ասք պատասխանատվության մասին

ես ահավոր վատ էի վերաբերվում այս բառին։

հետո մի օր ես հասկացա որ նրանից խուսափելը անհնար է։

դա պարզապես այսպես է՝ ապրում ես ապրում քո համար, ու գիտակցում ես որ լիքը պատասխանատու ես։ պատասխանատու ես, որովհետեւ չես կարող անտարբեր լինել լիքը բանի հանդեպ։ չես կարող անտարբեր լինել նույնիսկ շենքերի, քաղաքի հանդեպ։ չես կարող անտարբեր լինել այս կամ այն շան հանդեպ։ երբեմն ասում են որ «տեր» ես զգում։ սկսում են գրել՝ «մենք ենք այս քաղաքի տերը»։ ես ուրախացել եմ ահագին երբ լսել եմ այն պսակադրության մասին, երբ աղջիկը նույնպես ասել է՝ «տեր եմ»։ որովհետեւ նա էլ է տեր կանգնում, ճիշտ է ասում։

ու րմս-ը ասում էր՝ ցանցառները ինչքան ուզում են կարող են մտածել որ չեն հետաքրքրվում քաղաքականությամբ, միեւնույն է քաղաքականությունը կհետաքրքրվի նրանցով։ մտածել, որ դու ոչ մի բանի համար պատասխանատու չես իրականում շատ հարմար է, պարզապես սուտ է։

որովհետեւ պատասխանատվություն չունենալու համար պետք է գնալ սարեր ու սնվել միջատներով։

ու այո, դա շատ ավելի հեշտ է, քան ապրել։

ու ես ուզում եմ ասել որ պատասխանատվության զգացումը իրականում լավ զգացում է, չարժի դրանից խուսափել։ ու հա, թվում է թե որ բարդ է տենց, բայց ոչ ոք չի խոստացել որ հեշտ կլինի։

ու դրանից մասնավորապես հետեւում է, որ ես դեռ շուն պահելու եմ։

ու տենց

պիտակներ՝ մտքեր