պատմություն փոքր, բայց հպարտ ընտանիքի մասին

Երեւանում կենտրոնը հյուրասենյակ է, ճաշասենյակ։
Ինչպես հայտնի է, ամենը, ինչով պարծենում են, հյուրասենյակում են տեղավորում։

Օրինակ, ինչպես տեսել են Ամերիկյան կինոներում, ավելացրել են բար պատի մեջ։

Մեծ հեռուստացույց են տեղավորել։

Նրանով ցույց են տալիս, ինչ լավ է, ուրախ է մեզ մոտ ապրելը։

Ճիշտ է, սենյակը մեծ սենյակ չէ, բայց հեռուստացույցը հո պե՞տք է մեծը լինի։ Ու հետո՞ ինչ որ փոքր է, այնքան պարծենալու բան կա։ Այն հին սեղանը, հա, իր դերը կատարում էր, բայց ամոթ էլ է կահույք չփոխելը։
Էդ բրիտանացիներն են, որ հին կահույքը պահում են, մի հատ էլ պարծենում են դրանով, դրանց պես ինչի՞ լինես, եթե քեզ սիրող մարդ ես, հարեւաններ ունես, ով մեզ մասին խոսում են։

Նաեւ դինամիկներ հիմա կան պատերով կախած։ Որ իրականությունը եռաչափ թվա։

Քանի որ ինչ֊ինչ պատճառով թվում է, որ այն տափակ է։ Երկիրն էլ կլոր չէ։

Իսկ այլեւս անպետք գրապահարանը՝ հանել, դրանով ոչ մեկին մեր ժամանակներում չես զարմացնի։ Ավելին, անհարմար է մի տեսակ։

Մնում է միայն, երբ հյուրերը չկան, կահույքը ծածկել ցելոֆաններով, որ չփչանա։ Էդքան փող արժեր։
Ասենք էն որ դիվանը տեղավորել ենք այնպես, որ պառկելուց գլուխը հյուսիսում լինի, այ դա լրիվ ցելոֆանի տակ պահելու բան է։

Ննջարանները եթե հավաքած են լինում, ապա մահճակալների տակ միշտ փոշի է։

Հավես ենք ապրում, ընտանիքի հայրը ընդունում է հյուրերին, ցույց է տալիս փոքրիկ, բայց հպարտ ընտանիքը՝ կնոջը, ում շորի վրա տարբեր տեղեր լուսադիոդներ են արագ վառվում հանգում։ Երեխաներին՝ ով, ճիշտ է, այնքան էլ լավ չեն սովորում, բայց տեսեք ինչ առողջ են, պոնչո են։

Իսկ խոհարարներին ոչ մեկի սովորաբար ցույց չեն տալիս։ Իրենց ի՞նչը ցույց տաս։
Իրենք խոհանոցում ազատ ժամանակ նայում են այնտեղ բերված գրապահարանին։ Մեկը երբեմն գտնում է այնտեղ հին դետեկտիվ, կամ սիրային պատմություն ու կարդում, միաժամանակ ճաշին հետեւելով։

Տանը կից մի արհեստանոցում իր ժամանակը վատնող Համոն՝ փոքր եղբայրը, ամուսնացել է ռուսի հետ, գնացել է։ Վովայենց կամունալկայում փոքրիկ ննջարան են վարձում։ Մի բան չէ, բայց էլի տեղ է։ Մի քանի անհարմարություն կա, երբ խոհանոց է մտնում, երբեմն գոռում են իր վրա, կամ նեղ միջանցքով անցնելիս ուսով հրում են։ Մի անգամ էլ դռան մոտ թողած կոշիկները հագնելիս զգաց որ թաց են, ու ոնց որ մեզի հոտ է գալիս։ Բայց դրանք տանելի անհարմարություններ են։ Հիմա ո՞վ է լավ ապրում։

Իր հին սովետական գործիքների ու հաստոցների մի մասը հանել են բակ՝ ով ուզում է թող տանի, մեկ է ժանգոտել են, մյուս մասը կորել է, իսկ սենյակը պլանավորում էին հետո մի բան անել, գուցե նոր հաստոց առնել, որ նահապետի երեխան զբաղվի, բայց երեխան կարծես արհեստների հանդեպ հակում, սէր չունի, ու սենյակը այնպես էլ դատարկ է մնացել։
Երեխան սիրում է նայել, ինչպես է հայրիկը սեյֆից փող հանում ու հաշվում։ Ճիշտ է, շատ փող չունի, եթե, ասենք, հարեւանների հետ համեմատել, բայց ընտանիքի մնացած անդամների համեմատ հո շատ է։

Կարեւորն այն է, որ հաջորդ սերնդի ավելի բազմաչափ հեռուստացոյցին հերիքի, թե չէ ամոթ է, Միքոյենց ու Ալոյենց առաջ։ Որ հարեւանները չմտածեն, իրենցից խեղճ ենք։

Համ էլ մեզ մոտ լավ վայֆայ կա, քանի որ տունը փոքր է, մի հատ աքսես փոյնթով հարցերը լուծեցինք, ամեն տեղ բռնում է։ Նույնիսկ տան դիմացի փոքրիկ այգում։ Դիման որ եկավ, զարմացավ։ Այֆոնով կպավ, մտավ թվիթեր։ Ասեց պահ, իսկ մեր մոտ զուգարանում ու խոհանոցում չի բռնում, իսկ ձեզ մոտ այգի է հասնում, ոնց էլ հաջողացրել եք։
Բայց մեզ պարզ է, իր տունը մեծ է, զուգարան հասնելու համար ինչքա՜ն պիտի քայլես, իսկ մեր մոտ ամեն ինչ ձեռքի տակ է։ Ու քանի որ Դիման հավես չունի իր զուգարանը մաքրել, ննջարանը վարձով տվել է Համոյին։ Համոյենք մաքրություն են անում, շտուկատուրկա քսում ուր պետք է, բայց դրա տեղը ապրելու տեղ ունեն, էն օրն էլ դիվիդի են առել։

Փոքր եղբորից բացի ընտանիքում մեծ եղբայր կար, բայց նա ծերացել է, խելքից դուրս բաներ է անում, խոսում։
Վերջերս բոլորովին մարդամոտ չէ, կամ իր գրքերի ու թղթերի մեջ է խրված, կամ սենյակի մի անկյունում նստած է, ակնոցները դրած, թերթ է կարդում ու ծխում։

Նա մի պահ կրկին սկսեց շփվել մարդկանց հետ։ Տան փոքրիկ հոլլում հավաքվում խոսում էին, այնտեղ նստած հյուրերի հանգիստը հարամ էին անում։
Բայց հիմա էլ չի խոսում, ասում է, որ առողջությունը թույլ չի տալիս։

Հետո էլ սփիւռքից եկավ հին բարեկամ։ Բոլորին ժպտում, բարեւում էր։ Իրեն էլ էին ժպտում, բարեւում։
Լավ է բարեկամներ ունենալը։

Այդպես էլ ապրում ենք մեր փոքրիկ տանը, փոքր, բայց համերաշխ ու հպարտ ընտանիքով։
Սպասում ենք փոքրերը մեծանան, ամուսնանան։ Հարսանիք կանենք երեւի։ Այնպիսի, որ բոլորը տեսնեն, նախանձեն։ Բոլորը֊բոլորը։ Էհ լավ կլինի։

ու տենց

ուրեմն, մեկը գնում է Մոսկվա, որ ընկերոջը օգնի իր տատուն թաղելու գործում։
ընկերը մենակ է, մարդ չկա, երկուսով են։
գնում են մորգ, իրենց ասում են սպասեք, ճաշում է բժիշկը, հետո այդ բժիշկը դուրս է գալիս մի ձեռքի մեջ սենդվիչ, մյուսով գլորում է տատու մարմնով սայլը։ սենդվիչը կծելիս դրանից կետչուպի մի կաթիլ ընկնում է դիակի ճատակին։ բժիշկը արագ մատով մաքրում է կաթիլը, ու լպստում մատը։

ավտոբուսով հասցնում են դիակը գերեզմանոց։ այնտեղ լրիվ ձյուն է, ու վարորդը հրաժարվում է անցնել առաջ։ երկուսով փորձում են դագաղը տանել, տեսնում են, ծանր է, չեն կարողանում։ մոտենում է պահակը, պարզվում է իր մոտ սայլ կա տենց դեպքերի համար։ սայլով ավելի հեշտ է։
… … …
հետո ընկերը վերադառնում է Հայաստան, իսկ այն մեկը մնում է Մոսկվայում։

ու տենց։

ասք ռեալականի պահանջների մասին

արմաելոն մեջբերում է

Բաքվի արյունոտ դեպքերի կապակցությամբ Շուշիի ռեալական ուսումնարանի աշակերտական սոցիալ֊դեմոկրատական խումբը փետրվարի 11֊ին հրապարակում է․ «Պայքարիր հանուն քո իրավունքների համար» թռուցիկը, որը կոչ է անում բոլոր սովորողներին դուրս գալու մասսայական դասադուլի։

Սովորող երիտասարդության շարժումներից անհանգստացած Կովկասի ուսումնական օկրուգի հոգաբարձուն Շուշի է ուղարկում տեսուչ Գ․ Սլավինսկուն և պահանջում նրանից տեղական իշխանութունների օգնությամբ կարճ ժամկետում վերսկսել դադարեցված պարապմունքները։ Բայց աշակերտական դասադուլը վեր էր ածվում հակակառավարան մեծ ցույցի, որին ակտիվ մասնակցություն են ցույց տալիս նաև քաղաքի ազգաբնակչության դեմոկրատական խավերը։

