ասք պակասող արհամարհանքի մասին

այս տեքստը վաղուց էի ուզում գրել, բայց ինչեւէ։

ուրեմն, վերջերս վաթինեանի ցուցահանդէսն է բացուել, ուր շրջանակների մէջ, տրանսլիտով գրուած է, ասենք՝ «STEX MENQ @NKERNEROV TJJUM ENK» կամ ասենք «ES EN NKARNERIC A VOR PITI ZGAS» եւ ինձ ամենաշատ դուր եկած գործն ասում էր՝

DSCF2156

յիշեցի երկու պատմութիւն․

Ա․
խոհանոցում ես իմ համար թէյ էի լցնում, ինչ֊որ աղջիկներ էին նստած, ուրախ էին, ու երեւի այդ ուրախութիւնից ինձ դիմեցին, ինչ֊որ այդ «լաւագյոն ուսանող» ծրագրից էին խօսում։

ես էլ արտայայտուեցի, որ կարծում եմ, որ մեր մօտի hall of fame֊ը hall of shame է, որ ես տը մտածում էի սա կամ նա նորմալ մարդիկ են, կարծես նորմալ են հագնւում, կարծես տգէտ չեն, բայց գնում են, ՍՍ֊ի ձեռքից մրցանակ են ստանում։

զարմացան՝ ասացին, բայց ի՞նչ կայ։

ասում եմ՝ ակնյա՞յտ չի, որ դա լեգիտիմ դառնալու, երեւալու ձեւ է, որ տեսէք, այս խելացի մարդը, որը անկասկած խելացի է, լաւ է սովորել, լաւ տեսք ունի, «սիրուն բոյով» աղջիկ է ասենք թէ, իմ ձեռքերից մրցանակ է վերցնում, ձեռքս սեղմում է, միասին նկարւում ենք։

ուրեմն ոչինչ, որ արիւնոտ էր իշխանութեանս գալը, ուրեմն ոչինչ, որ կեղծիքներ են եղել, ոչինչ այն ամէնը, որը օրինակարգ լինելու հիմքը չի ամրապնդում՝ տեսէք, սա ամրապնդում է։

— պէտք է,— ասում եմ,— ոչ մէկ, ով արժանի է, չուզէր այդ մրցանակը ստանալ, ոչ մէկ չուզէր գնալ այդ լուսանկարում երեւալ, պէտք է այդ մրցոյթը իգնորուած լինէր։ ու ապա այս օրինակարգացնելու միջոցը չէր էլ կիրառուի։

— բայց, — ասաց ինձ ինչ֊որ մի աղջիկ վիրաւորուած,— այս 600.000֊ը ուսանողի համար փոքր փող չէ, չարժէ մեղադրել ուսանողներին։

— դէ, — ասում եմ, — փողի չափն ի՞նչ կապ ունի։ եթէ վաճառւում ես, ապա վաճառւում ես։

ինչ֊որ վեր կացան, գնացին։ սեղանին թուղթ մնաց, թղթի վրայ ֆոտոներ էին։
այդ աղջիկը մրցանակ ստացողներից էր՝ նոր էր ստացել։

հիմա, սակայն, որ տեսնում է միշտ ասում է՝ «բարեւ ձեզ»։ ինչի «մե՞զ», ես կարծես մի հատ եմ, բայց ինչեւէ։

Բ․

«Հակահարուած»֊ի Արտակին վերջերս սահմանել են։
Արտակը ինչ֊որ ստուարաթղթից տանկ է սարքել, մտել է դրա մէջ, ու քայլել է Երեւանով մէկ։ Այցելել է զանազան կառավարական շէնքեր, ներառեալ «բաղրամեան 26»֊ը, այնտեղ իրեն ասել են ոստիկանները՝ «զգոյշ եղիր, լոյսեր չունես, կարող է խփեն քեզ»՝ նա մայթով չէր ման գալիս, այլ աւտոմեքենաների գծով։

այսպէս, քաղաքով պտտուել է, գնացել է նալբանդեանի աած֊ի շէնքի մօտ, եթէ չեմ սխալւում, թողել է տանկն այնտեղ։ ասում են թէ՝ խփել է ինչ֊որ դարպասի ստուարաթղթով, նոր թողել֊գնացել է։

հիմա Արտակին դատում են՝ անցեալ շաբաթ դատ էր։

քանի որ աած֊ի աշխատողները հոգեւոր տառապանքներ տարան այդ դէպքից։

ահա թէ ինչպէս Արտակին սահմանել է իշխանութիւնը։

Եթէ իր արածը արհամարհուած մնար, կը ստացուէր, որ Արտակը յիմարի մէկն է։ Երեխայական բան է արել։

Բայց Արտակի արուածին արձագանք եղաւ։

Ապա նա յիմարի մէկը չէ, նա արդէն կարեւոր մարդ է՝ քաղաքական մոտիւներով հետապնդուող արուեստագէտ է, դիսիդենտ է, այլախոհ է։

մորալ․

Այս երկու պատմութիւնը չարհամարհուելու մասին էին։

Մեզ պակասում է արհամարհելը։

Չէի հրաժարուի այնպիսի իրականութիւնից, ուր եւ այդ մրցոյթը, եւ Արտակի զբօսանքը արհամարհուած լինէին։

Արհամարհենք զմիմեանս։ Ամէն։

2 կարծիք «ասք պակասող արհամարհանքի մասին»-ի վերաբերյալ

  1. Հավես հոդված էր, ավելացնելու բան չկա, լռիվ համամիտ եմ, իրոք երբ առհամահում ես իրավիճակը ավելի լավ է լինում, բոլորի համար և իրոք եկեք վերջ ի վեջո հասկանաք, որ այդ հոգու մեջ անտեր մնացած առժանապատվությունը չի կարելի՜ վաճառել, կանգնիր, մի փոքր մտածիր, թե քեզ որտեղ են ուզում “քցած լինեն” ։Դ

    1. հավես նկատի չունեմ հավես բաներ է կատարվել, նկատի ունեմ որ հետաքրիր էր շատ ։Ճ

Մեկնաբանությունները փակված են: