բնականաբար, ոչ գրածներս են շատ դուր գալիս, ոչ էլ շարադրելու ձեւը։

ես կը վերացնէի մատեանը՝ ուրիշների ուղեղները չաղտոտելու նպատակով։

ֆեյսբուքն այդ առումով աւելի քիչ պատասխանատւութիւն է ենթադրում։ գրեցիր մի յիմարութիւն, մի քանի երիտասարդ եւ անփորձ հիացան մտքերովդ, բայց ոչ աւել՝ կանցնի, կը գնայ։ ոչ մէկ չի գտնելու հին գրառումներդ, որոնցից ինքդ էլ ես արդէն ամաչում, ու չի կարդալու այն, որ ինքդ էլ արդէն լաւ չես հասկանում, ինչու ես գրել։ ու ոչ մի փնտրելու համակարգ հին ֆբ֊ի գրառումդ չի մատուցի անփորձ ուղեղի։ իսկ տպաւորութիւնն որ վեհ ես եւ խելացի՝ մնալու է։

այսօր մատեան պահելու պատճառներն են՝
— ամաչում եմ, ճիշտ չեմ համարում հետեւիցս մաքրել, որ ոչ ոք չիմանայ ինչեր եմ դուրս տուել։
— ինչ կամ, սիրելիներս դա եմ, որ գլամուր տեսքիս չխաբնուէք, ու չմտածէք որ աւելի խելացի եմ քան կամ։

մատեանը շարունակելու պատճառներն են՝

— միտք արտայայտելը ստիպում է ինքդ քեզ, ու այդ միտքն հասկանալ, իսկ յետոյ ձեւակերպել։ ընթացքում արդէն երբեմն (լաւ կը լինէր աւելի յաճախ) հասկանում ես, որ յիմարութիւն է, ինքդ էլ մտքիդ հետ համամիտ չես, ու կամ այլ բան ես գրում, կամ էլ չես գրում ընդհանրապէս։
— լաւ պատճառ է վերջապէս սովորել մտքերը ձեւակերպել։

ինձ թւում է, ես պէտք է նորից սովորեմ գրել։ նշանակում է, մասնաւորապէս, լիքը էքսպերիմենտներ անել, ու չգիտեմ, արդեօք կը կարողանամ բաւական ժամանակ յատկացնել, կամ արդե՞օք արժի։ աւելի լա՞ւ չի, մի քիչ էլ փողոցներով ընկնեմ լուսանկար անեմ (երկու յաջող ընտրուած օբյեկտիւ, ու մի քիչ հետաքրքրասիրութիւն, ու մարդիկ ստանում են իրենց համար հետաքրքիր, իրենց մասին, իրենց քաղաքի մասին նկարներ), կամ նախագծերիցս մէկի հրապարակուած, կամ ոչ այնքան, կոդը բզբզեմ, գուցէ մի բան ստացուի, որ մարդկութեան համար, կամ գոնէ նոյն անփորձ ուղեղների համար, աւելի կիրառական կը լինի, քան, հմ, այս տեքստերի կոյտը։

իսկ ամենալաւ բանն ինչ կարող եմ անել, ու որի համարձակութիւնը ես չունեմ, շատ պարզ է․ դա փողոցի շուն վերցնելն է։ այդպէս գոնէ հաստատ գիտես, որ ինչ֊որ մէկի համար լաւ, կարեւոր բան ես արել։

ու տենց

2 կարծիք «…»-ի վերաբերյալ

  1. Քոմմենթ էս բլոգը հաճախ կարդալու մասին ։Ճ
    Հ.Գ. Թենք յու

    1. քե՛զ շնորհակալութիւն։

Մեկնաբանությունները փակված են: