ասք ազատության հրապարակի մասին

Երբ գիշերը գալիս եմ այնտեղ, առաջին հերթին կանգնում եմ մոտավորապես ուր մարկերն է։

Ջիպիէսն արդեն «տաքացել» է, ֆիքսված է։ Երեք արբանյակ։

Ռեֆրեշ ֊ ազատության հրապարակը առաջինն է ցանկում ֊ երեք մետր։

Քայլ, քայլ։ Ռեֆրեշ։ Դեռ երեք մետր։

Ռեֆրեշ։ Քայլ։

Քայլ։ մեկ մետր։

Չեք ին։

Հիմա կարելի է նայել շուրջը։ Ինձ հետեւում է Թումանյանի_արձանի_զույգը։ Դա փոփոխական է որ ժամանակից կախված ընդունում է տարբեր արժեքներ։ Որովհետեւ կյանքը բնավ իմմութաբլ չէ։ (այստեղ լսվում է աղմկալից միաձայն խրախուսանքը նրանց, ով ֆունկցիոնալ չի կարողացել հասկանալ)։

Հետեւս՝ անվակների վրա աղջիկը շրջում է պլաստիկ շշի մոտ։ Հետո մոտենում է խուճուճ խառը մազերով տղան, աղջիկը առանց շարժումը դանդաղեցնելու կռանում, վերցնում է շիշը ու նրանք հեռանում են մեծ օղակ գծելով։

Թումանյանի արձանի աստիճանների վրա նստած են նաեւ նրանք, ով դիտում է ֆուտբոլ սրճարանի հեռուստացույցով։ Գուցե դա իրենց չգիտակցված անհնազանդ ու հակակապիտալիստական քայլն է։

Նրանք մի խումբ են, բայց շատ աղմկոտ չեն։ Գնդակին հարվածից հետո աղմուկը սրճարանում է։

Աղմկում են նաեւ երեխաները։ Ժամը տասներկուսն անց ֊ իսկ նրանք (դեռ՞) շատ են։

Փոքրերը՝ ծնողների հետ ու թե քշում են, ապա վարձով հեծանիվներ, մինչեւ դրանք չհավաքեն։ Իսկ դրանք հավաքում են երբ ծնողները հոգնում են երեխաներին «ման տալ»։

Մի քիչ մեծերը, տինեյջերները՝ իրենք իրենց դիվայսներով են, (մասնավոր սեփականությունը տալիս է անկախություն) ու քշում են այնքան ինչքան հավես է։

Երեք հոգի բարձրանում են դեպի Սայաթ֊Նովա, որ արագություն հավաքած իջնեն։ Բռնում են միմյանց ձեռքերը ու թողնում օղակին մոտենալիս։

Ժամանակ առ ժամանակ լսվում ու ուժեղանում են հառաչող դինամիկից ռուսերեն սիրային խոսքերը՝ դա արագություն է հավաքում Սայաթ֊Նովայի կողմից իջնելով այն տղան՝ տյունինգ արված հեծանիվով․ գրասենյակային էժան բազկաթոռի թիկնակ որ երբեք չի օգտագործվում ու հին, մի ժամանակ սպիտակ պլաստիկից խորհրդային դինամիկներ ղեկի մոտ։

Նրանցից միշտ էլ խռպոտ ձայներ էր եկել, նույնիսկ երբ երիտասարդ էին։

Տղան՝ ոտքերը ցուցադրաբար վերեւ բարձրացրած, շրջում է հրապարակով․ Նյուտոնի առաջին օրենքը հաստատվում է, իսկ հետո, վերջին պահին սեղմում ոտնակներին՝ ու հեռանում Հյուսիսայինի կողմ։

Երբեմն իր հետ զրուցում են ոստիկանները, ընդամենը զրուցում, քանի որ ա ֊ նա հեծանիվով է, եւ բ ֊ նա օրենք չի խախտել, թեկուզեւ ֆիզիկայի։

Ակնհայտ է, որ գիշերը քշելու ամենալավ ժամանակն է՝ ազատ է, հով, մարդաշատ չէ։

Գիշերը նաեւ կարդալու ամենալավ ժամանակն է․ չկան նրանք, ով շեղում են․

ոչ մեկ չի անցնում Սպենդիարյանի կողքով հեռախոսը ականջին հպված բացականչելով․

֊ Չեմ հասկանում, ո՞ւր է էդ քո Խաչատրյանը։

Չկան նաեւ պարսիկներ, որ հարցնում են՝

֊ սա խանի արձա՞ն է։

Ասում ես չէ ֊ կոմպոզիտորի։

Ասում են՝

֊ հա, թագավորի արձան է ֊ ու հեռանում։

Իսկ դու հետեւից կրնում ես՝ չէ, կոմպոզիտորի, կոմ֊պո֊զի֊տո֊րի։

Այո, գիշերը կարդալու համար հարմար ժամանակ է։

Սպենդիարյանի քարը տաք է, որովհետեւ ամբողջ օրվա ընթացկում կուտակում էր էներգիա։ Որովհետեւ սա քաղաք է, դու գիտես քաղաքի բոլոր քարերը, ու քաղաքի բոլոր քարերը գիշերը տաք են։

Կարդալուն կարող է խանգարել միայն «գլամուր» սրճարանի գլամուր պլպլան գովազդը։ Աչքը միջատների պես է, գնում է լույսին։ Պետք է այնպես նստել, որ գլամուրը չերեւա։

Ու երբ փոխում ես դիրքը, այնքան ակնհայտ զգացվում է, որ հրապարակը վերջն է, ու ժամանակից դուրս, իսկ «գլամուրը» տաղտկալի, ու միայն այսօր։

Հրապարակը եղել է մինչ գլամուրը, ու կլինի գլամուրից հետո։

Այնքան ինչքան կլինի Երեւանը։

Որովհետեւ նրանք ով գիշերը քշում են հրապարակում, նրանք ավելի մեծ հավանականությամբ Երեւանցիներ են մեծանալու։

Լինեն նրանք տինեյջերներ, հեծանիվ տյունինգ արած տղաներ, թե այն շանը բերած երեխաները։ Թե այն շունը։

Նրանք չգիտեն, բայց զգում են, որ հրապարակը «գլամուրի» համար չէ, իրենցն է։

Մարտկոցը նստում է։ Ես կարող եմ փոխել այն, կամ դանդաղ քայլել տուն։

ճ֊տ։ ճ֊տ։ դզզզ։ մաեմո ֊ տառերը վառվում են էկրանի վրա։

պիտակներ՝ ազատութեան հրապարակ 
վայր՝ երեւան