2018-04-27-3085816

ինձ ապշեցնում ա ոնց կարող են որոշ, կարծես թէ խելացի մարդիկ, ենթադրել, որ էդ ոչինչ, եթէ լինի կկ֊ն, էդքան վատ չի, որ դա որեւէ չափով ընդունելի outcome ա։ ըստ իս կկ֊ի կողքը եւ սս֊ն, եւ գալուստը լրիւ նեաշ են, լրիւ։

ես համամիտ չեմ կարէն վարդանեանի հետ, որ սս֊ն չէր ուզում լինել վարչապետ, բայց իրեն ստիպեց իր շրջապատը։ այսինքն, չեմ բացառում որ դա նոյնպէս տեղի ա ունեցել, բայց իմ կարծիքով սս֊ն ընդհանուր առմամբ իր իսկ ստեղծած իրավիճակի պատանդն էր դարձել։

լտպ֊ի ժամանակ կար քաղաքական դաշտ, ու կային քաղաքական քննարկումներ, փաստարկներ, եւ հակափաստարկներ։ ռկ֊ից սկսած մեզ մօտ քաղաքական դաշտը լաւ մաքրւում էր, ու քննարկումների եւ փաստարկների շրջանն աւարտուեց։ փոխարէնը կար առաջնորդի կարծիք, եւ չհամաձայնողները պարզապէս լռեցւում էին, մեղմ ասած։

բնական ա, որ եթէ պետութիւնում ա տիրել նման վիճակ, արտայայտուած տարաձայնութիւններ կուսակցութեան ներսում տեղ չունէին։ կար որոշակի ներքին դարուինիզմ, ով ում կոկորդը կը կրծի, բայց դա հիմնականում չէր վերաբերում քաղաքական օրակարգին, այլընտրանքային տեսլականներին։ տարօրինակ էլ կը հնչէր, եթէ ինչ֊որ մէկը միանար հհկ֊ին զուտ իր քաղաքական տեսլականներն առաջ տանելու համար։

ի տարբերութիւն, ամն֊ի համակարգում կուսակցութեան ներսում կայ բաւական լայն range կարծիքների եւ լուծումների։

այս վիճակում սս֊ն չէր կարող ունենալ որեւէ մէկին, ում կը կարողանար վստահել երկիրն ու կուսակցութիւնը։ որովհետեւ նա ինքը շրջապատեց իրեն շեստեօրկաներով, ու մարդկանցով, ում նա ինքը վստահել չի կարող։ այդ պատճառով էր նա իրավիճակի պատանդ։ նա հասկանում էր, որ ցանկացած պոտենցիալ մարդ համ վստահելի չի պետութեան համար, համ իրեն՝ սս֊ին ցանկացած պահին կը քաշի, համ կուսակցութեան շահերի համար։

այդ էր պատճառներից մէկը, որ բերուեց այլ մէկը՝ դրսի մարդ, ով ոչ միայն կուսակցութեան, այլ եւ հայաստանի հետ շատ կապ չունէր։ միւս պատճառն էր՝ գործող իշխանութեան բնաւ լեգիտիմ չլինելը՝ ժողովրդի աջակցութիւն չունենալը, ու այդ քայլը նաեւ կարող էր իրենց օգնել՝ ոնց որ թէ մի քիչ թարմ, ու մի քիչ արտաքնապէս քաղաքակիրթ մարդ ներկայացնելով։

սս֊ն նաեւ, իմ կարծիքով լաւ հասկանում էր, որ կկ֊ն աւելի կառավարելի ա դրսից, քան նոյնիսկ ինքը՝ սս֊ն, ու որ կկ֊ին հայաստան վստահելը նոյնիսկ աւելի վատ միտք ա, քան հայաստանը վստահել իրեն՝ սերժին։

այդպիսի քաղաքական դաշտում նոր աստղերի յայտնուելը գրեթէ բացառւում ա։ ու զարմանալի չի, որ նիկոլն էլ հին մարդ ա։ նոր մարդ չի։

ի դէպ, եթէ իշխանական մեդիան ունենար որեւէ մի պատրուակ նիկոլի գլխին կեղտ թափելու, այն լրիւ օգտագործուելու էր՝ ասելու էին՝ դո՞ւ չէիր ով այն օրը սենց բան ա ասել կամ արել։ բայց փաստացի իրենք ոչ մի բան նիկոլի վրայ չունեն։ ոչ ոք չունի։ այս մարդը մաքուր ա մնացել, ու նոյնիսկ հակ֊ից ա գնացել որովհետեւ դէմ էր բհկ֊ի հետ համագործակցութեանը։ եւ շատ ծիծաղելի ա, որ եթէ դու չես գնում բհկ֊ի մօտ, բհկ֊ն գալիս ա քո մօտ։ յուսանք կը գայ։

