն չէ։

ճապոնիայում, ինչպէս եւ նահանգներում, եղել են տանը ոտքի վրայ համակարգիչ հաւաքողներ։ ամերիկայի այդպիսի մարդկանցից էր Էփլի հիմնադիր Վոզնյակը։ Եւ ենթադրում եմ, որ ճապոնացի Վոզնյակի հետ եղաւ այն, ինչ եղել է ամերիկացի Վոզնյակի հետ։ Երբ Վոզնյակը ցոյց տուեց իր փայտէ կորպուսով համակարգիչը իր կորպորացիայի մենեջմենթին, իր վրայ ծիծաղեցին։

Կորպորացիաները չէին զգում, որ գոյութիւն կարող է ունենալ տան համակարգիչների շուկայ։ յայտնի արտայայտութիւն է՝ շուկայում կարող է լինել պահանջարկ, գուցէ, տաս տան համակարգիչների։ ու որ երբ այդպիսի արտադրող յայտնուի, իրենց բիզնեսը վտանգուած է լինելու։

ես վտանգուած եղաւ՝ ի պատասխան էփլին այբիէմը խուճապահար, հապշտապ արտադրեց այբիէմ փիսի֊ն։ բայց ուշ, եւ ոչ այնքան լաւ, ինչպէս էփլը։ այդ պատճառով փիսի֊ն մակի հետ առաջին մօտ տաս տարին համեմատելի չէր։

կարծում եմ ճապոնիայում սկզբում տեղի է ունեցել նման մի բան։ փայլուն ճարտարագէտները չէին կարողացել կորպորացիայների կառավարիչներին համոզել սկսել տան համակարգիչների արտադրութիւն եւ լուրջ զբաղուել այդ գործով։ դա նշանակում էր կտրուկ փոփոխութիւնների գնալ, եւ կորպորատիւ դանդաղաշարժ մեքենաները դրան միշտ չէ որ պատրաստ են լինում։

իսկ էփլը ճապոնիայում չէր ծնուի, քանի որ մէկ մարդու ուժերից վեր է կլանային, կորպորատիւ միջավայրում իր ֆիրման բացել, եւ վնասել եղած ֆիրմաների բիզնեսին։

իսկ ամերիկայում ջոբսը գտել է ինուեստորներ, եւ սկսել է գործը։ եւ երկու ընկեր ով աւտոտնակում էին գործ անում, փոխեցին տեղեկատուական տեխնոլոգիաների շուկան, ու թերեւս, ամբողջ աշխարհը։ ընթացքում շատ կորպորացիաներ վնասներ կրեցին, բայց շահեց պրոգրեսը, ու շահեց սպառողը։

այնպէս չէ, որ կորպորացիաները երբեք չեն կարողանում են ժամանակին կողմնորոշուել։

ասենք, ֆուջիի նոր տնօրէնը երկու հազարականների սկզբին արեց շատ ոչ պոպուլար քայլ, բարդ քայլ ճապոնիայի համար։ նա զգաց, որ անալոգային ֆոտո֊ի շուկան վնասուեու է, ու դեռ այն ժամանակ, երբ ոչ մի վտանգ կարծես թէ առկայ չէր, փակեց մի քանի գործարան ու ազատեց լիքը աշխատողներ։ նա կտրուկ փոխեց ֆուջիի ուղղութիւնը, եւ այդ պատճառով ֆուջին ոչ միայն դեռ գոյութիւն ունի, այլեւ թուային լուսանկարչութեան մէջ ամենայաջողակ ֆիրմաներից է։

սակայն, միեւնոյն է, եւ ֆուջին, եւ քենոնը, եւ նիկոնը այսօր լուսանկարչական շուկայում ընդամէնը մի փոքր նիշ են զբաղեցնում։
ֆոտո շուկան վերցրել են գուգլն ու էփլը, քանի որ լուսանկարների ճնշող մեծամասնութիւնն արւում է խելախօսներով։

երկուսն էլ՝ եւ գուգլը եւ էփլը ստեղծել են աւտոտնակային անհատներ։ քանի որ ամերիկան է այդպիսի տեղ, ուր հասարակութիւնը լիբերալ է՝ եւ խաղի կանոնները բոլորի համար նոյնն են։ գոնէ աւելի նոյնն են, քան այլ երկրներում։

այդ պատճառով էլ ամն֊ն է առաջատար երկիր, եւ մնալու է առաջատարը։ ամն֊ում կը փլուզուեն զանազան կորպորացիաներ, կը կատարուի այն, ինչը հզօր կորպորացիաների բիզնես շահերին հակասում է։ քանի որ դա այն տեղն է ուր մէկ առանձին մարդն ունի նշանակութիւն։ մէկ մարդ ով աշխատում է աւտոտնակում եւ կորպորացիաների կոնսորցիումը պէտք է խաղան նոյն կանոններով։ եւ կորպորացիաները պարտւում են առանիձն մարդկանց։ սա ընդհանուր առմամբ եւ կոչւում է ազատականութիւն։

ու տենց

ասք լուսանկարներ վրիպազերծելու մասին

Ժապաւէնով լուսանկարելը նման է թղթի վրայ ծրագիր գրելուն։ Չես կարողանում նոյն պահին աշխատեցնել, համոզուել, ճիշտ է աշխատո՞ւմ թէ՞ ոչ։ Որպէս կանոն սխալ է չէ՞ լինում։ Դէ մեզ մօտ, ոչ թէ ասենք Վիրտի։ Քանի որ ինչ֊որ մանրուք միշտ հաշուի չես առնում։ Այնպէս էլ լուսանկարում՝ կամ մի բան այնպէս կտրած չէ, կամ պէտք էր խցիկը մի քիչ ձախ շարժել, եւ այլն։

Թուային խցիկը թոյլ է տալիս տեղում վրիպազերծել (դեբագ անել), տեսնել ո՞նց է, ու կրկին նկարել։

Եթէ դա բեմադրութիւն է, գուցէ լաւ ստացուի։

Բայց դրանով է լուսանկարչութիւնը տարբերւում, որ կարող է եւ բեմադրութիւն չէ։ Ու նոյնիսկ եթէ քաղաքի, փողոցի նկար չէ, ուր արդեն պահն անցել է, այլ, ասենք բնանկար է, այդ պահը կրկին կարող է անցնել։ Քանի որ ամպերը, արեւը, անձրեւը, ստեղծում են անկրկնելի մի տեսարան, որը կարող էլ երբեք չլինի։

Այդ պատճառով ֆոտո անելիս, աւելի, քան ծրագրաւորման մէջ, պէտք է «թղթի վրայ գրուած ծրագիրը» մտքում լաւ վերլուծես, ու արագ։ Քանի որ վրիպազերծելու հնարաւորութիւն, մեծ հաշւով, սովորաբար չունես։ Թէկուզ եթէ թուային խցիկով ես նկարում։

եւ այդպէս