ասք սոլիդարութեան մասին

թուրքական ծամոններ կային՝ «լաւ իզ»։ ծամոնների մէջ կարելի էր գտնել թղթիկներ, որ պատկերուած պարզ իրավիճակներով նկարագրում էին՝ թէ ինչ է սէրը։ սէրը՝ դա երբ … ահա։

սա մի քանի պատկերապատում է, «սոլիդարութիւնն այն է, երբ…» վիճակով։ (:

____________________________________________

մի տղայ կոտրել էր իր ակնոցը։ ահաւոր տխրել էր, քանի որ առանց այդ ակնոցի՝ ոչ կարող է երթուղային ճանաչել ու նստել, ոչ տուն հասնել, ոչ էլ յաջորդ օրուայ գործերն անել։ մենակ ու անզօր զգաց իրեն ընդամէնը այդ ակնոցի պատճառով։ ու իր գործընկեր աղջիկն ասաց՝ մի տխրի, ես մօտակայքում մինչեւ ուշ աշխատող «օպտիկա» գիտեմ, կը գնանք, իրենք ամէն ինչ կը սարքեն։

ճանապարհին տղային բարդ էր, քանի որ նա լաւ չէր տեսնում։ ու աղջիկը հանեց իր ակնոցը, եւ նոյնպէս քայլեց առանց ակնոց։

— քեզ բա՞րդ չի, գուցէ հագնե՞ս քոնը — հարցրեց տղան։
— չէ, շատ հաւէս է, ամէն ինչ սիրուն լղոզւում է,— պատասխանեց աղջիկը։

սոլիդարութիւնն այն է, երբ դու էլ ես հանել ակնոցդ, ու յիմարի պէս բան չես տեսնոմւ, քանի որ կողքինդ այն կոտրել է։
______________________________________________

այս մէկը՝ նաեւ ասք հիւրընկալութեան մասին է՝

իմ ընկեր գերմանացի Դոմինիկը գնում էր Երեւանից Մեղրի։ Կիլիկիայի աւտոկայանում չուզեցին իրեն երթուղայինի մէջ տեղ տալ, չնայած տեղեր կային։ Ասացին՝ այս տեղերը զբաղուած են։ Ուղարկեցին տաքսի։ Նա տեսնում էր, որ մարդիկ գալիս, հարցնում են, արդեօք տեղ կայ ու տեղաւորւում երթուղայինում, նաեւ մի քիչ հայերէն էր հասկանում ու դժուար չէր կռահել, որ իրեն խաբում են։ Սպասեց միւս երթուղայինի։ Երբ երթուղայինը դատարկ էր, փորձեց տեղ զբաղեցնել։ Չթողեցին՝ ասացին՝ գնա տաքսի վերցրու։ Ահա այնտեղ։ Ընթացքում եւս երկու իրանացի եկան, իրենց էլ ուղարկեցին նոյն տաքսու վարորդի մօտ։

Իրենք երեքով՝ Դոմինիկն ու իրանացիները արդէն չկարողանալով դիմանալ, գնացին դէպի տաքսի։ Բայց մինչ այդ Դոմինիկը օգտագործելով իր հայերէնի թոյլ պաշարը որոշեց մանիպուլացնել աւտոկայանի աշխատողներին արտայայտելով իր վրդովմունքը՝ թէ մինչ այսօր ձեր երկիրը շատ լաւ տպաւորութիւն էր թողել իմ վրայ, շատ լաւ հիւրընկալ մարդիկ են, շատ սիրուն երկիր է, բայց այս միջադէպը լրիւ ամէնը փչացնում է։

սա ասելով՝ նա միացաւ իրանացիներին, եւ իրենք նստեցին տաքսի, որի վարորդը առաջարկեց նաեւ սպասել չորրորդ ուղեւորին։

ըստ երեւոյթի, Դոմինիկի բոցաշունչ ճառը որոշ լարեր շարժեց դիսպետչերի հոգում, եւ մի քիչ անց, նա մօտեցաւ տաքսուն, ու ասաց, դիմելով Դոմինիկին՝ «դու, արի, քո համար տեղ ազատուեց»։ որին Դոմինիկը պատասխանեց՝ «ես առանց իմ ընկերների ոչ մի տեղ չեմ գնալու»։

