ասք բացայայտումների մասին

պատահաբար լսեցի պայթած խողովակի մասին խօսք, ու յիշեցի «Մայրաքաղաք» ծրագիրը։ Այն գնում էր Հ2֊ով իննսունականների սկզբին։ Այո, պետականի երկրորդ ալիք կար, այն Ռոբերտի ժամանակ աննկատ դարձաւ «Պրոմեթեւս» եւ ցնդեց։ Ինչեւէ։ Յիշեցի, քանի որ այդ ծրագրով գրեթէ ամէն օր ինչ֊որ մի պայթած խողովակի մասին ռեպորտաժ էին անում։ ։Ճ

Այդ ծրագրի հետ իմ ամենավառ ասոցիացիան՝ շապիկն էր։
Սովորաբար, դեռ սովետի ժամանակներից, հայկական հեռուստատեսութեան ծրագրերի շապիկները, այն որ հիմա կոմպոզիտինգով հեռուստադիզայն են արւում, այդ շապիկները պարզապէս նկարչի պատրաստած պաստառներ էին։ Խցիկը նկարում էր այդ պաստառը մի երեսուն վայրկեան, կամ մէկ րոպէ, երաժշտութիւն էր հնչում, եւ հաղորդումը սկսւում էր։

Իսկ «Մայրաքաղաք»֊ը նորաձեւ էր, քայլում էր ժամանակի հետ համընթաց։ ։Ճ
Իրենց շապիկը էլի նկար էր։ Օպերայի շէնքն էր, եւ հետեւից մեծ կարմիր արեւ։ Բայց համակարգչով նկարուած։
Այն էլ շապիկը իրականում նկարելու պրոցեսն էր ցոյց տալիս։ Յայտնւում է այս գիծը, յետոյ այն, յետոյ այս շրջանը, եւ յետոյ կարմիր գոյնով դանդաղ դանդաղ, տող տողի ետեւից լցւում է գոյնով։

Իհարկէ, սա անիմացիա չէր։ Անիմացիան այն է, երբ արդեն լցուած պատկերը կարողանում ես տեղափոխել։ Իսկ իրենք նոյնիսկ չէին կարողանում արագ լցնել այն։ Զարմանալի չէ, հիմա կը բացատրեմ։

Ես անմիջապէս ճանաչել էի, որ սա արուած է ԲԿ֊0010 համակարգչով։ Եւ գոյներից, եւ այդ լցնելու ալգորիթմից։
Վիլնիւս Բեյսիկը ուներ կարծես PAINT հրաման, ու այն շատ դանդաղ էր աշխատում։ Օղակը գոյնով լցնելը կարող էր տեւել րոպէներ։ Օղակի կենտրոնական առանցքից ձախ էր գնում, մինչեւ պիքսել գտնի, գիծ էր քաշում, յետոյ աջ էր գնում, գիծ քաշում, իսկ յետոյ նոյնը անում յաջորդ տողում։

Իսկ ես արդեն յայտնաբերել էի նկարելու, լցնելու արագ ձեւեր։ Նախ, պէտք էր աշխատել ոչ թէ բեյսիկի հրամաններով, ու/կամ իր սուբռուտինաները օգտագործելով, այլ ուղիղ վիդեո յիշողութեան հետ։ Ու իրականացնել սեփական ռուտինաներ։

Մի անգամ պատահաբար յայտնաբերել էի z80֊ի LDIR ինստրուկցիան որը կարողանում էր ակնթարթօրէն տեղափոխել յիշողութեան բլոկեր։ Իհարկէ, դոկումենտացիա չունէի։ Յայտնաբերել էի խաղերի մեքենայական կոդերը զննելով։ (դիզասմ էլ շատ աւելի ուշ ունեցայ ու իմացայ որ մնեմոնիկան LDIR է կոչւում)։ Փորձարկել էի, ինձ մօտ ստացւում էր արագ էկրանով շարժել, ինչպէս հիմա ասում են, սպրայտեր, կամ այնպէս անել, որ էկրանին մի ամբողջ հատուած յայտնուի ակնթարթօրէն։ Նաեւ, իրականացրել էի լցնելու իմ վարկածը։
Որն արագ էր։

Ու ես հասկանում էի, որ ես այդ շապիկը աւելի լաւ կանէի։ Որ մարդիկ փոխարէնը դիտեն, ինչպէս է նկարը նկարւում, ասենք մէկ րոպէ, դիտեն ինչպէս է արեւը շարժւում, օրինակ, այսինքն ինչ֊որ անիմացիա, ոչ թէ նկարուելու պրոցեսը։ Նաեւ ինձ թւում էր, որ աւելի սիրուն բան կարելի էր նկարել։ Շէնքը մեծ էր, արեւը՝ մեծ էր, պատկերը խեղդում էր։ Իսկ ես տեսել էի որ խաղերի շապիկները շատ սիրուն էին արւում, ու ոչ այդպէս։

