ասք աֆթօների ազգանունների մասին

Հիմա բացի հեռախօսահամարներից, աֆթօների վրայ ընդունուած է անուն ազգանուն գրել։ Սակայն ի տարբերութիւն համարներին, ոչ թէ մի կտոր թղթի վրայ, այլ գեղագրութեամբ (կալիգրաֆիկ), ներկով, կոկիկ։

Ես որ առաջին անգամ տեսայ՝ ապշել էի։ Աչքերիս չէի հաւատում։

Մտածում էի, դրա ֆունկցիան ո՞րն է։ Եթէ հեռախօսը պէտք է լինում, որ զանգես, ասես «ապեր, կլինի՞ մի քիչ արագ քշես», ապա սա արդեն աւելի նման է ֆեյսբուք պրոֆիլին, քան մեքենային։

Ու եթե «փրիւասին» մի կողմ, այդ մեքենաների վրայի ազգանունները ակամա յիշեցնում են դռներին դեռ պահպանուած վահանակները, ասենք՝ «դոկտոր պրոֆեսոր Ա․ Դանագուլյան»։ Ու աչքերը փնտրում են զանգ, գլազօկ ու խալի, որ ոտքերը մաքրես, նոր նստես։

ու տենց

ասք քյարթի մանիֆեստի մասին

qyartu

Այդպիսի հետաքրքիր մարդու եմ հետեւում ծիվիչում։ Այլ փիլիսոփայական մտքերից բացի, ուշադրութիւն է գրաւում սա՝ «Քյարթուն նիվա չի, ծիծակ չի, գաղափար է»։

Ստացւում է, կարելի է յոյս չունենալ, հա՞, ինչքան էլ ծիծակ չհագնես, դա դեռ բաւական չէ «քեարթ» ըլլալու լինելու համար։

Հմմմ, ապա պէտք է, հասունացել է «Քյարթի մանիֆեստ»֊ը, որ մարդ կարդայ ու հասկանայ, ոչ միայն ով չէ նա, այլ ի վերջոյ ով է նա, եւ ինչով են ուտում նրան։

ու տենց

ասք վիկիշոյելու մասին

scaled_full_25904362c22c9743e902

Իմանդէսը գրում է որ հայերէն վիքի֊ում արդեն կարելի է լայքել «մերսի» յայտնել որեւէ խմբագրման համար։ Կարծես փոխում են, դարձնեն դանկէ «Շնորհակալութիւն»։

Դարձրէք «շոյել» էլի։
Մէկ էլ այո, քանի որ վիքի֊ում արդեն կարելի է շոյուել, «տագդա մի իձյոմ կ ուամ», ակնկալում եմ, որ համայնքը կշատանայ։ Չգիտեմ, լաւ է դա թէ ոչ այնքան։ Տեսնենք։

եւ այդպէս

ասք երջանիկ լինելու մասին

Այսպիսի վիդեօնէր են պատահում, մթոմ գիտական, ուր խեղճ մարդկանց խաբում են, ասում են, մի հատ գրի քո համար կարեւոր մարդու մասին, սրանք գրում են, յետոյ էլ ասում են, դէ հիմա զանգիր ու իրան այդ ամէնը կարդայ։ Ու նրանք ենթարկւում են, զանգում են, իսկ դրանից յետոյ իրենց երջանկութիւնը ինչ֊որ ձեւ չափում են, ու ասում են, որ լաւացել է։

Ես կարծում եմ, որ մարդիկ այս դէպքում ուրախանում են իրենք իրենց ցոյց տալուց։ իսկ ուրիշին շոյելը քեզ ցոյց տալու ամենաանվտանգ ձեւերից է։ Քանի որ եթէ այլ կերպ ես քեզ ցոյց տալիս, ասենք կարծիք ես արտայայտում, կամ լուսանկար ես լցնում, կարող են ապտակել, ասել սխալուել ես, ճիշտ չես մտածում, նկարածդ էլ յիմարութիւն է։
իսկ եթէ մեկին շոյում ես, ապա դժուար թէ ետ ապտակի իզուր տեղը։

