ասք էմփաթիայի մասին

ուզում եմ պատմել, ինչու եմ էմփաթիա զգում Վանաձորցի երաժիշտների հանդէպ։

մի քիչ էլ Վանաձորի մասին։

Վանաձորը ուրիշ քաղաք է, աղքատ, այդ պատճառով նոյնպէս ուրիշ։

Քանի որ աղքատ է, մեր չզարգացած անճաշակ կապիտալը լիքը բան չի հասցրել այլանդակել (բայց կամաց կամաց այլանդակում է), ու քաղաքն աւելի ութսունականներում կամ իննսունականներում է մնացել։ իսկ դա ուրիշ է, օտար եւ զարմանալի է մեզ։ երբ տեսնում ես այգում նստած ծերուկներին, յիշում ես, որ Երեւանում էլ իրենք կային առաջ, իսկ հիմա չկան։

Այնպէս չէ, որ ծերուկներ այլեւս չկան, բոլորը վերջացել են, իրենք վերականգնուող ռեսուրս են, եւ չեն վերջանում, պարզապէս հիմա անհամեմատ աւելի քիչ են հրապարակային վայրերում տուսվում իրար հետ։

Հասարակական տարածքն է տրանսֆորմացուել, հո չեն գնա օպերայի սրճարաններում նստեն, դա իրենց տեղը չէ։ (չնայած իմ տեղն էլ չէ, ու ցանկացած գիտակից մարդու տեղն էլ չէ։ օպերայի սրճարանները՝ Երեւանցիների փտելու մասին են։)։ Այսինքն Վանաձորը մեզ համար նաեւ նման է դէպի անցեալ ուղեւորութեանը։

Վանաձորում մնացել են փախած կանգառներ, հաւէս նստարաններ, արդիւնաբերական բնանկարներ։

Այն լաւ է դիզայն արուած, լայն մայթեր, առուներ անձրեւի ջրի համար, ժամանակակից է, շատ կանաչ է, ծառուղիներով է։

Մի քանի օղակաձեւ խաչմերուկ՝ քաղաքի կմախքի հոդերն են։ Մինչեւ դա չես «ջոկում» միշտ մոլորուելու ես։

Հետաքրքիր դետալ դիզայնի մասին։

Երբ Ծյոման եկել էր Հայաստան, նա ապշած էր երբ Վանաձորում տեսաւ իր մտքի իրականացումը։ Գրել էր, որ երբ մտածում էր ինչպէս լաւացնել քաղաքները, առաջարկում էր ճանապարհային նշանները կախել ոչ թէ անմիջապէս սիւներին, այլ մի քիչ հեռաւորութեան վրայ դրանցից։ Ասում էր, նոյնիսկ տաս սանտիմետրը կստեղծի հաճելի ծաւալ, եւ կաւելացնի հաճելի ստուերեր։ Պարզւում է, որ դա հենց այդպէս էլ արուած է Վանաձորում։

Ինչո՞ւ Վանաձոր՝ հարցնում է Ծյոման։ Ինչո՞ւ ոչ այլ քաղաք Հայաստանում, կամ այլ քաղաք աշխարհում։

Բայց այցելելով Վանաձոր մենք ներում ենք ժամանակակից անճաշակութիւններն, ու լաւ չգիտենք, ինչքան չհանդուրժող է այս քաղաքը եւ մեր հանդէպ, եւ իր տարբերուող բնակիչների։

Քանի որ այն միեւնոյնն է մնում է չզարգացած, նախկին սովետի գաւառական արդիւնաբերական քաղաք, ուր ապրել են բանուորներ, ով սովորաբար սիրում են կարգինը, աւանդականը։

Իմ իսկ պապու եղբայրը, երբ դեռ կենդանի էր, ու ես իրենց տանը Վանաձորում էի, պատմում էր, ինչպէս երբ իր տղան ընկաւ քաղ մաս, դեռ կոմունիստների ժամանակ, նա գնաց ոստիկանութիւն որ տղային հանի, ոստիկաններին խնդրեց՝ մազերը կկտրէք, նոր բաց կթողնէք։ Ասաց մազերը կտրեցին, յետոյ դուրս եկաւ, թէ չէ չէի կարողանում իրեն մազերը կտրել տալ։

Շատ բնութագրող է Վանաձորի համար, որ այդ իմ քեռին հիմա նոյնպէս Վանաձորում չէ։ Դուրսն է։ Քանի որ գործ չկայ։ Երեխաներն էլ Ռուսաստանում են մեծացել, ասիմիլացել, իրենց աւելի ռուս են զգում, իսկ Վանաձորը մնացել է միայն մանկական յիշատակ։ Նոյնիսկ տատիկ պապիկ հիմա չունեն, որ գնան տեսնեն, ինչպէս գնում են գիւղ, որ գոնէ գիւղի պէս ասոցացուի Հայաստանը իրենց մօտ։ Ինչեւէ։