Հոգաբարձության ներկայացուցիչը տեսենելով, որ ոչ մի կերպ հնարավոր չէ դադարեցնել այդ դասադուլը, որոշեց խնդրել հոգաբարձուին հարգելու տեղական իշխանությունների խնդիրքը մինչև սեպտեմբեր մեկը դադարեցնել Շուշիի ուսումնական հաստատությունների պարապմունքը։ «Հակառակ դեպքում,― հայտնում է Գ․ Սլովինսկին,― աշակերտներն այնքան հաստատակամ են իրենց որոշման մեջ, որ մեր միջոցառումները կարող են հանգեցնել ծանր հետևանքների»

Կառավարությունը փակեց ևս մի շարք ուսումնական հաստատություններ, բայց դրությունը չփոխվեց։ Ընդհակառակը, փակված ուսումնական հաստատությունների բարձր դասարանների աշակերտները ՌՍԴԲՊ տեղական կազմակերպությունների հանձնարարությամբ հակակառավարական ակտիվ ագիտացիա էին տանում ազգաբնակչության, առանձնապես սովորողների շրջանում, ամենուրեք կազմակերպում ինքնազարգացման խմբակներ, տարածում հեղափոխական թռուցիկներ։

Այդ առթիվ Երևան նահանգի Էջմիածնի գավառապետը հայտնում է, որ իրեն հասած տվյալներով, մի խումբ սովորող երիտասարդներ վտանգավոր տարրերի հանձնարարությամբ շրջում են գավառի ուսումնարան ունեցող գյուղերը և հակապետական մտքերով վարակում թե՛ սովորողներին, և թե՛ նրանց ծնողներին։ Գավառապետը հաճախակի կրկրնվող աշակերտական հուզումների պատճառը համարում է «այդ վտանգավոր ազդեցության արդյունքը»։

Եթե մինչև [1905 թ․] հունվարի 9֊ը դեպքերը գավառային քաղաքների և գյուղերի սովորողների հուզումների վերացմանը ակտիվ աջակցություն էր ցույց տալիս ծնողների մեծ մասը, ապա հունվար֊փետրվարյան արյունոտ դասերից հետո, ընդհակառակը, նրանք միանում էին իրենց զավակների ելույթներին և բացարձակ պաշտպանում նրանց պահանջները։

Սիգնախի արական և իգական ուսւոմնարանների միացյալ մանկավարժական խորհրդի նիստում դասադուլ հայտարարած աշակերտների ծնողներն ասել են «․․․ Մենք թույլ չենք տա, որ մեր երեխաները հաճախեն ուսումնարան, քանի դեռ չի բավարարվել նրանց արդարացի պահանջները»։

Իսկ նրանց պահանջներն էին․

1. Ուսուցումը պետք է տարվի մայրենի լեզվով, այն էլ պարտադիր լինի մինչև 16 տարեկան երկսեռ բոլոր քաղաքացիների համար։
2. Կրոնը պետք է հանել դասավանդվող առարկաների թվից։
3. Չդնել ազգությունների ու կրոնական դավանանքի խտրություն։
4. Անհապաղ վերականգնել աշակերտական հուզումներին, դասադուլներին և ցույցներին ակտիվ մասնակցություն ցույց տալու համար ուսումնական հաստատություններից հեռացված աշակերտներին և այլն։

այստեղից

Շուշիի ռեալական մտնելիս, սալվե— բարի գալուստ։
Շուշիի ռեալական մտնելիս, սալվե— բարի գալուստ։

Թաղիադյանը, 1821 թվականին Եփրեմ կաթողիկոսի հետ գտնվելով Շուշի քաղաքում, պատմում է, որ Շուշում այն ժամանակ բնակվում էին երկու վաճառաշահ տներ, որոնք խոշոր կապիտալների տեր էին եւ ահագին գործարքներ էին կատարում։ Այդ առեւտրական տներից մեկը Հախումյանների տունն էր, որը ռուսական կայսրության գանձարանում մոտ մեկ միլիոն ռուբլի փող ուներ եւ առեւտուր էր անում Իրանի, Սիբիրի եւ Եվրոպայի քաղաքների հետ, ուներ մեծ քանակությամբ գործակատարներ։ Երկրորդ վաճառաշահ տունը եղբայրք Զոհրապ եւ Մեսրովբ Թառումյանների տունն էր, որը արտոնություններ ուներ Կասպից ծովի ձկնորսության եւ նավագնացության մեջ եւ ոչ պակաս առեւտրական գործեր էր վարում, քան Հախումյանների տունը։ Եղբայրք Թառումյանները իրենց հաշվին Շուշում կառուցել են Ագուլյաց եկեղեցին, թեեւ իրենց Ղազանչեցվոց ծխին էին պատկանում։
Թառումյանի մահվանից հետո նրան թաղում են «մեծ պատվով, ինչպես Արտաշես Արշակունի թագավորին», գրում է Թաղիադյանը, «հայոց կաթողիկոսի, եպիսկոպոսների եւ ժողովրդի ահագին բազմության ներկայությամբ»։

Ռ․ Հ․ Գասպարյան, Շուշի քաղաքը, Հայաստանի ԳԱ հրատարակչություն, 1993, 47 էջ։