ասք տարբեր շերտերի եղբայրության մասին

Մահացած մարդու տունը այն հավես տեղերից է ուր լիքը մարդ է հավաքվում տուսվելու։ Վերջապես պատճառ կա գործերը թողնել, ինքդ քեզ կարեւոր զգալ, ու սոցիալիզացվել։ Ով ցուցադրաբար թաց թաշկինակով կնստի դագաղի մոտ, ով կզրուցի խոհանոցում, ով այնտեղ լուրջ գործարարի արտահայտությամբ բաստուրմա կկտրտի, ով դուրս կգա բաց պատշգամբ ծխելու ու հայացքը գցելու շրջակա գարաժների կազմած լանդշաֆտին։ Կարճ ասած, բոլորը «պրի դելե», բոլորը այդ պահին զգում են իրենց միասնականությունը։ Ոմանք, ճիշտ է, զրուցելու այլ թեմա չունենալով, պատրաստվում են թաղմանը։ Այստեղ ծնվում են իսկական ռեժիսորական մտահղացումներ։ «Եկեք պանիխիդային բերենք կենդանի ջութակահար» – առաջարկում է մեկը։ «Ջութակահարը պետք չէ» – մտածում եմ։ «Իսկ դագաղը իջեցնելիս եկեք թող ԽՍՀՄ օրհներգը հնչի» – առաջարկում մյուսը։ «Հիանալի միտք է» – համաձայնվում են մնացածը՝ «Նրան դուր կգար»։ Այն, որ նրան դուր կգար թաղված լինել իր եղբոր կողքը, ինչպես եւ խնդրել է, ու բնավ ոչ կնոջ, բոլորը ուրախ մոռացան երբ պարզվեց որ դա մի քիչ ավելի թանկ «կնստի»։ Դրանից շոու չես անի։ Իսկ ջութակահարի մասին կպատմեն։ Կպատմեն նաեւ այն մասին, ինչպես «այդ ամենից առաջ հավաքարարների մի ամբողջ բրիգադ տունը մաքրեց»։ Իսկ այն, որ անհրաժեշտություն կար մի ամբողջ բրիգադի, այսինքն հանգուցյալը ապրել է, երբ ապրում էր, բնավ ոչ մաքուր բնակարանում, դա ոչ ոք չի ընկալում։ Ոչ, հարցն այն չէ որ հոգալը մահվանից հետո է լինում։ Հարցն այն է որ հոգալը երեւացող պետք է լինի, իսկ այն հոգալը որ չի երեւում անիմաստ է։

Լայք է պետք, մի խոսքով։ Իսկ երբ ինքդ քեզ համար գրում ես, լայք չկա։

Բնականաբար, հանգուցյալի բարեկամներն ու ընկերները զանազան սոցիալ շերտերի եւ տարիքների ներկայացուցիչներ են։ Խմբավորվում են ըստ հետաքրքրությունների, տարիքի, ունեւորության, կարողությունների, սեռի։

Ու մի խումբ է, ուր հավաքվել են երիտասարդները։ Նրանցից մեկը՝ արդեն մի քանի տարի է ազգային անվտանգությունում է աշխատում։ Մնացածը, ինչպես եւ հարկ է կարգին երիտասարդներին, ձգտում են լինել «ավելի լավը», «կռուտոյ», այսինքն՝ գողական։ Ու նրանք այդ չիկիստի մեջ տեսնում են նույն բնագավառով հետաքրքրվող մարդու, իմացող, ասենք «բիթի» մարդու։

Ու նրանց զրույցը այնքան լավն է, այնքան հետաքրքիր։ Պատմում են իրար դեպքեր՝ «ու ես դանակը հանեցի․․․», խոսում հասկացությունների, ասենք «գաղափարների» մասին, քննարկում որն է «ճիշտը», իմանում նոր բառեր․․․

Այսպես երեւում է որ ընդհանուր հետաքրքրությունները միավորում են տարբեր մարդկանց։

Ու այսպես գողական աշխարհն ու ուժային կառույցները միավորվում են, ձուլվում, ընկերանում։ Ներեցեք, ախպերանում, ճիշտ արտահայտվելու համար։

  _ու տենց_
պիտակներ՝ ազգային անվտանգութիւն  ախպերութիւն  գողական  թաղում  մարդիկ  մտքեր  ու տենց  պատմութիւն  վայելէք  քաղաք