Վանաձորը աղքատ է։

Երեւանն է աղքատ, իսկ Վանաձորը անհամեմատ աւելի աղքատ է։ Բնաւ բարեկարգ չէ, ու երկրաշարժի հետեւանքները դեռ վերացուած չեն։ Ստեփանակերտում պատերազմի հետեւանք չես տեսնի, իսկ Վանաձորում՝ երկրաշարժի՝ կտեսնես։

Ու ուրեմն, Վանաձորցիներն են աղքատ։

Ու իրենց համար խնդիր են այն հարցերը, ինչ Երեւանի երիտասարդի համար՝ այնքան էլ չէ։ Ասենք կիթառի լար առնելը։ Նախ, թանկ է։ Յետոյ էլ, եթէ փող ես ճարել, աւելի լաւ է գնաս Երեւան, քանի որ Վանաձորում լաւ լար չես գտնի։

Իրենք բնական է, պէտք է փող աշխատեն, որ ապրեն։ Իսկ գործ չկայ։ Ու մէկը աշխատում էր ինչ֊որ գործարանում, ու այդ նոյն գործարանում տեղ էր խնդրել, որ իրենք փորձ անեն։ Յետոյ հանեցին այնտեղից։ Ասում է՝ չհասկացաւ ինչու։ Իհարկէ չհասկացաւ, սա Հայաստան է, այստեղ կարելի է առանց բացատրութեան գործից հեռացնել։ Ուրիշները լիքն են։ Յետոյ աշխատում էր վաճառող սուպերմարկետում։ Էլի հանեցին։ Մի աղջիկ վզին է կախում սիգարետներով տուփն ու խանութներում տղամարդկանց հետ է շփւում։ Ասում է, այդ Վանաձորցի տղամարդկանց հետ շփուելուց յետոյ ուզում է առհասարակ ոչ մի տղամարդ մի շաբաթ չտեսնել։ Ինչպէս են իր հետ խօսում, ու ինչպէս են իրենց պահում։

Իսկ երեւանցի երիտասարդները քիթ են ծռում ոչ շատ լաւ աշխատանքից։ Իրենց աւելի լաւ աշխատանք է պէտք, ինչպէս արաբներին «շաուֆ շաուֆ հաբիբի» հոլանդական ֆիլմում։

Վանաձորցիները չեն կարողանում իրենց թոյլ տալ այն, ինչ շատերն են թոյլ տալիս Երեւանում։ Ես քանի մարդ գիտեմ, ում ասենք հիանալի գործ էին առաջարկում։ Օրինակ՝ նստիր գրասենեակում ու թուիթիր։ Կամ նոյնիսկ մի նստիր։ Ու ասենք մի հարիւր հազար դրամ կտան։ Ու այդ մարդիկ աւելի են գնահատում իրենց ազատ ժամանակը, ու չեն գնում այսպիսի աշխատանքի։ Մտածում են՝ գարեջրի ու տաքսու փող ծնողներից կստանամ, ինձ հերիք է։ Կամ մտածում են՝ ընկերս այդ ծախսը իր վրայ է վերցնում, էլ ինչո՞ւ աշխատեմ։

Սա անթոյլատրելի շռայլութիւն է Վանաձորում։ Ու ես կասէի որ այսպիսի վարքագիծը, չաշխատելը, Երեւանցիների փտելու, նեխելու մասին է։ Երբ ես այդպիսի բաների հետ եմ առնչւում, ես դառնում եմ աջ կապիտալիստ, ես հասկանում եմ, որ մարդիկ երբեք չեն աշխատի, ինքնուրոյն չեն լինի, ոչ իրենց, ոչ հասարակութեանը օգուտ չեն տալու, եթէ կարող են չաշխատել։

Միւս կողմից, Վանաձորում համեմատաբար հեշտ է գտնել փորձատեղ։ Կան լքուած «դոմիկ»֊ներ, որ կարելի է ծանօթով վերցնել, կամ շատ էժան վարձել։ Այսինքն՝ պարապելու տարածքը խնդիր չէ։ Ինչը Երեւանում է խնդիր։