իսկ գովելով ինքդ քեզ ցոյց տալը ստացուեց, ահա, կարող ես երջանիկ լինել, ինչքան ուզում ես։

ի դէպ, այս թեմայով եւս մի յղում։

եւ այդպէս

ասք տեսանելի մարտիկների մասին

ԿԳԲ շնիկներին սովետում անուանում էին անտեսանելի ֆրոնտի մարտիկներ։
Ապա կարող ենք տեղեկատւական պատերազմների մասնակիցներին անուանել տեսանելի ճակատամարտի զինուորներ։

Եթէ առաջինները երեւացող չեն, իրենց մասին ոչ ոք չգիտի, ինչով են զբաղուած, ապա երկրորդները գործի բերումով պէտք է աստղ լինեն։ Բնական է, ի դէպ, որ առաջինները պիտի որ երկրորդներին չսիրեն, նախանձէն։ Սաղ փառքը նրանց է հասնում։
Նոյնիսկ, եթէ առաջինները համացանցում են աշխատում, ապա յաճախ (բայց ոչ միշտ) իրենց ինքնութիւնը սփռուած է զանազան կեղծ անձերով, ու այնքան էլ իրենցը չէ։

ու տենց

վասն ակւարիումի

մեր սպասարկիչները, տպասալերը՝ ռասփբերրիներն ու մարսերը, ակւարիումների պես են։ ստեղծում են յատուկ միջավայր, որ մենք յետոյ բնակեցնենք դրա մէջ վորդփրեսներ, սփիւռքեր, բոտեր, ջաբերներ։

եւ այդպէս

ասք սահմանները հատելու մասին

Մերոնց մոտ մի շատ հետաքրքիր ընկալում կայ, իռացիոնալ համոզմունք, որ լրիւ հաւէս բաները դրսում են, որ Հայաստանը գրողի ծոցն է, Հայաստանը անհետաքրքիր է, որ այստեղ բացայայտելու կամ գնահատելու բան չկայ, ու այստեղի մարդիկ բայ դիզայն, լռելեայն անկապն են։
Իրենք հետաքրքիրն են դառնում սակայն, այն պայմանով եթէ գնան դուրս։ Եթէ հայը դրսում է, նա խելացիների, ընտրեալների ակումբին է պատկանում։
Քանզի արդեն «մերը» չէ, իրենցն է, իսկ իրենց մոտինը լաւն է, քանի որ այնտեղ մարդկանց գնահատում են։
Իսկ այստեղ մարդը չի գնահատւում, գնահատւում է, սակայն, տեղանքը, հողը, իսկ հողի ֆունկցիան պարզ է՝ դրա մէջ թաղուելու համար է։

Ու դա ինքդ քեզ, քո կեանքը չգնահատելու մասին է։

Այս մօտեցումը լրիւ անհեթեթութեան է հասնում, ու կասեն՝ որ դե նա Մոսկուայում, կամ Ամերիկայում է եղել, ու այնտեղ (նա վեհ է), յիմար ինչ֊որ մի բան է սովորել, ասենք՝ «ցիսկո» ընկերութեան սարքերը կարգաւորել։ Ես չեմ խօսում այն մասին, որ ձեռնարկները համացանցում են, ուր այդ «փեշակը» քայլ առ քայլ բացատրւում է, դա կարեւոր չէ։ Այնտեղ է միայն կարելի դա սովորել, դուրսը, կամ, եթէ այնտեղ սովորածը չէ, ապա լաւը չէ, ապա լաւ չգիտի նա «ցիսկո» կարգաւորել։
Ու կապ չունի, թէ նա արտասահմանում ինչ է արել ու ոնց է սովորել, ու էական չէ, որ օր ու գիշեր փարթիներով էր ռուս ծտերի հետ, քանի որ այլ ծտերի հետ լեզուական խնդիրներ ունի, եւ զբաղւած էր երբեմն հարբեցողութեամբ, երբեմն դիսկոներով, իսկ երբեմն էլ գողութեամբ։ Այնտեղի օդը շնչելն արդեն անձը վեհացնում է, անձը դարձնում է աւելի լաւը, աւելի կատարեալը։ Ու եթէ նա, վեհը, խելացին, պատահաբար Հայաստան գայ, իրեն ոչ միայն կստիպեն այդ մանկամիտ արարքի զանազան արդարացումներ գտնել, այլ եւ հարցազրոյցի ընթացքում այլ աչքով կնայեն։

