2015-10-06-1677271

իմ գերմանացի ընկերը, երբ ապրում է Երեւանում, վարձում է սենեակ ինչ֊որ մէկի բնակարանում։ դա եւ էժան է, եւ թոյլ է տալիս նրան շփուել ու ծանօթանալ մարդկանց հետ։

անցեալ անգամ նա վարձում էր մի մեծահասակ երաժիշտների ընտանիքում։ նրանք խօսում էին ռուսերէն, եւ ամէն օր անիծում էին պուտինին։ նա հարցնում էր՝ ինչպէ՞ս է դա հնարաւոր։

— ինչի, ռուսաստանում չկա՞ն մարդիկ ով պուտինին անիծում են,— ասում եմ։ — բացի դրանից, նրանք խօսում են ռուսերէն, որովհետեւ կիրթ մարդիկ սովորում էին կայսրութեան լեզուն, ու այն դառնում էր հիմնական լեզու կիրթ խաւի համար։ նորմալ է, որ կիրթ ու զարգացած մարդիկ հասկանում են, ով է նա, ու չեն պաշտում իրեն։ այդպէս եւ ստացւում է։

մի այլ անգամ նա ասաց՝

— ես ծանօթացել եմ ամերիկայից զբօսնելու եկած մի սփիւռքահայ ընտանիքի հետ։ նրանք լքել են հայաստանը ութսունականների սկզբին։ լրիւ կարծրատիպային ամերիկացու տեսք ունէին՝ չաղ, համբուրգեր ուտող։ երբ մենք խօսեցինք ռուսաստանի մասին, իրենք յարգանքով ասացին՝ «ռուսաստանը տուել է հայերին հող որ նրանք ապրեն, բազմանան։ ու նայեց ինձ ու ընկերոջս, մի տեսակ կայծերով իր աչքերում, հետեւելով մեր ռեակցիային։ ես ուզում էի սկսել բացատրել, սկսելով նրանից, թէ ինչպէս է դա կապուած իրենց լքելու ժամանակի հետ, բայց այդ պահին ընկերս չդիմացաւ եւ գոռաց՝ «this is bullshit!»։

նա հիմա ապրում է մեծահասակ կնոջ տանը, ով նախկինում ճարտարագէտ էր աշխատում։ մասնակցել էր իննսունականներին ՏԻՄ ընտրութիւններին, հիասթափուել էր, իր խօսքերով, երբ տեսաւ որ իր վերադասները փող են գողանում, եւ լաւ բաներ, որ կարող էին անել, չէին անում։ հիմա խորացել է «այլընտրանքային բժշկութեան» մէջ։ իր այցելուներից մէկը՝ քաղցկեղով հիւանդ մարդ է, եւ նա հաւատում է, որ իր շարժումներով կարող է բուժել նրան։ «երբ ես արթնանում եմ, ու տեսնում եմ, որ խոհանոցում մարդ է պառկած, հասկանում եմ, որ չեմ կարող գնալ ջուր վերցնել»,— դժգոհում է մեր ընկերը։ ասում է, որ կինը նաեւ պաշտպանում է պուտինին։

— ինչո՞ւ ոչ, — ասաց տեղացի ընկերս — պուտինն էլ է «այլընտրանքային բժշկութեան» պէս մի բան։

#զրոյց #երեւան #քաղաքականութիւն

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝ զրոյց  երեւան  քաղաքականութիւն