մի քիչ շեղուեմ, ու խօսել լեգիտիմութիւնից։ բոլոր քաղաքական տեսութիւնների համաձայն, իշխանութիւնը չի կարող պարզապէս լինել իշխանութիւն, նրան պէտք ա լեգիտիմութիւն։ առաջ այն ստանում էր աստծուց, ասենք եկեղեցում միջոցով, իսկ հիմա այդ լեգիտիմութիւնը ձեռք ա բերւում ժողովրդից՝ ընտրութիւնների միջոցով։

ու շատ կարեւոր ա, որ իրենց համար էլ ա ակնյայտ, որ ֆարս ընտրութիւններով անցնելը, բնաւ չի նշանակում որ իրենք ունեն լեգիտիմութիւն։ նոյնիսկ եթէ մարդը կաշառք ա վերցրել ու քուէարկել ա հհկ֊ին, ապա միեւնոյնն ա, դա չի դարձնում հհկ֊ն լեգիտիմ, քանի որ խարդախութիւնը մնում ա խարդախութիւն։ ու կաշառք վերցնողն էլ այդ մասին գիտի, իր համար էլ այդ իշխանութիւնը ում համար նա քուէարկել է, լեգիտիմ չի կարող լինել։

նիկոլը բաւական գրագէտ խփում էր հէնց իշխող կուսակցութեան եւ անձամբ սս֊ի լեգիտիմութեանը։ ու նաեւ ձեռք էր բերում ժողովրդից իր լեգիտիմութիւնը՝ ասենք բանակցութիւններ վարելու։

ու դա չէր կարող չաշխատել։ սս֊ն իմ կարծիքով չի գնացել, որովհետեւ իրեն զանգել ասել են։ սս֊ն գնացել ա, որովհետեւ գիտակցել ա, որ նա ապրում ա այլ դարաշրջանում, այլ մարդկանց հետ, որ մարդիկ էլ այլ են քան տաս տարի առաջ, որ իրավիճակն ա այլ, որ ընդդիմադիրներն են այլ, ու որ եթէ առաջ նա ունէր հ1 որին կարող ա հաւատար բնակչութեան բաւական մեծ տոկոս, ապա այսօր հ1֊ը բացարձակ վստահելի չի, ու չնայած մեդիան գրեթէ ամբողջութեամբ վերահսկւում ա, միեւնոյնն ա, կան մի քանի վստահելի լրատուամիջոցներ։

սս֊ն լինելով չլեգիտիմ իշխանութիւն կառավարուող էր երեւի թէ բոլո՛ր հետաքրքրուող դրսի ուժերի կողմից։ ու սս֊ն էլ գիտէր որ նա հայաստանի համար ամենալաւ մարդը չի։ ինձ թւում ա, նա պէտք ա որ թեթեւացած լինէր գիտակցելով որ պատի վիճակ ա, ու նա անելու քայլեր չունի ու պէտք ա հեռանայ։

ու նա հասկացաւ որ եկել ա ժողովրդավարութեան եւ օրէնքի ժամանակը, եւ իր՝ հեռանալու ժամանակը։ ու նա հասկանում ա, որ բաժանած սֆերաները, հարկեր չվճարելը, ազատ շուկայական յարաբերութիւնների բացակայութիւնը՝ հայաստանի տնտեսութեան վրայ վատ են ազդում։

լրիւ անիմաստ էր այդ պատի պարագայում մի հատ էլ բռնութիւնների դիմել։ դրանցից յետոյ նա հեշտ չէր պրծնի, իրեն դատելու էին ամէն ամէնի համար ու ոչ մի բանի վրայ աչք չէին փակի։ ճիշտն իր կողմից անմիջապէս հեռանալն էր, եւ հէնց այդ ձեւակերպումով, ճանաչելով որ նա սխալ էր, իսկ նիկոլը՝ ճիշտ։ ու դա նոյնիսկ երեւի թէ արժանավայել հեռացում էր։

հիմա ստեղծուած իրավիճակի մասին։ իմ հասկանալով կկ֊ն կպած չի ուզում զիջել իշխանութիւն, ու հհկ֊ի որոշ օղակները նոյնպէս։ բնական ա՝ իրենք չեն ուզում չլինել լիազօրուած, իրենց պէտք են գերշահոյթներ։

կկ֊ն հայաստանի հետ կապ չունի։ գալուստը գոնէ ունի ձկներ, ասենք, որ խմում են արարատեանի ժողովրդի ջուրը, նա ունի կորցնելու բան։ սս֊ն հայաստանում ունի կորցնելու բան, ու նա պէտք ա որ աւելի շատ մտածի իր քայլերի մասին, քան կկ֊ն, ով կարող ա պարզապէս հրդեհի հասցնել իրավիճակը, ու ցանկացած պահի թռնել ռուսաստան։ ու ակնյայտ ա, որ կկ֊ն այստեղ չունի նաեւ շահեր, իր շահերը՝ լրիւ ռդ֊ի շահերն են։

եթէ աժ֊ն ընտրի հհկ֊ական վարչապետ, էդ բերելու ա նրան, որ պրոտեստները չեն դադարելու, նոյնիսկ ուժեղանալու են։ ապա նոր վարչապետը, ով արդէն կունենայ իրեն ենթարկուող ոստիկանապետ ու շտաբի պետ(կարեւորը շտաբի պետն ա, նախարարին չեն ենթարկւում զինուորականները, այլ շտաբի պետին), քանի որ չի տիրապետելու իրավիճակին, կը հռչակի արտակարգ դրութիւն։ եթէ մենք արհամարհենք կամ չարհամարհենք այն, երկու դէպքում էլ ոչ մի լաւ բան չի լինելու։

եւս մի անգամ բոլորի համար պարզ կը լինի, որ հհ իշխանութիւնը ոչ մի կապ չունի հհ քաղաքացիների հետ։ ոչ մէկ չի կարողանայ ասել՝ թէ դուք իրենց ընտրեք էք։ ու թէ ընտրութիւններն արդար էին։ այսինքն՝ կասեն, բայց էդ ակնյայտ սուտ ա։

ասում են, թէ ո՞րտեղից երաշխիք, որ նիկոլը չի դառնայ նոր վիշապ։ ժողովուրդ, կկ֊ի համար արդէն ամէն ինչ կայ։ արդէն կա վիշապային համակարգ, մնում ա միայն գալ ու այն ղեկավարել։

նիկոլը նոյնիսկ եթէ լինի վարչապետ, իր գործը լինելու ա ահաւոր բարդ, ու ուժերը լինելու են որոշակի բալանսի մէջ։ ակնյայտ ա որ նախկին իշխանութիւնը իր դիրքերը ուժեղ չի զիջի, պլիւս մենք ունենք բհկ, եւ դաշնակներ, եւ եսիմում։ ու նիկոլին ահաւոր բարդ ա լինելու ամէն մի օրինագիծ առաջ տանելը։ ի՞նչ վիշապ դառնալու մասին ա խօսքը։

հա բայց դա հեչ։ այն պահից ոնց աժ֊ն քուէարկի ոչ նիկոլի համար, երկիրը գնալու ա դէպի աղէտ։ ոչ մի բան չի լաւանալու, միայն վատանալու ա, չհաշուած առաջին օրերի շատ լարուած վիճակը։

ինձ թւում էր, որ այսօր չպէտք ա լինէին մարդիկ, ով կասեն՝ «մէկ ա բան չի փոխուի», քանի որ պէտք ա տեսած լինէին, որ լեգիտիմութիւն չունենալը մի բան փոխում ա։

միակ բանն ինչ կարող ենք անել՝ դուրս գալ փողոց, ու լինել շատ։ այսօր տուն վերադառնալիս տեսայ շատ լաւ լուսանկարիչ աղջիկ, խօսեցի հետը։ ասաց՝ ինձ մէկ ա, ես նեյտրալ եմ։ մէկ ա բան չի փոխուի, ես իմ եանը քաշած ապրում եմ։

ու ես հասկանում եմ, որ գրելն էլ կարեւոր չի, մեդիա պատերազմներն էլ կարեւոր չեն։ մարդկանց զգալի մասը բաւական խելացի ա որ հասկանայ որ հհկ֊ն հայաստանում տեղ չունի։ ու ես չեմ էլ ուզում լսել մեդիա պատերազմների մասին, կամ տտ֊ն ինչ կարող ա անի, որ օգնի որ քիչ սուտ լինի ինտերնետում, քանի որ իրականութիւնը փողոցում ա։ իրականութիւնը քաղաքի փողոցում ա, ուր հաւաքւում են իրական, շօշափելի, շնչող, կենդանի մարդիկ։ այդ մարդիկ են իրականութիւնը, իսկ ինչ ես գրում եմ, կամ ով գրում ա, էական չի։ #հայաստան #քաղաքականութիւն #յեղափոխութիւն #ազատութիւն

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝ հայաստան  քաղաքականութիւն  յեղափոխութիւն  ազատութիւն