ասք շփուելու մասին

դիսքլեյմեր․ ես հոգեբան չեմ բնաւ, ու չեմ էլ ուզում։ ես կարող է եզրերի սխալներ արած լինեմ։ ու ես բնաւ չեմ կարծում որ իմ ասածը ճշմարտութիւն է։ ես փնտրտուքների մէջ եմ ու փորձում եմ իմ մտքերը ձեւակերպել։ Սա բնաւ ձեռնարկ չէ։

մենք բոլորս սովորում ենք շփուել տարբեր եղանակներով, հաւանաբար դրա մէջ կարեւոր դեր է խաղում այն, ինչ շփում ենք տեսնում, երբ մեծանում ենք։

ուզում եմ մի երկու սայթաքելու, մոլորուելու ձեւի մասին գրել, որ քանդում է յարաբերութիւնները։

օրինակ սա՝ ենթադրութեան, մեկնաբանութեան եւ փաստի տարբերութեան մասին է։

ասենք․ «դու անասուն ես»։

«դու քեզ հեռու ես պահում»։

«դու միշտ կծում ես ինձ»։

«դու անզգայ ես»։

«դու թքած ունես»։

նախ, այս բոլոր արտայայտութիւնները վիճելի են։

«անասուն»․ կարո՞ղ է մարդ գտնուի, ով չի համարում որ նա անասուն է։ հաւանական է։

«հեռու պահել»․ կարող է թուալ եթէ մարդը յոգնած է, կամ այլ բանով է անհանգստացած։

«կծում ես»․ էլի վիճելի է։ մէկը կընկալի որպէս կծել, իսկ մէկը՝ որպէս մտահոգութիւն։

«անզգայ/թքած»֊ը կրկին վիճելի են, քանի որ սրանք մեկնաբանում են վարքագիծը։

Ի՞նչը վիճելի չէ։

Դիտարկումը, փաստը։ (ոչ բոլոր փաստերը, այդ մասին յետոյ)։

Օրինակ․

«դու ուշացար»։

«դու պարբերաբար նայում ես հեռախօսիդ»։

«դու ասացիր որ ինձ չես սիրում»։

«դու խօստացար որ կը զանգես, եւ չզանգեցիր»։

«Դու ուշացար»֊ը վիճելի չէ, եթէ դու իրօք ուշացել ես։

Իսկ «դու ասացիր որ չես սիրում ինձ» եւ «անասուն»֊ի մասին ուզում եմ առանձին ասել, որ դրանք համատեքստից կախուած արտայայտութիւններ են, թէկուզ եւ արուել են։ Իրենց համատեքստից դուրս դիտարկել չի կարելի, կարող է մարդուն այդ պահին շատ ցաւում էր, նա վիրաւորուած էր, ու դա հեչ պարտադիր չէ որ փաստի արձանագրութիւն լինի։

Այլապէս, ենթադրելով, մենք պիտակում ենք մարդկանց մեր մեկնաբանութիւններով։ Եւ զարմանալի չէ, եթէ մարդը մեր պիտակը իւրացնի, անկախ նրանից, թէ ինչ կապ ուներ դա իրականութեան հետ։

Նաեւ, մենք պիտակում ենք մարդկանց ասելով․ «կեանքիս սէրը», «ծրագրաւորող», «սպանիչ ծիտ»։

«կեանքիս սէրը» անկապ արտայայտութիւն է, քանի որ նա անձի մասին չէ։ սրանով դու նշում ես, որ նա գոյութիւն ունի քեզ հետ կապ ունենալով, ոնց որ իր միակ դերը քո «սէր» լինելն է, իսկ նա գոյութիւն ունի քեզնից անկապ, անկախ, այնպէս որ այսպէս ասելն անկապ է։