Բայց ո՞վ ինձ գիտեր։ Ես ընդամէնը դպրոցական էի, ով իր սենեակում փորձեր էր անում, ու անչափ ուրախանում էր ինչ֊որ բան բացայայտելով։ Ես չէի կարողանում նոյնիսկ կիսել այդ ուրախութիւնը այլ մարդկանց հետ։

Հիմա, երբ կայ ինտերնետ, ես կարող եմ գրել այդ մասին։ Յայտնել աշխարհին։ Բարեւ, աշխարհ։ Այդ պատճառով ոմանք ինձ գիտեն՝ նա այսպիսի բաներ է անում։ Բայց միեւնոյն է, ոչ մէկ չի կիսում իմ ուրախութիւնը։

Հիմա շատ լաւ գիտակցում եմ, որ ինձ պէտք չեն մարդիկ, ընկերներ, յարաբերութիւններ, որպէսզի ես լաւ լինեմ, օկ լինեմ, երջանիկ լինեմ։

Ինձ պէտքք են մարդիկ, ում հետ ես կարող եմ կիսել իմ ուրախութիւնը, երջանիկ լինելը։ Օրինակ, թէկուզ փոքր բացայայտումներից, կամ իմ արած գործից։ Մարդուն հասկանալը այդ մասին է, երբ կարողանում ես կիսել իր ուրախութիւնը կամ տխրութիւնը։

եւ այդպէս

ասք ամբողջականութեան եւ ազատութեան մասին

դիսքլեյմեր․ այս բլոգում դաւաճան չկայ։
եթէ ինչ֊որ բացասական բան էք կարդում այս տեքստի մէջ, դա ձեզ մասին չէ։ ում մասին կարող է լինել, ինձ երբեք չի կարդում։ իսկ հիմնականում ինձ մասին է։ նաեւ շատ բացասական բաները։ բայց ես միեւնոյն է ձգտում եմ դրական լինել։ որ ինքս ինձ դուր գամ։

ամբողջականութիւնը՝ ինթեգրիթի֊ն տեղեկատւական անւտանգութեան (information security) եզր է։ այն, իհարկէ, ՏՏ֊ից շուտ էլ կար, ինչպէս եւ հաքերները։

Օրինակ, երբ մարդիկ բանկային չեքի վրայ գրում էին թիւը, այն պէտք է գրուած լիներ բառերով։ Ակնյայտ է, որ եթէ թիւ է գրուած, այն աւելի հեշտ է դարձնել այլ թիւ, քան բառերը փոխել։ Եթէ գրել ես 100՝ այն կարելի է սարքել 1000 իսկ եթէ գրել ես՝ «հարիւր», ապա այն «հազար» սարքելն ասենք աւելի բարդ է։

Այսպէս, մենք օգտագործում ենք կրիպտոգրաֆիկ հեշեր մեր նիշքերի մատնահետքերը վերցնելու համար, ու համոզուելու, որ դրանք չեն փոխուել։

Օրինակ, սովորաբար իսո պատկերների պանակում սպասարկիչների վրայ լինում է նաեւ sha-1 կամ md5 հեշերով մի նիշք, որ համոզուես որ քաշածդ իրօք յստակ պատճենն է այն նիշքի, որը սպասարկիչի վրայ էր։

Կարծում եմ, կարելի է մարդկանց մասին էլ այդպէս ասել։

Լինում է, որ ինչ֊որ ցնցումներից յետոյ մարդիկ ահագին փոխւում են։ Իրենց համար կարեւոր բաները դառնում են անկարեւոր։

Ես նկատի չունեմ, որ ասենք երեկոյեան ուժեղ վէճ էր, իսկ առաւօտը արթնանում ես, ու մտածում ես, որ հաստատ չարժեր այդպէս։ Դա իրօք չարժեր։ Կամ ինչ֊որ թուլութեան պահեր բոլորն էլ ունենում են, ու լինում են ոչ իրենց սովորականի պէս։

Ես այն մասին եմ, երբ մարդիկ հրաժարւում են հիմնական, կարեւոր արժէքներից ու հաւատքից։ (Այո, հաւատքից, ես հաւատում եմ որ աստուած չկայ)։

Ու ես կեղծաւորութեան մասին չեմ, երբ ասենք մէկը պացիֆիստ էր, իսկ դառնում է արիւնարբու ազգայնամոլ։ Ուրեմն իրական պացիֆիստ չէր։ Կամ այն տղան որ այնքա՜ն ազատ ԾԱ֊ից էր խօսում, բայց արի ու տես իր խելախօսում վխտում են սեփականատիրական ծրագրերը։

Չէ, ես այդ մասին չեմ, այլ ցնցումներից առաջացած փոփոխութիւնների մասին եմ։
Երբ նիշքը կարող է փչանալ, վնասուել, բայց եւ կարող է bzip2֊ի պէս ինքն իրեն վերականգնել։ Կամ չի կարող։

Ու այստեղ մտքիս գալիս է մի այլ օտար բառ, որն արդեն վստահ չեմ ինչպէս թարգմանել՝ քոմիթմենթ։
Քոմիթմենթը շատ կարեւոր որակ է, յատկութիւն է։ Սովորաբար այն օգտագործում են այլ մարդկանց հանդէպ զգացմունքների, վերաբերմունքի մասին խօսելիս։
Իսկ ես նկատի ունեմ քոմիթմենթ ինքդ քեզ, քո համոզմունքներին։ Չի նշանակում, որ դրանք պէտք է երբեք չվերանայուեն, իհարկէ։ Լաւ է որ վերանայւում են։

Ու մեծ հարց է՝ ո՞րն են քոնը, իսկ որոնք քոնը չեն բնաւ։ Ասենք կարող է բարդոյթ է, կամ օբիժնիկութիւն։ Դրանց վրայ դողալ, ասել վայ, իմ բարդոյթը չկորցնեմ, իմ ատելութիւնը չկորցնեմ, անկապ է։

Ատելութիւնն ու բարդոյթը երբեք էլ քոնը չեն, օտար են քեզ։

Բայց եւ ինձ շատ է դուր գալիս, երբ մարդիկ իրենց (երբ իրենցն է) հաւատքից ու արժէքներից չեն հրաժարւում, երբ ծանր ժամանակ են ունենում։ Կամ երբ կապում են դրանք այլ անձի հետ։

Ասենք մէկը շատ ձախ էր, բաժանւում է աջ է դառնում, իսկ քանի որ իր աղջիկը հիփսթեր էր՝ զզւում է հիփստերներից։

Կամ այն տղան կարծես ուներ չմանիպուլացնելու համոզմունք, ու մէկ էլ տեսնում ես «թիզ» է անում մարդուն, որ ռեակցիա լինի։ Կամ մի բեմադրութիւն անում իր կեանքի մասին, որը սուտ է։ (ինչը սոց․ ցանցերում շատ ընդունուած է)։
Կամ մտածել․ այն մարդը ինչ ասում էր, այլեւս չեմ ընդունում, իսկ առաջ ընդունում էիր։

Եւս մի լաւ բառ՝ ընդունել (աքսեփթանս)։ Չնդունելը՝ դիմակայել է։
Իսկ «Դիմադրելը անօգուտ է», ինչպէս գիտենք մի լաւ գրքից։

Իսկ չդիմակայելն ու ընդունելը ազատութեան մասին են։
Անկախութեան մասին են։
Երբ իմ ես լինելը, ու իմ լաւ եթէ չասենք, գոնէ օկ լինելը անկախ է այլ, երրորդ հանգամանքներից։

Քանի որ ես անկախ ինձ հանդէպ վերաբերմունքից կարող եմ շարունակել լինել ես, ու լինել օկեյ։

Իմ այս գործը չի՞ ոգեւորում շրջապատիս մարդկանց։ Բայց եթէ վեբ կայք կամ անդրոիդ ափ գրէի, կոգեւորե՞ր։ Բայց ես անկա՞խ եմ իրենց ոգեւորութիւնից, թէ՞ կախուած։ Ի՞նչն է ինձ համար աւելի կարեւոր։

Ես ընդունում եմ էս տաքսիստին, ու էն կողքի սեղանի լացող երեխային, թէ՞ ես սկսում եմ դատել իրենց․ «երեխան զզուացնող է, տաքսիստը՝ անգրագէտ»։ Դրանից օգուտ չի լինում, ոչ էլ փոփոխութիւն, անիմաստ էներգիայի ծախս է։ Երեխան եւ տաքսիստը ունեն իրենց կեանքը, իրենց պահանջները, իրենց ցանկութիւնները, ու ես ոչ մի կոնտրոլ դրանց վրայ չունեմ, ու շատ լաւ է որ չունեմ։

Ես օկեյ եմ, անկախ իրենց վարքագծից։ Ես անկախ եմ իրենցից։

Այստեղ է գալիս ազատութիւնը, երբ ընդունում ես այն, ինչ կատարւում է, եւ չես դիմադրում, այլ քո մասին ես մտածում։ Հիմա նա վատ է քշում, ես ի՞նչ անեմ, որ չխփեմ։ Որ ինձ լաւ լինի։

Ես իրենից անկախ եմ։ Նա՝ ինձնից։ Ես չեմ կարող անել այնպէս որ նա լաւ քշի, ու չեմ էլ ուզում կեանքս նուիրել իրեն կրթելուն։ Բայց ես անկախ եմ, ես անկախ եմ այն քեարթից ով ֆրազ է շպրտել իմ հետեւից, քանի որ այն տեղ չի հասել, իր ազդեցութիւնը չի ունեցել, ինչպէս նախատեսւում էր։ Ես պէտք է զգայի վիրաւորուա՞ծ։ Ես ազատ եմ այդպէս չզգալ։ Քանի որ անկախ եմ ու ամբողջական։

Ինձ դո՞ւր է գալիս օրեր շարունակ կոդ գրել ջնջելը, այսպէս ու այնպէս փորձելն ու արդիւնք չունենալը։ Ես լա՞ւ եմ զգում դրանից։ Հիմա ի՞նչ տարբերութիւն թէ ես չեմ կարող ոչ մէկին արդիւնք ցոյց տալ։ Թող ուշ լինի, բայց այնպէս, ինչպէս ես լաւ եմ համարում։ Ու իհարկէ, թէկուզ անդրոիդ ափ սարքեմ, ընկերներին տամ, իրենք շատ հաւանական է, չեն օգտուի։ Քանի որ իրենք ուրիշ են, իրենց կարեւոր չէ այն, ինչ ինձ է կարեւոր։ Ես օ՞կ եմ այդ հետ, թէ՞ ուզում եմ իրենց դուր գալ։

Ուզելով ուրիշին դուր գալ, կորցնում ես ոչ միայն ինթեգրիթի֊ն՝ այլ հետեւաբար կորցնում ես քոմիթմենթը ու ազատութիւնդ։
Ու լաւ չես զգալու քեզ։
Գուցէ շոյուած զգաս, բայց լաւ չես զգալու։
Աւելի լաւ է չշոյուած, բայց լաւ զգալ, իմանալ որ քոմիթեդ ես, ու անկախ ես։

Շատ լաւ է ժամանակ առ ժամանակ ինքդ քո վրայից md5sum հանել։
Քանի որ ինթեգրիթին՝ ինքդ քեզ քոմիթմենթի, ինքդ քեզ, եւ ուրիշներին ընդունելու, եւ որպէս արդիւնք ազատ, անկախ լինելու մասին է։

եւ այդպէս

ես երբ շուն ունէի
առաջին անգամ

նա մի անգամ եկել էր
ինձ սեղմուել
իսկ ես իրան տշել էի

յետոյ նրան կորցրինք

ու ես հասկացայ
ինչքան երջանիկ էի
ամէն վայրկեան
որ նա կար
ու ինչքան եմ
իրան սիրել

քանի որ անհնար է
չլինել երջանիկ երբ շուն ունես
ու չսիրել նրան

ու յաջորդ շան հետ
ամէն վայրկեան չէի մոռանում
ինչքան երջանիկ եմ
ու ինչքան է նա ինձ թանկ

երեւի
ես այդպիսի աղջիկ
դեռ չէի հանդիպել

որ այս անգամ
իմանամ
ինչքան երջանիկ եմ
ամէն վայրկեան
որ նա կայ
ու ինչքան եմ իրան սիրում

ու ամենակարեւորը նա կիմանար։

ու գտնում ես
ն810֊ի մէջ
իրենով արուած
անորակ լուսանկար

ուր բան չի երեւում
ու զգում ես
որ այն ամենալաւն է
ամենակարեւորն է

իսկ դու
քենոնի ֆոտոներն
էիր գնահատում

հիմա ես հասկանում
քո լուսանկարներից
որն են ամենակարեւորը

ու զզւում ես քեզնից
որ կարող է հիմա սրանով
ինչ֊որ մէկի տօնը փչացնում ես

ու որ նոր նոր հիմա ես հասկանում
ինչ ես արել
ու որն էր իրականում թանկը
յիմար սկզբունքը
թէ մարդը

էն որ դու յիշում ես ամէն մանրուքը
ամէն սխալը
ամէն տրորելը
ամէն վէճը
ամէն չգնահատելու տալը
ու դու չես կարող ներել
ու քեզ ցաւում է
ամէն պատճառածդ ցաւի բիթի համար
ու այն անգամ
ու այն անգամ
ու այն անգամ
երբ դու սպանում էիր քո մէջ այն մարդուն ում սիրում են

ու երբ վերջապէս
կարծեցիր որ սպանեցիր

քեզ թաղեցին
դրեցին դագաղի մէջ
ու վրայից հաստ շերտ հող լցրին

այդպէս են անում
մեռածների հետ

ու հիմա
ինչքան ուզում ես ոռնայ
ճուայ
գլուխդ դագաղի պատերով տուր

հիմա քեզ չեն լսի
հիմա դու հետաքրքրում ես
միայն որդերին
ու տարբեր միջատներին

իրենք են սպասում
քո իրական վախճանին

ես գիտէի որ սիրում եմ,
բայց չգիտէի որ այդչափ,

ես գիտէի որ գնահատում եմ,
բայց չգիտէի որ այդչափ,

ես գիտէի որ ցաւալու է,
բայց ես չգիտէի որ այդչափ։

չգիտէի որ այդչափ հնարաւոր է։

ինձ տուպը ցաւում ա։ էնքան ա ցաւում որ ձտուպը տանելի չիե, ւ չի։

ինձ մէկ ա օբերոնը, ես իրանց չաթում ձանձրանում եմ,
ինձ մէկ ա որ կիմանան որ ես միզերաբլ եմ,
ու տենցներին չեն սիրում,
ինձ մէկ ա որ մայրիկս սա կարդալու է,
ինձ տուպը անտանելի ցաւում ա,
ու ինձ մէկ ա ով ա մեղաւոր,
ու ինչի ու ինչպէս,
ես մտածել էլ չեմ կարող,
ինձ տուպը ցաւում ա։
ու ես ոչ մի բան չգիտեմ։

ասք էմփաթիայի մասին

ուզում եմ պատմել, ինչու եմ էմփաթիա զգում Վանաձորցի երաժիշտների հանդէպ։
մի քիչ էլ Վանաձորի մասին։

Վանաձորը ուրիշ քաղաք է, աղքատ, այդ պատճառով նոյնպէս ուրիշ։

Քանի որ աղքատ է, մեր չզարգացած անճաշակ կապիտալը լիքը բան չի հասցրել այլանդակել (բայց կամաց կամաց այլանդակում է), ու քաղաքն աւելի ութսունականներում կամ իննսունականներում է մնացել։ իսկ դա ուրիշ է, օտար եւ զարմանալի է մեզ։ երբ տեսնում ես այգում նստած ծերուկներին, յիշում ես, որ Երեւանում էլ իրենք կային առաջ, իսկ հիմա չկան։

Այնպէս չէ, որ ծերուկներ այլեւս չկան, բոլորը վերջացել են, իրենք վերականգնուող ռեսուրս են, եւ չեն վերջանում, պարզապէս հիմա անհամեմատ աւելի քիչ են հրապարակային վայրերում տուսվում իրար հետ։

Հասարակական տարածքն է տրանսֆորմացուել, հո չեն գնա օպերայի սրճարաններում նստեն, դա իրենց տեղը չէ։ (չնայած իմ տեղն էլ չէ, ու ցանկացած գիտակից մարդու տեղն էլ չէ։ օպերայի սրճարանները՝ Երեւանցիների փտելու մասին են։)։ Այսինքն Վանաձորը մեզ համար նաեւ նման է դէպի անցեալ ուղեւորութեանը։

Վանաձորում մնացել են փախած կանգառներ, հաւէս նստարաններ, արդիւնաբերական բնանկարներ։
Այն լաւ է դիզայն արուած, լայն մայթեր, առուներ անձրեւի ջրի համար, ժամանակակից է, շատ կանաչ է, ծառուղիներով է։

Մի քանի օղակաձեւ խաչմերուկ՝ քաղաքի կմախքի հոդերն են։ Մինչեւ դա չես «ջոկում» միշտ մոլորուելու ես։

Հետաքրքիր դետալ դիզայնի մասին։

Երբ Ծյոման եկել էր Հայաստան, նա ապշած էր երբ Վանաձորում տեսաւ իր մտքի իրականացումը։ Գրել էր, որ երբ մտածում էր ինչպէս լաւացնել քաղաքները, առաջարկում էր ճանապարհային նշանները կախել ոչ թէ անմիջապէս սիւներին, այլ մի քիչ հեռաւորութեան վրայ դրանցից։ Ասում էր, նոյնիսկ տաս սանտիմետրը կստեղծի հաճելի ծաւալ, եւ կաւելացնի հաճելի ստուերեր։ Պարզւում է, որ դա հենց այդպէս էլ արուած է Վանաձորում։
Ինչո՞ւ Վանաձոր՝ հարցնում է Ծյոման։ Ինչո՞ւ ոչ այլ քաղաք Հայաստանում, կամ այլ քաղաք աշխարհում։

Բայց այցելելով Վանաձոր մենք ներում ենք ժամանակակից անճաշակութիւններն, ու լաւ չգիտենք, ինչքան չհանդուրժող է այս քաղաքը եւ մեր հանդէպ, եւ իր տարբերուող բնակիչների։

Քանի որ այն միեւնոյնն է մնում է չզարգացած, նախկին սովետի գաւառական արդիւնաբերական քաղաք, ուր ապրել են բանուորներ, ով սովորաբար սիրում են կարգինը, աւանդականը։

Իմ իսկ պապու եղբայրը, երբ դեռ կենդանի էր, ու ես իրենց տանը Վանաձորում էի, պատմում էր, ինչպէս երբ իր տղան ընկաւ քաղ մաս, դեռ կոմունիստների ժամանակ, նա գնաց ոստիկանութիւն որ տղային հանի, ոստիկաններին խնդրեց՝ մազերը կկտրէք, նոր բաց կթողնէք։ Ասաց մազերը կտրեցին, յետոյ դուրս եկաւ, թէ չէ չէի կարողանում իրեն մազերը կտրել տալ։

Շատ բնութագրող է Վանաձորի համար, որ այդ իմ քեռին հիմա նոյնպէս Վանաձորում չէ։ Դուրսն է։ Քանի որ գործ չկայ։ Երեխաներն էլ Ռուսաստանում են մեծացել, ասիմիլացել, իրենց աւելի ռուս են զգում, իսկ Վանաձորը մնացել է միայն մանկական յիշատակ։ Նոյնիսկ տատիկ պապիկ հիմա չունեն, որ գնան տեսնեն, ինչպէս գնում են գիւղ, որ գոնէ գիւղի պէս ասոցացուի Հայաստանը իրենց մօտ։ Ինչեւէ։

Վանաձորը աղքատ է։
Երեւանն է աղքատ, իսկ Վանաձորը անհամեմատ աւելի աղքատ է։ Բնաւ բարեկարգ չէ, ու երկրաշարժի հետեւանքները դեռ վերացուած չեն։ Ստեփանակերտում պատերազմի հետեւանք չես տեսնի, իսկ Վանաձորում՝ երկրաշարժի՝ կտեսնես։

Ու ուրեմն, Վանաձորցիներն են աղքատ։
Ու իրենց համար խնդիր են այն հարցերը, ինչ Երեւանի երիտասարդի համար՝ այնքան էլ չէ։ Ասենք կիթառի լար առնելը։ Նախ, թանկ է։ Յետոյ էլ, եթէ փող ես ճարել, աւելի լաւ է գնաս Երեւան, քանի որ Վանաձորում լաւ լար չես գտնի։

Իրենք բնական է, պէտք է փող աշխատեն, որ ապրեն։ Իսկ գործ չկայ։ Ու մէկը աշխատում էր ինչ֊որ գործարանում, ու այդ նոյն գործարանում տեղ էր խնդրել, որ իրենք փորձ անեն։ Յետոյ հանեցին այնտեղից։ Ասում է՝ չհասկացաւ ինչու։ Իհարկէ չհասկացաւ, սա Հայաստան է, այստեղ կարելի է առանց բացատրութեան գործից հեռացնել։ Ուրիշները լիքն են։ Յետոյ աշխատում էր վաճառող սուպերմարկետում։ Էլի հանեցին։ Մի աղջիկ վզին է կախում սիգարետներով տուփն ու խանութներում տղամարդկանց հետ է շփւում։ Ասում է, այդ Վանաձորցի տղամարդկանց հետ շփուելուց յետոյ ուզում է առհասարակ ոչ մի տղամարդ մի շաբաթ չտեսնել։ Ինչպէս են իր հետ խօսում, ու ինչպէս են իրենց պահում։

Իսկ երեւանցի երիտասարդները քիթ են ծռում ոչ շատ լաւ աշխատանքից։ Իրենց աւելի լաւ աշխատանք է պէտք, ինչպէս արաբներին «շաուֆ շաուֆ հաբիբի» հոլանդական ֆիլմում։