ես չգիտեմ, արդեօք իրանացիները նման քայլ կանէին։
բայց սա լրիւ սոլիդարութեան մասին պատմութիւն է, կեցութիւնը կիսելու մասին պատմութիւն է։

սոլիդարութիւնն այն է, երբ դու չես լքում անծանօթ իրանացիների, ու գնում հարմարաւէտ եւ էժան երթուղային, քանի որ դու գերմանացի ես, ու լեզու ես գտել դիսպետչերի հետ։

եթէ հետաքրքրում է շարունակութիւնը՝ ապա իրենց դուրս հանեցին եւ այդ տաքսուց, եւ ասացին, որ այլեւս երբեք եւ ոչ մի դէպքում չեն սպասարկի։ Նրանք գտան մի այլ տաքսի, եւ դիսպետչերը եկաւ այդ օտար տաքսիստի հետ կռիւ անելու, որ խոչընդոտի նրան վերցնել այդ ուղեւորներին։ Բայց այդ տաքսիստը իրեն «ենթակայ» չէր, իրենից կախուած չէր, եւ կարողացաւ չլսել։

Հետագայում Դոմինիկը նաեւ Մեղրուց երթուղայինով դուրս գալու խնդիր է ունեցել։ Նա հանդիպել է նոյն վարորդին, ով ասել է՝ «դու՝ երբեք»։

Դոմինիկին օգնել է Մեղրեցիներից մէկը, ով իր ջիպով ուղեկցել, բերել է աւտոկայան իր բարեկամին։ Նա հարցրեց թէ ուր է Դոմինիկը գնում, ու իմանալով որ Կապան, պարզապէս լաւութիւն արեց, եւ Կապան տարաւ իրեն իր ջիպով։

— Այսպէս, ձեր երկրում համակարգը դուրս է գալիս իմ դէմ, բայց ի վերջոյ հասարակ մարդիկ ինձ օգնում են — ամփոփում էր Դոմինիկը։

___________________________________________________

սա արդէն կինոյից է՝ դիսկո֊ում կռուից յետոյ, Ամանդա Բրոտցմանը գտաւ իրեն ֆրուստրացուած, գարեջրից թաց շորերով, եւ ընդհանուր առմամբ տապալուած երեկոյից մնացած տհաճ զգացողութիւններով։

իր եղբայրը՝ Թոդ Բրոտցմանը, մօտեցաւ եւ սփոփելու անյաջող փորձ արեց։ Ամանդան բղաւեց ինչ֊որ բաներ այն մասին, որ նա թաց է, որին ի պատասխան Թոդը բարձրացրեց ձեռքը եւ լցրեց դրա միջի գարեջրի շշի պարունակութիւնը ինքն իր վրայ։

Երեկոն փրկուած էր, Ամանդան ուրախ էր, ու փաստօրէն, սոլիդարութիւնն այն է, երբ դու լցնում ես վրադ գարեջուր։
____________________________________________________

երբ անձրեւ է, ու դու ունես կնգուղով շոր, իսկ կողքինդ՝ չէ, դու չես կարող, չէ՞, այդ
կնգուղը քաշել գլխիդ ու այդպէս ինքնագոհ շարունակել քայլել։
երբ կողքինդ վարում է, ու գիշեր է, դու չես կարող չէ՞ քնել, ու թողնել իրեն մենակ։

ըստ սահմանումներից մէկի՝ էթնոսը՝ ընդհանուր կեցութիւն կիսող մարդիկ են։ դրանով էթնոսը շատ աւելի «իրական» է, քան ռասան, մաշկի կամ մազերի գոյնը, գեները։

ու ներգաղթը՝ սոլիդարութիւն արտայայտող քայլ է։ նու հայաստանի պէս երկիր ներգաղթը, ուր տենց շատ հաւէս չի կեցութիւնը։ իսկ հայաստանից արտագաղթելու քայլը՝ չի արտայայտում սոլիդարութիւն։ (:

ասք հայության ու վեհության մասին

Գուցե ծեծված բան եմ ասում, բայց որ ասվում է, երեւի կարիք կա։

Երբ ես երիտասարդ էի ու անփորձ, խոստովանում եմ, հավանում էի Սեւակին։ Ու պաշտպանում էի, նույնիսկ իր «սակայն մեզ հայ են ասում» գործը։ Ասում էի, դե, գուցե նա խնդիր ուներ, ասենք ազգային ինքնագիտակցությունը պլինտուսի մակարդակից բարձրացնելու, որ այդ գործը հատուկ է գրել, որ որւեէ խնդիր լուծի։

Հիմա մտածում եմ, որ եթե նույնիսկ խնդիր էր ուզում լուծել, ապա նա այդ խնդրի լուծմանը լրիվ սխալ կողմից է մոտեցել։
Պետք էր ոչ թե հասցնել մարդկանց մենք լավն ենք, այլ պետք էր հասցնել իրականությունը։
Հեչ էլ չենք առանձնանում, հասարակ միջին բնակչություն ենք (որպես ազգ դժվար թե կայացել ենք)։
Մարդկության ամենակարեւոր գյուտերի ու մշակույթի մեծ մասը Հայքում չի ստեղծվել։ Նույնիսկ ոչ միայն վերջին մի քանի դարում։ Ամենակարեւոր գրականությունը գրվել է իսպաներեն, գերմաներեն, ֆրանսերեն, անգլերեն։
Ու նույնիսկ ոչ ռուսերեն։
Ու կարիք չկա բոլորին համեմատելով վայրի ցեղերի հետ մեզ լավ զգալ։ Եթե վերցնենք ՀՀ֊ում ապրող մարդկանց արժեքները ապա հետամնաց ցեղերից էլ բեթար պատկեր կստացվի։
Ասում եմ, Սեւակը սխալ կողմից է մոտեցել խնդրին, քանի որ այդքան չկար լուծումը լրիվ այլ է։
Առաջին քայլը ընդունել որ դու ունես խնդիր՝ պետք է պարզապես ընդունել որ մենք հասարակ էթնոս ենք, ու մեր մեջ, ինչպես եւ բոլորի մեջ, լինում են տարբեր մարդիկ։ Ի դեպ մեր միջի ամենակարեւոր մարդկանց բնավ միշտ չէ որ թողել ենք աշխատեն, քանի որ չենք հասկացել, ով է լավը, իսկ երբ հասկացել ենք ուշ էր, մենք բավական վայրի ենք, ու մի քանի սերունդ պետք է փոխվի, որ մարդկանց սոֆթվերը մի քիչ առողջանա։ Այո, առողջանա, որովհետեւ մտածել է պետք, ու գոնե իրար չհակասող եզրակացություններ անել, ու իրար չհակասող արժեքներ ձեւավորել։
Ու նրանից հետո, որ մենք կընդունենք, որ մենք բնավ վեհը չենք, այ նոր դրանից հետո կստացվի շարժվել առաջ։ Ու գուցե դառնալ հավես ազգ, որը կգեներացնի հետաքրքիր գրականություն, արվեստ, գյուտ կանի՝ պոտենցիալ կա, դա բացառված չէ։
Ու թողեք էլի հանգիստ էդ ուրարտներին, ու Նարեկացուն։ Էդ ոնց որ ասես բայց ես գիտեմ մեկին, ով գիտի մեկին, ով ստորագրություն է վերցրել եսիմ ումից։ Հայելու մեջ նայեք, գերմանացիները նայում են՝ Շպիգել են կարդում։ ։Ճ

ու տենց

ասք ազգի եւ էթնոսի տարբերության մասին

Հաճախ օգտագործում եմ էթնոս եւ ազգ բառերը։ Ու մարդիկ միշտ չէ որ հասկանում են ինչի մասին եմ խոսում, ու որն է տարբերությունը։
Տարբերությունը մոտավորապես այն է, ինչ երեխայի ու հասուն մարդու միջեւ։
Ո՞րն է երեխան։ Աչքի ընկնող առանձնահատկությունները՝ ձեւավորված անձ չէ, ինքն իրեն պահել չի կարող, կախված է այլ մարդկանցից, ծնողներից, առանց ում գոյատեւել ունակ չէ։ Երեխան ունակ է սպառել, սակայն։ Հիշեք թռչունների ձագերին, որ կտուցը բաց սպասում են երբ ծնողները ճիճու կդնեն դրա մեջ։
Կարեւոր է, որ սկզբից երեխաները նույնիսկ ունակ չեն տարբերել իրենց արտաքին աշխարհից։ Հետո քիչ քիչ հասկանում են, որ նա եւ մայրը մեկ չեն, որ կան խաղալիքներ, որոնց նա ձգտում է, ու դրանք նույնպես իր մասը չեն, առանձին են։ Այսպես ձեւավորվում են իր ու աշխարհի միջեւ սահմանները, ու ստեղծվում անձը։ Անձը ունի սահմաններ, ու հասուն անձի սահմանները լղոզված չեն, այլ հստակ գծված։
Բնական է, որ երբ այդ սահմանները հատում են այլ մարդիկ, դա հաճելի չէ։ Այդ պատճառով հասուն մարդն ունենում է ազատության, անկախության պահանջ։ Անկախ լինելու համար անշուշտ պետք է անկախ լինելու պահանջը, ու դա անհրաժեշտ, սակայն ոչ բավարար պայման է։ Հասուն մարդը նաեւ պետք է ունակ լինել ինքն իրեն պահել։ Օրինակ՝ կարողանա այնքան փող աշխատել, որ ունենա տուն, սնունդ, հագուստ։ Այնպես, ինչպես պետությունը չի կարող գոյատեւել առանց նորմալ տնտեսության ու հաճախ, բանակի։ Այլ օրինակ, երբեմն այնպես է լինում, որ արդեն իսկ մեծացած, ուսում ստացած երեխաներին ծնողները լավ աշխատանքի են տեղավորում, ու այդ երեխաները սկսում են աշխատել բավականին շատ փող։ Բայց դա նրանց չի դարձնում հասուն մարդ, նրանք մնում են երեխա, ով փող է կարող աշխատել, որովհետեւ չունեն ազատ լինելու պահանջ։ Եւ վերջապես, հասուն մարդը ստեղծագործող է։ Ամենաքիչը, ինչ կարող է անել հասուն մարդ, դա ստեղծել երեխային եւ ապահովել նրա կյանքն ու անվտանգությունը։ Իսկ ինքնառեալիզացիան, ինքնաակտւոալիզացիան հասուն անձի հասնելու նպատակն է։
Այսպես եւ էթնոսը՝ չունի ոչ լավ ձեւավորված արժեքներ, ոչ դրանք պաշտպանելու համար անհրաժեշտ սահմաններ, հետեւաբար ոչ էլ անկախ լինելու պահանջ։