Միւս կողմից, որն է տարածքի որակը։ Երբեմն մտածում ես, որ այստեղ, այս դոմիկում անհնար է ոչ միայն խումբ, այլ մի հատ հարուածային գործիք տեղաւորել։ Իսկ այս տղան, ասենք, ապրում է ցիստերնայի մէջ։ Գրեթէ Դիոգենեսի պէս։ Մի կողմից, շատ հաւէս է ու ռոմանտիկ, մինչեւ չես մտածում, որ կարող է այլ տարբերակ չունի։

Ու երբ ուրիշներն են լսում, ինչպէս են իրենք պարապում, մտնում են, ասում են՝ լսենք։ Ու էդպես ուրիշներն էլ են ոգեւորւում։

Այդ պատճառով ես կարծում եմ, որ պէտք է «շոու օֆ» լինեմ իմ բորդերով ու աշխատանքով, որ մարդիկ տեսնեն ինչ է կարելի անել ու ոգեւորուեն։ Որ ստեղ մի քիչ տեքնո միջաւայր ստեղծուի, որը ինձ պակասում է։

Մէկը բացատրում էր, որ ի սկզբանէ այդ նուագելու մշակոյթը ձեւաւորուել է քանի որ կոմունիստների ժամանակ ամէն գործարան իր պարտքն էր համարում «ՎԻԱ»֊ներ (վոկալնո֊ինստրումենտալնի անսամբլ) ունենալ։ Չգիտեմ, ինչքանով է դա ճիշտ։ Բայց հիմա իրենք իրենց հարեւաններին են տեսնում, ու հետաքրքրւում։

Ժամանակը Վաանձորում դանդաղ է գնում։ Անելու բան չկայ, կեանքը շատ ծանր է։

Ու նուագելը իրենց համար նաեւ մի տեսակ սփոփանք է։ Այդ անելանելի վիճակից։

Բացի դրանից, Վանաձորում բողոքում են, որ չի լինում մի քիչ երկար մազերով քայլել, որ չկպնեն, չի լինում փողոցում համբուրուել, ազատ չեն զգում իրենց, ու իրենց համար Երեւանը մի տեսակ Նիւ֊Յորք է։

Ուր ազատ է, ու սովոր են քիչ թէ շատ, ու անկապ խնդիրների ու կռիւների մէջ չես թաթախուի։

Իսկ ժամանակ իրենք չեն զգում, այո։ Ասենք եթէ դու պէտք է լիքը գործ անես այդ մի օրուայ մէջ, Վանաձորցին կարող է հանդիպի հետդ, նստի ծխի հանգիստ։ Յետոյ էլի ծխի։ Յետոյ հարցնի, ի՞նչ գործով ես։ Յետոյ կնստի մի քիչ լուռ։ Ու իրենց համար Երեւանի ռիթմն է արագ։ Իսկ իրականում Երեւանի ռիթմը ահաւոր դանդաղ է։

Ինչպէս եւ մեզ մօտ, կան մարդիկ, ով զզւում է իրենց քաղաքից, ուզում է դուրս պրծնել։ Թէկուզ Երեւան։ Իսկ կան նրանք, ով հանգիստ է վերաբերւում, նոյնիսկ սիրում է այդ քաղաքը իր անյարմարութեամբ հանդերձ։ Ու չէր ուզի Երեւանում կամ որեւէ այլ տեղ ապրել։

Էդպէս, ու որ տեսնում եմ, որ այսքան ծանր իրավիճակում մարդիկ ահաւոր հետաքրքրուող են, ասենք թէկուզ երաժշտութեամբ, կամ լուսանկարչութեամբ, ես յուզւում եմ։ Քանի որ մեզ մօտ կարծես կիրթ մարդիկ, ահաւոր անտարբեր են ամէնի նկատմամբ, հետաքրքրուող չեն, ոչ մի բան չեն ուզում իմանալ։

Ասենք իմ աշխատանքի վայրում, եթէ մարդը գոնէ մի քանի րոպէ ազատ է, հինգ հարիւրից մէկն է հաւէս փորձ, հետազօտութիւն անելու, ու այդ մէկը Տիգրան Սարգսեանն է ու բացի նրանից որ կոյս չէ, նաեւ Երեւանցի չէ։ Մնացածը կնախընտրեն խաղալ, կամ սոց․ ցանցում մի բան սպառել։

Իսկ իրենք Վանաձորում այնքան ճնշուած են, այնքան վատ պայմաններում են, բայց ե՛ւ աշխատում են, փորձում են ինքնուրոյն լինել, իրենց սիրած գործի համար վաստակել, եւ ահաւոր հետաքրքրւող են։ Տարուած են։

Ու ես սիրում եմ երբ մարդիկ տարուած են։

Ինչով էլ լինի։

ու տենց

վայր՝ վանաձոր