«ծրագրաւորողը» նոյնպէս անձի մասին չէ։ ոնց որ նա մարդ չէ, այլ ընդամէնը մասնագիտութիւն։ կամ ոնց որ այդ մասնագիտութիւնն արդեն ամէնը իր մասին ասում է, սահմանում է։ Ասելով «ծրագրաւորող» մենք անտեսում ենք, որ նա ունի իր հետաքրքրութիւնները, ձգտումները, վախերը եւ ցանկութիւնները։ Նա ռոբոտ չէ, նա կարող է լացել, կարող է հուսալ, կարող է երազել։ Այս ամէնը ոնց որ անտեսուած լինի, երբ մենք ասում ենք իր մասին՝ «ծրագրաւորող»։

Ասելով «սպանիչ ծիտ» մենք դիտարկում ենք նրան որպէս օբյեկտ, ում կարելի է ուզել, կպցնել, շահել, հետեւից ընկնել, կրկին մոռանալով, անտեսելով որ նա անձ է, ու իրեն կարող է ցաւել, նա կարող է ինչ֊որ բանից ուրախանալ։

Պիտակները գուցէ երբեմն օգտակար են, բայց վտանգաւոր են, երբ մենք ինդեքսաւորում ենք, կատալոգաւորում ենք մարդկանց այդ ձեւով։ Մենք նոյնիսկ կարող ենք մարդկանց ասենք մեղադրել կամ ներել այս կատեգորիաների ու պիտակների հիման վրայ։

Եւ, եթէ մարդուն շարունակ պիտակում ես, ապա վաղ թէ ուշ իրեն նայելիս կը տեսնես պիտակների ամպ, որի ետեւից մարդը հազիւ երեւում է։ Իսկ մեր ուզածը այդ հետեւինի հետ շփումն էր, ով չի երեւում։ Մեզ նա էր պէտք չէ՞ իրականում։

Ոչ մի բանն էլ հեշտ չէ, նոյնիսկ երբ պարզ է։ Այսպէս շփուելուն պէտք է վարժուել։

Ասենք, զրուցակիցդ պարբերաբար նայում է հեռախօսի մէջ, երբ դուք խօսում էք։ Դու արդեն արեցիր քո եզրակացութիւնը, նեղուեցիր, ուզեցիր կծել, կամ ասել՝ «դու ինձ արհամարհրում ես»։

Հապաղիր։ Յիշիր, որ սա ընդամէնը անկապ մեկնաբանութիւն է, հարցրու քեզ, որո՞նք են փաստերը։ Ի վերջոյ, եթէ դուք իրար հետ էք, ինչո՞ւ նա պէտք է քեզ իգնորի։ Դու կարող ես դիտարկում անել՝ «դու պարբերաբար նայում ես հեռախօսիդ»։ Առանց հնարած ենթադրութեան։

Սա ընդունելու մասն էր։ rx, receive։ Հիմա ուղարկելու, tx, transmit մասին։

Ինչպէ՞ս արտայատուել։ Ի՞նչ ասել։ Կրկին նոյն մօտեցումն է․ ասել այն, ինչը վիճելի չէ։

Մեր մտքերը, պիտակները, ենթադրութիւնները վիճելի են։

Մեր զգացմունքները սակայն վիճելի չեն։

Ուրեմն կարելի է ասել, թէ ինչ ես զգում։

Սա ինձ համար, օրինակ անչափ բարդ է։

Նաեւ, մեզ կարող է թուալ որ զգալու մասին ենք ասում, իսկ իրականում դա մտքի մասին է։

Ասենք․

«(Ես զգում եմ,) որ դու հեռու ես»։

«(Ես զգում եմ,) որ ես քեզ ձանձրացնում եմ»։

«(Ինձ թւում է,) աշխարհը փլուեց»։

«(Ինձ թւում է) դու հարձակուեցիր ինձ վրայ»։

Ինչպէ՞ս տարբերել միտքն ու զգացումը, հոյզը։ Օրինակ, եթէ կարող ես «ես զգում եմ»֊ի տեղը ասել «ես կարծում եմ», «ես մտածում եմ», ապա երեւի դու այնուամենայնիւ չես զգում, այլ մտածում ես։

Կարելի է փոխարինել «զգալը» «մտածելով», «կարծելով»։ Ապա չեղաւ։

Նաեւ այս բոլոր արտայայտութիւնները վիճելի են։ Ու այս արտայայտութիւնները ընդամէնը մտքեր են ձեւակերպում, հասցնում։ Ու դրանք կարող է իրականութեան հետ կապ չունենան։

