Աճեմօղլու֊ն ցոյց էր տալիս իր գրքում, որ երկրի բարեկեցութիւնը ուղղակի կապ ունի այդ երկրում քաղաքական իրաւունքների, լիազօրութիւնների բաշխուածութեան հետ։

Այն փաստը, որ ՀՀ֊ում գնում են ձայներ, նշանակում է, որ այդ ձայն վաճառողները ունեն վաճառելու բան՝ ունեն քաղաքական իրաւունք որից նախընտրում են հրաժարուել։

այն էլ՝ ոչ թէ ճիպոտի, ոչ թէ կորուստի վախից, այլ պոնչիկի, փոքր խրախուսման փոխարէն։

իհարկէ, այսքանով չեն սահմանափակւում իշխող «էլիտայի» իր ազդեցութիւնը պահպանելու գործողութիւնները։ կան մարդիկ, ով վաճառելու բան չունեն, ում ասւում է, ինչպէս քուէարկել։ կան բազմաթիւ մարդիկ, ում տեղը քուէարկում են, օգտուելով իրենց բացակայութեան կամ անտարբերութեան գործօններից։ կան խարդախութեան այլ բազմաթիւ եւ հանրայայտ ձեւեր։

սակայն կան մարդիկ, ու նրանք քիչ չեն, ով հրաժարւում են իրենց կեանքի կոնտրոլից (չէ՞ որ քաղաքական ընտրութիւնը իրենց կեանքի վրայ ուղղակիօրէն ազդում է), եւ դրանով նեղացնում են քաղաքական իրաւունք ունեցողների զանգուածը։

եւ մասնաւորապէս այդ մարդկանց պատճառով ես, դու, եւ իրենք էլ, աւելի վատ են ապրում, քան կարող էին։ ըստ որում, եթէ այդ «աւելի վատը» վերածել գումարի, այն, ենթադրում եմ, անգամներ աւելի շատ է, քան իրենք վաստակում են մէկ ձայնի վաճառքով։ այդ ձայն վաճառելու քայլով նա՝ իմ, քո ու ինքն իր գրպանից, աւելի շատ փող է հանել, քան ստացել է։

ինչո՞ւ են այդպէս անում, ես չգիտեմ, ու միայն ենթադրութիւններ անել է մնում․

քաղաքական իրաւունքներից աւանդականօրէն զուրկ լինելո՞ւց, այդ քաղաքական «կուլտուրան չունենալո՞ւց» է։
երկրի, իրենք իրենց, եւ կողքինների կեանքին անտարբերութիւնի՞ց։
կրթութեան պակասի՞ց։
պահանջարկի առկայութիւնի՞ց։
«սելֆ էսթիմ» ասածից, կամ արժանավայելութեան պակասի՞ց՝ եթէ այն որոշակի չափսի հասնում է, մարդն այլեւս չի մնում աշխատանքում կամ ցանկացած յարաբերութեան մէջ, ուր իրեն նուաստացուած է զգում։

ինձ շատ հետաքրքիր է՝ արդեօք ձայն վաճառող մարդն իրեն նուաստացուած զգո՞ւմ է այդ գործարքի մէջ մտնելով։ թէ՞ գոհ է մնում ամէնից։ ու ի՞նչն է պէտք փոխել, որպէսզի ձայն վաճառել պատրաստակամների քանակը նուազի։

ու տենց։

օրինակ, հետաքրքիր մէջբերում է, որ եթէ ունես ինչ֊որ հնարաւորութիւն, յաճախ չես օգտագործում, չես «ֆորքում» որովհետեւ նախագծողները գիտեն, որ եթէ վատ պահեն իրենց՝ կը «ֆորքես», կամ չես գնում այլ սերուիս, քանի որ ծառայութիւն մատուցողները տալիս են քեզ տուեալներդ տանելու հնարաւորութիւն։