Զարմանալի է, բայց միաժամանակ գործում է եւ այլ իռացիոնալ համոզմունքը՝ մազերդ երկար են, կամ մի քիչ ոչ այդքան սեւ ես հագնուած — ուրեմն արտասահմանում ես եղել, այնտեղ ես այդ սովորոյթը իւրացրել։

Իսկ եթէ այնուամենայնիւ իրօք արտասահմանում եղել ես, ապա ոչ ոք այլեւս չի հաւատա, որ մինչ գնալդ ասենք «ցիսկո» աւելի լաւ էիր կարգաւորում, մազերդ էլ չէիր կտրում արտասահմանում, քանի որ վարսավիրի փող չունէիր։ Կամ որ մինչ այդ էլ էին երկար, ու բան էլ չի փոխել։

Վրացիները մեզնից հենց դրանով էլ տարբերւում են, իրենք ով կան նա են, այդ պատճառով էլ համ տարբեր են, ու վրացին ինչ ասես արտաքին ունի, բայց շրջապատի համար միեւնոյն է վրացի է մնում, եւ գնահատում են իրենք իրենց, այն ինչ կան, ու իրենց շուրջը եղածը․ հասկանում են, որ ուրիշ տեղ Մթածմինդա չկայ, ասենք, ու նախընտրում են այդ Մթածմինդային նայող պատշգամբով տանը ապրել, քան Մթածմինդայի պատկերով նկարը կախել պատին։ Այսինքն ապրել այստեղ ու հիմա, ու լինել այնպիսին, ինչպիսին կան, ու լինել դրանով բաւական գոհ։
մթածմինդա
Բայց ամենը չէ այնքան վատ։
Մեզ մօտ, Լոռու մարզ մտնելիս, որտեղից էլ դա լինի, Սպիտակով, թէ Գիւմրիով, գրված է՝ «Դբա լաւը»։ Իսկ երբ դուրս ես գալիս, գրուած է՝ «Դբա լաւը» ու գիծ է քաշած։

Այնպէս որ զգօն եղէք սահմանները հատելիս։

ու տենց

ասք լռելու մասին

փաստօրէն, ՀՍՀ֊ում [1] [2] ոչ մի բառ չկայ այն մասին, որ Մահարի֊ն 16 տարի է անց կացրել աքսորներում ու ճամբարներում։ Ոչ էլ ասուած է, որ նա գրել է «Ծաղկած փշալարերը», կամ «Սեւ մարդը» — գործեր, որ ակնարկում են իր այդ տարիների մասին։

ու տենց

ասք հոքինգի գրաֆիտիի մասին

սթիվեն հոքինգ

այս՝ Սթիվեն Հոքինգին պատկերող եւ իր միտքն հայերեն արտայայտող գրաֆիտին յայտնուելուց անմիջապէս յետոյ ջնջուել է համալսարանի աշխատողների կողմից։
Լաւ, գրաֆիտին անօրինական արւեստ է, ու ջնջողի համար պէտք է նշանակութիւն չունենայ, Հոքինգ է դա, թէ՞ Յիսուսը։

Բայց ինչո՞ւ ապա ջնջուած չեն բազմաթիւ սրտիկներն եւ անդամիկները որ ապրում են Հոքինգի հարեւանութեամբ եւ ուսանողների հոյզերն են արտայայտում։