Որպէսզի դրանք չսկսեն իրականութեան հետ կապ ունենալ, աւելի լաւ է դրանք իրականութիւն չբերել։

Մեզ թւում է, որ մենք շփւում ենք, արտայայտում ենք զգացմունքները, բայց մենք իրականում մշուշոտ բաներ ենք ասում, ու աւելի շատ տեղ ենք թողնում նոր մեկնաբանութիւններին ու ենթադրութիւններին։

Ես կարծում եմ, ցածր մակարդակի ծրագրաւորման փորձը տալիս է ունակութիւն հասկանալու, թէ ինչ է կատարւում իրականում, երբ ինչ֊որ ֆունկցիա ես կանչում։

Կարելի է իջնել աւելի ցածր լեւել։

Փորձենք։

«Ես զգում եմ, որ դու հեռու ես»․ Սա միտք է։ Կարող է իրականում վախի մասին լինել։ Չընդունուելու, մենակութեան, լքուած լինելու վախի մասին։ Բայց արի ու հասկացիր։

«Ես զգում եմ, որ ես քեզ ձանձրացնում եմ»․ միայն բառերը պարզութիւն չեն բերում։ Կարելի է ենթադրել որ սա անվստահութեան կամ վախի մասին է։

«Ինձ թւում է, աշխարհը փլւում է»․ շփոթուած լինելու մասին կարող է լինել։ «Ես շփոթուած եմ (զգում)» երեւի աւելի յստակ է արտայայտում իրականութիւնը։ Անզօրութեան մասին կարող է լինել։ Յուսահատութեան մասին է կարող լինել։

«դու հարձակւում ես»․ կրկին պիտակների մասին է։ Դու ես կարծում, որ այս գործողութիւնը «հարձակում» է։ Կարծում, ոչ թէ զգում։ Սա զգացմունքի մասին չէ։ Առհասարակ, եթէ գործողութիւն է, ապա ինչպէ՞ս է զգացմունք կամ հոյզ։

«ես զգում եմ տագնապ, յուզուած եմ, անհանգիստ եմ, երբ ձայնդ ես բարձրացնում» — երեւի աւելի իրիականութեան մօտ, ու աւելի քիչ վիճելի արտայայտութիւն է։

Այսպէս, մտքերով կիսուելիս մենք կարող ենք իրար մոլորեցնել ու փչացնել ցանկացած շփում, մտերմութիւն։

Նա պէտք է իր ենթադրութիւններն անի, որ հասկանայ ինչպէս ես քեզ զգում։ Եթէ ասենք դու կարեկցանք ես սպասում։

Ահաւոր բարդ է հասկանալ թէ ինչ ես զգում, ոչ միայն արտայայտել։ Ես ասենք, իմ զգացմունքների հետ կոնտակտի մէջ չեմ։ Բայց կարծում եմ, կարելի է վարժուել։

ի՞նչ անել։

երեւի այսպէս․

«ես վախենում եմ, որ դու ջղայնացած ես ինձ վրայ»։

«երբ դու ուշանում ես, ես վախենում եմ, որ դու երբեք չես գալու»։

«դու պարբերաբար նայում ես հեռախօսիդ էկրանին, ու ինձ հետաքրքրում է, ի՞նչ է մտքիդ։»

Այսպէս կարելի է միացնել երկու մասը․ դիտարկել փաստը, եւ արտայայտել զգացմունքը։

Սա բաւական բարդ է, եւ ինձ համար բաւական վախենալու է։ Բայց եթէ ես այսպէս անեմ, աւելի մեծ է հաւանականութիւնը, որ զրուցակիցս էլ այսպէս կանի ու մենք լրիւ չենք խառնուի։

Իհարկէ, շատ այլ կերպ ենք կարող սայթաքել եւ չհասկացուած մնալ շփուելիս։

Այսպէս, ես հիմա պարապում եմ կատուների վրայ, երբ շփւում եմ մարդկանց հետ։

ու տենց