Վանաձորցիները չեն կարողանում իրենց թոյլ տալ այն, ինչ շատերն են թոյլ տալիս Երեւանում։ Ես քանի մարդ գիտեմ, ում ասենք հիանալի գործ էին առաջարկում։ Օրինակ՝ նստիր գրասենեակում ու թուիթիր։ Կամ նոյնիսկ մի նստիր։ Ու ասենք մի հարիւր հազար դրամ կտան։ Ու այդ մարդիկ աւելի են գնահատում իրենց ազատ ժամանակը, ու չեն գնում այսպիսի աշխատանքի։ Մտածում են՝ գարեջրի ու տաքսու փող ծնողներից կստանամ, ինձ հերիք է։ Կամ մտածում են՝ ընկերս այդ ծախսը իր վրայ է վերցնում, էլ ինչո՞ւ աշխատեմ։

Սա անթոյլատրելի շռայլութիւն է Վանաձորում։ Ու ես կասէի որ այսպիսի վարքագիծը, չաշխատելը, Երեւանցիների փտելու, նեխելու մասին է։ Երբ ես այդպիսի բաների հետ եմ առնչւում, ես դառնում եմ աջ կապիտալիստ, ես հասկանում եմ, որ մարդիկ երբեք չեն աշխատի, ինքնուրոյն չեն լինի, ոչ իրենց, ոչ հասարակութեանը օգուտ չեն տալու, եթէ կարող են չաշխատել։

Միւս կողմից, Վանաձորում համեմատաբար հեշտ է գտնել փորձատեղ։ Կան լքուած «դոմիկ»֊ներ, որ կարելի է ծանօթով վերցնել, կամ շատ էժան վարձել։ Այսինքն՝ պարապելու տարածքը խնդիր չէ։ Ինչը Երեւանում է խնդիր։

Միւս կողմից, որն է տարածքի որակը։ Երբեմն մտածում ես, որ այստեղ, այս դոմիկում անհնար է ոչ միայն խումբ, այլ մի հատ հարուածային գործիք տեղաւորել։ Իսկ այս տղան, ասենք, ապրում է ցիստերնայի մէջ։ Գրեթէ Դիոգենեսի պէս։ Մի կողմից, շատ հաւէս է ու ռոմանտիկ, մինչեւ չես մտածում, որ կարող է այլ տարբերակ չունի։

Ու երբ ուրիշներն են լսում, ինչպէս են իրենք պարապում, մտնում են, ասում են՝ լսենք։ Ու էդպես ուրիշներն էլ են ոգեւորւում։

Այդ պատճառով ես կարծում եմ, որ պէտք է «շոու օֆ» լինեմ իմ բորդերով ու աշխատանքով, որ մարդիկ տեսնեն ինչ է կարելի անել ու ոգեւորուեն։ Որ ստեղ մի քիչ տեխնո միջաւայր ստեղծուի, որը ինձ պակասում է։

Մէկը բացատրում էր, որ ի սկզբանէ այդ նուագելու մշակոյթը ձեւաւորուել է քանի որ կոմունիստների ժամանակ ամէն գործարան իր պարտքն էր համարում «ՎԻԱ»֊ներ (վոկալնո֊ինստրումենտալնի անսամբլ) ունենալ։ Չգիտեմ, ինչքանով է դա ճիշտ։ Բայց հիմա իրենք իրենց հարեւաններին են տեսնում, ու հետաքրքրւում։

Ժամանակը Վաանձորում դանդաղ է գնում։ Անելու բան չկայ, կեանքը շատ ծանր է։
Ու նուագելը իրենց համար նաեւ մի տեսակ սփոփանք է։ Այդ անելանելի վիճակից։

Բացի դրանից, Վանաձորում բողոքում են, որ չի լինում մի քիչ երկար մազերով քայլել, որ չկպնեն, չի լինում փողոցում համբուրուել, ազատ չեն զգում իրենց, ու իրենց համար Երեւանը մի տեսակ Նիւ֊Յորք է։
Ուր ազատ է, ու սովոր են քիչ թէ շատ, ու անկապ խնդիրների ու կռիւների մէջ չես թաթախուի։

Իսկ ժամանակ իրենք չեն զգում, այո։ Ասենք եթէ դու պէտք է լիքը գործ անես այդ մի օրուայ մէջ, Վանաձորցին կարող է հանդիպի հետդ, նստի ծխի հանգիստ։ Յետոյ էլի ծխի։ Յետոյ հարցնի, ի՞նչ գործով ես։ Յետոյ կնստի մի քիչ լուռ։ Ու իրենց համար Երեւանի ռիթմն է արագ։ Իսկ իրականում Երեւանի ռիթմը ահաւոր դանդաղ է։

Ինչպէս եւ մեզ մօտ, կան մարդիկ, ով զզւում է իրենց քաղաքից, ուզում է դուրս պրծնել։ Թէկուզ Երեւան։ Իսկ կան նրանք, ով հանգիստ է վերաբերւում, նոյնիսկ սիրում է այդ քաղաքը իր անյարմարութեամբ հանդերձ։ Ու չէր ուզի Երեւանում կամ որեւէ այլ տեղ ապրել։