Օրենքի կողմնապահ կիրառումը անօրինականութեան տարատեսակ է։

Ուրեմն ջնջելն օրենքի մասին չէ, ջնջելն վախի մասին է։
Հաւանաբար, գիտնական Հոքինգը, ով պատկերուած էր գիտական հաստատութեան՝ ԵՊՀ֊ի մօտ, ծայրայեղ վտանգ է ներկայացնում, կամ այդպէս թվում է ԵՊՀ֊ի ղեկավարութեանը։

Արդեն զարմանալի չի լինի, եթէ վաղը պարզվի, որ ԵՊՀ֊ի ղեկավարութիւնը վախենում է նաեւ կանաչ մարդուկներից, դեւերից,
եւ վիշապներից։

ու տենց

ասք հասարակութեան մասին

դիտէք սա,

ու մտածէք, արդեօք դուք պատկերացնում եք հայ քահանային այսպէս ազատ ու հաւէս ելոյթ ունենալիս, այն էլ հայկական հեռուստատեսութեամբ։

Սոյն հոլովակը պատմում է ինձ ոչ միայն կատարման մասին։ Այն պատմում է Իսրայելի հասարակութեան մասին, կրօնի մասին, եւ ի վերջոյ՝ հեռուստատեսութեան մասին։

ու տենց

ասք մանր վճարելու մասին

— տեսէ՜ք ինչքան մանր ունեմ, սաղ էդ Թերլեմեզեանի ուսանողներն են, իրենց տուածը միշտ տասնոցներ են։ Չեմ հասկանում, ես էլ եմ եղել… ուսանող երեխաներ եմ ունեցել, իրենք չէին վերցնում մանր, նեղանում էին։ Յետոյ էլ ստիպուած եմ կիրակի օրով վազել խանութներով, սրանց տուածը խոշորեցնել։ Իսկ իրենք, գիտէ՞ք, չեն վերցնում հետ մանր, ասում են, մեզ տասնոցներ պէտք չեն։ վախ վախ…

#զրույց #զրոյց #թերլեմեզեն #մանր #քաղցր #մենախոսութիւն

ասք Վասիսուալի Լոխանկինի եւ ռուսական յեղափոխութեան մասին

ես այս մասին չէի գրի, եթէ այսօր պատահաբար ականատես չլինէի, ինչպէս կոմկուսի դրօշի ներքոյ սպիտակամազ այրերը մօտեցան Մյասնիկյանի արձանին։
ու մտածեցի, չէ՞ որ այսօր ռուսական յեղափոխութեան տարեդարձն է։ ինչո՞ւ են հայ կոմունիստները նշում ռուսական յեղափոխութեան օրը։ ինչո՞ւ չեն նշում հայկական յեղափոխութեան տարեդարձը։

ահ, լաւ, չկայ այդպիսի բան պատմութեան էջերում։ չունեն, խեղճերը հայկական յեղափոխութիւն։

ապա կարող էին նշել կոմունիստական իշխանութեան իսթեբլիշմենթի, հաստատման տարեդարձը։ բա ինչո՞ւ չեն նշում դա։ գուցէ այն պատճառով, որ կոմունիստների իշխանութեան գալը համընկնում է Հայաստանի պետականութեան կորստի հե՞տ։
իսկ իրենք չէ՞ն ուզում եւս մէկ անգամ յիշեցնել այդ մասին։

այսքանը, ընկերներ։

Վասիսուալի Լոխանկյանը այսօր կարող է նշել իր տօնը, կոկիկ դասաւորելով նեխած ձկան կմախքը եւ «ստոլիչնայա»֊ի, կամ «ժիգուլովսկու» շիշը, «պրավդա»֊ի անկեղծ էջերի վրայ։

Օսկար Ռաբին, ձկով, եւ «պրավդա» թերթով նատյուրմորտ, 1968 թ․

ու տենց