Ինչպե՞ս է ստացվում, որ էթնոսը դառնում է ազգ։ Հիշենք, որ Ազգը — հասուն է, էթնոսը — երեխա։ Ու ինչքան շատ կան այդ էթնոսում հասուն մարդիկ, այնքան շատ է այն մոտենում ազգ լինելուն։ Մենք գիտենք, որ այն մարդիկ ով իրենց չեն սիրում, չեն կարող սիրել այլ մարդկանց։ Իհարկե բնական է որ այպես եւ այն մարդիկ, ով չունեն անկախ լինելու պահանջ, չեն հասկանում այլ մարդկանց ազատ լինելու ցանկությունը, ու բնական է, չեն հասկանում, ինչին է պետք իրենց ազգին անկախ լինել։
Օրինակ, ես կարծում եմ, որ «գնալովի» մարդկանց զգալի մասը երեխաներ են։ Նրանք, երբ ինձ հետ զրուցում են, եւ փորձում են «արդարեցնել» իրենք իրենց իմ աչքերի մեջ, հաճախ ասում են՝ «այո, դու ճիշտ ես, բայց մինչեւ ստեղ լավանա, մեր կյանքը կանցնի, իսկ մենք ուզում ենք վայլել, համտեսել այն ինչ կարող ենք»։ Հասուն մարդը գիտի, որ ամենը չես համտեսի, ու գնահատում է ստեղծագործելը, ոչ թե սպառելը։ Նա նաեւ գիտի, որ առաջացած խնդիրները պետք է լուծել, ոչ թե փախչել դրանցից։ Եթե նա ունի հարեւան, ով բարձր երաժշտություն է միացնում, կամ պարբերաբար ջրում է, նա որպես կանոն հակված է այդ խնդիրը լուծել, ոչ թե վաճառել տունը եւ գնալ այլ տեղ ապրելու։ Որովհետեւ այլ տեղ կարող են լինել նույն խնդիրները, եւ դրանք պարզապես պետք է լուծել։

Այսպես ինչքան շատ կան հասարակության մեջ ոչ հասուն մարդիկ, այնքան քիչ զարգացած է այն ընդհանուր առմամբ, ու այնքան քիչ ազգ դառնալու շանս ունի այսպիսի էթնոսը։
Սա էր տարբերությունը։ Այսինքն մեզ պետք են հասուն մարդիկ։
Ինչն է ինձ անհանգստացնում, որ «հայեցի» վարքագիծը հաճախ չի խրախուսում, ու նույնիսկ արգելում է երեխաների աճը, դրանց հասուն դառնալու պոռթքկումը։
Նրանք նույնիսկ ամուսնանալուց հետո ապրում են այլ ընտանիքներում, հաճախ դիմում նոր «բարեկամներին» ասելով «մամա» եւ «պապա», եւ մնալով ընդմիշտ երեխաներ։
Այս մասին կփորձեմ գրել հաջորդ տեքստում։
ու տենց

ասք ռաբիսի մասին երեք

Կորնելին հոդված է գրել այն մասին ինչպես սիրեց ռաբիսը եւ որտեղ մասնավորապես ասվում է՝

Ես էլ, ինչ մեղքս թաքցնեմ, նույն վերաբերմունքը ունեի ռաբիզի նկատմամբ: Մինչեւ որ Հայաստանը չհեղեղեց ռուսական շանսոնը (թե ասա, ով է էդպես անվանել “բլատնյակը” եւ հիմա մեկ “շանսոն“ բառով նկարագրում է Ազնավուրին, Պիաֆին եւ Беломорканал քրեածին խումբը): Եվ եւս մի երաժշտական ուղղություն, որի անվանումը նույնիսկ չգիտեմ, բայց հեշտ նկարագրելի է եւ ծանոթ. սարսափելի կովկասյան ակցենտով ռուսերեն երգում են “Кайфуем” եւ այլ նմանատիպ բաներ: Անվանենք սա էլ կովկասյան շանսոն:

Այս շանսոնները վերապրելուց հետո, երբ որ անցավ հոգեբանական տրավման, ես հասկացա, որ ռաբիզը իրականում շատ հումանիստական շարժում է, առավել եւս՝ համեմատած երկու տիպի շանսոնների հետ:

Տեսեք, ռուսական շանսոնը գովերգում է եւ հերոսացնում

● բանտախցերում տեղի ունեցող անցուդարձը,

● գողական բարոյատրամաբանությունը

● օրինախախտումները,

● եւ այլ հանցանքները:

Կովկասյան շանսոնը փառաբանում է

● ուտուշ-խմուշը,

● չալաղաջը,

● թեթեւ թմրադեղերը,

● թեթեւաբարո կանանց,

● եւ այլ էպիկուրական խրախճանքները:

Իսկ մեր, հարազատ ռաբիզը երգում է

● եղբայրության,

● ընտանեկան արժեքների,

● ընկերների,

● բարության,

● եւ այլ վեհ եւ բարոյական հանգամանքների մասին:

Բա սրանից հետո ո՞նց չուզենաս, որ ռաբիզի բարոյական պաթոսը հաղթի շանսոնին:

Ես կարծում եմ, որ կայացած արժեքներից հասարակությունը հրաժարվում է միմիայն էվոլյուցիոն ձեւով, երբ նոր արժեքները համայնքի գոյատեւման համար էֆեկտիվ են լինում։ Ռուսական եւ կովկասյան «շանսոնը» չի կարող փոխարինել հայ հասարակության արժեքները, ինչպես եւ չեն կարող դա անել արեւմտյան ֆիլմերը։ Ավելին, մենք խնդիր չունենք արժեքներ փոխելու, մեր արժեքները բավականին լավն են, պարզապես այդ արժեքների ռեալիզացիան է պետք դարձնել ավելի ցիվիլ, եւ ականջը ոգոնների պոեզիայի պես չտանջող։
Իսկ ռաբիսի վտանգը իմ համեստ կարծիքով հենց այն է, որ ռաբիսից շանսոն ավելի հեշտ է անցնել, քան ռաբիսից լավ հայկական երաժշտություն։ Լավ հայկական երաժշտությունը օրդինար հայի ականջին օտար է հնչում, դա է խնդիրը։

Ու ինչպես եւ բրենդերը, ամեն ազգը ունի differentiation, եւ ունակ չէ գոյատեւել առանց դրա։ Եթե մենք բոլորս խոսենք եւ երգենք թուրքերեն/ռուսերեն/անգելերեն/ներմուծել ձերը, ապա ինչների՞ս է պետք առանձին պետություն, եթե չկան սեփական արժեքներ որ արժանի են պահպանելու։
Այդպիսի differentiation որոշ ժամանակ ապահովվել է եկեղեցին, ու բարեհաջող, քանի որ կրոնը ամբողջ աշխարհում էթնոսի ձեւավորման բաղադրիչ պայմաններից էր (տես Գումիլյովի էթնոգենեզի տեսությունը)։
Սեփական արժեքների չարտահայտված լինելն է որ ես համարում եմ արտագաղթի ամենամեծ պատճառներից մեկը։
Այդ պատճառով է որ զարգացած մարդկիկ լքում են Հայաստանը, նրանք զգում են իրենց բարբարոսների երկրում։ Ի՞նչ կարող է առաջարկել հայկական ժամանակակից մշակույթը այդ մարդկանց, եթե պոպ երաժշտության լավագույն ներկայացուցիչները համարվում են Թաթան ու Նունեն։

Իսկ ռաբիսի հետ «պայքարելն» անիմաստ է, դրան պետք է լինի լավ այլընտրանք, ու այդ այլընտրանքը պետք է ստեղծել։ Ինչու չի ստեղծվում հիմա՝ այլ հարց է ու ես կարծում եմ որ դա չկազմակերպվող կապիտալի խնդիր է, երբ ՀՀ-ի սահմաններից ներս անհնար է փող աշխատել, իսկ Կալիֆորնիայի շուկայում, որտեղ հայերը եւ թուրքերը իրար չէին տարբերի եթե ոչ կրոնը(եւս մի differentiation), վաճառվում է հենց ռաբիսը։

Ու այդ պատճառով է որ պարսիկները մաքրում են իրենց լեզուն արաբերեն բառերից, ու այդ պատճառով է որ Կոմիտասը զտել է հայկականը երաժշտության մեջ։ Որոշակի աշխատանք կատարվում էր խորհրդային Հայաստանում հայկականը վերգտնելու (որովհետեւ կորցրած եւ մորացված էր) ու զարգացնելու։
Այդ պատճառով է որ ՀՀ ամենակարեւոր խնդիրներից է հայ մշակույթը զարգացնել, օտարալեզու դպրոցներ բացելու տեղը։

Իսկ differentiaion-ը վատ բան չէ։ Այն աշխարհը դարձնում է զանազան ի տարբերություն գլոբալիզմի։

ու տենց