Էդպէս, ու որ տեսնում եմ, որ այսքան ծանր իրավիճակում մարդիկ ահաւոր հետաքրքրուող են, ասենք թէկուզ երաժշտութեամբ, կամ լուսանկարչութեամբ, ես յուզւում եմ։ Քանի որ մեզ մօտ կարծես կիրթ մարդիկ, ահաւոր անտարբեր են ամէնի նկատմամբ, հետաքրքրուող չեն, ոչ մի բան չեն ուզում իմանալ։

Ասենք իմ աշխատանքի վայրում, եթէ մարդը գոնէ մի քանի րոպէ ազատ է, հինգ հարիւրից մէկն է հաւէս փորձ, հետազօտութիւն անելու, ու այդ մէկը Տիգրան Սարգսեանն է ու բացի նրանից որ կոյս չէ, նաեւ Երեւանցի չէ։ Մնացածը կնախընտրեն խաղալ, կամ սոց․ ցանցում մի բան սպառել։

Իսկ իրենք Վանաձորում այնքան ճնշուած են, այնքան վատ պայմաններում են, բայց ե՛ւ աշխատում են, փորձում են ինքնուրոյն լինել, իրենց սիրած գործի համար վաստակել, եւ ահաւոր հետաքրքրւող են։ Տարուած են։

Ու ես սիրում եմ երբ մարդիկ տարուած են։
Ինչով էլ լինի։

ու տենց

ասում է՝
— նա մինչեւ չաշխատեց, նա իրեն չէր սիրում, ու ուրիշներին էր մեղադրում այդ համար։

անծանօթների խօսակցութիւնից։

իսկ նա, ում ստել են, նա ում ցաւացրել են,
նա երբեք այլեւս նոյնը չի լինի։
էդ սառցէ կտորը,
միշտ մէջդ է լինելու,
դու կձգուես տաքութեանը,
կսեղմուես վառարանին,
կընդունես տաք լոգանք,
կխմես ոգելից խմիչք,
կպառկես տաք ծանր մարմնի տակ,
կսիրես նոր ու նոր մարդկանց,

բայց սառցէ կտորը խորն է,
ու չի հալուելու,
արտաքին ջերմութեան
ազդեցութեամբ,
որովհետեւ քոնն է,
անձնականը։

թէ՞ դու իրան պահում ես,
որպէս յիշատակ,
ու չես ուզում հալացնել։

ու տենց

ասք վիշապին յաղթելու մասին

դու վախեցար վիշապի կրակից,
ու սպանեցիր նրան,
յետոյ մտածում էիր, որ յաղթել ես,
ու քեզ լաւ է,

իսկ իրականում,
դու վիշապին չէիր հասկացել,
ու նա վտանգաւոր վիշապներից չէր,
բարի էր եւ ընկերական,

իսկ հիմա դու ընկերութիւն ես անում
կովի հետ,
կովի մէջ ոչ մի վատ բան չկայ,
վատը չէ,
բայց առեղծուածային չէ,
ինչպէս եւ դու չես իր համար,
ինչպէս վիշապի համար էիր՝ հեքիաթային։

իսկ վիշապները, այն էլ բարի,
քիչ են մնացել,
քանի որ իրենց
ոչ ոք չի հասկանում,
ու բոլորը ցաւացնում են,
գուցէ եւ այդ պատճառով,
իրենք այլ կերպ են
արտայայտում զգացմունքները։

ու վիշապին սպանելիս,
դու երբեք չես յաղթում,
դու պարտւում ես։

այն որ ամէն ինչ ծածկում է

ժամանակն անցնում է։

եթէ գնդակը քո մօտ է,
եթէ դու ունես յաղթաթուղթ, (կոզիրնայա կառտա)
քանի որ քո հանդէպ վատ են վարուել,

դու կարող ես այն օգտագործել։

ու դու անյաղթելի ես։
այն ամէն ինչ ծածկում է։

դու կառաջացնես մեղքի զգացողութիւն,
ու ամենաինքնավստահ մարդն իսկ
կդառնայ խեղճ, եւ ներողութիւն, ողորմութիւն կաղաչի։

բայց դու ծախսում ես քո խաղաթուղթը։
ու այլեւս չունես այն։

քանի որ ժամանակն անցնում է,
իսկ ռեսուրսները սպառւում են,

անհնար է նոյն յաղթաթուղթն,
մի քանի անգամ օգտագործել։

անհնար է նոյն մարդուն
միշտ նուաստացնել
նոյն պատճառով։

ու տենց